Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան եւ նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահը շեշտեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եւ մեր երկիրը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:
Պարոն Յագլանդը կարեւորեց Հայաստանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում եւ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքը ԵԽԽՎ-ում նշելով` որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետեւում է Հայաստանում ընթացող զարգացումներին եւ բարեփոխումների գործընթացին: Նա բարձր գնահատեց ՀՀ Նախագահի վարած քաղաքականությունը եւ խորհրդարանի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: