Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող Տրայան Ունգուրյանուին, Հայաստանի հարցերով ստվերային զեկուցող Անդրեյ Կովաչեւին եւ Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս Ֆրանկ Էնգելին , ովքեր ներկայացնում են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց Հայաստանի պատվիրակության` հուլիսին Բրյուսել կատարած այցի արդյունքները եւ փաստեց, որ այն շատ արդյունավետ էր:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը ողջունում է Եվրանեսթի գաղափարը եւ շահագրգռված է , որ այն կայանա:
Տրայան Ունգուրյանուն շնորհակալություն հայտնեց Բրյուսելում ՀՀ Ազգային ժողովի նախագահի կառուցողական դիրքորոշման համար եւ նշեց, որ իրենք գնահատում են Հայաստանի ջանքերը Եվրանեսթի կայացման ուղղությամբ:
Զրուցակիցները կարեւորեցին խորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ Եվրոնեսթ ԽՎ-ի մեկնարկը կխթանի այդ համագործակցությունը: