Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ պարոն Օրեխայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Եվրախորհրդարան երկկողմ կապերի էլ ավելի սերտացմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ պատահական չէ, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության հաստատման եւ «Եվրանեսթի» ստեղծման գաղափարի ջատագովն է եւ առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ խորհրդարանական այս ձեւաչափով համագործակցության գաղափարը: Նա տեղեկացրեց, որ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի սկզբին մեկնելու է Բրյուսել, որտեղ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների հետ մասնակցելու է «Եվրանեսթի» հիմնադիր ժողովին:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանում գործող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անկողմնակալ դիրքորոշման համար, որ դրսեւորվեց Կիրիլովի կողմից պատրաստված, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության արեւելյան քաղաքականության վերաբերյալ զեկույցների կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը կարեւորեց փոխայցելությունների կազմակերպումը եւ նշեց, որ իր հրավերով Եվրախորհրդարանի բազմաթիվ պաշտոնյաներ այցելել են Հայաստան եւ ԼՂՀ: «Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, ցանկացած աղավաղված եւ չհավասարակշռված հայտարարություն կամ ձեւակերպում կարող է ոչ միայն տեղիք տալ սխալ մեկնաբանությունների, այլեւ հավելյալ լարվածություն առաջացնել բանակցային գործընթացում, ինչն իր հերթին կարող է վերածվել տարածաշրջանում անկանխատեսելի հետեւանքների»,-նշեց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ Հայաստանի համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:
Անդրադառնալով ԵԺԿ-ՀՀԿ համագործակցությանը` ԱԺ նախագահը կարեւորեց միջկուսակցական հարաբերությունների խորացումը եւ նշեց, որ անցյալ տարվա հուլիսին Բրյուսել կատարած իր այցի ընթացքում ԵԺԿ անդամների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի hանրապետական կուսակցության` Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու հարցը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խայիմ Մայոր Օրեխան կարեւորեց Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը եւ դրական գնահատեց Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ հարաբերությունները զարգացնելուն ուղղված ԱԺ նախագահի քայլերը: Նա կարեւոր համարեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը: Խայիմ Մայոր Օրեխան ներկայացրեց Իսպանիայի անցումային փուլի առանձնահատկությունները եւ բարեփոխումների ընթացքը` ընդգծելով, որ այն հաջող ընթացք է ունեցել արժեքային նոր համակարգի շնորհիվ:
Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահի խոսքով` իրենք բարձր են գնահատում, թե ինչպես է հայ ժողովուրդը պահպանում եւ տարածում եվրոպական արժեքները տարածաշրջանում:
Պարոն Օրեխան տեղեկացրեց, որ մայիսի կեսերին նախատեսվում է Եվրախորհրդարանի նախագահի այցը Հայաստան:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: