National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.04.2011
Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

Ապրիլի 27-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան «ՀՀ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ոստկանության, ազգային անվտանգության, դատախազության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների   ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ այս թեմայով սրանք երկրորդ խորհրդարանական լսումներն են, հետայսու եւս դրանք պարբերաբար կհրավիրվեն` ծանոթացնելու ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ ներկայացնելու համապատասխան առաջարկներ: Նա տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ ոչ միայն բարեփոխումներին նպաստող անհրաժեշտ օրենսդրական դաշտ ապահովելու գործում, այլեւ ոստիկանության ղեկավարության  հետ մշտապես քննարկվում է ոստիկանության համակարգում քաղծառայության ներդրման, ոստիկանության հենակետերի ստեղծման, նոր անձնագրային համակարգի ներդրման, թմրամիջոցների տարածման, կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պարոն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին  համակարգի բարեփոխումներին, հատկապես Երեւանում ոստիկանության հենակետերի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար:

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ  բարեփոխումների արդյունքում կամրապնդվի ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը եւ դրական վերաբերմունքը:

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա տեղեկացրեց, որ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո մեկնարկել է 2010 թ. մայիսից եւ  աշխատանքների ընթացքը իրենք պարբերաբար ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանը եւ անվտանգության խորհրդին: Այն մշտապես ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է: Բացի պետական մարմիններից իրենք համագործակցում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, տարբեր այլ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Բանախոսը տեղեկացրեց, որ ծրագիրը ունի 11 ուղղություններ եւ 200 միջոցառումներ: Նա անդրադարձավ կառուցվածքային բարեփոխումներին, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրմանը, ոստիկանական հենակետերի ստեղծման ճանապարհով համայնքային ոստիկանության զարգացման խնդիրներին, տեսադիտարկման համակարգի ներդրման ծրագրին, կրթական բարեփոխումներին,  կադրերի վերապատրաստմանը, ճանապարհային ոստիկանության բարեփոխումներին, ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքին, տեխնիկական միջոցների ներդրմամբ ճանապարհային ոստիկան-վարորդ կապի նվազեցման խնդիրներին, վարորդական իրավունքի համար նախատեսվող քննությունների անցկացման եւ վարորդական վկայականների տրամադրման կարգին, քաղաքացիների ազատություններին ու իրավունքներին ուղղված բարեփոխումներին, նոր անձնագրային համակարգի ներդրմանը, քաղաքացիություն տալուն առնչվող փաստաթղթաշրջանառության պարզեցմանը, ոստիկանների սոցիալական-իրավական պաշտպանության, թրաֆիքինգի, թմրանյութերի տարածման դեմ,  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագրերին:

Բանախոսը պատասխանեց նաեւ բարեփոխումներին առնչվող բազմաթիվ հարցերի:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան, կարեւորելով իրականացվող բարեփոխումները, հավաստիացրեց, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է համագործակցել ՀՀ Ազգային ժողովի եւ ոստիկանության հետ: Նա ողջունեց ծրագրերի իրականացման աշխատանքներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:

«Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ ճանապարհային ոստիկանության ոլորտում առկա հիմնախնդիրներին եւ դրանք շտկելու ճանապարհներ մատնանշեց կոնկրետ առաջարկներով:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար, գոհունակությամբ արձանագրեց, որ այս կարճ ժամանակահատվածում ոստիկանության համակարգում կատարվել են զգալի բարեփոխումներ եւ համոզմունք հայտնեց, որ ոլորտում  առկա շատ  թերացումներ կշտկվեն եւ  խնդիրները  լուծում կստանան համատեղ, հետեւողական աշխատանքի արդյունքում:


27.04.2011
Ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը Գյումրիում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնն» այս անգամ նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին:  Մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել է այս տարվա մարտի ...

27.04.2011
Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալի հանդիպումները խորհրդարանում
Ապրիլի 27-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալ Խայիմ Մայոր Օրեխայի հետ: Պարոն Օրեխան նշեց, որ ինքը Հայաստան է այցելել մասնակցելու «Արժեքների դերն անցումային հասարակություններում» սեմինարին: Նա դ...

27.04.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի փոխնախագահին
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ պարոն Օրեխայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Եվրախորհրդարան երկկողմ կապերի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am