Մարտի 16-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը:
Զրուցակիցները կարեւորել են հանձնաժողովի եւ հիմնադրամի միջեւ նախկինում ունեցած համագործակցությունը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը ներկայացրել է երկկողմ համագործակցությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք հանձնաժողովի նախագահն ընդունելի է համարել:
Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն առաջիկայում կազմակերպելու է խորհրդարանական լսումներ. այս համատեքստում քննարկվել են միջոցառմանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի մասնակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կարեւորվել են Եվրամիության հետ սկսված բանակցությունները, ինչպես նաեւ՝ սահմանադրական բարեփոխումները եւ դրանից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունները: Այս համատեքստում տիկին Բլեզիուսն առաջարկել է հիմնադրամի աջակցությունն այդ գործընթացներում:
Քննարկվել են հիմնադրամի եւ հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս: