ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա դարավոր բարեկամությունը: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը եւ նշել, որ բարեկամական խմբերը պետք է ակտիվ աշխատեն, ինչով կնպաստեն խորհրդարանների հարաբերությունների սերտացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել աշխատաոճ եւ առաջնորդվել դրանով՝ թիրախում պահելով առաջնահերթությունները: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին եւ դրանց հաջորդող գործընթացներին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես գիտեք Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, որով ավելանում են խորհրդարանի լիազորությունները եւ վերահսկողական գործառույթները: Կարծում եմ, որ խորհրդարանը կարող է նպաստել Հայաստան-Իրան առեւտրատնտեսական կապերի զարգացմանը՝ ձեռնարկելով որոշակի գործնական քայլեր: Ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում կառավարությունից պահանջել համագործակցության վերաբերյալ հատուկ տեղեկություններ»:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ՝ Իրանի եւ ԵԱՏՄ, Իրանի եւ Եվրոպայի միջեւ, հետեւաբար երկուստեք պետք է ուղղորդել շահագրգիռ կողմերին Հայաստանով Իրան հասնելու համար:
Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությանն ուղղված նախաձեռնություններին բոլոր հնարավոր ոլորտներում:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արա Բաբլոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է:
Դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ համագործակցության հիմնական ուղղությունները:
Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի փոխայցերը՝ նշելով, որ դրանք երկու երկրների ղեկավարների քաղաքական կայացած երկխոսության եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն առավել սերտացնելու վառ ապացույցն են: Դեսպանը նշել է, որ Իրանի խորհրդարանը մեծ տեղ է տալիս բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: