National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.12.2020
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 26

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԱԺ ընթացող հերթական նիստերի օրակարգից հանվել են Վճռաբեկ դատարանի նախագահի  եւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը, ինչի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը, որով նա խնդրել է ժամանակավորապես հետաձգել հարցերի քննարկումը:

Այնուհետեւ շարունակվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, ովքեր ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենքի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը հարակից զեկույցում ներկայացրել է Կառավարության տեսակետը՝ նշելով, որ նախագծի վերաբերյալ գործադիր իշխանությունը չունի սկզբունքային առարկություններ: Փոխնախարարը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բարելավել նման անձանց` հասարակությունում իրենց հավասար հնարավորություններն իրացնելու համար տպագիր ստեղծագործությունների մատչելիության հարցում առկա խոչընդոտներ, մեծացնել մատչելի ձեւաչափով այդ ստեղծագործությունների օրինակների քանակը եւ այդ ստեղծագործությունների շրջանառությունը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության եւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ նախագծերով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների եւ գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Նշված թափուր պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Կարեն Առուստամյանի թեկնածությունը, որը ներկայում Հաշվեքննիչ պալատի անդամի  ժամանակավոր պաշտոնակատար է:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը՝ նշելով նրա անցած աշխատանքային ուղին եւ մասնագիտական որակները:  Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Կարեն Առուստամյանի թեկնածությանը:

Կարեն Առուստամյանն իր ելույթում  շնորհակալություն է  հայտել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն ու հանձնաժողովին՝ այդ կարեւոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձել իր գործունեությանը ժամանակավոր անդամի պաշտոնում, ներկայացրել իր պատկերացումները Հաշվեքննիչ պալատի գործունեությունն առավել բարձր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Նա հայտնել է, որ այդ նպատակի համար մշակվել են  ռազմավարություն եւ ծրագրեր, որոնք պետք է ավելացնեն պալատի կարողություններն ու արդյունավետությունը, մեծացնեն կառույցի նկատմամբ հանրային վստահությունը: Թեկնածուն կարեւորել է Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունների որակի բարձրացումը, ինչի կապակցությամբ եւս քայլեր են արվում:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին, առաջարկել է կողմ քվեարկել:

Դավիթ Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պարտականությունը եւ՛ հնարավորություն է, եւ՛ մարտահրավեր: Ըստ բանախոսի՝ համաշխարհային տնտեսական զարգացումները, տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունները, տնտեսության եւ ֆինանսական համակարգի առջեւ ծառացած հարցերը քաղաքականության պատասխանատուից պահանջելու են խնդիրների սթափ գնահատում, ուժերի կենտրոնացում եւ գերլարում: ԿԲ կառավարման համակարգում շուրջ 15 տարվա ակտիվ ներգրավվածությունը թեկնածուին հնարավորություն է տվել ձեւավորելու բանկի կառավարման բարձրագույն մարմնում սեփական աշխատանքի տեսլականը: Թեկնածուն հակիրճ անդրադարձել է բանկային համակարգի հիմնական խնդիրներին՝ գների կայունության ապահովմանը, դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության որոշ առաջնահերթություններին, կայունության ապահովման նախադրյալների ստեղծմանը: Այս համատեքստում թեկնածուն կարեւորել է համագործակցությունը եւ մասնակցությունը ֆինանսավարկային քաղաքականության արդի մարտահրավերին վերաբերող, զանազան հարթակներում ընթացող քննարկումներին:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Դավիթ Նահապետյանն անդրադարձել է ֆինանսական գրագիտությանը, ֆինանսական կրթվածության ռազմավարությանը, կապիտալի շուկայի զարգացման ծրագրին, արտարժույթային շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, ֆինանսական շուկայում փոխարժեքի կայունացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությանը, արժեթղթերի շուկայի զարգացման խնդիրներին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, ընդգծելով ՀՀ ամենակայացած ինստիտուտներից մեկի՝ ԿԲ խորհրդի անդամի դերակատարության կարեւորությունը, թեկնածուին հանրության հետ տեսանելի արդյունավետ աշխատանք իրականացնելու կոչ է արել:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին` առաջարկելով կողմ քվեարկել:

Անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցմանը՝ Վահե Ղալումյանը նշել է, որ փորձելու է նվիրումով իրականացնել իր առջեւ դրված պարտականությունները:

Վահե Ղալումյանը պատասխանել է նաեւ գործընկերների հարցերին, անդրադարձել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն առնչվող խնդիրներին, օրենսդրական նախաձեռնություններին:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկությունների արդյունքները, նշել է, որ Դավիթ Նահապետյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ,  իսկ Վահե Ղալումյանը՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Վահագն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ Կարեն Առուստամյանը չի ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 


10.12.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան  դեկտեմբերի 11-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:40-12:00:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am