ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2022-ի բյուջեում նախատեսված փոփոխությունները, իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:
Ըստ զեկուցողի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակում փոփոխության են ենթարկվել մի շարք ծրագրերում նախատեսված բյուջետային հատկացումները:
Արյան հավաքագրման ծառայությունների համար 2022-ին նախատեսվում է հատկացնել 400 մլն դրամ: Պատերազմական գործողություններից հետո հանրապետության ողջ տարածքում իրականացվել է արյան ծառայությունների մատուցման քարտեզագրում, եւ այսօր առկա է ծառայության համապարփակ նկարագիրը: Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ իրականացվելու են վերանորոգումներ, կառուցումներ եւ վերազինումներ: Սփյուռքի դոնոր ներկայացուցիչները եւս ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել: Առաջկայում կբացվեն արյան նոր հավաքագրման կետեր հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական կայանը եւս ամբողջովին կվերանորոգվի ու կվերազինվի:
Իմունականխարգելման ազգային ծրագրում կատարված լրացման համաձայն՝ COVID-19-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում նախատեսվում է եւս մեկ պատվաստանյութի ձեռքբերում:
Ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսված 28 մլրդ դրամն ուղղվելու է առաջնային օղակի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքի շրջանակի ընդլայնմանը:
Փոփոխվել է դատաբժշկական փորձաքննություններին ուղղված ֆինանսական միջոցների տրամադրման հարաբերակցությունը: 2022-ի բյուջեով նախատեսվել է շուրջ 550 մլն դրամ, որը պայմանավորված է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերազինմամբ եւ ծառայությունների ավելացմամբ: Վերջին կես տարիներին, ըստ զելուցողի, կենտրոնն աշխատել է գերլարված ռեժիմով: Ներկայումս մի քանի մարզային դատաբժշկական փորձաքննության կենտրոններում ընթանում են վերանորոգման եւ վերազինման աշխատանքներ:
Գումարների ավելացում է նախատեսվել մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի եւ դեղագործական արտադրանքի ստացման համար՝ դրանց մաքսազերծման, բաշխման ծառայությունների առումով, ինչը պայմանավորված է ինչպես ծավալային, այնպես էլ մաքսազերծման հետ կապված որոշակի ծախսերի ավելացմամբ:
Բժիշկ մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններին բժշկական ծառայությունների մատուցումը կրկնակի ավելացել է: Ընդգծելով որպես կարեւոր ուղղություն՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար նախատեսվել է 100 մլն դրամ:
Շտապ օգնության ծառայությունների համար 2022-ին նախատեսվել է շուրջ 5.5 մլրդ դրամ ծառայությունների առավել հասանելիություն, ժամանակային առումով ծառայությունների ավելի արագ կազմակերպում ապահովելու նպատակով:
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում բյուջեով եւս նախատեսվում են ավելացումներ՝ շուրջ 3 մլրդ 967 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ աորտայի անեւրիզմայի վիրահատական միջամտությունների ներառումը անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների ցանկում:
Հոգեկան առողջության եւ նարկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդների բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսվել է 3 մլրդ 400 մլն դրամ: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում եւ Հոգեկան առողջության ազգային կենտրոններում վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Անահիտ Ավանեսյանը կարեւոր ձեռքբերում համարեց կենտրոններն ամբողջապես վերանորոգելու, վերակառուցելու եւ վերազինելու փաստը:
Զինծառայողներին, փրկարար ծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 500 հազար դրամ:
Անդրադառնալով անպտղության դեմ պայքարում նախատեսված ծրագրային փոփոխություններին ու արդյունքներին՝ Ավանեսյանը նշեց, որ 2020-ին երկար տարիների ընթացքում առաջին անգամ ունեցել ենք 211-ով ավելի ծնունդ:
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղական ամբուլատորիաների դեղերի ցանկի փոփոխությանն ու դեղերի դեֆիցիտին, էլեկտորնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը, քաղաքացիների՝ պատվաստանյութերի ընտրության հնարավորությանը: