ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 29-ին: Մանրամասն ներկայացնելով ԱՊՀ ցանցային համալսարանների գործունեութան հիմնական ուղղությունները, որոնք կարգավորվում են համաձայնագրի դրույթներով` փոխնախարարը կարեւորել է նորարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը համատեղ կրթական ծրագրերով ուսուցման գործընթացում: Ցանցային համագործակցության շրջանակում Հայաստանից ներառված են ԵՊՀ-ն, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Վերջին 10-11 տարիներին մեր երկրի շուրջ 120 ուսանողներ արդեն սովորել են ցանցային համալսարանի մաս կազմող բուհերում:
Եզրափակիչ ելույթում Արթուր Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով քննարկման համար, նշել է, որ մեր բուհերի բարձրագույն կրթության միջազգայնացումը Կառավարության որդեգրած առաջնահերթություններից է:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: