Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից:
ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են արեւելագետներ, լրագրողներ, փաստաբաններ, գործարարներ: Պատվիրակությունը գլխավորել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ երկու պետությունների բարեկամական կապերն առավել քան երկդարյա պատմություն ունեն, եւ Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է: Նա ընդգծել է, որ Խուան Պաբլո Գեչիջյանն ու նրա ղեկավարած ընկերությունը կամուրջ են երկու ժողովուրդների միջեւ:
Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով՝ այցի նպատակն է խորացնել մշակույթի եւ պատմության ճանաչելիությունը:
«Մեծ համակրանք ունեմ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, հետաքրքրված եմ հայկական հարցով: Մենք այստեղ ենք ապրիլի 24-ին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- ասել է լրագրող-փաստաբան Կարլոս Մասլատոնը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանը, բարեկամական խմբերի համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: