««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ)՝ եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությամբ եւ ԵԱՏՄ-ի միանալու պայմանագրին անդամակցելու որոշակի տարբերությունների եւ փոփոխությունների հետ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ որոշակի կառուցվածքները Հայաստանում ամբողջովին նոր մակարդակի բարձրացնելու համար. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագծերի փաթեթը:
Ըստ Վահան Քերոբյանի՝ ներկա պահին մեր երկրում գործում է շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմին: Օրենքներում փոփոխությամբ ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային համապատասխան ստանդարտին՝ ապահովելով հետագայում ԵՄ-ի գնահատողների կողմից օրենսդրական եզրակացություն:
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նախաձեռնության նպատակն է ՀԳՄ-ների արդիականացումն ու լավարկումը եւ ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգին ինտեգրումը, այդ թվում՝ հավատագրման արդյունքում փոխճանաչման համաձայնագրերի կնքումը:
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի երկու առաջարկություն, որոնք ընդունվել են:
Քննարկման արդյունքում լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: