National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
26.06.2023
ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը
1 / 3

ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուց հետո: Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» վերնագիրը կրող բանաձեւի ու դրա խորհրդատվությունների ընդունումն էր, ինչը շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այդ բանաձեւով ամրագրեց, որ Լաչինի միջանցքով այս պահին ազատ եւ անվտանգ տեղաշարժ չկա: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ասուլիսին մասնակցել են նաեւ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:

Խոսելով վեհաժողովի ընդունած՝ «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի մասին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ մինչ բանաձեւը գրելը զեկուցողը Հայաստան է ժամանել ու Լաչինի միջանցքը տեսել հայկական կողմից, արձանագրել, որ մուտք չկա:

«Բանաձեւում արձանագրված է ոչ միայն այն փաստը, որ Լաչինի միջանցքը փակ է, այլ նաեւ այն, որ Ադրբեջանը խափանել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, հումանիտար խնդիրները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետեւանքով, Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից կիրառվող ատելության խոսքը: Դրանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հետ կապված խնդիրների հասցեագրման ու միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ սկսելու կոչ է արվում», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արել է, որ բանաձեւը փոփոխվի կամ տապալվի:

«Ադրբեջանական կողմը 60-ից ավելի փոփոխություններ էր առաջարկել, որոնց 99 տոկոսը չընդունվեց ու բանաձեւն ընդունվեց», - ասել է խորհրդարանի փոխնախագահը:

Ի պատասխան լրագրողի՝ բանաձեւի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ակնկալիքների ու մեխանիզմների մասին հարցի, Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ դատական որոշումներն ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող բանաձեւերը պետք է դիտարկել որպես մեկ գործընթացի մասնիկներ, որոնք միմյանց ամրապնդում են:

«Միաժամանակ տարբեր կազմակերպություններում պետք է ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս բանաձեւին մի քանի տարվա աշխատանքի շնորհիվ ենք հասել: Այն կարող է օգտագործվել դատական գործընթացներում», - ասել է խորհրդարանի փոխնախագահը:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերոնշյալ բանաձեւի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հարց են հնչեցրել՝ արդյո՞ք պետք է, որ այսքանից հետո Ադրբեջանը շարունակի լինել ԵԽԽՎ անդամ երկիր:

«Այսուհետ աշխատելու ենք, որ թե՛ Եվրոպայի խորհուրդը, թե՛ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հետեւեն՝ բանաձեւում հնչեցված մտքերի ու առաջարկների որ մասն է իրագործվել: Աշխատելու ենք նաեւ, որ ԵԽ-ն ու ԵԽԽՎ-ն փաստահավաք խումբ գործուղեն Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի:

«Վերջին պայմանավորվածությունը եղել է այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է բացվի ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Հայկական կողմը Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար աշխատանքներ է կատարում, որոնք շուտով կավարտվեն, հույս ունենք՝ թուրքական կողմը եւս կկատարի համաձայնեցված աշխատանքներն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կկատարվեն», - նշել է Ազգային ժողովի փոխնախագահն ու հավելել, որ ինքը, ըստ անհրաժեշտության, խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ եւ տեղեկացրել է, որ այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա:

Խնդրին արձագանքել է նաեւ Վլադիմիր Վարդանյանը: Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախարարների կոմիտեից պարբերաբար զեկույցներ է ստանալու առ այն, թե ինչ գործընթացներ են ծավալվում, որ խնդրի հանգուցալուծումն ավելի մոտ դառնա:

«ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԽԽՎ առջեւ ստանձնած իր պարտավորությունը», - ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Ասուլիսի ընթացքում չի շրջանցվել նաեւ Հռոմի ստատուտի թեման:

«Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում է կայացրել, որում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավական պարտավորությունները համահունչ է ճանաչել ՀՀ սահմանադրությանը: ԱԺ՝ միջազգային պայմանագրի վավերացում ենթադրող օրենքի ներկայացումը բացառապես Կառավարության իրավասության տիրույթում է, երբ այն ներկայացվի, ԱԺ-ն համապատասխան որոշում կկայացնի», - ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ:

«Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից եւ հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաեւ հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ: Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի եւս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները», - ասել է ԱԺ փոխնախագահը:

Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության եւ իրավազորության վերաբերյալ համաձայնություն կա, բայց այլ հարց է, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հույս կա, որ կֆիքսվի:

Հայկական կողմի համար ամենասկզբունքային ու ամենակարեւոր երեք կետեր կան:

«Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է», - ասել է Ռուբեն Ռուբինյանն ու հավելել, որ Ադրբեջանը բազմաթիվ պայմանավորվածություններ է խախտել, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Դրանում դժվար է գտնել մի կետ, որն Ադրբեջանը չի խախտել, հետեւաբար` շատ կարեւոր է՝ որոշակի միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ պայմանագիրը կյանքի կոչվի», - նշել է խորհրդարանի փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է՝ Շառլ Միշելն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը որեւէ հերքում չի տվել, բայց ոչ էլ նույն տեքստը հայտարարել է:

«Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս չեն հայտարարել, որ ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը՝ 29800 քառակուսի կիլոմետր տարածքով, դա խնդիր է: Մենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկում ենք այս հարցը», - ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն ու հավելել. «Բոլորը գիտեն, թե որոնք են ՀՀ սահմանները, խնդրահարույց է, որ Ադրբեջանը չի հայտարարում, որ ճանաչում է մեր սահմանները: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն անկեղծություն ու կառուցողականություն չի ցուցաբերում, բայց մենք աշխատում ենք, որ այդ երկիրը եւս դա հայտարարի ու ֆիքսի ՀՀ սահմանների ճանաչումը»:

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքները, դա նշանակում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացված հատվածներից», - ասել է Ռուբեն Ռուբինյանն ու վերահաստատել՝ ադրբեջանական զորքերը պետք է լինեն սահմանի հակառակ կողմում: