National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.10.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 2

Հոկտեմբերի 20-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան չորս օրենսդրական նախաձեռնություն:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Լիլիթ Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի նպատակը մեկն է` հայոց լեզվի պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, զանգվածային լրատվամիջոցներում, գովազդում, պաշտոնական խոսքում քիչ չեն դեպքերը, երբ աղավաղվում եւ խաթարվում է գրական հայերենը:  Մայրենիի պահպանման եւ անաղարտության նպատակով «ՀՅԴ» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել վերոնշյալ օրենքներում, իսկ դրանց խախտման դեպքում` կիրառել վարչական տույժեր:

Օրինագծի հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ կառավարության տեսակետը դրական է, թեեւ մտահոգություններ կան` կապված «Գովազդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների հետ: ՀՀ կառավարության, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների մտահոգությունները հաշվի առնելով, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց օրինագծերի փաթեթն առայժմ  ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում  եւ հընթացս լրամշակել, ինչն ընդունվեց հիմնական զեկուցող Լիլիթ Գալստյանի կողմից: Փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնաժողովի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական եւ ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծմամբ, ինչը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների եւ ուսանողների համար: Բուհերի ընդունելության միասնական կարգի ընդունումը կապահովի պետական եւ ոչ պետական բուհերի դիմորդների հավասար իրավունքները: Դիմորդը հնարավորություն կունենա հավասար պայմաններում մասնակցել պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված կրթական  ծրագրերի ընդունելության մրցույթին:

Օրինագծերի փաթեթը նաեւ ընդգրկում է նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են ԲՈՒՀ-ի ուսանողների հեռացման/ ազատման/ եւ վերականգնման հարցին:

Այս փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հիմնական զեկուցողի առաջարկով եւ հանձնաժողովի որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` նախագծերը լրամշակվել են, հաշվի առնելով ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների, պատգամավոր Անահիտ Բախշյանի առաջարկները եւ հանրության հնչեցրած մտահոգությունները: Նա տեղեկացրեց, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքից հանվել են բովանդակային փոփոխություններ նախատեսող դրույթները, ներդրվել է դրույթ, որը սահմանում է, որ «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում ի թիվս այլ դրույթների,  տրվում է այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր, միջազգային կրթական ծրագիր սահմանումների   բացատրությունը:

ԿԳ նախարարը պարզաբանեց, որ  օտար լեզվով կրթություն տալու  իրավունք տրվում է   բացառապես միջազգային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին` ՀՀ կառավարության որոշումով:

Այս հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիների համար պարտադիր կլինի հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը` համապատասխան հանրակրթության պետական չափորոշչին:

Նախատեսվում է, որ հանրապետությունում կարող են ստեղծվել թվարկված կրթական ծրագրեր իրականացնող 11 ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնցից  երկուսը` Դիլիջանում եւ Ջերմուկում, որոնք իրավունք կունենան կրթություն կազմակերպել առնվազն 7-րդ դասարանից:

Մյուս ինը կարող են ստեղծվել նաեւ միջպետական եւ /կամ/  միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր:

Քննարկման արդյունքում եղան  խմբագրական բնույթի առաջարկներ, որոնց մի մասը հիմնական զեկուցողն  ընդունեց:

Օրինագիծն  ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:  Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում:

Քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր:

Հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 3-ին կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի ՀՀ կառավարության հեղինակած «Գրադարանների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով` օրենքի նախագիծը նպատակ ունի օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել  արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները եւ ունենալ իրավական հիմք հետագայում եւս միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների  պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրային հիմքերով կարգավորելու:

Քննարկված հարցը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ 25-28-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


20.10.2010
ԱԺ խորհրդարանականները հանդիպեցին ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցողի հետ
Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԵԽԽՎ քաղաքական, տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովների զեկուցող Անդրեա Ռիգոնիի հետ: Ողջունելով հյուրին` Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի եվրո...

20.10.2010
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 20-ին շարունակվեցին «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2011 թ. առողջ...

20.10.2010
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1.  Երկուշաբթի,  18 հոկտեմբերի 2010թ., ժ. 15.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության  2011թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկում.        -  օրենքի նախագծի մշակման սկզբունքներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am