National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.04.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 9

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները  գումարեցին հերթական նիստերը` օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ Ալեքսան Պետրոսյանը:

Օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքի որոշ դրույթների հստակեցմամբ, որոնք վերաբերում են ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելուն: Այն հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծելու նախկինում գրանցված ապրանքային նշանների իրավատերերի եւ 2010 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ապրանքային նշանների մասին»  ՀՀ օրենքի համաձայն` գրանցվող ապրանքային նշանների իրավատերերի համար: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա նաեւ կրճատել ապրանքային հայտերի քննարկման ընթացակարգով նախատեսված գործավարությունը լիազոր մարմնի հետ, ինչը բխում է բիզնեսի շահերից:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը:

Առաջին նախագծով առաջարկվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրից  հանել «Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ», «Կոմետա» գիտաարտադրական ինստիտուտ» եւ «Պլաստպոլիմեր ԳՀԻ» բաժնետիրական ընկերությունները, իսկ երկրորդ նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն, «Մարտունու գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՓԲԸ-ն, «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ-ն եւ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծերին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Պատգամավորները  քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»   օրինագծերի քննարկումը: 
  
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետաձգվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը: 
  
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրինագծեր, որոնք ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Ավագյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Կարեն Ավագյանը` տեղեկացնելով, որ ստացված առաջարկների մեծ մասն ընդունվել է:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական տեսակետը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Օրինագիծը վերաբերում է ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթական աստիճան փոխադրման հարցին. նախատեսվում է, որ այդքան ժամ դասերից բացակայած սովորողի փոխադրման հարցը կքննարկվի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Միջնակարգ կրթության առաջին եւ երկրորդ աստիճանի կրթական ծրագրից  բացակայելու դեպքում հարցը կքննի տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը: Երրորդ աստիճանի կրթական ծրագրից  բացակայելու դեպքում հարցը կքննի կրթության պետական կառավարման մարմինը տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ:

Քննարկման արդյունքում դրական լուծման դեպքում սովորողը պարտադրված կլինի հինգ առարկայից հանձնել քննություն, իսկ անբավարար ստացած կամ 200 ժամից ավելի բացակայած սովորողը պարտավոր կլինի կրկնել ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց իր եւ պատգամավորներ Արա Նռանյանի, Վահան Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի հեղինակած «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է  մշակութային ոչ առեւտրային կազմակերպություններին կարգավիճակ       շնորհելու կարգին եւ պայմաններին:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը  ներկայացրեց «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրինագծի բարեփոխված տարբերակը: Նախարարի խոսքով` օրինագծի վիճահարույց հոդվածները հստակեցվել են, ընդունվել է առաջարկների գերակշիռ մասը:

Լիլիթ Գալստյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած  «Գավազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակը «գովազդի աշխարհում»  հայոց լեզուն  անաղարտ պահելու  խնդիրն  է:

Հեղինակների առաջարկով  մի շարք  օրինագծերի  քննարկումը հետաձգվեց: 
  
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 8-ի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ որոշեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգկելու համար ներկայացնել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թ. տարեկան հաշվետվությունը»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պատգամավորներին ներկայացնելով  ստացված արդյունքները, նշեց, որ ուսումնասիրությունները կատարել են`  առաջնորդվելով գործունեության տարեկան ծրագրով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ ու օրենքով վերապահված լիազորություններով:  Հաշվետու տարում իրականացրած վերահսկողության արդյունքները ՎՊ-ն ամփոփել է 40 ընթացիկ հաշվետվություններում, որոնք ուղարկել է թե ՀՀ նախագահին ու իշխանության թեւերին եւ թե հրապարակել պալատի ինտերնետային էջում: ՎՊ-ն  խախտումներ է հայտնաբերել  պետական եւ համայնքային բյուջետային միջոցների ծախսերում` գնահատելով դրանք անարդյունավետ եւ ոչ նպատակային:  Շինարարության ոլորտում ուսումնասիրությունները վկայում են  անորակ աշխատանքների, ծավալային հավելագրումների, գների արհեստական թանկացումների, գործող ստանդարտներին չհամապատասխանող շինարարարական նյութերի  օգտագործման եւ այլ դեպքերի մասին: ՎՊ նախագահը ուշագրավ համարեց հատկապես սոցիալական ոլորտում կատարված ուսումնասիրությունները: Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14-ում ընտրանքային ստուգումների ժամանակ ի հայտ են եկել  մահացած կենսաթոշակառուներին գումարների վճարման,  պատերազմի վետերան չհանդիսացող անձանց պատվովճար տալու, կեղծ փաստաթղթերի հիման վրա նպաստներ ստանալու  բազմաթիվ դեպքեր: Պալատի ստուգումների արդյունքում սոցիալական ծախսերի գծով պետական բյուջեում հաջողվել է զգալի տնտեսումներ կատարել: Իշխան Զաքարյանն առանձնացրեց նաեւ ընդերքի ոլորտը. այստեղ արձանագրված թերություններն առնչվում են ընդերքն օգտագործելու  լիցենզիայի  տրամադրման, ժամկետների երկարաձգման եւ պայմանագրերի կնքման հետ, վերահսղոկան գործառույթները լիազոր մարմնի կողմից  թերի են իրականացվել: Գիտության ոլորտում լուրջ խախտումներ են հայտնաբերվել ԳԱԱ-ին ամրագրված` պետական սեփականության շենքերի, հողատարածքների օգտագործման դաշտում: ՎՊ  նախագահի խոսքերով` լիարժեք վերահսկողություն չի իրականացվել կրթության եւ բանկային որորտներում, քանի որ առաջինի դեպքում օրենքը չի  նախատեսել արտաբյուջետային միջոցները եւ երկրոդ դեպքում վարկային միջոցներն  ուսումնասիրելու գործառույթ: 2010-ի տարեկան հաշվետվությունը պալատն ամփոփել է առաջարկություններով` ուղղված Ազգային ժոովին, կառավարությանը: Նշենք, որ այս հաշվետվությունը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:

Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի կողմից Գագիկ Մինասյանը պալատի հետ համագործակցությունը շարունակելու եւ, անհրաժեշտության դեպքում, բարձրացված հարցերին օրենսդրական լուծում տալու պատրաստակամություն հայտնեց: 
  
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ քննարկվեցին օրենսդրական երկու նախաձեռնություններ:

ԱԺ պատագամավոր Վարդան Այվազյանը հանձնաժողովին ներկայացրեց   «Կենդանական աշխարհի մասին»  օրենքը փոփոխելու իր առաջարկը: Հեղինակն առաջարկում է արտահանման եւ ներմուծման լիցենզիա սահմանել միայն անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների   համար: Պատգամավորի հիմնավորմամբ`  կենդանու ձեռքբերման գործընթացն արդեն իսկ լիցենզավորման ենթակա գործունեություն է, եւ անհրաժեշտ է բացառել արտահանման ու ներկրման ժամանակ կրկնակի լիցենզավորում` բացառությամբ  վերը նշված  դեպքերի:   Հարցն ստացավ  հանձնաժողովի դրական եզրակացությունը` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հանձնաժողովի անդամների գնահատմանը ներկայացրեց  «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու կառավարության առաջարկը: Նախագիծը սահմանում է, որ  օրենքով նախատեսված կարգով` համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից յուրաքնաչյուրը  հանդես գա որպես առանձին հարկ վճարող:  Այս լրացումը նպատակ ունի խթանել գյուղատնտեսության ոլորտում համատեղ գործունեությունը  եւ ավելացված արժեքի  հարկի նվազագույն շեմը` 58,35 մլն դրամը, չկիրառել միավորված  տնտեսությունների նկատմամբ: Կառավարության ներկայացուցչի խոսքերով` այս քայլը տնտեսավարման համար բարենպաստ միջավայր կստեղծի: Հանձնաժողովը երաշխավորեց նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել  առաջիկա  քառօրյա  նիստերի օրակարգում: 
  
Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկեց ՀՅԴ խմբակցության պատագամավորների հեղինակած «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման  նվազագույն բյուջեի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Հեղինակներն առաջարկում են օրենսդրորեն  ամրագրել   կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, նախագծին կից ներկայացված է պարենային ու ոչ պարենային ապրանքների հավելվածը: ՀՅԴ պատգամավորները  ներկայացրել են զամբյուղի հաշվարկման բաղադրիչները` հիմք ընդունելով ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալները եւ հաշվի առնելով հաջորդ տարվա գնաճը:  Կառավարությունը նախագծի վերաբերյալ եզրակացություն չի տվել: Նշենք, որ շրջանառության մեջ է  համանման մեկ նախագիծ եւս:  ՀՅԴ նախաձեռնությունը, որ ներկայացվել էր նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար, քվեարկության արդյունքում  չստացավ դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ նվազագույն զամբյուղի կազմը եւ բյուջեն շատ հարաբերական են.  ճկուն չի լինի դրանք սահմանել օրենքով:

Խմբակցության մեկ այլ պատգամավորի` Ռուզաննա Առաքելյանի  ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում» լրացումներ կատարելու առաջարկը քվեարկության չդրվեց  քվորումի բացակայության պատճառով: Պատգամավորն առաջարկում էր լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում  աշխատողներին վճարել հիմնական աշխատավարձի հավելում` նվազագույնը 10 եւ 20 տոկոսի չափով: Կառավարությունը, ՀՀ սոցիալական հարցերի  եւ աշխատանքի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի տեղեկացմամբ, նախատեսում է այս եւ այլ հարցերին տալ առավել համապարփակ լուծում եւ  քննարկում է սոցիալական մեծ փաթեթ:

ՀՀԿ խմբակցության պատգամավորների`  «Աշխատանքային օրենսգրքում»  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկը, որը ներկայացրեց համահեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը,  առայժմ չքվեարկվեց:

Հանձնաժողովի անդամները Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի (ԱՄՆ/ՄԶԳ) ղեկավարի եւ խորհրդատուի հետ քննարկեցին նաեւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում առաջ եկող օրենսդրական փոփոխությունների հարցը:

Օրակարգում ընդգրկված մյուս  նախագծերի քննարկումը հետաձգվեց: 
  
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 2010 թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 արձանագրությունը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ արձանագրությամբ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսաստանյան ռազմակայանը բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթներից ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է նաեւ ՀՀ անվտանգությունը, որի համար ռուսական կողմը Հայաստանին աջակցելու է ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով: Սահմանվում է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգում` նախկին 25 տարվա փոխարեն 49 տարի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց 2010 թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ առեւտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին» համաձայնագիրը, որով սահմանվում են ներկայացուցչությունների կողմից իրականացվող հիմնական գործառույթները, ինչպես նաեւ նստավայր երկրում առեւտրական ներկայացուցչության եւ անձնակազմի կարգավիճակը` համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի դրույթների:

Քննարկվեց 2005 թ. դեկտեմբերի 8-ին ստորագրված «1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանի ընդունման մասին» լրացուցիչ արձանագրությունը (Արձանագրություն lll): ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը նշեց, որ երրորդ արձանագրության նպատակը 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաներով նախատեսված` պաշտպանական եւ տարբերանշանման նպատակներով օգտագործվող Կարմիր խաչի, Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի եւ արեւի տարբերակիչ խորհրդանշանների հետ մեկտեղ լրացուցիչ խորհրդանշանի` «Երրորդ արձանագրության խորհրդանշանի» ստեղծումն է` դրանց պաշտպանական արժեքը եւ համընդգրկուն բնույթն ուժեղացնելու համար: Լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը կազմված է ճերմակ ֆոնի վրա պատկերված եւ իր գագաթի վրա կանգնած կարմիր շրջանակով քառակուսուց: Այդ արձանագրության վավերացմամբ Հայաստանը ստանձնում է որոշակի պարտավորություններ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2010 թ. հոկտեմբերի 11-ին Երեւանում ստորագրված «ՀՀ-ի եւ Սլովենիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (կից արձանագրությամբ): Ըստ հիմնական զեկուցողի` կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

Քննարկվեց 2010 թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (կից կիրարկման արձանագրությամբ): ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչը նշեց, որ համաձայնագրի նպատակն է կողմերի միջեւ զարգացնել անօրինական միգրացիայի եւ անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց եւ հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մինչեւ 30 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» օրենքի նախագծի քննարկումը: 

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց օրակարգային մեկ հարց` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկների հիման վրա առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը էական փոփոխություններ է կրել: Օրինագծով սահմանվում են ՀՀ-ում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաեւ կարգավորվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նշվեց, որ ընդլայնվել է գույքի հայտարարագիր ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: 
  
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության, պատգամավորներ Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Օրինագծերը կարգավորում են արյան, դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի եւ անվտանգության, ինչպես նաեւ հեմոպոետիկ ցողունային բջիջների հավաքման, պահպանման, միջազգային փոխանակման եւ կիրառման հետ կապված հարաբերությունները: Կառավարության եւ ԱԺ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա օրինագիծը բարելավվել է:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


08.04.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 11--14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման ն...

08.04.2011
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարզպետունի Մանուկյանը եւ Մխիթար Հարությունյանը ապրիլի 8-ին  հանդիպեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ափփիին եւ Համաշխարհային բանկի հայաս...

08.04.2011
Քննարկվեց Երիտասարդական խորհրդարանի ստեղծման կարգը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, ինչի մասին Ազգային ժողովի նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել: Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման էր հրավիրել  Երեւանի պետական բուհերի ռեկտորների, ուսանողական խորհու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am