National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.12.2012
Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 9

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 37 դեմ ձայներով:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ստացվել, սակայն նախագիծը խմբագրվել եւ լրամշակվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, ասաց, որ ստեղծված աշխատանքային խումբը հաշվի առնելով պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, լրամշակել է նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» օրինագիծը, նշելով, որ ստացված առաջարկն ընդունվել է: ԱԺ գլխադասային՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով: Այս փաթեթի վերաբերյալ եւս ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորների քննարկմանն առաջարկվեց «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է 10-ով ավելացնել հանրապետության վարչական դատարանների դատավորների թիվը, սահմանվում է, որ որպես դատավոր 10 տարի պաշտոնավարած այն անձանց համար , ովքեր ֆիզիկական արատի կամ հիվանդության պատճառով դադարեցնում են պաշտոնավարումը, նշանակվում է կենսաթոշակ աշխատավարձի 55 տոկոսի չափով:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ վարչական դատարանների դատավորների թիվն ավելացվում է՝ հաշվի առնելով այդ դատարանների դատավորների գերծանրաբեռնվածությունը: Մասնավորապես՝ այսօր յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է 400-500 գործ, որը մի քանի անգամ գերազանցում է ընդունված միջազգային չափանիշերը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ խորհրդարանն սկսեց քննարկել հարկային ոլորտի վերաբերյալ մի շարք օրինագծեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը քննարկման ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, նշելով, որ դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի համակարգի ներդրման, գործարար միջավայրի բարելավման, ստուգումների կազմակերպման եւ անցկացման առավել արդյունավետ ընթացակարգերի ու մեխանիզմների սահմանման, հարկային օրենսդրության եւ հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքների կիրառության ընթացքում առաջացած որոշակի խնդիրների վերացման, ինչպես նաեւ՝ նշյալ օրենքով որոշակի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Ազգային ժողովը քննարկեց ՀԱԿ խմբակցության հարցապնդումը, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ հարցապնդումը վերաբերում է երկրի տնտեսական զարգացումը խոչընդոտող կոռուպցիայի վերացմանը: Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանը գտնվում է ամենակոռումպացված երկրների շարքում, իսկ իշխանությունները չեն պայքարում այդ երեւույթի դեմ: Նրա մեկնաբանմամբ՝ կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում մենաշնորհներ են ստեղծվել երկրի տնտեսության տարբեր ոլորտներում, եւ ակտիվացել են մենաշնորհային դիրքի չարաշահումները: ՀԱԿ խմբակցության ղեկավարը կառավարությանը հարց ուղղեց, թե արդյոք նա ունի հակամենաշնորհային ծրագիր եւ երբ է կառավարությունը տնտեսության համար արատավոր այս երեւույթը կանխող օրենքի նախագիծ ներկայացնելու Ազգային ժողով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մոտ քսան էջի սահմաններում գրավոր պատասխանել է հարցապնդմանը: Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանում մենաշնորհներ չկան, բայց տնտեսության մեջ կա գերիշխող դիրք, եւ խոսքը գերիշխող դիրքի չարաշահումների մասին է: Կառավարությունը բազմիցս հայտարարել է կոռուպցիայի գոյության ու գերիշխող դիրքի չարաշահումների առկայության մասին եւ նախորդ տարիների ընթացքում օրենսդրական դաշտի կատարելագործմամբ եւ գործնական որոշակի քայլերով պայքարել է դրանց դեմ: Տիգրան Դավթյանը, ի պատասխան ՀԱԿ-ի հարցադրմանը, հաստատեց, որ կառավարությունն ունի համապատասխան ծրագիր: Նա տեղեկացրեց, որ ներկայում օրենսդրական բարեփոխումների նախագիծ է մշակվում, որը քննարկվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով՝ ավելի հստակ ու արդյունավետ քայլեր կատարելու գերիշխող դիրքի չարաշահումները կանխելու ուղղությամբ:

Լեւոն Զուրաբյանը եզրափակիչ ելույթում արձանագրեց, որ եթե անգամ կառավարությունն ընդունում է գերիշխող դիրքի գոյությունը, ապա ոչ թե դրա դեմ է պայքարում, այլ ընդամենը գերիշխող դիրքի չարաշահումների: Նա կառավարությանն առաջարկեց տնտեսական մրցակցությունն ապահովող եւ ապօրինի մենաշնորհների դեմ անհրաժեշտ քայլեր ու միջոցառումներ նախատեսող ծրագիր:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ Տիգրան Դավթյանը: Չհամաձայնելով ՀԱԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած շատ փաստերի ու հարցադրումների հետ՝ նա միաժամանակ չհերքեց, որ երկրում մրցակցային բարելավման հետ կապված խնդիրներ կան: Տնտեսության մեջ գերիշխող դիրքի առկայությունը նա պայմանավորեց անցումային տնտեսությամբ, իսկ խնդրի լուծման հարցում խանգարիչ գործոն համարեց ներքին փոքր շուկան: Տիգրան Դավթյանը նշեց, որ կառավարության կատարած քայլերը դեռեւս բավարար չեն այդ երեւույթն արմատախիլ անելու համար. դրա համար ուժեղ տնտեսական լծակներ ու գործիքներ են պետք, որի ուղղությամբ էլ այսօր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում: Նա ՀԱԿ-ին առաջարկեց կառավարություն ներկայացնել խնդրի լուծման իրենց մոտեցումներն ու առաջարկները ՝ մշակվող օրենսդրական նախաձեռնության մեջ ներառելու եւ այն բարելավելու համար:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի հարցապնդման հետ կապված Ազգային ժողովի որոշումը քվեարկության կդրվի հաջորդ օրը՝ առավոտյան:

ԱԺ պատգամավորները շարունակեցին ընդհատված օրինագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցողը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին շրջանառության հարկի առանձնահատկություններին, «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում կատարված փոփոխություններին:

Հարցի քննարկումն ընդհատվեց, քանի որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ վարչապետը եւ կառավարության անդամները պետք է պատասխանեին ԱԺ պատգամավորների գրավոր ու բանավոր հարցերին:

Ընդհատված հարցը Ազգային ժողովը կշարունակի քննարկել դեկտեմբերի 6-ի նիստում:


05.12.2012
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ամփոփեցին Ֆրանսիա կատարած այցի արդյունքները
Նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի Սենատի հրավերով ֆրանսիա Էր մեկնել ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությունը, որը մասնակցել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» թեմայով կլոր սեղանի աշխատանքներին: Պատվիրակության անդամներն այցի արդյունքներն ամփոփեցին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ու...

05.12.2012
ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հ...

05.12.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգաց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am