National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.10.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու համաձայնագիրը` բացառությամբ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի /Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0/ վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի:

Խորհրդարանականները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին այցելած ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել «Դատախազության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ

Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում Հրայր Թովմասյանը դրական է գնահատել ներկայացված նախագիծը, նաեւ ներկայացրել առաջարկներ: Գեւորգ Պետրոսյանը նկատել է, թե հիմնավորված եւ հստակ չեն որոշ դրույթներ: Օրինակ՝ հստակ չէ, թե ինչ է նշանակում «պետական շահ» հասկացությունը: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին 2 տասնամյակում հաճախ փոխվել է դատախազության վերաբերյալ ՀՀ օրենքը, սակայն դրական փոփոխություններ չեն արձանագրվել համակարգում: Ռուստամ Մախմուդյանը եւս առաջարկներ է ներկայացրել, խոսել հստակեցման կարիք ունեցող դրույթներից: Արտակ Զեյնալյանը հայտնել է իր մտահոգությունները, անհրաժեշտ համարել նախագծի լրամշակումը:

Նիստի ընթացքում պատգամավորները ողջունել են Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Գեւորգ Կոստանյանն ու ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել են պատգամավորների հնչեցրած գնահատականներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի եւ Մուրադ Մուրադյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման, որոշ խմբագրական փոփոխությունների, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ, ըստ որի՝ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, աշխատակազմի ղեկավարի խորհրդականների եւ օգնականների, Ազգային ժողովի խմբակցությունների փորձագետների (մասնագետների) պաշտոնները համարվում են հայեցողական, իսկ համապատասխան պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին: Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված լրացումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ, որը նախատեսում է հանրային ծառայության բոլոր մարմիններում, այդ թվում? նաեւ Ազգային ժողովի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման եւ աուդիտորների պաշտոնների ստեղծում: Թեեւ Ազգային ժողովի աշխատակազմում դրանք ընդգրկված են աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկում, սակայն, հաշվի առնելով նրանց վերապահվող առանձնահատուկ դերն ու նշանակությունը, այս լրացումով սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոնի նշանակում կամ ազատում է աշխատակազմի ղեկավարը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր:

Քննարկվել են մի շարք համաձայնագրեր

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը քննարկման է ներկայացրել 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ /կամ/ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Սարգսյանը:

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Սարգսյանը:

Հովհաննես Ազիզյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ քննարկվող համաձայնագիրը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից եւ ռազմական դոկտրինից: Ըստ նրա՝ դա տրամաբանական եւ օրինաչափ է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ եւ գտնվում են անվտանգության նույն՝ ՀԱՊԿ համակարգում: Անդրադառնալով քննարկման ընթացքում հնչած որոշ հարցերի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բացառել է, թե համաձայնագրին կարող է միանալ նաեւ Ադրբեջանը, քանի որ դրա համար չկա համապատասխան իրավապայմանագրային բազա: Նա պարզաբանել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գտնվում են անվտանգության տարբեր համակարգերում. Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են ՀԱՊԿ-ում, իսկ Ադրբեջանը՝ ոչ: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանի միակ եւ ուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ է եւ Պակիստանի հետ միասին խրախուսել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: «Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ելույթն ամփոփել է Էդուարդ Շարմազանովը:
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգտվել է արտահերթ ելույթի իր իրավունքից

Միքայել Մելքումյանը խոսել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջեւ ռազմաքաղաքական դաշինքի հեռանկարի մասին:

Համաձայնագրի վերաբերյալ ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները

Գեւորգ Գորգիսյանը խոսել է համաձայնագրի դրույթների մասին, ներկայացրել իր մտահոգությունները՝ կապված մասնավորապես ներքին սպառնալիքի դեպքում ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորման գործունեության հետ: Արամ Սարգսյանը կասկած է հայտնել՝ կապված համաձայնագրի ընդունման նպատակահարմարության հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին, ՀՀ ռազմական քաղաքականությանը, հայտնել իր մտահոգությունները վերոնշյալ հարցերի վերաբերյալ:  Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ համաձայնագիրը մեր ռազմական անվտանգային կարողությունները փաստացի ավելացնելու եւ կատարելագործելու հնարավորություն է: Պատգամավորն ընդգծել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որի համար հարավային ուղղությամբ կենսական ռազմավարական հետաքրքրություններն անվտանգության ոլորտում համընկնում են Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների հետ եւ հավելել, որ Ռուսաստանն այս հարցում մեզ պետք է այնքան, որքան մենք՝ ՌԴ-ին: Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ համաձայնագիրը երբեւէ չի գործելու ի շահ մեր երկրի. այն սահմանափակելու է մեր հնարավորությունները: Արման Սաղաթելյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը որեւէ կերպ չի ենթադրում ինքնիշխանության տարրի զիջում, հակառակը՝ այն ենթադրում է ռազմական ներուժի ավելացում: Պատգամավորը կոչ է արել այս հարցի վերաբերյալ առարկայական եւ անաչառ քննարկումներ ծավալել: Արտաշես Գեղամյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, նշել է, որ այն պատասխան է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմավարական դաշինքի եւ փոխօգնության մասին պայմանագրին: Արտակ Զեյնալյանը խոսել է միացյալ զորախումբ ստեղծելու նպատակահարմարության մասին եւ կարծիք հայտնել, որ վտանգավոր պայմանագիր է քննարկվում: Միհրան Հակոբյանը, պատմական փաստեր մեջբերելով, անդրադարձել է երկրի ինքնիշխանության գաղափարի վերաբերյալ գործընկերների մտահոգություններին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Վահրամ Բաղդասարյանը

Խմբակցության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում կողմերն ինքնուրույն ապահովելու են իրենց սպառազինությունը եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, բայց խնդրի կատարման համար կարող են օգտվել մյուս կողմի սպառազինությունից եւ տեխնիկայից: Նշվել է, որ զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում է Հայաստանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ հակաօդային պաշտպանությանը վերաբերող համաձայնագրին եւ արձանագրել, որ համաձայնագրի կողմերից որեւէ մեկը չի կարող օգտագործել մեր օդային տարածքը: Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ համաձայնագրի վավերացմամբ մեր երկիրը կգտնվի շահեկան վիճակում:

Եզրափակիչ ելույթներում Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Զաքարյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին:

ՀՀ ԱԺ նիստի ընթացքում պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ողջունել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ողջունելով հայ խորհրդարանականերին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային ժողովում ելույթ ունենալը: Տեղեկացնելով, որ սա իր առաջին պետական այցն է Հայաստան, Միլան Շտեխը Չեխիայի Հանրապետության անունից եւս մեկ անգամ շնորհավորել է հայ խորհրդարանականներին՝ պատգամավորական մանդատ ստանալու կապակցությամբ եւ գոհունակությամբ փաստել, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նա հույս է հայտնել, որ իր այցը եւս նպաստավոր կլինի:

Պարոն Շտեխն ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, ինչը հիմնված է նաեւ քրիստոնեական արմատների վրա: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների նախագահների կատարած փոխայցերը:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ պարոն Շտեխն արժեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ ընդգծել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի դերն ու հաճախակի այցերը Չեխիայի Հանրապետություն:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության հարցին` Միլան Շտեխը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունը կխթանի Հայաստան- Եվրամիություն գործընկերային կապերը:

ՉՀ խորհրդարանի Սենատի նախագահի խոսքով՝ Չեխիան պատրաստակամ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում, ինչին կնպաստի նաեւ այսօր Երեւանում այսօր տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովը:

Շնորհակալություն հայտնելով չեխ գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի՝ Հայաստան կատարած այցը եւ հավաստիացրել, որ հայ պատգամավորները պատրաստակամ են ներդնելու բոլոր ջանքերը՝ երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ առկա բարեկամությունն ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու համար:

Պատգամավորները շարունակել են օրենսդրական աշխատանքը եւ համաձայնագրերի քննարկումը 

Արտակ Զաքարյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրերի վերաբերյալ ներկայացրել է Ֆելիքս Ցոլակյանը:

Հաջորդ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ներկայացրել է Արտակ Զաքարյանը:

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կորյուն Նահապետյանը:

Համաձայնագրի քննարկումը կշարունակվի ՀՀ ԱԺ հոկտեմբերի 5-ի նիստում:

Օրվա վերջին նիստը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հատկացվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:


04.10.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ապագա տնտեսագետների հետ
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների եւ դասախոսների հետ։ ԱԺ նախագահի տեղակալը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական գործուն...

04.10.2017
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Ապագա լրագրողների հարցերն առն...

04.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի ճեպազրույցը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես են եկել ճեպազրույցով, որի ժամանակ ներկայացրել են պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը: Արա Բաբլոյանը նշել է, որ քննարկվել են երկու երկրների հետագա...

04.10.2017
Ստացվել է 631 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները:Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ար...

04.10.2017
Երեւանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիա...

04.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ: ՀՀ ԱԺ նախագահը ողջու...

04.10.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նիկոլայ Տիշեւին եւ բարեկամական խմբի անդամ Պավել Շոպովին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ...

04.10.2017
Չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS