National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.12.2012
Ամփոփվեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստի արդյունքները
1 / 3

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները ներկայացվեցին ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամների` դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Բրյուսելյան նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) եւ Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ):

Ըստ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանի՝ ԽՀՀ նիստն անցկացվել է մի շրջանում, երբ բավական աշխույժ են Հայաստան-Եվրամիություն շփումերն ու քաղաքական երկխոսությունը: Նրա խոսքով՝ զգալի առաջընթաց կա Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ուղղությամբ, բավական դինամիկ զարգացում են ապրում բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի վերաբերյալ, նախաստորագրված է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ փաստաթուղթը, ակտիվացել է ՀՀ-ԵՄ ոլորտային համագործակցությունը:

Նա հայկական պատվիրակության անունից դրական գնահատեց նիստի արդյունքում ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, որում տեղ են գտել նաեւ առաջարկություններ: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության բոլոր անդամներին այն համաձայնության ու միակամության համար, որի արդյունքում հաջողվել է փոխհամաձայնությամբ ընդունված հայտարարության մեջ ներառել հայկական կողմի դիրքորոշումներն արտահայտող դրական ձեւակերպումեր:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը հանգամանալից ներկայացրեց հայտարարության բովանդակությունը, որում մասնավորապես բարձր է գնահատվում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Սամվել Ֆարմանյանը կարեւոր համարեց այն փաստի ամրագրումը, որ բանակցող կողմերին կոչ է արվում գործադրել բոլոր ջանքերը՝ ավարտին հասցնելու Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունները հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

Ողջունելի է համարվում Հայաստանի այն որոշումը, որով 2013թ. հունվարի 10-ից ԵՄ-ի եւ Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է ՀՀ այցելության համար մուտքի թույլտվության անհրաժեշտությունը:

Կարեւոր է համարվել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն ուղղված է խթանելու ՀՀ-ում բարեփոխումների խորացման եւ անշրջելիության ապահովման առաջնահերթությունը:

ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ ամբողջությամբ ճանաչվում է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայաստանյան բարեփոխումների ծրագիրը, եւ կոչ է արվում տրամադրել համարժեք օժանդակություն` համաձայն «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի, ողջունվում է բարեփոխումների հետագա խորացմանը նպատակաուղղված եւ հաջորդ տարի նախատեսվող դոնորների միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ափսոսանք արտահայտելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Ընդգծվել է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարեւորությունը: Այս դրույթի ամրագրումը, ըստ բանախոսի, չափազանց կարեւոր է հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին: Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ առանց բացառության բոլոր այն սկզբունքներին, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում:

Սամվել Ֆարմանյանն ընդծեց այն դրույթի ամրագրումը, ըստ որի ՀՀ խորհրդարանականները Եվրախորհրդարանի հետ միասին կարեւորում են հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը՝ որպես էական քայլ՝ ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը:

Փատաթղթում անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտության միջոցով: Սամվել Ֆարմանյանի հավաստմամբ, խորհրդարանական ձեւաչափով ընդունված փաստաթղթերի համատեքստում սա նոր ձեւակերպում է, ինչը դրական է գնահատվում:

Չի շրջանցվել նաեւ դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու անհրաժետությունը, ինչպես պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կառույցները:

Նաեւ արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջությամբ պաշտպանում է 2011թ. մարտին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որով մասնավորապես կոչ է արվում ստեղծել միջադեպերի կանխարգելման եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործուն մեխանիզմ:

Փաստաթղթով դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնվում վերջինիս` Ադրբեջանին արտահանձնելուց հետո հերոսացման կապակցությամբ, նշվում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին. դատապարտվում է նման ցանկացած սադրանք:

Սամվել Ֆարմանյանը ձեռքբերում համարեց նաեւ հայտարարության մեջ Ստեփանակերտի օդանավակայանի բացմանն անդրադարձը. հանձնաժողովը ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ եւ որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նման ձեւակերպումները գալիս են ապացուցելու, որ արցախյան խնդրի վերաբերյալ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են նույն լեզվով, եւ գնալով ակնհայտ է դառնում Ադրբեջանի պետական մոտեցումների մեկուսացումը»,-նշեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավարը:

Հանձնաժողովն իր հայտարարությամբ դատապարտում է հայ-թուրքական երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում, եւ այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման եւ հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարեւորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը: Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ վերջին ձեւակերպումը եւս նոր դրսեւորում է ԵՄ կողմից վերջին տարիներին վավերացրած փաստաթղթերում: Նա կարեւորեց նաեւ այն դրույթի ամրագրումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն ու անընդունելի է համարվում տարածաշրջանի որեւէ երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը:

Փաստաթղթում նաեւ հղում կա 1987 թ. Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին: Բանախոսը կարեւոր համարեց նաեւ այն, որ աջակցություն է հայտնվում հայաստանյան քաղաքական ուժերի ինտեգրմանն ու ակտիվ ներգրավմանը Եվրամիության քաղաքական ընտանիքներին:

Ներկայացնելով իր տեսակետները՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամ Տիգրան Ուրիխանյանը մասնավորապես կարեւորեց այն հանգամանքը, որ միչեւ նիստի հրավիրումը, հանձնաժողովի անդամներն այցելել են ԼՂՀ՝ հնարավորություն ստանալով Արցախի իշխանությունների, Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ակնկալիքը բանակցությունների ընթացքում միջնորդավորված կերպով ներկայացնելու: Նա եւս մեծապես կարեւորեց պատվիրակության միասնական դիրքորոշումը քննարկված հարցերի առնչությամբ:

Այս փաստն ընդգծեցին նաեւ ասուլիսի մյուս մասնակիցները: Մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հնարավոր է եղել հանդես գալ որպես միասնական թիմ, եւ պատվիրակությունն առաջին հերթին առաջնորդվել է ՀՀ ազգային շահով: «Այս փաստաթուղթն ունի պատվիրակության բոլոր անդամների միահամուռ եւ լիակատար աջակցությունը, մենք ստորագրում ենք յուրաքանչյուր կետի տակ: Կարծում եմ՝ սա լավ նախադրյալ է, որ տարբեր ձեւաչափերում, եթե մեր պատվիրակություններն առաջին հերթին առաջնորդվեն ՀՀ ազգային շահով, ապա կարող ենք Հայաստանի համար նպաստավոր փաստաթղթեր ստանալ»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հասկանալիորեն կան վերապահումեր որոշակի ձեւակերպումերի, շարադրանքի առումով, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Բրյուսելից բերել ենք բավականին նորմալ փաստաթուղթ»: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ հայտարարության տեքստն ընդունվել է հաձնաժողովի միասնական լինելու արդյունքում, եւ, ինչը շատ կարեւոր է, դա դրական արձանագանք է ստացել եվրոպացի պատգամավորների շրջանում:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամները պատասխանեցին նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:


ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի

Պրն. Միլան ՑԱԲՐՆՈԽԻ (Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խումբ) եւ պրն. Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համանախագահությամբ 2012 թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 13-րդ նիստը: Հանձնաժողովը լսեց պրն. Ջոն ԿՅԱԵՐԻՆ` Արտաքին հարաբերությունների ծառայությունից, ով ներկայացնում էր ԵՄ-ն եւ պրն. Ավետ ԱԴՈՆՑԻՆ` ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ով ներկայացնում էր ՀՀ կառավարությունը:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ

1.բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության բացվող հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում,

2.հիշեցնում է, որ «Եվրոնեսթի» շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությունում եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին հավատարմության օրինակ է, ինչի կարեւորությունը հայաստանյան հասարակության մեջ ճանաչվում է հասարակական լայն կոնսենսուսով, ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը` 2014թ. հյուրընկալելու «Եվրոնեսթի» լիագումար նստաշրջանը,

3.ողջունում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ դինամիկ քաղաքական երկխոսությունը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի վերջին արդյունավետ այցելությունները Երեւանի եւ Բրյուսելի միջեւ,

4.ոգեւորված է նրանով, որ 2012թ. համապետական ընտրությունների անցկացման շրջանակում Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերը ընդգծել են իրենց հավատարմությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ այն առաջընթացով, որի մասին վկայում են Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության (ԸԴՄԱ) մաս կազմած Եվրախորհրդարանի պատվիրակները, առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ընդգծում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համապատասխան առաջարկությունները կյանքի կոչելու կարեւորությունը որպես գործընթացի սկիզբ եւ ոչ թե ավարտ:

ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ

5.ողջունում է այն, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունները լավ տեմպով առաջ են ընթանում` համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2012-ի ապրիլի 18-ին ընդունված բանաձեւի, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, նաեւ ճանաչում է Հայաստանի եվրոպական ձգտումները եւ դրանք համարում է կատալիզատոր, որը հանգեցնում է օրենքի գերիշխանության, մարդու իրավունքների հարգման եւ լավ կառավարման սկզբունքներին Հայաստանի հավատարմության ամրապնդմանը,

6.կոչ է անում բանակցող կողմերին գործադրել բոլոր ջանքերը ավարտին հասցնելու Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունները` հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը,

7.ընդգծում է, որ Ասոցացման համաձայնագիրը պետք է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համապարփակ եւ հեռանկարային հիմք ապահովի` խթանելով քաղաքական ասոցացումը, տնտեսական ինտեգրումը եւ օրենսդրական մոտարկումը,

8.ողջունում է փաստը, որ Ասոցացման համաձայնագիրը ներառելու է լուրջ խորհրդարանական չափում, որը ենթադրում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի ամբողջական մասնակցություն դրա իրագործման եւ մշտադիտարկման հարցում,

9.ընդգծում է հիմնարար ազատությունների, ներառյալ հավաքների եւ միավորումների ազատության, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարի, շուկայական մրցակցության երաշխավորման եւ լրատվամիջոցների անկախության ապահովման մասին դրույթները Ասոցացման համաձայնագրում ներառելու կարեւորությունը,

10.ջերմորեն ողջունում է արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ոլորտներում հայաստանյան ազգային ծրագրերի նախապատրաստման ժամանակ ԵՄ առաջավոր փորձի եւ առաջարկությունների կիրառումը, նշում է մասնավորապես այն զգալի արդյունքները, որ գրանցվել են միգրացիոն ոլորտում Շարժունակության գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրմամբ,

11.ի գիտություն է ընդունում ցանկացած տեսակի խտրականության արգելմանն ուղղված օրենսդրության ընդունման անհրաժեշտության մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստի կոչը, խրախուսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետագա ամրապնդումը? տրամադրելով լրացուցիչ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ,

12.ողջնունում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ արձանագրությունների շուրջ բանակցությունների ավարտը եւ կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել եւ արդյունավետորեն կիրառել դրանք, վերահաստատում է ողջամիտ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի թույլտվության տեղաշարժման համատեղ խնդիրը` ելնելով հանգամանքից, որ ապահովված լինեն տեղաշարժման լավ կառավարվող եւ անվտանգ պայմանները,

13.ողջունում է Հայաստանի որոշումը, որով 2013թ. հունվարի 10-ից ԵՄ-ի եւ Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է Հայաստան այցելության համար մուտքի թույլտվության անհրաժեշտությունը:

ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ

14.ամբողջությամբ ճանաչում է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայաստանյան բարեփոխումների հավակնոտ ծրագիրը եւ կոչ է անում տամադրելու համարժեք օժանդակություն` համաձայն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի, ողջունում է բարեփոխումների հետագա խորացմանը նպատակաուղղված եւ հաջորդ տարի նախատեսվող դոնորների միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, ընդգծում է, որ ԵՄ-ն ակնկալելու է Հայաստանի ներկայացրած առաջարկության լրամշակված տարբերակը` հիմնված երկրի Կայուն զարգացման սեփական ռազմավարության վրա,

15.կիսում է համոզմունքը, որ ԵՄ-ն կարող է ֆինանսական եւ տեխնիկական առավել նպատակային օժանդակություն տրամադրել` ապահովելու Հայաստանի պարտավորությունների կատարումը, որոնք բխում են Ասոցացման համաձայնագրի եւ որպես դրանց անքակտելի մաս, ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցություններից, շարունակելով Համապարփակ ինստիտուցիոնալ կառուցման ծրագրերն, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական կառավարումը, քաղաքացիական ծառայությունը, արդարադատության ոլորտի բարեփոխումները եւ խորհրդարանական ուղղությունը, ողջունում է ԵՄ բարձր մակարդակի Խորհրդատվական խմբի աշխատանքը եւ կոչ է անում վերջինիս գնալով էլ ավելի արդյունավետ դարձող առաքելության կայուն շարունակականության` մասնավորապես տրամադրելու խորհրդատվություն Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱԳ-ի ռազմավարության եւ իրականացման հարցերում:

Տարածաշրջանային կայունության հարցերի վերաբերյալ

16.համոզմունք է հայտնում, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ եւ ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարեւորությունը,

17.վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների կողմից իրենց 2009թ. Լաքվիլայի եւ 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում, նաեւ ամբողջությամբ աջակցում է երեք նախագահների 2011թ. մայիսի 26-ին ընդունված Դովիլի հայտարարությանը, որը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաեւ աջակցում է 2012 թ. հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծում է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը, որպես կարեւոր քայլ դեպի խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքում, որը կապահովի հարատեւ եւ կայուն խաղաղություն, նաեւ ընդգծում է բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը` ապագայում իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար,

18.ընդգծում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւոր նշանակությունը, ներառյալ ԵԱՀԿ առաջարկությունների համաձայն դիպուկահարների հետ քաշումը շփման գծից,

19.պաշտպանում է եւ կոչ է անում ստեղծել միջադեպերի կանխարգելման եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործունյա մեխանիզմ, ինչպես հայտարարված է 2011թ. մարտին, Սոչիի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում եւ որը վերահաստատվել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ ընդունվել Հայաստանի կողմից,

20.հայտարարում է, որ ԵՄ-ն, չնայած այն բանին, որ չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է ավելի ակտիվ դեր խաղա վստահության ամրապնդման միջոցառումներին հետագա աջակցության հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածման համար, եւ այս համատեքստում ընդգծում է այն նշանակությունը, որը վերջինս տալիս է ԵՄ ներկայացուցիչների, այդ թվում Եվրախորհրդարանի անդամների անվերապահ մուտքի հնարավորությանը տարածաշրջան,

21.դատապարտում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնում Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելուց հետո վերջինիս հերոսացման կապակցությամբ, համարում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրելով անարդարության զգացումը, դատապարտում է նման ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածությունն առանց այդ էլ լարված ու փխրուն իրավիճակում,

22.խորապես մտահոգված է, որ նման գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել հաշտության փորձերը եւ էլ ավելի խափանել տարածաշրջանում մարդկային խաղաղ շփումների հետագա զարգացումը, ինչը կարեւոր միջոց է կայուն խաղաղության հասնելու համար,

23.ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ եւ որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից,

24.դատապարտում է Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում եւ այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման եւ հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարեւորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը,

25.համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն եւ աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, այսպիսով վերջ դնելով տարածաշրջանի ցանկացած երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունները,

26.հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի 1987թ. բանաձեւը, ինչեւէ քաջալերված է, որ վերջին տարիներին բուն Թուրքիայում այդ հարցը դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա, որը կարող է նպաստել երկու հարեւան ժողովուրդների միջեւ հաշտեցմանը՝ ապահովելով նրանց խաղաղ գոյակցությունը եւ երկարատեւ համագործակցությունը:

Ոլորտային հարցերի վերաբերյալ

27.ողջունում է ԵՄ կառույցների եւ Հայաստանի միջեւ աճող ոլորտային համագործակցությունը եւ իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից գործադրված ջանքերի կապակցությամբ, որոնք հանգեցրել են 2012թ. հունիսի 19-ին ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների մեկնարկին,

28.նշում է, որ Եվրախորհրդարանը խրախուսում է Հայաստանին ամբողջությամբ օգտագործելու ԽՀԱԱԳ-ի ներուժը` ամրապնդելու իր տնտեսությունը, արտահանման հնարավորություններն ու մուտքը ԵՄ-ի շուկա՝ բարելավելով իր ազգային ստանդարտները, եւ ընդգծում է համաձայնագրի իրականացման կարեւորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ստանդարտներն ու մտավոր սեփականությունը,

29.նաեւ ողջունում է Արժույթի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին Բազմակողմ համաձայնագրերին միանալու 2011թ. սեպտեմբերի 15-ի Հայաստանի որոշումը,

30.ողջունում է դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունը Էներգետիկ ընկերակցությանը, որը կարող է նպաստել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության բարելավմանը՝ ԵՄ-ի եւ գործընկեր երկրների միջեւ հետագա գործընկերության համար բարելավված նորմատիվ դաշտի միջոցով,

31.ի գիտություն է ընդունում այն նշանակությունը, որը Եվրախորհրդարանը տալիս է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, հատկապես եվրոպական նկրտումներ ունեցող երկրների կողմից,

32.ընդգծում է այն հնարավոր օգուտները, որ կարելի է ստանալ, օգտագործելով Ասոցացման համաձայնագիրը որպես տարածաշրջանային համագործակցության եւ փոխգործակցության զարգացման պլատֆորմ` հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում,

33.վերջապես աջակցում է հայաստանյան քաղաքական ուժերի ինտեգրումն ու ակտիվ ներգրավումը Եվրամիության քաղաքական ընտանիքներին ԵՄ Խորհրդատվական խմբի շարունակական աջակցությամբ:

Ընդունված է 2012թ. նոյեմբերի 29-ին

Բրյուսել


03.12.2012
Խորհրդարանն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Խորհդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ ...

03.12.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ
Ուղերձում ասված է. «Այսօր աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Երկու տասնամյակ առաջ միջազգայնորեն ընդունված այս օրը մեկ անգամ եւս մեզ հուշում է, ավելին՝ պարտադրում է անել ամեն ինչ, որ հաշմանդամություն ունեցողները ունենան հավասար հնարավորություններ եւ իրավունքներ եւ ինտեգրվեն հասարակությա...

03.12.2012
ԱԺ մշտական հանձնաժողովները ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացրին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկեց հարկային ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր: ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am