National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.04.2003

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

09 ապրիլի 2003

Ժամը 13:00

ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հայաստանի Հանրապետության Մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, հարգելի պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Նիստին մասնակցում են 83 պատգամավոր։

2003 թվականի փետրվարի 19-ին եւ մարտի 5-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու երդման արարողության նպատակով հրավիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողնովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված։

ՀՆՉՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԸ

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

-Դահլիճ է բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

ՀՆՉՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Դահլիճ է բերվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը։

ՀՆՉՈՒՄ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու, ժողովրդին երդման համար հրավիրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ռ.ՔՈՉԱՐԱՆ

-Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը, երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությոնւնները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս մեր հայրենիքի եւ ի բարօրություն մեր ժողովրդի։

ԵՐԿԱՐ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Մեծարգո պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք, հայրապետական օրհնանքի խոսք ունի ասելու Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ.

-Սիրելի ժողովուրդ հայոց

Գոհություն եւ փառք բարձրացնենք առ Աստված, որ ինքնիշխան ու ազատ է մեր Հայրենիքը, եւ մենք կրում ենք պատիվն ու պատասխանատվությունը ապահով ու ամուր պահպանելու եւ զորացնելու անկախ մեր Հայրենիքի սրբազան իրականությունը՝ դարավոր տեսիլքը մեր նախնյաց։

Վերանկախացյալ Հայաստանի կյանքում սկսկվում է նախագահական  մի նոր շրջան։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ իր ուխտը կատարեց՝ ձեռքը դնելով Աստվածաշունչ Մատյանին եւ վկայակոչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Նախագահական երդման յուրաքանչյուր արարողություն արտահայտությունն է նաեւ ազգային պետականության մեր ապրումի, մեր հոգիներում՝ Հայաստանի անկախության ու ազատության խորհրդի պանծացումի։

Այս զգացումներով Ամենայն Հայոց մեր սրբօրրանից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Հանրապետության վերընտրյալ Նախագահին եւ Մեր խոսքն ուղղելու աշխարհասփյուռ սիրեցյալ մեր ժողովրդին՝ հնչեցնելով Պողոս առաքյալի պատգամը. «Զի դուք յազատութիան կոչեցեալ էք... սիրով ծառայեցեք միմեանց»։ Արդարեւ, ազատության ենք կանչված, սիրով ծառայենք միմյանց։

Դժվարին օրեր ապրեցինք ընտրությունների հետ կապված հուզումներ ու անհանգստություններ,  որոնց անդրադարձն այսօր ավելի պիտի իմաստնացնի մեզ, ավելի ամրացնի միասնական լինելու մեր կամքն ու որոշումը, սիրով միմյանց ծառայելու մեր ձգտումը։ Այդ անդրադարձն ավելի որոշ պիտի դարձնի մեկ նպատակի՝ Հայրենիքի շահի մեր գիտակցումը։ Հայրենիքը մենք ենք՝ յուրաքանչյուրս եւ ամենքս։ Միաբանությամբ ու համերաշխությամբ պիտի փորձենք գծել Հայրենիքին ծառայության մեր ճանապարհը։ Սիրով միմյանց ծառայելով պիտի վկայենք մեր ճշմարիտ հայրենասիրությունը եւ մեծագույն հավատարմությունը Հայրենիքին։

Հայաստանի ազատության ու անկախության հետ ընտրել ենք նաեւ ժողովրդավարությունը։ Անցնող տասնամյակում առիթներ ունեցանք համոզվելու, որ ունեցած բոլոր ձեռքբերումներով հանդերձ, դեռեւս  ճանապարհ ունենք անցնելու դեպի կայացած ժողովրդավարություն, որի գերագույն նպատակը մեր արժեւորումն է, մարդու արժեւորումը, որ ծնունդն քրիստոնեական ոգու եւ մտածումի։ Ժողովրդավարության մեր ճանապարհը լուսավորված եւ ուղիղընթաց կլինի, երբ մեր կյանքի անկապտելի մասը դարձնենք ավետարանի պատվիրաններն ու պատգամները, ապրենք քրիստոնեական արժեքներով, որոնցից հարկադրված հեռու ենք եղել տասնամյակներ շարունակ։ Արդարությունը, օրենքն ու իրավունքը Աստծո եւ միմյանց հանդեպ մեր սիրո արգասիքներն են, որ մեր հոգիներից պիտի բխեն, որպեսզի իրականություն դառնան եւ առաջնորդեն հասարակական մեր կյանքը ու ամրապնդեն մեր պետականության հիմքերը։

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ պատմության դժվարին ժամանակներում վառ է պահել ազատության սերը ժողովրդի հոգում եւ կրողը եղել ազգային պետականության վերականգնման տեսիլքի, որ ողջ կարողությամբ մշտապես զորակցելու է հայոց պետականության առաջընթացին ու հզորությանը՝ հավատարիմ իր  դարավոր, նվիրական առաքելությանը Աստծո, Հայրենիքի եւ ազգի առջեւ։

Մեծարգո Նախագահ, Հայաստանում եւ Արցախում ազգային մեր պետականության վերականգնման եւ ամրապնդման դժվարին, բայց նաեւ՝ հերոսական ու հաղթական ճանապարհին Դուք ունեք գնահատելի Ձեր ներդրումը ծառայելու Հայրենիքին՝ հայրենի հողի պաշտպանության դիրքերից մինչեւ նախագահության բարձր պաշտոններ։ Այսօր Դուք վերստին կոչված եք բարձրագույն պատասխանատվության, երբ մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են բազմաթիվ հրամայականների առջեւ։ Նախ եւ առաջ Ձեզ են ուղղված բոլոր սպասումներն ու ակնկալիքները։ Լիահույս ենք եւ հանապազ աղոթող, որ աշխարհի այս խառնակ ժամանակներում սկիզբ առնող նախագահական Ձեր երկրորդ շրջանի հինգ տարիները Ձեր անձնադիր աշխատանքով եւ մեր ժողովրդի միասնական ջանքերով բնութագրվեն իբրեւ կառուցողական ժամանակառրջան՝ բարօրություն բերելով մեր երկրին ու շինություն հանուր հայ կյանքին։ Տիրոջ օգնականությունն ու առաջնորդությունն ենք հայցում Ձեզ եւ մաղթում անշեղ ընթացք հայրենաշեն Ձեր իրագործումներին։

Թող Տերը հավատով զորացնի մեզ բոլորիս՝ աշխարհասփյուռ ազգս հայոց եւ արթուն պահի մեր մեջ եղբայրսիրության ոգին, որպեսզի սիրով ծառայենք միմյանց եւ միշտ տեսնենք Հայրենիքի շահը ու չկորցնենք գալիքի ուղին։ Այս հավատով միասնաբար աղոթենք հոտընկայս։

Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն

Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո՝ որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմել ի չարէ։ Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յավիտեանս, ամեն։

«Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա, պահպանեա զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս, զվերընտրեալ Նախագահն սորա եւ զպատգամաւորս, զնախարարս եւ զամենայն իշխանաւորս հայրենի երկրին մերոյ եւ շնորհեա սոցա զկատարեալ իմաստութիւն՝ առաջնորդելոյ ժողովրդեանն հայոց ի բարիս եւ ի խաղաղութիւն։ Այլեւ օրհնեա եւ զօրացո, Տէր, զորդիս հայկազեանցն զարմից ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս՝ Տէր, զորդիս հայկազեանցն զարմից ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս՝ գնալ ի ճանապարհն սիրոյ եւ միաբանութեան, արդարութեան եւ Աստուածպաշտութեան ընդ հովանեաս սուրբ եւ պատուական Խաչիդ Քով։ Փրկեա, Տէր, յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն։

ԵՐԿԱՐ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, հարգարժան հյուրեր, ժողովրդին ուղղված ողջույնի ուղերձով հանդես գալու համար ձայնը տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։

Վեհափառ Տեր, հարգարժան հյուրեր, հարգելի հայրենակիցներ, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ընտրությունների ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ակտիվության եւ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին միասին աշխատելու իմ կոչին։

Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է ժողովրդի եւ պետության համար։ Բայց ընտրություններն ավարտվում են, եւ նորից սկսվում է ամենօրյա աշխատանքը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։

Ընտրարշավը, չնայած գերծանրաբեռնվածությանը, մարդկանց հետ ակտիվ եւ անմիջական շփումների լավ հնարավորություն էր։ Ինձ համար այն եղավ շատ հետաքրքիր եւ ուսանելի։

Մենք ընտրությունների եկանք՝ ունենալով տնտեսական բարձր ցուցանիշներ բոլոր ուղղություններում։ Մենք ընտրությունների եկանք առանց ներքին գոյացած պարտքերի։ Դա մեկնարկային լավ դիրք է իշխանությունների համար։ Այդուհանդերձ, նախընտրական պայքարը կոշտ էր եւ անզիջում։ Ավելին՝ քաղաքական ուԺերի դիմակայությունը մասամբ վերաճեց դեմակայության հասարակության ներսում։ Այստեղ մտորելու տեղ կա, եւ մենք պարտավոր ենք որոշակի հետեւություններ անել։

Չափազանց կարեւոր է, որ իշխանությունների քաղաքականությունը հասկանալի լինի հասարակությանը։ Մենք միշտ պետք է պարզաբանենք մեր գործունեությունը, դրանց անհրաժեշտությունը եւ օգտակարությունը մարդկանց համար։ Մենք պարտավոր ենք կանոնավոր կերպով հաշվետվություն տալ հասարակությանը, դա պետք է դառնա աշխատանքի ոճ։ Հակառակ դեպքում կունենանք մեծացող խզում իշխանության եւ հասարակության միջեւ։ Դա կբարդացնի բարեփոխումների իրականացումը, քանի որ նրանց հաջողությունը մեծապես կախված է իշխանությունների նկատմամբ վստահության աստիճանից։

Իսկ բարեփոխումները պետք է ակտիվորեն շարունակվեն, այլապես երկիրը չի զարգանա։ Անհրաժեշտ է գտնել բարեփոխումների ծավալի եւ տեմպերի ճիշտ հարաբերակցությունը հասարակական գիտակցության իներցիայի հետ։

Անհրաժեշտ է արդյունավետ եւ հասցեագրված սոցիալական քաղաքականություն, որ կպաշտպանի մեր հասարակության ամենախոցելի խավերին։

Ես հիմա աշխատում եմ այդ հարցերի վրա՝ խորհրդարանական ընտրություններից հետո դրանց գործնականում կիրառելու նպատակով։

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ուզում եմ վերահաստատել, որ մտադիր եմ հետեւողականորեն իրագործել իմ նախընտրական ծրագիրը բոլոր ուղղություններով՝ եւ՛ արտաքին քաղաքականության, եւ՛ տնտեսական, եւ՛ ներքին այլ հարցերի շուրջ՝ իմ ընտրած դիրքորոշումների եւ մոտեցումների առումով։ Անշուշտ, ընտրողների հետ բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին նոր հարցեր,   որոնք  հաշվի կառնվեն հետագա աշխատանքներում։  Բայց ծրագրի հիմնական էությունը, դրա ուղղվածությունը, կպահպանվի։ Այժմ նախընտրական ծրագիրը վերածվում է գործողությունների ծրագրի, որով ես առաջնորդվելու եմ առաջիկա տարիներին։

Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեկն է՝ աշխատանք։   Աշխատանքն է, որ ապահովելու  է երկրի տնտեսական վերելքը եւ յուրաքանչյուրիս բարեկեցությունը։ Ես կոչ եմ անում  մեր բոլոր քաղաքացիներին՝ տրամադրվել խաղաղ եւ ստեղծարար աշխատանքի։ Ավելի նախաձեռնող եւ համարձակ լինել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկության ոլորտում։ Միջին խավը վերեւից չի ստեղծվում, դա կարող եք անել դուք։  Իշխանությունները պարտավոր են ապահովել բարենպաստ պայմաններ այդ գործընթացի համար եւ ապահովելու են։ Սա՛ է լինելու վաղվա Հայաստանի քաղաքական ու տնտեսական կայունության հիմքը։

Պետական ողջ համակարգի եւ ծառայությունների բարեփոխումը   մեր առաջնային նպատակներից է։ Պետական մեքենան ստեղծված է քաղաքացիների համար հարկատուների հաշվին եւ պետք է ծառայի ժողովրդին։ Պայքարը կոռուպցիայի, կլանայնության եւ հովանավորչության դեմ պետք է առաջնահերթ դառնա մեր աշխատանքում։ Այդ պայքարի արդյունավետությունը կախված է իշխանությունների քաղաքական կամքից եւ ժողովրդի քաղաքացիական ակտիվությունից։

Այս եւ շատ այլ խնդիրների լուծումը մեծապես կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից։ Արդեն ակնհայտ է, որ քաղաքական ակտիվությունը մեծ է լինելու, եւ կարելի է կանխատեսել երկրի օրենսդիր մարմնի համար սուր պայքար։ Մենք պետք է ձեւավորենք գործուն խորհրդարան, այլապես երկրի օրինաչափ  զարգացումը մեծ կասկածի տակ կլինի։ Առաջնահերթ խնդիր է ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով եւ նվազագույնի հասցնել ամեն տեսակի խախտումները։

Որպես Նախագահ, ես գիտակցում եմ, որ երեք իրար հաջորդող ընտրարշավների փոխզուգակցումը լուրջ փորձություն է մի երկրի համար, որտեղ ժողովրդավարության հիմքերը նոր են դրվում։ Այդ հանգամանքը հսկայական պատասխանատվություն է դնում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների վրա։ Չի կարելի  անպատասխանատու վարքով քայքայել պետականության հիմքերը։ Նախընտրական մոլուցքը չի արդարացնում հասարակության պառակտմանն ուղղված գործողությունները։

Ազգային համերաշխությունը եւ՛ երկրի ներսում, եւ՛ արտերկրում համահայկական խնդիրների լուծման կարեւոր նախապայմանն է։ Պառակտված ազգի հնարավորությունները բազմապատիկ անգամ սահմանափակ են։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ մեր հնարավորություններն առանց այդ էլ համեստ են։ Անհրաժեշտ են քայլեր՝ ուղղված հասարակության մոտ լավատեսական  տրամադրվածության ամրապնդմանը։

Ուզում եմ  հատուկ անդրադառնալ  Սահմանադրության  փոփոխությունների առաջիկա  հանրաքվեին։  Այն կարեւորագույն իրադարձություն է երկրի կյանքում։ Հանրաքվեի հաջողությունը կնշանակի անհերքելի առաջընթաց պետական կառուցվածքի բարեփոխումների, դատական իշխանության կայացման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների  պաշտպանության զարգացման գործում։ Նման հնարավորության բացթողումն աններելի սխալ կլինի։  Բոլոր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից եւ մեր քաղաքացիներից ակնկալում եմ աջակցություն սահմանադրական բարեփոխումներին։

Հարգելի հայրենակիցներ, հարգարժան հյուրեր,

Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պարտավորությունները, ես գիտակցում եմ, որ  ստանձնել եմ պատմական պատասխանատվություն։  Ազգային շահերի հետապնդումը, մեր ժողովրդի  դարավոր իղձերի քայլ առ քայլ իրականացումը, անկախ, ժողովրդավարական ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չունեն։ Խոսքս ավարտում եմ այն հավատով, որ հինգ տարի հետո հաշվետու եմ լինելու ժողովրդին՝ նրա հույսերը եւ մեծ վստահությունը արդարացրած։

Շնորհակալություն։

ԵՐԿԱՐ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Մեծարգո պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք ջերմորեն, ի խորոց սրտի շնորհավորել մեր ժողովրդին, անձամբ Ձեզ՝ Մեծարգո պրն Նախագահ, պետության կյանքում այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարել փակված։

ՀՆՉՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԸ

ԵՐԿԱՐ ԾԱՓԱՀԱՐՈՒՅԹՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am