Խորհրդարանն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հեղինակը տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորումներն առավել ամբողջական ներկայացված են Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեջ: Քանի որ ԸՕ-ի փաթեթը որոշ զարգացումների պատճառով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր է ուժի մեջ մտած չլինի, մինչեւ գալիք ընտրությունների մեկնարկն անհրաժեշտ փոփոխություններն առանձին նախագծերի տեսքով առանձնացվել են: Ընտրական գործընթացների խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսվում է տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետեւանքը: Քարոզարշավը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն կնախատեսվի: Մյուս կարգավորումը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքին:
Հարակից զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է աշխատանքային կարգով: Կառավարության կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք ձեռք բերված պայմանավորվածությամբ պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն անդրադարձավ հնչած տեսակետներին: Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է պայքարել բոլոր հանցագործների դեմ. «Ազատ, արդար ընտրությունների կողմնակից քաղաքական ուժերի խնդիրն է թույլ չտալ, որ հանցագործները Հայաստանում երբեւէ հաջողություն ունենան»:
Հովակիմյանը հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Վահագն Հովակիմյանի հիմնական ելույթը տեսանյութում: