ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թ. կատարել է պետական բյուջեի 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Ծախսերը կազմել են 201.4 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 94.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել ճանապարհային ցանցի բարելավման, տարածքային զարգացման, ոռոգման համակարգի առողջացման, քաղաքային զարգացման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման բարելավման ծրագրերի կատարողականով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասն ներկայացրել է յուրաքանչյուր ծրագրի եւ միջոցառման կատարողականներն ու օգտագործված գումարները, ընդգծել դրանց նպատակային օգտագործման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ նախարարությունն առաջնորդվել է Կառավարության հնգամյա ծրագրով եւ որոշումներով: Հիմնական նպատակը եղել է տնտեսության ենթակառուցվածքների արդիականացումն ու տարածքային կառավարման համաչափ զարգացումը:
Նախարարը շեշտադրել է համայնքների խոշորացման կարեւորությունը: 2021 թ. 441 համայնք միավորվել է 38 համայնքային փնջի մեջ: Խոշորացման արդյունքում համայնքներին տրամադրվել է 67 միավոր տեխնիկա: 967 մլն դրամ է հատկացվել սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Լայնամասշտաբ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել. շուրջ 565 կմ ճանապարհ է կառուցվել: Նա կարեւորել է նաեւ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագիրը, որի միջոցառումների շրջանակում օգտագործվել է 10.1 միլիարդ դրամ կամ նախատեսված միջոցների 79.3 տոկոսը:
2021 թ. ոռոգման համակարգի առողջացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 92.4 տոկոսը, ավելի քան 19.8 մլրդ դրամ:
Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակում 2021 թ. հիմնանորոգվել են 187.4 կմ երկարությամբ ոռոգման ցանցեր՝ նախատեսված 215 կմ դիմաց: Օգտագործվել է 4.6 մլրդ դրամ:
Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 98 տոկոսը՝ 81.2 միլիարդ դրամ:
Անդրադառնալով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Վերին Լարսի անցակետում առաջացած մեծ հերթերին վերաբերող հարցին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է.
«Բոլոր կողմի գործընկերները բավական ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու համար: Օրինակ՝ եթե թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում, կարծում եմ՝ շատ բանի մասին է խոսում: Շաբաթ օրն Էկոնոմիկայի նախարարը, իմ տեղակալը, ՊԵԿ մեր գործընկերները եղել են Լարսում՝ ռուսական, վրացական մեր գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել վիճակը բարելավելու ուղղությամբ: Ունենք պամանավորվածություն, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաեւ կլինի որոշակի արտոնություն ԵԱՏՄ երկրների համար»: