ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող նախագծի վերաբերյալ ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ:
«Նյութական պահուստի մասին» օրենքում առաջարկվել է կատարել բովանդակային փոփոխություններ, ըստ որոնց` նախատեսվում է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի եւ բժշկական նշանակության գույքի անվանացանկը սահմանելու լիազորությունը տալ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, իսկ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի եւ բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը, ժամանակացույցը եւ սուբսիդավորման կարգը` Կառավարությանը: Ներկայացվել են մի շարք այլ առաջարկներ եւս:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն առաջարկել է օրենքի նախագիծը վերադարձնել առաջին ընթերցման ընթացակարգ, կատարել համապատասխան աշխատանք` լուծելու համար առկա խնդիրներն ու ունենալու որակապես լավ նախագիծ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ առաջարկել է խնդրահարույց հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել քննարկումներ:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է բացասական եզրակացություն: