«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական սեկտորի համար դասագրքեր ձեռք բերելու նպատակով: Պատգամավորը նկատել է նաեւ, որ վերջերս քննարկվել է Հայաստանում 4 ռուսական դպրոց բացելու հարցը: Դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին` պատգամավորը հետաքրքրվել է` արդյո՞ք այդ հարցը դեռ օրակարգում է:
«Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ արձանագրություն ունենք, որով նախանշված են մի շարք ծրագրեր: Ինչ վերաբերում է համատեղ հանրակրթական ծրագրերին, դրանք ունեն երկու ուղղություն. մեկը Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կրթության իրավունքի ապահովվումն է, հանրակրթական 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասեր, եւ մյուսը` համատեղ հանրակրթական ծրագիրը, որը հնարավոր է իրականացնել մեր օրենսդրության շրջանակում»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել` եթե խոսում ենք այնպիսի համատեղ ծրագրի մասին, որին պետք է մասնակից լինեն նաեւ մեր քաղաքացիները, ապա հրաշալի օրինակ ունենք հայ-չինական դպրոցի օրինակով: Այս տարբերակը եւս քննարկվում է:
Մանրամասները` տեսանյութում: