12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, եւ այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն. այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 26-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում` ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:
«Այս անձինք այլեւս չեն կարողանալու աշխատել դպրոցներում` սկսած այս տարվա օգոստոսի 20-ից»,-ասել է նախարարը եւ հավելել, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս եւ ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը: Նախարարի խոսքով շատ ուսուցիչներ չեն կարողացել բարձրագույն կրթություն ստանալ` ելնելով նաեւ օբյեկտիվ պատճառներից:
Նախագծով առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք միտված են ոլորտում իրականացվող բարեփոխումների ամրապնդմանը:
Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել ուսուցիչների գործուղման հնարավորությունը, ինչպես նաեւ սահմանել, որ մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներն իրենց կրթության վերջին տարում հնարավորություն կունենան դասավանդելու գյուղական դպրոցներում: Խոսքն այն գյուղական համայնքների մասին է, որտեղ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար կհամարի ուղարկել ուսանողին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հնարավորություն կունենան միայն շարունակելո՞ւ աշխատանքը, թե՞ նաեւ աշխատավարձի ավելացում է նախատեսվում: Նախարարը պարզաբանել է, որ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած այդ ուսուցիչների պարագայում նույնպես գործելու է խրախուսման նույն քաղաքականությունը: «Այսինքն` 70 տոկոս եւ ավելի հավաքելու պարագայում նրանց դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, եւ այնուհետեւ, կախված արդյունքից, 30-50 տոկոս հավելավճար կգործի: Կապ չունի, որեւէ կերպ, որ ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն»,-ասել է նա: Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կամավոր ատեստավորումը համարվում է հաղթահարված, եթե հավաքվել է 60 տոկոս, իսկ խրախուսման քաղաքականությունն սկսում է գործել առնվազն 70 տոկոս հավաքելու դեպքում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվել է, թե ի՞նչ է լինելու, եթե այդ ուսուցիչները չկարողանան հաղթահարել կամավոր ատեստավորումը, ինչպե՞ս են լրացվելու այդ թափուր հաստիքները:
Ի պատասխան նախարարը հայտնել է, որ եղել են մոտ 700 ուսուցիչներ, որոնք դիմել էին կամավոր ատեստավորում անցնելու, սակայն հաջողություն չեն գրանցել: Այդ ուսուցիչների համար նախատեսվել են վերապատրաստումներ, ինչից հետո նրանք աշնանը կրկին ատեստավորում կանցնեն: Նշվել է, որ այս փուլում 650 ուսուցիչ արդեն վերապատրաստվել է: Նախարարի խոսքով նախարարության նպատակը որակյալ ուսուցիչներ ունենալն է:
Ազգային ժողովն օրենքի նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: