Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2024 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված գումարները:
Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 20 ծրագիր եւ 125 միջոցառում, որի համար նախատեսված է հատկացնել 353,8 մլրդ դրամ: Ծախսային մասով նախատեսված է 296,6 մլրդ դրամ: Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 120 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին՝ 58 մլրդ, ջրային ոլորտին՝ 49,4 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին՝ 137,4 մլրդ դրամ: Փոփոխություններ են կատարվել դոտացիաների բախշման կարգում, որի նպատակը տարածքների համաչափ զարգացումն է:
Մասնավորապես, նախատեսվել է Երեւանին դոտացիա եւ սուբվենցիա հատկացնել ավելի քիչ, քան այս տարի, ինչը խնդրահարույց են համարել որոշ պատգամավորներ:
Պատգամավորներ Միքայել Թումասյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը նախարարին հորդորել են վերանայել Երեւանին հատկացվելիք դոտացիայի չափը, որը նախորդ տարվա համեմատ նախատեսված է նվազեցնել մոտ 5 մլրդ դրամի չափով:
Ձորաղբյուր բնակավայրի ջրի խնդրի վերաբերյալ հարց է բարձրացրել պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Նա նշել է, որ բնակիչները լուրջ խնդրի առաջ են կանգնած այդ համայնքում: Խմելու ջուր գրեթե չկա, իսկ ոռոգման ջուրը լինում է շաբաթը 1 անգամ: Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ խնդրի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարություններ: Կա խնդրի լուծման 2 տարբերակ: Համապատասխան աշխատանքի իրականացումից հետո կորոշվի, թե դրանցից որն ընտրել: Այժմ մասնագիտացված ընկերությունն աշխատում է, որը կտա կարծիք, թե տարբերակներից որն ընտրել: «Եթե Դուք կարծում եք, որ 2024 թվականին ամբողջությամբ կառուցած, ավարտած կլինենք՝ ոչ, բայց կգնանք նախագծման»,- ասել է նախարարը:
Կառույցի ղեկավարի խոսքով տարբերակներից որն էլ ընտրվի, գրեթե նույն գումարն է ծախսվելու:
Պատգամավորները բարձրացրել են նաեւ այլ համայնքների ճանապարհաշինության, խմելու ջրի հետ կապված հարցեր:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է ասֆալտի որակին՝ փորձելով պարզել, թե ինչու է, օրինակ, 1 տարի առաջ վերանորոգված Երեւան-Վայոց ձոր ճանապարհը դեֆորմացվում: Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ որոշ դեպքերում խնդիրը ծանր մեքենաներն են, որոշ դեպքերում՝ շինարարների մեղքը: «Ձեր բարձրացրած բոլոր հարցերը մենք վաղուց գիտենք: Որ ճանապարհի մասին մինչեւ հիմա ինձ հարց են տվել, եթե չեմ էլ իմացել, ետ եմ գնացել, տեսել եմ այդ ճանապարհները, մենք դրանք չենք ընդունել եւ չենք վճարել»,- պարզաբանել է նախարարը: