Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանն (ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: Միությունը միջկառավարական միջազգային կազմակերպություն է եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ: Կոնվենցիան ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին, ուժի մեջ մտել` 2022 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է անորոշ ժամկետով: Այն հիմնական փաստաթուղթն է, որով կանոնակարգվում է ՀՀ փաստաթուղթը, որը կարգավորում է ՀՀ-ի փոստային ազգային օպերատորի` «Հայփոստ» ՓԲԸ-ի իրավահարաբերությունները, փոխհարաբերությունները եւ պարտավորությունները ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` քննարկման ներկայացնելով «Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ այն կիրառվում է ինչպես օտարերկրյա փոստային ազգային օպերատորի հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային օդային ընկերությունների, մաքսային ծառայությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունները կարգավորելու մեջ:
«Կոնվենցիան սահմանում է ընդհանուր դրույթներ, որոնք վերաբերում են փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցմանը, տարանցիկ փոստափոխանակմանը, ՀՓՄ դրամական միավորին եւ այլն: Այն սահմանում է նաեւ նամակագրական թղթակցության եւ փոստային ծանրոցների նկատմամբ կիրառվող կանոններն ու դրույթները»,- ասել է փոխնախարարը:
Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի 9-27-ը կայացել է ՀՓՄ 27-րդ արտահերթ հանրագումարը, որի ընթացքում ստորագրվել է կոնվենցիայի փոփոխված տարբերակը: Այդ հանրագումարին ՀՀ-ն մասնակցել է հեռահար ձեւաչափով, ուստի ֆիզիկապես հնարավորություն չի եղել այն ստորագրել տեղում:
«Կոնվենցիան իրավական ուժ կարող է ստանալ միայն միջազգային պայմանագրերի մասին օրենքով նախատեսված ընթացակարգով այն ուժի մեջ մտնելուց հետո»,- հայտնել է փոխնախարարն ու խնդրել խորհրդարանականներին հաստատել այն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է փոխնախարարից` ի՞նչ փոփոխություններ են արվել կոնվենցիայում:
Պատասխանելով պատգամավորի հարցին` զեկուցողը նշել է, որ փոփոխություններ են տեղի ունեցել մի քանի դրույթներում:
«Եթե որեւէ երկիր կամ դրա ազգային օպերատորը ցանկանում են ընդլայնել կամ փոփոխել այն ապրանքների ցանկը, որոնց փոխանցման համար սահմանափակում կա կամ փոխանցումն արգելված է, պետք է դիմի միջազգային բյուրո, որի միջոցով գործընկեր փոստային օպերատորները կտեղեկանան, թե որ երկիր եւ ինչ սահմանափակումներով կարող են ապրանքներ: Փոփոխություններ են կատարվել նաեւ փոստային առաքանիների ու ծառայությունների սակագների մեջ»,- ասել է ԲՏԱ նախարարի տեղակալը:
Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրել է զեկուցողին` փոփոխված տարբերակով կոնվենցիան չվավերացնելուց հետո մեր երկրում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալո՞ւ է: Խորհրդարանականը հետաքրքրվել է նաեւ` ինչպե՞ս է գնահատվում «Հայփոստ» ՓԲԸ-ի ծառայությունների որակը:
«Կոնվենցիան սահմանում է մյուս փոստային օպերատորների հետ հարաբերությունները: Նախորդ տարի ՀՀ-ն ընդունել է «Փոստային կապի մասին» օրենքի նախագիծը, ինչի արդյունքում բարելավվել է ոչ միայն Հայփոստի, այլեւ լիցենզիա ստացած եւս 42 օպերատորի ծառայությունների որակը»,- պատգամավորի հարցին ի պատասխան` ասել է զեկուցողն ու տեղեկացրել, որ Հայփոստում կատարվում են ե'ւ կառուցվածքային, ե'ւ օպտիմալացման աշխատանքներ:
Նախագծի հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը հայտնել է, որ հարցը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը քննարկման է ներկայացրել նաեւ ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում` թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները: Սահմանվում են նաեւ նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Նարեկ Ղահրամանյանը:
Ազգային ժողովն ընդունել է քննարկված համաձայնագիրն ու կոնվենցիան: