National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
19.11.2023
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարեւորությանը վերաբերող հարցեր
1 / 20

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական  ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաեւ՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին՝ ելույթ ունենալով «Կոռուպցիան որպես հիմնարար վտանգ աշխարհին եւ անվտանգությանը» թեմայով նիստի ընթացքում:

Նոյեմբերի 19-ին Երեւանում իր աշխատանքն է շարունակել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նիստը վարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ Իռեն Խարալամբիդեսը:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի խոսքով հասարակություններն արագորեն փոխվում են, եւ այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է եւ պետք է դառնա երկկողմանի կարեւոր նպատակ: Զեկուցողը նշել է՝ հաստատություններում կոռուպցիայի դեպքերը միշտ բնութագրվում են հանրային ազնվության, վերահսկողության եւ անկախ դատական համակարգի բացակայությամբ: Կոնստանտին Վարձելաշվիլին նաեւ նկատել է՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով կոռուպցիան քննարկվում է, սակայն հազվադեպ է հայտնվում բարձր մակարդակի երկկողմ փոխանակումների օրակարգում:

ՀՀ  կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին, այդ գործում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով Հայաստանում մեծ հաջողություններ են գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ  պայքարն ինստիտուցիոնալացվել է. ստեղծվել եւ գործում են մի շարք մարմիններ, որոնք պայքար են մղում լրջագույն չարիք կոռուպցիայի  դեմ:

Համաշխարհային բանկի ծրագրի համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի գլխավոր ղեկավար Ալեքսանդրա Հաբերշոնն էլ նշել է, որ կոռուպցիան խաթարում է հիմնարկների կարողությունները հիմնական ծառայություններ մատուցելու, ցնցումներին արձագանքելու եւ անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Կոռուպցիան վնասում է նաեւ հաստատությունների նկատմամբ հանրության վստահությանը: Նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության եւ վերակառուցման ջանքերի հիմքում:

Հիմնական ելույթներից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին: կոռուպցիան գնահատելով որպես չարիք ժողովրդավարությանը, պետական ինստիտուտներին, մարդկության զարգացմանը: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշում էին՝ կոռուպցիան վտանգավոր է, որը ոչ միայն տնտեսական տեսանկյունից է խոչընդոտում մարդկությանը, աղքատացնում նրանց, այլեւ այսօր սպառնալիք է աշխարհին: Ըստ որոշ բանախոսների՝ կոռուպցիան  լրջագույն չարիք է, քանի որ մարդկության անվտանգության հետ կապված խնդիրները, հակամարտությունները հիմնականում ծագում են  կոռուպցիայի հետեւանքով:

Ելույթ ունեցող պատգամավորներից շատերի դիտարկմամբ էլ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է՝ եթե ցանկանում ենք, որ կոռուպցիոն դեպքերը պակասեն, ապա անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու եւ մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան անհանդուրժելի լինի: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ անդամ երկրներում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրականացնել բարեփոխումներ, ինչպես նաեւ միավորել միջազգային հանրության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: