ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ նիստում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում:
«Հարգելի՛ գործընկերներ,
Մեր նստաշրջանը տեղի է ունենում աշխարհաքաղաքական անկայուն միջավայրում, ուր հարցականի տակ են հազարավոր անմեղ մարդկանց հիմնարար իրավունքները, հազարավոր մարդիկ տառապում են պատերազմի եւ ագրեսիայի պատճառով:
Ցավոք, մեր տարածաշրջանը նույնպես վերածվել է հակամարտության փոթորկուն խաչմերուկների:
Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է՝ նպատակադրված վերացնելու կոնկրետ էթնիկ խմբի: Եվ, այնուամենայնիվ, այս ողբերգությունից կարելի էր խուսափել, եթե միջազգային հանրությունը հետաքրքրված լիներ: Կանխորոշվող աղետի մասին մեր զգուշացումներն ու տագնապներն անպատասխան մնացին, իսկ միջազգային հանրության շարունակվող անհամարժեք արձագանքը կանաչ լույս վառեց, եւ պատասխանատվության չենթարկված Ադրբեջանը ռազմական նոր հանցագործություններ իրականացնի:
Ադրբեջանի իրականացրած սովի ցեղասպանական շրջափակումը մեկ նպատակ ուներ՝ իր երեքհազարամյա հողից ու հայրենիքից դուրս մղելու Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը:
Մոտ 150.000 հայ, այդ թվում՝ պատերազմի ժամանակ տեղահանվածները, բռնի տեղահանության հետեւանքով հայտնվեցին Հայաստանում:
Հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Ադրբեջանում ապօրինաբար առեւանգվել եւ կալանավորվել ու պահվում են շուրջ 55 հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված քաղաքական ղեկավարությունը: Իրականում նրանք ալիեւյան ռեժիմի քաղբանտարկյալներ են:
Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է հայկական հարուստ մշակութային եւ կրոնական ժառանգության վերացման փաստագրված քաղաքականություն:
Ավելին, Ադրբեջանի կողմից շարունակվում են օկուպացված մնալ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքներ, եւ շարունակվում է Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» է հռետորաբանությունը:
Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բարձր է գնահատում միջազգային մարդասիրական օգնությունը: Բայց այն, ինչի նրանք ձգտում են, ապահով վերադարձն է իրենց հայրենիք: Ոչ ոք չի կարող նրանց զրկել սեփական հայրենիքում ապրելու եւ ինքնորոշվելու իրավունքից:
Մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը չի կարող հայերի իրավունքն ու անվտանգությունը երաշխավորել, եւ խաղաղության համաձայնագիրը, ըստ էության, կհանգեցնի էթնիկ զտումների:
Մեր կազմակերպության նկատմամբ վստահությունը կախված է նաեւ մեր անհատական պատասխանատվությունից: Ահա, թե ինչու եմ կոչ ուղղում իմ գործընկերներին՝ սատարել իրական արդարությունը, իրական ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Արդյո՞ք մենք բավարար ջանքեր ենք գործադրում ներկայիս կամ ապագա պատերազմներն ու ցեղասպանությունները կանխարգելելու համար:
Առաջարկությունս մեկն է՝ մեր կազմակերպության հանձնառությունների շրջանակում իրական ջանքեր գործադրենք, իրական անվտանգային մեխանիզմներ եւ երաշխիքներ գործադրենք, որպեսզի կարողանաք ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձը սեփական հայրենիք:
Հակառակ դեպքում, մենք բոլորս հերթական ողբերգության եւ պատերազմի վկան ենք դառնալու՝ կիսելով ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է պատգամավորը: