Կամավոր աշխատանքին վերաբերող օրենքի նախագծի հետ կապված հանրային հետաքրքրությունն ու երիտասարդ կամավորների շրջանում առաջարկների ու տեսակետների հավաքագրումը կարեւորել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիամ Պողոսյանը երիտասարդ կամավորների հետ նոյեմբերի 22-ին կայացած հանդիպմանը:
Առանցքում «Կամավոր աշխատանքի մասին» օրինագծին վերաբերող հարցերն էին:
«Կամավոր աշխատանքը երիտասարդների համար ինքնադրսեւորման ու փորձի ձեռքբերման հնարավորություն է»,- նշել է պատգամավորը: Նա առաջարկել է երիտասարդներին կամավոր աշխատանքի վերաբերյալ ներկայացնել իրենց դիտարկումները, որոնք նախագծի մշակման ընթացքում ուղղորդող դերակատարում կարող են ունենալ:
Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները կարեւորել են մեր երկրում կամավոր աշխատանքի ինստիտուտի կայացումը, անդրադարձել կամավորների իրավունքների պաշտպանության հարցին, որը, ըստ իրենց, խնդրահարույց է: Մտքեր են փոխանակվել կամավորի աշխատանքի փոխհատուցմանը վերաբերող հարցերի շուրջ:
Մարիամ Պողոսյանը բարձր է գնահատել կամավորների աշխատանքը եւ կարեւորել նման հանդիպումները: