National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.11.2023
2023 թ. պետբյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
1 / 12

Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսությունները շարունակում են դրական աճ ունենալ: 2023 թվականի ինն ամիսների տնտեսական աճը դրական տիրույթում է, սակայն որոշ երկրներում նկատվում է աճի տեմպերի դանդաղում, որոշ երկրներում ունենք նաեւ արագացում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը` ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ աճը զսպող գործոններ են շարունակում մնալ ռուս-ուկրաինական հակամարտության բացասական հետեւանքներն ու ԿԲ-ների կողմից կիրառվող դրամավարկային քաղաքականության խստացումները: Անդրադառնալով արագացող գնաճը զսպելու նպատակով գործընկեր երկրների վարած քաղաքականությանը` Վահան Սիրունյանը հայտնել է, որ այդ երկրների ԿԲ-ների կողմից շարունակում է իրականացվել զսպող քաղաքականություն: «2023 թվականի ինն ամիսներին հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկայում գնաճը դանդաղում է: Պղնձի գները 2023 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նվազել են 5,4 տոկոսով, մոլիբդենի գներն աճել են 43,2 տոկոսով, նավթի գները նվազել են 20,7, պարենի գները` 14,6 տոկոսով»,- ասել է Վահան Սիրունյանը:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքներից` գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի ներհոսքը ՀՀ շարունակվում է:

«2023 թվականի ինն ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը` նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասել է ֆինանսների փոխնախարարը:

Խոսելով զբոսաշրջության մասին` զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում զբոսաշրջիկների թվի աճը շարունակվել է` կազմելով 48,4 տոկոս, որին եւս ամենամեծ նպաստումն ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները` 29,1 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ այցելել է 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ:

Հայաստանի Հանրապետության զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 23,1 տոկոսային կետով, վերջինիս այլ երկրներից փոխանցումներն ունեցել են բացասական նպաստում` 50,5 տոկոսային կետով, իսկ ՌԴ-ից փոխանցումները եղել են շատ, ունեցել են դրական ազդեցություն 24,7 տոկոսային կետով: Ապրանքների արտահանումը նախորդ տարվա ինն ամիսների նկատմամբ աճել է 44,8 տոկոսով, ներմուծումը` 46,4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա նկատմամբ խորացել է 48,9 տոկոսով եւ կազմել է մինուս 3 մլրդ 367 մլն ԱՄՆ դոլար: Տնտեսական աճի տեսանկյունից տնտեսական ակտիվության բարձր մակարդակը շարունակվել է:

Փոխնախարարի հավաստմամբ աճել են նաեւ վարձու աշխատողների թիվն ու աշխատավարձերը:

«Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 1,3 տոկոսային կետով` կազմելով 11,7 տոկոս, իսկ գործազուրկների թիվը նվազել է 5,5 տոկոսով: Աճել է զբաղվածների թիվը` 6 տոկոսով, աշխատուժի առաջարկը` 4,5 տոկոսով: Գործազրկության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել զբաղվածության աճով: Հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվն աճել է 5,7 տոկոսով` կազմելով 716 հազար մարդ` հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության, արդյունաբերության, կացության ոլորտի, ՏՏ ոլորտի, շինարարության, ինչպես նաեւ մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ենթաճյուղերում աշխատողների թվի աճով: Ինն ամիսների միջին անվանական աշխատավարձն աճել է 16,6 տոկոսով` կազմելով շուրջ 262 հազար դրամ, պետական հատվածում այն կազմել է 198 հազար դրամ, ոչ պետականում` 289 հազար դրամ: Իրական աշխատավարձը աճել է 13,5 տոկոսով` 2,8 տոկոս գնաճի պայմաններում»,- հայտնել է ֆինանսների փոխնախարարը: Անդրադառնալով գնաճի տեմպերին` նա նշել է, որ դրանց տեմպերը դանդաղել են: Այսպիսով, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում միջին գնաճը կազմել է 2,8 տոկոս` զգալիորեն դանդաղելով տարեսկզբի համեմատ. 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս:

Խոսելով դրամավարկային քաղաքականության մասին` Վահան Սիրունյանը նկատել է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԿԲ-ն նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1 տոկոսային կետով` սեպտեմբերին իջեցնելով տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով` այն սահմանելով 9,7 տոկոս:

«Քաղաքականության տոկոսադրույքի նվազեցումը, գնաճի արագ տեմպով նվազումն ու քաղաքականության հետագա մեղմացման սպասումները հանգեցրել են պետական պարտատոմսերի տոկոսադրույքների որոշակի նվազման, մինչդեռ ավելի կոշտ տոկոսադրույքները` վարկերն ու ավանդները շարունակում են պահպանվել իրենց միջին մակարդակներում` որոշ դեպքերում դրսեւորելով նաեւ աճի միտումներ»,- ասել է Վահան Սիրունյանն ու հավելել, որ արտարժույթի շուկայում առաջին ինն ամիսներին շարունակվել է գրանցվել արտարժույթի պահանջարկի համեմատ առաջարկի ծավալների ավելացում, ինչին հետեւել է դրամի արժեւորումը` նպաստելով գնաճի նվազեցման նպատակի իրագործմանը:

2023 թվականի ինն ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները շարունակել են աճել բարձր տեմպով` պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաեւ հարկային վարչարարության ջանքերով: Պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 617 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 15 տոկոսով, պետական բյուջեի ծախսերը հաշվետու տարում աճել են 12,7 տոկոսով, ընդ որում` ընթացիկ ծախսերի աճը կազմել է 9,9 տոկոս, ոչ ֆինանսական ակտիվների գծով աճը կազմել է 33,1 տոկոս:

Շարունակելով թվային ցուցանիշների զեկուցումը` ֆինանսների փոխնախարարը հայտնել է, որ ծախսային մասով ծրագրվածի համեմատ արձանագրվել է զգալի թերակատարում:

«Պետական բյուջեն ձեւավորվել է հավելուրդով, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանաջարկի վրա եղել է թույլ զսպող: Պետական բյուջեի ճշգրտված տարեկան ծրագիրը կազմել է 2 տրիլիոն 325 մլրդ դրամ. ինն ամիսների սկզբնական ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 660 մլրդ դրամ, իսկ փաստացի ճշգրտված ծրագիրն ավելացել է` կազմելով 1 տրիլիոն 683 մլրդ դրամ: Ծախսերի մասով տարեկան սկզբնական ծրագիրը եղել է 2 տրիլիոն 591 մլրդ դրամ, այնուհետեւ ճշգրտվել է` կազմելով 2 տրիլիոն 592 մլրդ դրամ, ինն ամիսների ճշգրտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 931 մլրդ դրամ` աճելով 74 մլրդ դրամով: Նախնական ծրագրավորված 188 մլրդ դրամ դեֆիցիտի դիմաց ծրագրավորված դեֆիցիտը տարեկան կազմել է 267 մլրդ դրամ, իսկ ինն ամիսների համար ծրագրավորված ճշտված դեֆիցիտը կազմել է 148 մլրդ դրամ»,- ասել է Վահան Սիրունյանն ու հավելել, որ պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են:

Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 633 մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը` 1 տրիլիոն 41 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի կատարողականը կազմել է 91,2 տոկոս: Շեղման հիմնական մասը բաժին է ընկել այս ծախսերին, դրամաշնորհներին, ծառայություններին եւ ապրանքների ձեռքբերման ծախսերին, կապիտալ ծախսերի մակարդակը կազմել է 232 մլրդ դրամ, պլանավորվածից շեղումը եղել է 162 մլրդ դրամով, կատարողականը` 58,9 տոկոս: Պետական բյուջեի ծախսերի շուրջ 37 տոկոսն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, աշխատավարձերի մասով ծախսերը կազմել են 147,5 մլրդ դրամ, կատարողականը` 96,4 տոկոս: Ապրանքների եւ ծառայությունների գծով փաստացի ծախսերը կազմել են 123 մլրդ դրամ` 84.2 տոկոս կատարողականով, սուբսիդիաների գծով ծախսերը կազմել են 105,3 մլրդ դրամ` կատարողականը` 88,8 տոկոս, նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ե'ւ ընթացիկ, ե'ւ կապիտալ ծախսերը: Ծախսերի կատարողականն ընդհանուր առմամբ կազմում է 84,6 տոկոս:

Անդրադառնալով պետական պարտքին` Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ դրամային եւ ԱՄՆ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 6,4 տոկոսով եւ, համամասնորեն, ԿԲ պարտքը նվազել է, Կառավարությանը` աճել մոտ 7 տոկոսով:

«Պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 454 մլրդ դրամ` նախորդ տարվա տարեվերջի` 4 տրիլիոն 186,7 մլրդ դրամի դիմաց: Կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը` 2 տրիլիոն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը` 1 տրիլիոն 890 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, Կառավարության պարտքը` 10 մլրդ 790 մլն դոլար, ԿԲ-ինը` 531 մլն դոլար»,- հայտնել է Ֆինանսների փոխնախարարն ու հավելել, որ Կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշները փաստացի պահպանվել են, պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարվա տարեվերջի նկատմամբ աճել է 0,7 տոկոսային կետով: «Պարտքի կառավարման տեսանկյունից ՀՀ-ն գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում»,- վստահեցրել է փոխնախարարը:

Վահան Սիրունյանը տեղեկացրել է նաեւ, որ Կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է: Աստիճանաբար ավելացել է դրամային վարկի մասնաբաժինը, ներքին պարտքի եւ դրամային պարտատոմսերի մասնաբաժինը վերջին շրջանում եւս աստիճանաբար աճում են:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը որոշ ուղղություններով կատարողականը խայտառակ ցածր է որակել, եւ, ի թիվս շատ հարցերի, զեկուցողից հետաքրքրվել է, թե որքանով է նվազել պետական պարտատոմսերի տոկոսադրույքը: Հանձնաժողովի նախագահը նկատել է նաեւ, որ նախատեսվածի համաձայն պահուստային ֆոնդում պետք է 8 մլրդից ավելի գումար լիներ: «Որտե՞ղ են ծախսվել գումարները»,- հետաքրքրվել է Գեւորգ Պապոյանը:

«Այդ գումարները մասամբ ծախսվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ՀՀ-ում մնացած անձանց կարիքները հոգալու համար: ՏԿԵՆ-ին, ԿԳՄՍՆ-ին, ԲՏԱՆ-ին եւ ԱՍՀՆ-ին եւս պահուստային ֆոնդից միջոցներ են տրամադրվել»,- ասել է Ֆինանսների փոխնախարարը:

Անդրադառնալով պետական պարտատոմսերի տոկոսադրույքի տեմպերին` Վահան Սիրունյանը նշել է, որ առաջին եռամսյակում դրանք միջինում աճել են, երրորդ եռամսյակում` նվազել:

Գեւորգ Պապոյանը յուրաքանչյուր գերատեսչության ներկայացուցչից հետաքրքրվել է ցածր կատարողականի խնդիրների մասին:

Հանձնաժողովի նախագահի դիտարկումներին ի պատասխան` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վարկային տոկոսները չեն իջել, այլ հակառակը` բարձրացել են: Նա անդրադարձել է նաեւ պետական պարտատոմսերի դրույքաչափերի ու անկանխիկի օրենքի իրագործմանը եւ միջազգային աուդիտին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ կոշտ թափոնների ծրագրի մասին: Պատգամավորը նկատել է, որ ծրագրի կատարողականը մի քանի տարի շարունակ 12 տոկոսի վրա է:

ՏԿԵՆ կատարողականին է անդրադարձել փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը ու հայտնել, որ այս տարի այն 71,7 տոկոս է. նախորդ տարի այն կազմել է 67,1 տոկոս:

«Կոշտ թափոնների կառավարման մասով առաջընթաց ունենք: Փորձում ենք հասնել այն ցուցանիշներին, որոնք տարվա համար նախանշել ենք»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գեւորգ Բաբայանը հայտնել է, որ կոմիտեի համար ի սկզբանե նախատեսված էր եռամսյակային 6 մլրդ դրամ: Ընթացքում բյուջեի վերաճշտում է տեղի ունեցել ու այն կազմել է 20 մլրդ դրամ: Ցուցանիշներն արդեն կատարված են:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցեր է ուղղել բանախոսներին, որոնք վերաբերել են թոշակների ու նպաստների վճարումներին, ծախսերի թերակատարումներին, շահութահարկի բարձրացմանը, վարկերի արդյունավետությանը եւ այլ թեմաների:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հետաքրքրվել է, թե ինչու են 2024 թվականի պետական բյուջեի ծրագրի մեջ ներառվել 2023 թվականին թերակատարված ծրագրերը: Պատգամավորը նկատել է, որ նշված ծրագրերի համար տրամադրվող բյուջեն ավելացել է 2024 թվականի համար:

Ի պատասխան Արուսյակ Մանավազյանի հարցի` Վահան Սիրունյանը նշել է, որ վերը նշված ծրագրերը երկրի համար մեծ կարեւորություն ունեն, ուստի պետք է հարցը լուծել ոչ թե դրանց չեղարկմամբ, այլ խնդրի լուծմամբ, որ դրանք այլեւս չթերակատարվեն:


27.11.2023
Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. Ռուստամ Բաքոյան
Պետք է պաշտպանել երեխաների իրավունքները՝ վերականգնելով նրանց՝ դպրոց հաճախելու իրավունքը. ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 27-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Առանցքում երեք անչափահաս, ազգո...

27.11.2023
Ձեզանից շատերն այժմ ԱԺ աշխատակիցներ են, որոնք բարձր արդյունավետությամբ են կատարում իրենց առջեւ դրված պարտականությունները. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ: Պատգամավորը ծրագրի մասնակիցներին է ներկայացրել հանձնաժողովի ա...

27.11.2023
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հիշեցրել է, որ կարգավորման նպատակը «Եվրասիական տնտեսակ...

27.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ...

27.11.2023
Ազգային ժողովում կկազմակերպվի ցուցահանդես
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես: ...

27.11.2023
Քննարկվել են «Ներքին աուդիտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական մարմիններում ...

27.11.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.11.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am