Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում ընթացող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին, «Ֆրանսիայի միավորված քաղաքների միության» նախագահ Շարլ Ժոսլենի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնել նաեւ խորհրդարանականների, ովքեր մեծ աշխատանք են տանում Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ թե տեղական մարմիններում եւ թե խորհրդարանական բարեկամության խմբերում: Նա կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տեղական իշխանությունների մակարդակով իրականացող արդյունավետ համագործակցությունը. 1990-ականների սկզբներից մեծ թափով ընդլայնվող երկու երկրների քույր քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ցանցը ներկայումս ընդգրկում է թվով 30 գործընկերային կապեր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբեք չի մոռացվի Ֆրանսիայի քաղաքների համերաշխության դրսեւորումը 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող օրերին: Հայաստանին մարդասիրական աջակցություն ցուցաբերած Ֆրանսիայի քաղաքներն առաջինների շարքում էին` նման կերպ արտահայտելով Հայաստանի հանդեպ ֆրանսիացի ժողովրդի համակրանքն ու բարեկամական վերաբերմունքը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից Հայաստանի գործընկեր քաղաքներում իրագործված եւ դեռեւս իրականացման փուլում գտնվող համագործակցային ծրագրերը, որոնք լրացնում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պետական բարձր մակարդակով փոխգործակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամությունը եւ դրա հիման վրա ծավալվող ապակենտրոնացված համագործակցությունը օրեցօր նպաստում է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդմանը, որտեղ իր նշանակալի դերակատարությունն ունի նաեւ Ֆրանսիայի այդ նույն քաղաքների հայ համայնքը: Անդրադառնալով Երեւանում անցկացվող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն երկու կողմերի երակարատեւ աշխատանքի արդյունք է եւ կարեւորեց համաժողովի օրակարգային թեմաները, որոնք, հետագա համագործակցության համար գերակա ոլորտներ կհանդիսանան: Նա նաեւ կարեւորեց համաժողովում խարտիայի ընդունումը, որն արժեքավոր ձեռքբերում կլինի այս բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման համար: Նա համոզմունք հայտնեց, որ նման համաժողովների հաճախականության հաստատումը անհրաժեշտ քայլ է, որոնց շրջանակներում կարող են նախանշվել ապակենտրոնացված համագործակցության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները եւ դրանց իրականացման մեխանիզմները:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Նիցցայի փոխքաղաքապետ Ռուդի Սալը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար եւ նշեց, որ համաժողովը շատ արդյունավետ ընթացավ: Նա ընդգծեց, որ Հայաստանում զգալի առաջընթաց է նկատվում եւ տեղական ինքնակառավարման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նա բարձր գնահատեց երկու երկների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` փաստելով, որ Հայաստանի անկախության տոնը միակ օտարերկրյա տոնն է, որ նշվում է Ֆրանսիայի համայնքներում: Ֆրանսիացի պատգամավորի խոսքով 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն է եղել:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ խորհրդարանի գործունեությանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի:
Հանդիպումից հետո ֆրանսիացի հյուրերը եղան Ազգային ժողովի վերակառուցված դահլիճում: