Դեկտեմբերի 1-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Գնումների մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դրանով կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնել ԱՀԿ գնումների համաձայնագրի նոր տեքստին, ինչպես նաեւ ԵԱՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի պահանջներին:
Նախագծով նվազեցվում են գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանվում է չորս ձեւ, ինչը նպատակաուղղված է գնման ձեւերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձեւերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից: Էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչեւ 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: Գնանշման հարցման միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է առնվազն 4 աշխատանքային օր: Մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը գերազանցում է 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է քառասուն օրացուցային օր ժամանակ: Եթե առկա են չնախատեսված հանգամանքներ, ապա մասնակիցներին հայտերի ներկայացման համար տրվում է առնվազն 15 օրացուցային օր ժամանակ:
Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:
Կարեն Թամազյանը ներկայացրել է նաեւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Առաջարկվում է օրենքի 2-րդ հոդվածում «մեքենայացված խաղ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական կամ էլեկտրոնային ապարատների (տերմինալների) միջոցով վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ»: Առաջարկվում է նաեւ «խաղային ավտոմատ» հասկացության մեջ «ավտոմատ» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային ապարատներ (տերմինալներ)» բառերը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգի նախագծում:
Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի եւ Արմեն Ավետիսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը:
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ Նախագահի կողմից ներկայացված երկու համաձայնագրեր, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված «Զինվորական եւ այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, որը սահմանում է զինվորական եւ այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի՝ երկու կամ ավելի կողմերի տարածքներով եւ/կամ այն պետության տարածքով, որը չի հանդիսանում այս համաձայնագրի մասնակից, փոխադրման պլանավորման եւ հսկողության իրականացման ժամանակ կողմերի համագործակցության կարգը: Սահմանվում է նաեւ նշված փոխադրումների անվտանգության ապահովումը եւ այլն:
Հաջորդ՝ 2016 թվականի հուլիսի 22-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Համաձայնագրով սահմանվում են Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Այն բարենպաստ միջավայր կստեղծի երկու երկրների ներդրողների համար՝ երկուստեք նպաստելով գործարար նախաձեռնությունների խթանմանը:
Օրակարգի երրորդ՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի՝ Թեւան Պողոսյանի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարով: