ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակության անդամներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների գծով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի, ընտրությունների գծով բաժնի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Լապպինի եւ ծրագրերի տնօրեն Լուիս Պուլենի հետ: Քննարկվել են գալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:
Հովհաննես Սահակյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ նշելով, որ նախագիծն ընդունվել է ընդդիմության եւ իշխանության միջեւ քաղաքական համաձայնության արդյունքում: Նա հավաստիացրել է, որ ստեղծված են բոլոր պայմանները առաջիկա համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Պարոն Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների համար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ունեն առանցքային նշանակություն՝ հավելելով, որ այն կարող է դառնալ մեր երկրի զարգացման բանալին:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ընտրությունների տեսանկարահանման եւ հեռարձակման գործընթացին, տեսախցիկների տեղադրման համար սահմանված չափորոշիչներին, փոփոխությունների վերաբերյալ հանրության իրազեկման պայմաններին, ընտրական գործընթացներին ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությանը, ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող դրույթին, ընտրությունների արդյունքների բողոքարկման կարգին եւ այլ հարցերի:
Հանդիպման ավարտին հյուրերն այսուհետ եւս համագործակցելու պատրաստակամություն են հայտնել: