ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կողմերը կարեւորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Էդուարդ Շարմազանովը, դիմելով հայրենակիցներին, մասնավորապես նշել է. «1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» կոնվենցիան: Ցեղասպանությունից մեծապես տուժել է նաեւ մեր ժողովուրդը: Հարկ է նշել, որ տասնամյակներ անց Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը: Ավելին, թուրքերն այս տարվա ապրիլին քաջալերում էին Ադրբեջանի ահաբեկչական եւ տմարդի գործողություններն Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունն արդարացում չունի եւ պետք է դատապարտվի: Բայց ամենամեծ կանխարգելիչ միջոցը մեր ազգային գաղափարի՝ ուժեղ հայրենիքի կառուցումն է: Ուժեղ Արցախ եւ ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձեւը: Այսօր, առավել քան երբեւէ, մեր միասնությունը հրամայական է»: