ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Կորյուն Նահապետյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր:
Կորյուն Նահապետյանը ընդգծել է քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների խորհրդարանական վերահսկողության փորձի փոխանակման եւ օրակարգային այլ հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու համատեքստում խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների ձեւաչափով համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանց ռազմական ճանապարհով լուծման փորձերն ու կոչերը վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Դեսպան Սագանելիձեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը: