Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց նստաշրջանի ընթացքում ԱԺ պատվիրակությունը եղել է ամենաակտիվներից մեկը: Պատվիրակության անդամներն ունեցել են 8 ելույթ, որոնք վերաբերել են արցախյան վերջին պատերազմի հետեւանքներին եւ ռազմագերիների հարցին:
«Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք գերիների վերադարձի արհեստական ձգձգումը, նրանց նկատմամբ անմարդային վերաբերմունքի փաստերը, պատերազմում ահաբեկիչների ներգրավման հարցերը»,- ընդգծեց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 2-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Կոնջորյանը թեժ բանավեճ է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում: Պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները:
Հայաստանին աջակցող ելույթներ են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը, ինչպես նաեւ շվեդ ու բելգիացի պատգամավորներ:
ԵԱՀԿ նախագահը նշել է, որ թեեւ հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, սակայն երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ: