ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Առողջության պահպանումը եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը հաջորդ տարի եւս լինելու է բյուջեի կարեւորագույն հատվածներից մեկը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ գալիք տարի առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարներն ավելանալու են 5 տոկոսով:
Նախարարը նկատել է՝ թեեւ վերջին 3 տարիներին մոտ 35 տոկոսով ավելացել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, եւ դա զգալի է, այնուամենայնիվ այն չի արտահայտում այն նշաձողը, որը սահմանել է Կառավարությունը:
2022 թվականին Կառավարությունը նախատեսում է ոչ միայն ավելացնել ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը, այլեւ ներդնել նոր տեխնոլոգիաներ: Ավելանալու է զինծառայողներին, փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքներին բժշկական ծառայություններ մատուցելու համար ֆինանսավորումը: Նշվել է, որ վերոնշյալ քաղաքացիները կարողանալու են ընտրել բժշկական այն կենտրոնը, որտեղ նրանք ցանկություն կունենան բուժվել կամ բժշկական ծառայություն ստանալ: 44-օրյա պատերազմի մասնակից վիրավորները գալիք տարի եւս բժշկական անհրաժեշտ օգնությունն ստանալու են ողջ ծավալով:
Ինչպես այս տարի, այնպես էլ եկող տարի ոլորտի հատկացումների մի մասն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին:
Առաջիկա 5 տարիների ընթացքում Կառավարությունը մտադիր է վերակառուցել, վերականգնել կամ վերազինել առնվազն 50 բուժհաստատություն: Առաջիկա տարում կվերակառուցվի կամ կվերանորոգվի 7 բուժհաստատություն: