ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նոյեմբերի 12-ին այցելել է Արտաշատ խոշորացված համայնք՝ հանդիպելու մշակութային դպրոցների հիմնախնդիրներով հետաքրքրված բնակիչներին: Հանդիպումը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:
Պատգամավորի հետ հանդիպմանը ներկա են եղել արվեստի եւ երաժշտական ինը դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, Արտաշատի համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Տաթեւիկ Գասպարյանը խմբային աշխատանքների, ինտերակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով է վարել հանդիպումը, պատասխանել բնակիչներին հուզող տարաբնույթ հարցերի: Քննարկվել են համայնքում առկա արվեստի եւ երաժշտական դպրոցների հիմնախնդիրները: Պատգամավորը խոստացել է նպաստել խնդիրների լուծմանը, հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:
Հանդիպման վերջում Արեւշատ բնակավայրը ներկայացրել է իր լավագույն փորձառությունն այս ոլորտում՝ «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնությամբ:
Այցի կազմակերպչական հարցերում պատգամավորին աջակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI):