ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նոյեմբերի 8-10 Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում մասնակցել է Ծերացման եւ ցածր ծնելիության վերաբերյալ 2022 թ. գլոբալ սիմպոզիումին, որը կազմակերպվել էր Կորեայի վիճակագրության (KOSTAT) եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից:
Տարբեր երկրների շուրջ 120 խորհրդարանականներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ բանավեճի եւ քննարկումների տարբեր ձեւաչափով ներկայացրել են ժողովրդագրական զարգացման միտումները եւ վերարտադրողական իրավունքների աջակցության համար ձեռնարկվող քայլերը:
Թեեւ կշարունակվի բնակչության գլոբալ աճն առաջիկա տասնամյակների ընթացքում, այդուհանդերձ բնակչության ծերացումն ու ցածր ծնելիությունը լուրջ մարտահրավեր են գրեթե բոլոր երկրների համար: Եվրոպայում եւ Արեւելյան ու Հարավարեւելյան Ասիայում, օրինակ՝ բնակչության նվազումը գնալով ավելի տարածված երեւույթ է դառնում, որը նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ է ստեղծում երկրների եւ մայրցամաքների համար: Բնակչության կառուցվածքի այս տեղաշարժերը բնութագրվում են ծնելիության անկմամբ, կյանքի տեւողության աճով եւ բնակչության ծերացումով. այդ փոփոխություններին առնչվող երկրների թիվը կայուն աճում է:
Քննարկումների ընթացքում Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրական առկա խնդիրնեը եւ դրա բարելավմանն ուղղված Կառավարության քայլերը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության մշակումը, որը հրատապ է՝ հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած ժողովրդագրական մարտահրավերները եւ դրանց ունեցած էական ազդեցությունը երկրի զարգացման վրա: