ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող բնակարանաշինության ծրագրերով:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, հայտնել է, որ սահմանամերձ համայնքների բնակիչների համար պետությունը միջնորդում է, որ բանկը 16 մլն դրամ վարկ տրամադրի, այնուհետեւ մարում է ե՛ւ մայր գումարը, ե՛ւ տոկոսագումարը:
Վարչապետի խոսքով հաճախ քաղաքացիները տեղյակ չեն լինում իրականացվող ծրագրերից ու չեն կարողանում դրանցից օգտվել:
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Կառավարությունը գյուղերում դպրոց, ամբուլատորիա, ճանապարհ է կառուցում ու բացատրել դրա անհրաժեշտությունը.«Ինչպե՞ս կարող ենք մարդուն ասել՝ ապրի սահմանամերձ գյուղում ու իր համար պայմաններ չապահովել»:
Այդ համատեքստում վարչապետը հարկ է համարել նկատել նաեւ, որ Կառավարության ծրագրերում է նաեւ մարզային առողջապահական կենտրոնների զարգացումը:
Անդրադառնալով պատգամավորներից մեկի մեկնաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է միտքը. «ՀՀ-ն պետք է հայտարարի՝ տարածքային նկրտումներ չունի եւ չի ունենալու որեւէ այլ երկրի նկատմամբ, հակառակ դեպքում՝ չորս կողմից ամեն ինչ անելու են ու անում են, որ մենք՝ որպես պետություն, չլինենք: Այնպես չի, որ ես խաղաղություն եմ քարոզում` առանց մարտահրավերները հասկանալու: Դրանք բոլորիս ակնհայտ են»:
Մանրամասները` տեսանյութում: