National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
21.06.2023
Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի` ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը եւ կկանխի նոր պատերազմական հանցագործությունները. Արմեն Գեւորգյանի հարցը Էդգար Ռինկեւիչին
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը վեհաժողովի  ամառային նստաշրջանում հարց  է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Էդգար Ռինկեւիչին.

«Պարոն նախարար,

ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլեւ տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում:

Այս առումով կցանկանայի հարցնել` Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը: Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի` ստիպելով  Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը եւ կկանխի նոր պատերազմական հանցագործությունները:

Շնորհակալություն»:

Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Էդգար Ռինկեւիչը պատասխանել է. «Ի պատասխան Հայաստանից հարգարժան անդամի հարցին` թույլ տվեք ասել, որ Կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք` միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն: Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:

Ինչպես եւ արդեն պատասխանեցի Հայաստանի ու Ադրբեջանի մեր հարգելի անդամների նախորդ հարցերին, մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաեւ` հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, եւ միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:

Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է: Մենք լի ենք վճռականությամբ` ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին եւ կոնվենցիաներին, ինչպես նաեւ` Եվրոպական կոնվենցիաներին:

Շնորհակալություն»: