National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
09.11.2012
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 6

Նոյեմբերի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

Նախագծով կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի եւ դրանցից բխող անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների մշակման, Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերն ու պարտավորությունները, ջերմաէներգետիկայի եւ արեւային էներգետիկայի ոլորտների զարգացման համար կստեղծվեն լրացուցիչ խթանիչ մեխանիզմներ:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախատեսվում է արտոնագրային վճար վճարող համարվելու համար նախապայման հանդիսացող տարեկան իրացման շրջանառության 6 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 9 մլն դրամ, միասնականացնել արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների մասով արտոնագրային վճարներ կատարելու ժամկետները, արտոնագրային վճարների համակարգում ներառել եւս գործունեության հինգ տեսակներ, սեզոնայնության գործոնով պայմանավորված` բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության կազմակերպման որոշ ամիսների մասով սահմանել արտոնագրային վճարի առավել ցածր դրույքաչափեր եւ կատարել որոշակի խմբագրական փոփոխություններ` նպատակ ունենալով կարգավորել օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ անհստակություններ:

Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարության հետ պայմանավորվել են իր եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը միավորել կառավարության ներկայացրած, վերը նշված նախագծի հետ եւ որպես համահեղինակներ՝ հանդես գալ համատեղ օրինագծով:

Հանձնաժողովը քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ՝ նախագծով նախատեսվում է սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների եւ դրանց կցամասերի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար սահմանել բազային տուրքի 80-ապատիկի, իսկ գունավոր մետաղների ջարդոնի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար` բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրքեր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծերին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Կարեն Բոթոյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին «ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգեց մինչեւ մեկ տարի ժամկետով:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հեղինակը օրենքների նախագծերի ընդունումը կարեւոր է համարում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Միջին աշխատավարձ եւ միջին կենսաթոշակ հարաբերությունը աշխարհի երկրների մեծ մասում օրենսդրորեն սահմանված է: Ըստ հեղինակի՝ Հայաստանում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հատվածի աղքատության հաղթահարման համար: 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար այս օրենքի պահանջների կատարման համար:

Օրինագծերի այս փաթեթի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունից: Հատկապես վիճահարույց է այն, որ ներկայացված նախագծերի ընդունման դեպքում պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջեւ տարբերությունը: Նախագծերի փաթեթը չի համապատասխանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » օրենքի նախագիծը:

Առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Այն, ըստ հեղինակների, կապահովի նաեւ ստվերային տնտեսության կրճատում:

Կառավարությունը այս նախագծին նույնպես բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ տնտեսական հետեւանքների եւ փոփոխությունների ապահովման ռեսուրսային ապահովվածության հիմնավորումներ չկան: Մյուս կողմից առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը:

Հանձնաժողովը օրենքների նախագծերին դրական եզրակացություն չտվեց:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը եւ տվեց դրական եզրակացություն:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը , Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Ամփոփելով բյուջետային քննարկումների առաջին փուլը՝ հանձնաժողովի պատգամավորներն իրենց ելույթներում հնչեցրին նախագծի վերաբերյալ նկատառումներ, առաջարկներ, տեսակետներ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը բնորոշեց որպես հետճգնաժամային կայուն զարգացում ապահովող՝ նկարագրելով մակրոտնտեսական կայուն միջավայրն ու մեջբերելով ցուցանիշները: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց տնտեսական աճի բարձր տեմպը, եկամուտների եւ ծախսերի աճը համապատասխանաբար 13 եւ 10 տոկոսներով, գնաճի թիրախավորված 4 տոկոսանոց մակարդակը: Բանախոսը դրական գնահատեց նաեւ դեֆիցիտը կրճատելու գործադիրի ռազմավարությունը, պետական պարտքի նվազեցմանն ուղղված զգալի միջոցների առկայությունը: Պրն Մինասյանը խոսեց նաեւ մի առանձնահատկության մասին. «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելով՝ կառավարությունը նախատեսում է պարտադիր դարձնել բյուջեն ծրագրերով ներկայացնելու մոտեցումը, որն առավել արդյունավետ է:

Պատգամավորները սահմանված կարգով առաջարկներ են ուղարկել նաեւ կառավարությանը: Հանձնաժողովի անդամների ելույթներից հետո քննարկումներն ամփոփեցին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նիստի օրակարգում էր նաեւ բյուջեի նախագծի եւ տարեկան հաշվետվության՝ մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակացույցին վերաբերող հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բյուջետային քննարկումների ընթացքում առաջարկել էր վերանայել ժամանակացույցի կառուցվածքը՝ մինչ ծախսերին անդրադառնալը եկամուտների ձեւավորման հարցը քննարկելն առավել արդյունավետ համարելով: Հանձնաժողովը որոշեց հարցի վերաբերյալ որոշում ընդունել միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագիրը: ՎՊ-ն առանձնացրել է ուսումնասիրության 17 ուղղություն: Ծրագրի թիրախը, ըստ Իշխան Զաքարյանի, գնումների համակարգն է ու նախահաշիվները քաղաքաշինության ոլորտում: Վերլուծությունը մասնագետներին բերել է համոզման, որ հենց այս երկու ոլորտներում են հիմնականում փոշիանում բյուջետային միջոցները: Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ինչպես նաեւ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերում: ՎՊ նախագահը հանձնաժողովի նիստում տեղեկացրեց, որ ծրագիրն առանձին քննարկվել է խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, նաեւ նախատեսվում է պալատի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն տալ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավորի: Գագիկ Մինասյանն այս նորամուծությունները համարեց կարեւոր եւ նկատեց, որ պատգամավորներին գործնականում տրվում է ՎՊ խորհրդի անդամի լիազորություն: Իշխան Զաքարյանը հնարավոր համարեց ծրագրի լրացուցիչ մասում ընդգրկել նաեւ պետական ծառայողների սոցիալական փաթեթները, ինչի վերաբերյալ առաջարկ էր ստացել խմբակցությունից: Հնչեցին նաեւ այլ առաջարկներ, որոնք ծրագրում արտացոլելու պատրաստակամություն հայտնեց բանախոսը: Հանձնաժողովը ՎՊ ծրագիրը դրական գնահատեց:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանձնաժողովի հաստատամանը ներկայացրեց երկու համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը որոշակի փոփոխություններ է առաջարկում ֆինանսական պայմանագրի տեխնիկական նկարագրում: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրով բանկը Հայաստանին կտարամդրի 5 մլն եվրոյի վարկ՝ մետրոյի թունելների վերակառուցման, կայարանների ու ծառայողական շինությունների բարելավման, վագոնների արդիականացման, դրենաժային թունելի վերանորոգման նպատակով: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրերին ընդգրկելու քառօրյա նիստերի օրակարգում:



ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հրավիրված նիստում նախագծի հեղինակը՝ Տաճատ Վարդապետյանը, առաջարկեց փաստաթղթի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարով:

Հանձնաժողովը որոշեց նոյեմբերի 16-ին արտագնա նիստ անցկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Նույն օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Նաիրա Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ինչպես իր ելույթում ասաց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը, կնպաստի բաժնետիրական ընկերությունների գործունեության հստակ կարգավորմանը, նրանց կողմից բոլոր բաժնետերերի շահերի զուգակցման հաշվառմամբ քաղաքականության իրականացմանը, բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի գործունեության արդյունավետության եւ օրինականության բարձրացմանը:

Նախագծով առաջարկվող լրացումները վերաբերում են բաժնետիրական ընկերության՝ ժողով անցկացնելու վայրի ընտրությանը եւ վերստուգող հանձնաժողովի անդամ հանդիսանալու իրավասությանը:

Հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով հնչեցված առաջարկները, առաջարկեցին հստակեցնել նախագիծը, ինչը համահեղինակն ընդունեց:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին» օրենքի նախագծին, որը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Ըստ ժամանակացույցի՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներն իրենց հերթական նիստերը պետք է անցկացնեն սահմանված օրը եւ ժամին, որպեսզի ԱԺ փոքրաթիվ խմբակցությունների պատգամավորները հնարավորություն ունենան մասնակցելու բոլոր հանձնաժողովների նիստերին:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «2012 թվականի հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» եւ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած «Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծերը, որոնք դրական եզրակացություն չստացան:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի մայիսի 10-ին եւ 2012 թվականի մարտի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը, որի նպատակը ֆինանսական պայմանագրի տեխնիկական նկարագրի փոփոխությունն է: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ ոլորտում կատարվելիք ներդրումների շնորհիվ կբարելավվեն մետրոյի ուղեգծի անվտանգ շահագործումը եւ ուղեւորափոխադրումների հարմարավետությունը: Նախատեսվում է նաեւ վերջնականապես լուծել մետրոյի թունելներում ջրի ներթափանցման խնդիրը:

Վարդան Արամյանը ներկայացրեց նաեւ 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ՝ Երեւանի մետրոյի համակարգը վերակառուցելու համար:

2011 թվականի հունիսի 19-ին Տիրանայում ՍԾԱԶԲ Կառավարիչների խորհրդի կողմից թիվ 131 որոշմամբ ընդունված «Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի փոփոխությունները ներկայացրեց Վարդան Արամյանը: Նա տեղեկացրեց, որ փոփոխությունները նպատակ ունեն Կառավարիչների խորհուրդն օժտել բացառիկ իրավունքով՝ ընդհանուր համաձայնության հիման վրա փոփոխելու բանկի հաշվարկային միավորը, ինչպես նաեւ վերաբաշխելու դրա կապիտալը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ 2012 թվականի օգոստոսի 7-ին Երեւանում ստորագրված ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Սահմանային անցակետեր եւ ենթակառուցվածք (Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիրը, որի նպատակն է վերակառուցել եւ արդիականացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երեք՝ Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերը, Հայաստանի տարածքում բարելավել ելակետային ճանապարհները եւ հարակից ենթակառուցվածքները:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայացրեց 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագիրը, որի նպատակն է հաստատել կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններում գտնվող գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգը: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունները: Ռոմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2012 թ. հունիսի 1-ի դրությամբ համաձայնագիրը չի վավերացվել ստորագրած կողմերի կողմից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է համաձայնագրի անբաժան մաս հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Որոշվեց մինչեւ մեկ տարով հետաձգել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանտվության մասին» հայտարարության նախագծի քննարկումը:

Հանձնաժողովը քննարկեց եւ որոշեց առաջիկայում անցկացնել «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ:


09.11.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 12-15-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

09.11.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպում ունեցավ Հունաստանի դեսպանի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին: ԱԺ փոխնախագահը, ողջունելով դեսպանին, շնորհավորեց նրան Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am