National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.12.2012
Կազմակերպվեց «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» խորագրով կլոր սեղան
1 / 8
 

Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրսենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ, ԵԱՀԿ, «Եվրանեսթ», ԵԽ, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների գործունեությունն ու դրանցում Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի արտաքին քաղաքականության խթանման գործում, այս ուղղությամբ առկա մարտահրավերները: Քննարկումներին մասնակցեցին Ազգային ժողովի միջխորհրդարանական պատվիրակությունների անդամները, փորձագետներ, ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցների, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչներ:

Կարեւորելով կլոր սեղանի անցկացումը, ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ քսանամյա խորհրդարանական գործունեության մեջ աչքի է ընկել եւ գնալով ավելի զարգացում է ապրում արտաքին գործառույթը՝ թե միջազգային կառույցներում ԱԺ-ի պատվիրակությունները, թե բարեկամական խմբերն ու հաձնաժողովները գնալով ավելի ակտիվ են դառնում եւ առավել մեծ ներդրում են ունենում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նա ողջունեց քննարկումների նման ձեւաչափը, որտեղ խորհրդարանի բոլոր միջազգային պատվիրակությունները խմբային աշխատանքի շնորհիվ ի մի կբերվեն այն աշխատանքները, որոնք կատարվում են տարբեր միջազգային հարթակներում: Հարմինե Նաղդալյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որում ասված էր.

«Հարգելի գործընկերներ,

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ կլոր սեղանի մասնակիցներին:

Մեծապես կարեւորում եմ այս միջոցառման անցկացումը, քանի որ այն լավ հնարավորություն է ընձեռում համադրելու խորհրդարանական վեհաժողովների գործունեությունը, գնահատելու դերակատարությունները եւ ուրվագծելու մեր ազգային պատվիրակությունների անելիքները հանուն լիարժեք համագործակցության: Հատկապես ուրախ եմ, որ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչները իրենց հարուստ փորձառությամբ ներկա են այս միջոցառմանը:

Այն հնարավորություն է տալիս քննարկել միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանին եւ մեր տարածաշրջանին վերաբերող հիմնախնդիրներն ու գործընթացները, ինչպես նաեւ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո՝ փոխգործակցության հնարավոր հեռանկարները:

Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունը արտաքին քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Մեծ է նաեւ նրա դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում, քանի որ մարդկային շփումների ընդլայնումը, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում միջազգային հարաբերությունների կարգավորման միասնական գործիքների մշակմանն ուղղված ջանքերը հիմք են հանդիսանում բազմակողմ համագործակցության հաստատման համար: Այդ ամենը, իր հերթին, վերածվում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության իշխանությունների նպատակն է ընդլայնել եւ սերտացնել հարաբերությունները միջազգային խորհրդարանական կառույցների հետ: Մենք կարեւորում եւ բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը եւ պատրաստ ենք այն էլ ավելի ամրապնդելու: Հուսով եմ, որ այս հանդիպման աշխատանքների արդյունքում կուրվագծվեն նոր մոտեցումներ, եւ որ նման միջոցառումները կունենան շարունակական բնույթ:

Մեկ անգամ եւս հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին»:

Կլոր սեղանի մասնակիցներին իր ողջույնի խոսքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը նշեց, որ երբեմն թերագնահատվում է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ի նպաստ երկրի արտաքին քաղաքական օրակարգի, սակայն խորին համոզմունք հայտնեց, որ ժողովրդի ներկայացուցիչները յուրովի մանդատ, դեր եւ ունակություն ունեն իրենց նպաստը բերելու դիվանագիտական ոլորտում: «Հաճախ պատգամավորները հաջողության են հասնում այնտեղ, որտեղ ավանդական դիվանագիտական խողովակները դադարում են արդյունավետ գործել»,-ասաց Անդրեյ Սորոկինը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական դիվանագիտությունն աստիճանաբար ավելի լայն հնարավորություններ է ձեռք բերում, եւ հենց խորհրդարանականներն են, որ շատ դեպքերում կարողանում են նեցուկ լինել պետության արտաքին քաղաքականությանը` մաս կազմելով ընդհանուր քաղաքականության իրականացման խնդիրներին: Նա հավաստիացրեց, որ ԱԺ բոլոր պատվիրակությունները պատրաստակամ են եղել սերտորեն աշխատել արտաքին գերատեսչության հետ` միջազգային հարաբերություններին առնչվող բոլոր խնդիրների շուրջ:

Կլոր սեղանի յուրաքանչյուր նիստ նվիրված էր միջխորհրդարանական կառույցներից մեկին. բանախոսները նախ ներկայացնում էին տվյալ կազմակերպության կառուցվածքն ու բնորոշ գործառույթները, դրանց հայաստանյան համապատասխան կառույցների մասնակցությունը, ապա  մասնակիցներին հնարավորություն էր տրվում քննարկումների փուլում ներկայացնել իրենց տեսակետները:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անցած ուղին եւ այսօրվա ծրագրային նպատակները ներկայացրին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ու ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Րյաբուխինը: Վերջինս արժեւորեց ԱՊՀ ՄԽՎ խաղացած դերը Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներում, օրինակելի օրենքների մշակման, խաղաղարար եւ դիտորդական առաքելությունների, հումանիտար բազմաթիվ միջոցառումների նախաձեռնման ու կազմակերպման գործում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ԱՊՀ-ն ու նրա մարմինները սպառված կառույցներ են: Ներկայացնելով այդ շրջանակներում մինչ օրս կատարված աշխատանքները, նա առաջիկայում մեծ դերակատարում վերապահեց ԱՊՀ-ին ու ՄԽՎ-ին` նշելով դրա համար առկա օբյեկտիվ իրողությունները: Փոխարտգործնախարարը մանրամասնելով բանակցային գործընթացը` առանձնահատուկ շեշտեց այն դերը, որ ունեցել է ԱՊՀ ԽՎ-ն ղարաբաղյան հակամարտությունում 1994 թ. հրադադարի կնքնման գործում: Բանավեճի մասնակիցները, մասնավորապես, առաջարկեցին գտնել մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիների խորհրդարանականներին եւս հնարավոր լինի ներգրավել միասնական աշխատանքներում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործունեության առաջնահերթությունները ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, իսկ ԵԽ նախարարների կոմիտեում տարվող աշխատանքը եւ Կոմիտե-ԽՎ համագործակցությունը` ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Նարինե Նիկոլյանը: Անդրադառնալով դասական դիվանագիտությանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսօր դրան զուգահեռ զարգացում են ապրում ժողովրդական, տնտեսական, մշակութային եւ առավել ձեւավորված` խորհրդարանական դիվանագիտությունը: Նա մտահոգություն հայտնեց, որ անգամ այնպիսի հեղինակավոր կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, ներթափանցել է լոբբիզմը, ինչը զգալիորեն դժվարացնում է տարվող աշխատանքները: Նա ցավով արձանագրեց, որ. «Վեհաժողովը դադարել է լինել արժեքների կազմակերպություն եւ դարձել Է շահերի կառույց»: Նշվեց այն մեծ փորձառությունը, որ ունի ԵԽ-ն իր իրավասությունների ոլորտում նորմերի ու չափորոշիչների ստեղծման ուղղությամբ: Ծավալված բանավեճի ընթացքում մասնակիցները փորձեցին պարզաբանել երկու հարց` որն է ԵԽ դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ ինչպես հակազդել «խավիարային դիվանագիտությանը»: Ընդգծվեց, որ ԵԽ եւ նրա ԽՎ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց չպետք է ներքաշվեն, եւ Հայաստանի համար անընդունելի է հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս այլ հարթակներ տեղափոխելը, ինչին ձգտում է ադրբեջանական կողմը:

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակներում տարվող աշխատանքները ներկայացրին «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Լորենցո Օչոան եւ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը: ՀՀ ԱԺ պատվիրակությունն ի սկզբանե ձեռնամուխ է եղել «Եվրանեսթի» հիմնադրմանն առնչվող աշխատանքներին, եւ դիտվում է որպես ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Հենց հայկական պատվիրակության առաջարկով է աշխատակարգում մտել կոնսեսուսի մեխանիզմը՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական կողմը շարունակելու է նաեւ այս մարմինը վերածել հակամարտության շուրջ քննակումներ ծավալելու հարթակի: Լորենցո Օչոայի խոսքով՝ հայկական պատվիրակությունը «Եվրանեսթում» շատ հաճախ ճանաչվում է միակ պատվիրակությունը, որի հետ հնարավոր է աշխատել եվրոպական փոխզիջումներ գտնելու շուրջ: Նա հորդորեց չկորցնել այս ձեռքբերումը: Անդրադարձ եղավ Արեւելյան գործընկերության «Ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւին, որը հիմնականում վերաբերում է անդամ երկրների գործադիր իշխանությունների բարեփոխումների ընթացքին: Քննարկվեց այն գործիքակազմը, որով կարելի է այս կառույցում հարցերը բարձրացնել եւ հաջողությամբ առաջ տանել: «Եվրանեսթի» առանձնահատկություններից ընդգծվեց այն, որ կառույցն Արեւելյան գործընկերության անդամ երկրներին հնարավորություն է ընձեռում օգտվելու ԵՄ ծրագրերից: Ակնկալվում է 2014 թ.Հայաստանում անցկացնել «Եվրանեսթի» լիագումար նիստը:

ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցությանը եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի շրջանակներում տարվող աշխատանքներին անդրադարձան ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի անվտանգության քաղաքացիական ծավալման հանձնաժողովի նախագահ Անդրիուս Ավիզիուսը եւ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Հայաստանի Հանրապետությունը ասոցացված անդամի կարգավիճակ ունի այս կառույցում ու, թեեւ ներկայացված է երեք անդամով, ծավալել է ակտիվ գործունեություն: Ըստ բանախոսների՝ սա մի հարթակ է, որտեղ հնարավոր է բարձրացնել ոչ միայն ՀՀ անվտանգությանը վերաբերող հարցեր, այլեւ գլոբալ անվտանգությանն առնչվող խնդիրներ: Կարեւորվեցին Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին, խաղաղապահ առաքելություններին: Ողջունվեց կառույցի՝ ԼՂ հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը: Բուռն քննարման առարկա դարձան այն հարցերը, թե որպես հարթակ ինչ դերակատարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն հայ-թուրքական հարաբերությունների քննարկման առումով, եւ ինչպիսի դերակատարություն կարող են ունենալ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունները ՆԱՏՕ-ի ԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ հարաբերություններում:

Վերջին հարցն աշխույժ քննարկման առարկա դարձավ նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին նվիրված նիստում, որտեղ բանախոսեցին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը, ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Րյաբուխինը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը: Հարցի առնչությամբ ձեւավորվեց այն կարծիքը, որ Հայաստանը կարող է առանձնահատուկ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ՆԱՏՕ համակեցության որոշակի ձեւաչափի որոնումներում՝ օգտագործելով խորհրդարանական հարթակները: Զեկուցողներն արձանագրեցին, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար մնայուն, երկարաժամկետ անվտանգություն ձեւավորելու տեսանկյունից ունի բացառիկ դերակատարում: Նշվեց, որ ՀԱՊԿ ԽՎ-ն ձեւավորվել է այն ընկալումով, որ կառուցը պետք է լինի ոչ միայն ռազմական, այլեւ ռազմաքաղաքական հեղինակավոր միջազգային մարմին: Կարծիք հայտնվեց, որ զգացվում է նաեւ անվտանգության քաղաքական բաղկացուցիչները զարգացնելու անհրաժեշտություն: Անդրադարձ եղավ անվտանգության այն սպառնալիքներին, որ ունի ՀԱՊԿ-ն, մասնավորապես, Հարավային Կովկասում, եւ այդ մարտահրավերներին դիմագրավելու ինչպիսի քաղաքական կարողություններ է հարկավոր ձեւավորել:

Կլոր սեղանի հաջորդ նիստը նվիրված էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, որի գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները ներկայացրին ԵԱՀԿ հաստատությունների գծով փորձագետ Կարել Հոֆսթրան, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: ԵԱՀԿ ԽՎ-ն դիտարկվեց որպես խորհրդարանական դիվանագիտության կարեւոր հարթակներից մեկը: Հայաստանի համար ԵԱՀԿ-ն առանձնահատուկ կառույց նկատվեց հատկապես բանակցային գործընթացների հետ կապված: Անդրադարձներ եղան ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ համագործակցությանը, երկակի ստանդարտներին, սովորական սպառազինությունների ռեժիմներին: Բանախոսները հատուկ ուշադրություն հրավիրեցին այն գործընթացների վրա, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում ԵԱՀԿ շրջանակներում: Միտումներ կան ԵԱՀԿ շրջանակներում ձեւավորել եվրոատլանտյան եւ եվրասիական համայնքների համագործակցություն: Նշվեց, որ խորհրդարանական դիվանագիտության խնդիրներից մեկը պետք է լինի հասկանալ, թե այդ գործընթացներն ինչպիսի մթնոլորտ կձեւավորեն, մշակել համապատասխան դիրքորոշում:

Բոլոր նիստերում հնչում էր միահամուռ կարծիք՝ այն, ինչ չի կարելի անել դասական դիվանագիտությամբ, պատգամավորական հարթակներում, խորհրդարանական դիվանագիտությամբ կարելի է ճանապարհ հարթել, առաջ մղել: Սա հատկապես վառ է դրսեւորվում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, որի անդամ մի շարք երկրներ կամ չունեն դիվանագիտական հարաբերություններ, կամ նրանց հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն: Այս կառույցի յուրահատկություններն ու առկա գործընթացները ներկայացրին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Կիրիլ Տրետյակը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նշվեց, որ, թեեւ, կառույցը ստեղծվել է զուտ տնտեսական համագործակցության համար, այդուհանդերձ, հնարավոր չի լինում զերծ մնալ օրակարգային հարցերի քաղաքականացումից: Չնայած ՀՀ պատվիրակության փոքրաթիվ լինելուն՝ հաջողվել է խուսափել ՍԾՏՀ ԽՎ-ի կողմից հակահայ որեւԷ փաստաթղթի ընդունումից: Ավելին, ընդունվել են որոշումներ, որոնք օրակարգ են մտել հայ պատգամավորների նախաձեռնությամբ: Քննարկվեցին այն ուղիները, որոնք կազմակերպությանը կբերեն իր բուն նպատակին՝ տարածաշրջանային տնտեսական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ամփոփելով կլոր սեղանի արդյունքները՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ առաջին անգամ կազմակերպվող ներկայացուցչական նման միջոցառման ժամանակ փորձ արվեց մշակել ընդհանուր վարվելաձեւ, քաղաքականություն, միջազգային ասպարեզում կատարել ուժերի բաժանում գործադիրի եւ օրենսդիրի միջեւ, ներուժի բաժանում եւ մեկտեղում դասական ու խորհրդարանական դիվանագիտության միջեւ: «Մենք հասկանում ենք, որ դասական եւ խորհրդարանական դիվանագիտությունները երկրի արտաքին քաղաքական օրակարգի հնչեցման երկու տարբեր հնարավորություններ են: Շատ հաճախ այն, ինչ չեն կարողանում ասել գործադիր մարմինները, դրանք կարող են եւ պարտավոր են ասել պատգամավորները՝ խորհրդարանական միջազգային հարթակներում»,-ասաց Աժ փոխնախագահը:


10.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես ե...

10.12.2012
Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամկետները
Դեկտեմբերի 13-ին ժամը 14.00-ին 1.Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով 1. Բաղրամյան Քրիստինե Գեւորգի 2. Փիրոյան Լուսինե Հրաչյայի 3. Պետրոսյան Խաչիկ Նվերի 4. Մկրտչյան Վազգեն Հակոբի ...

10.12.2012
ԱԺ-ում տեղի ունեցավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակից...

10.12.2012
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության եւ նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցություն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am