National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.12.2016
Խորհրդարանը հաստատել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը
1 / 13

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին շարունակել է այս նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստերում քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է ձայների 83 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ են քվեարկել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները եւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կուսակցական պատգամավորները:

Պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դասախոսներին ու ուսանողներին:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ պատգամավորները շարունակել են հայտնել իրենց տեսակետները: Հեղինե Բիշարյանն անդրադարձել է ամիսներ առաջ Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին եւ բարձրաձայնել ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խնդիրները: Պատգամավորը մտահոգիչ է համարել գյուղական համայնքերում գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունը: Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է քննարկվող օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ անհրաժեշտ է բացառել տարընթերցումների տեղիք տվող դրույթները: Նա ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես կարեւորել ավագանու դերակատարությունն ու նրա կողմից իրականացվող ծախսերի փոխհատուցումը, համայնքի գործունեությանը բնակիչների մասնակցությունը: Մհեր Շահգելդյանը եւս կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը, անդրադարձել լրամշակման կարիք ունեցող հոդվածներին: Նա կարեւորել է բնակիչների, հատկապես երիտասարդության մասնակցությունը համայնքների կառավարման գործընթացին: Պատգամավորն անհրաժեշտ է համարել զարգացնել արդյունաբերությունը համայնքներում, ստեղծել պայմաններ ներդրումների համար:

Իր տեսակետն է հայտնել նաեւ ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը: Հովհաննես Մարգարյանը մասնավորապես անդրադարձել է համայնքապետերի գործունեությանը, խոսել ոլորտը կարգավորող օրենսդրության թերություններից, համայնքների ղեկավարների ընտրության կարգի խնդիրներից եւ առաջարկել վերացնել դրանք, որոնք ի հայտ են եկել Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Ըստ նրա, գործող համակարգով հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների դիտողություններին, համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ հանել ավագ, գլխավոր եւ բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը:

Հաշվի առնելով, որ ոստիկանության համար կադրեր պատրաստող հիմնական բուհը ոստիկանության կրթահամալիրն է, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակում կատարելու համար նախագծով սահմանվում է առաջնահերթություն, որի համաձայն պաշտոնի կարող են նշանակվել նախ` ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները, հետո` ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները, այնուհետեւ` ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները: Այս դեպքում ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո այդ անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների, կսահմանվի վեցամսյա փորձաշրջան:

Վարդան Եղիազարյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ էապես նվազել է ոստիկանության կրթահամալիր դիմորդների թիվը, ինչը պայմանավորված է նաեւ սովորողներին աշխատավարձ չտալով: Ուստի, նախագծով ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողների համար ուսման ողջ ժամանակահատվածում սահմանվում է վարձատրություն ստանալու իրավունք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դրանով կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնել ԱՀԿ գնումների համաձայնագրի նոր տեքստին, ինչպես նաեւ ԵԱՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի պահանջներին:

Նախարարի տեղեկացմամբ՝ նախագծով նվազեցվում են գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանվում է չորս ձեւ, ինչը նպատակաուղղված է գնման ձեւերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձեւերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից: Էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչեւ 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: Գնանշման հարցման միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է առնվազն 4 աշխատանքային օր: Մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը գերազանցում է 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է քառասուն օրացուցային օր ժամանակ: Եթե առկա են չնախատեսված հանգամանքներ, ապա մասնակիցներին հայտերի ներկայացման համար տրվում է առնվազն 15 օրացուցային օր ժամանակ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ փոփոխությունների արդյունքում ներկայում իրականացվող գնումների գործընթացում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը եւ հնարավոր չարաշահումները:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշել է, որ փաստաթղթի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների համար ապահովել հավասար եւ արտոնյալ պայմաններով հատուկ տեխնիկա եւ հատուկ միջոցներ:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը նաեւ ներկայացրել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ահաբեկչության դեմ պայքարող իրավասու մարմինների ստորաբաժանումների աշխատակիցների համար ապահովել վճարովի, արտոնյալ կամ անհատույց հիմունքներով ուսումնառություն եւ վերապատրաստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են 2016 թվականի մայիսի 19-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալե համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Փաստաթղթի համաձայն` ՀՀ կողմից որեւէ տեղեկության վերաբերյալ պահանջի ներկայացման դեպքում Բելառուսի Հանրապետությունը պարտավորվում է անկախ իր` այդ տեղեկության նկատմամբ ունեցած հետաքրքրության, իրեն հասանելի բոլոր միջոցներով ձեռք բերել այդ տեղեկությունը եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը:

Արմեն Հայրապետյանն այնուհետեւ ներկայացրել է 2016 թվականի հունիսի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթի նպատակն է կողմերի միջեւ զարգացնել տնտեսական հարաբերությունները, բարելավել հարկային հարցերով համագործակցությունը եւ ապահովել հարկերի արդյունավետ եւ պատշաճ հավաքումը, ինչպես նաեւ տեղաբաշխել համապատասխան հարկման իրավունքները՝ բացառելու կրկնակի հարկումը:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է նաեւ 2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է փոփոխություն կատարել կոնվենցիայի 26-րդ հոդվածում:

Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են 2016 թվականի փետրվարի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

Պատգամավորները քննարկել են նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների վարձատրվող աշխատանքի մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրի նպատակն է նախատեսել դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների վարձատրվող աշխատանքի հնարավորություն: Ընտանիքի անդամներին թույլատրվում է, փոխադարձության հիման վրա, ընդունող պետությունում կատարել վարձատրվող աշխատանք:

Քննարկված միջազգային համաձայնագրերի վերաբերյալ գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանը հայտարարել է փակված: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանն ավարտել է նիստի աշխատանքը:


08.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում (ք.Երեւան, Ամիրյան 1, Արարատ սրահում) արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կան...

08.12.2016
Կլոր-սեղան քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կազմակերպել էին կլոր-սեղան քննարկում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչնե...

08.12.2016
Հերթական «Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին խորհրդարան էին այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի ուսանողներն ու դասախոսները։ Նրանք ներկա են գտնվել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հաստատմանը, հետեւել քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խո...

08.12.2016
Տեղի կունենա քննարկում՝ «Հաշվեքննություն (աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան փողոց, 3 շենք, մուտքը Մարշալ Բաղրամյան պողոտայի կողմից) ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հացերի մշտական հանձնաժողովը ԳՄՀԸ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հաշվեքննություն (աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով քննարկում:...

08.12.2016
Տեղի կունենան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարա...

08.12.2016
Տեղի կունենա քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ կազմակերպում են կլոր-սեղան քննարկում «ԱԺ կանոնակարգ» (Պ-1108-31.10.2016) սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am