National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 18

2 մայիսի 2024

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

 

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Բարի լույս, հարգելի գործընկերներ, նախապատրաստվեք գրանցման։ Գրանցում։ Պարոն Մինասյան, քվեարկություն դեռ չեմ հայտարարել, որ հայտարարեմ, վարման կարգ կուզեք, կտամ։ Գրանցվել է 74 պատգամավոր, քվորում կա, կարող ենք սկսել մեր նիստը։ Անցնում ենք քննարկված նախագծերի քվեարկությանը, և առաջին քվեարկությունից առաջ վարման կարգով` Արծվիկ Մինասյան։

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Տեղեկացնեմ, որ գրանցումից անմիջապես հետո գրանցումը հավասարազոր է քվեարկությանը, դրա համար վարման կարգով խնդրեցի։

Սիրելի հայրենակիցներ, երեկ Նիկոլ Փաշինյանը «Հ1»-ի եթերով դիմում էր Կիրանցի իր սիրելի քույրերին ու եղբայրներին, և լուսաբացին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է նաև կոնկրետ հետևանքներ։ Ներկայումս մեր ներկայացուցչական խմբերն աշխատում են այստեղ։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 58

Դեմ` 1

Ձեռնպահ` 20

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 58

Դեմ` 5

Ձեռնպահ` 16

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 58

Դեմ` 16

Ձեռնպահ` 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 58

Դեմ` 7

Ձեռնպահ` 14

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 16

Ձեռնպահ` 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 0

Ձեռնպահ` 20

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 21

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 0

Ձեռնպահ` 21

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 0

Ձեռնպահ` 21

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 7

Ձեռնպահ` 13

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 5

Ձեռնպահ` 16

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 21

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն։

Կողմ` 59

Դեմ` 5

Ձեռնպահ` 11

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, մենք ավարտեցինք քվեարկությունները, հիմա կշարունակենք քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը» և հասել ենք մտքերի փոխանակության փուլ, որի համար կարող եք հերթագրվել. Հերթագրում: Գեղամ Նազարյան։

Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Երկու օր առաջ քննարկման ժամանակ, երբ քննարկում էինք Տիգրան Հակոբյանի ներկայացրած զեկույցը, հարցեր էին հնչում, թե ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ եթերն ազատվի ավելորդություններից և, ամենակարևորը, ատելության խոսքից։ Բայց երանի լինեն այն ժամանակները, երբ երկրի միակ պրոբլեմը կամ պրոբլեմներից մեկը լինի հեռուստատեսության լեզուն և խոսքը։

Պրոբլեմն այն է, որ մենք մեր քայլերով երկիրը լցնում ենք ատելության խոսքով, ատելության մթնոլորտը տարածում ենք երկրով մեկ, հետո փորձում ենք այդ ամեն ինչը բարդել հեռուստատեսության կամ հեռուստաալիքների վրա։

Մի քանի օր շարունակ, համարյա երկու շաբաթ Կիրանց գյուղի շուրջ իրավիճակը լարված էր, և ինչպիսին պիտի լինի ապաշնորհ իշխանությունը, որ չկարողանա Կիրանց գյուղի բնակիչների հետ ճիշտ զրույց ունենալ, բացատրել իրականությունը կամ իրողությունները և գործը հասցնի այնտեղ, որ առավոտ շուտ, ժամը 6-ին մարդիկ, որոնք ծնվել են սահմանային գյուղում, ապրել, մեծացել են, ենթարկվում են բռնի ուժի գործադրման, ուժի դաժան կիրառմամբ տեղափոխում են Իջևանի ոստիկանություն։

Բռնությունը վատ է, անկախ նրանից, թե գործադրվում է լրագրողի վրա թե գյուղացու վրա, հատկապես էն գյուղացու, որը ճանապարհին կանգնած էր ոչ թե անձնական եսիմ ինչ շահերից ելնելով, այլ` հանուն հայրենիքի, հանուն գյուղի։

Ես ուզում եմ լսել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի վերջո, էս բռնությունն արդարացնո՞ւմ է, թե՞ դատապարտում է։

Կիրանց գյուղից երիտասարդ մի աղջիկ ինձ խնդրեց հարցնել, եթե չեմ սխալվում, Թագուհի Ղազարյանին և Մարիա Կարապետյանին, ասում էր` ամիսներ առաջ մեզ Իջևանի մարզպետարանում բացատրում էին, թե ինչ երջանիկ խաղաղություն ենք ունենալու ու ինչ երջանիկ ապագա է սպասվում Կիրանց գյուղին, հարցնում է` երջանկությունն էսպե՞ս է սկսվում` ծեծ ու ջարդո՞վ։ Խնդրեցի նաև մի բան փոխանցել, որ եթե քաղաքում հիշողությունը կարճ է լինում և պայմանավորված այլևայլ հանգամանքներով, ապա գյուղում հիշողությունը դարերով մնում է` դրանից բխող բոլոր հետևանքներով։

Էնպես որ, Կիրանց գյուղը, ասեմ ձեզ, տեսել է մոնղոլների արշավանքները և տեսնելուց մի քանի տարի հետո երկու շքեղ եկեղեցի է կառուցել, տեսել է Շահ Աբբասի արշավանքները։ Շահ Աբբասի արշավանքներից հետո Կիրանցի ձորի շատ գյուղեր դատարկվեցին, ամայացան, բայց Կիրանցը մնաց։ Կիրանցը տեսել է 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումները, տեսել է 1918-1920 թվականների պատերազմական գործողությունները, 1990-ականների պատերազմական գործողություները, սրա միջով էլ է անցնելու, մնալու է էն ամոթը, խայտառակությունը, որը գործադրվեց կիրանցիների նկատմամբ։

Ես հուսով եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը հանրային հեռուստաընկերություն է, շատ ճիշտ կմեկնաբանի և կներկայացնի, թե ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին առավոտ շուտ Կիրանց գյուղում։ Ես ձեզ ասեմ թվային նկարագրով. դա նույնն է, եթե այսօր առավոտյան Երևանում բերման ենթարկվեր մոտ 120-150 հազար մարդ, լավ, տղամարդիկ։

Ես տագնապեցի, անկեղծ ասած, երբ ուշ երեկոյան լսեցի, որ Նիկոլ Փաշինյանը կիրանցիներին դիմեց` սիրելի քույրեր և եղբայրներ, ես հասկացա, որ ինչ-որ վատ բան լինելու է, ցավոք սրտի: Եկեք Աստծուն աղոթենք, որ այլևս Նիկոլ Փաշինյանը որևէ գյուղի, քաղաքի բնակիչներին չասի` իմ սիրելի քույրեր և եղբայրներ, որովհետև դա վատ նախանշան է դառնում։

Էս էլ կանցնի, կգնա, և ես բոլորին կոչ եմ անում` ավելորդ հույսեր չփայփայել, որ ցանկացած ինչ-որ իրավիճակ կստեղծվի, որ կիրանցեցիներն ստիպված լինեն՝ լքելու գյուղը։ Չեն լքելու գյուղը կիրանցիները, ես ձեզ վստահեցնում եմ` չեն լքելու, շարունակելու են ապրել, որ հետո հենց նույն Կիրանցից ինչ-որ մի լավ բան սկսվի։ Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց չի կարելի հայ գյուղացուն, որը 32 տարի, էս վերջին կտրվածքով եմ ասում, ապրել է սահմանում, պահել է սահմանը, թշնամու կրակի պայմաններում 1990-ականներին ցորեն է ցանել, ցորեն է հնձել, հետո կոմբայնավարն ադրբեջանցի նշանառուի տակ հնձել է էդ հացը, որ հետո հայ ոստիկանի կողմից դաժան բռնության ենթարկվի։ Էս է մեր իրականությունը։ Իրականությունն էն է, որ մենք բոլորս Աստծուց հեռացել ենք, դրա համար էլ էս պատիժներին ենք ենթարկվում, դրա համար էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, անհանգստացած՝ Տիգրան Հակոբյանին ասում է` ինչո՞ւ եք թույլ տալիս, որ «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ եթեր հեռարձակվեն։ Ո՞նց կլինի, այ, այ, այ։ Էս է։ Փաստորեն, երկրի պրոբլեմն էն է, որ գոյություն ունի մի հեռուստաալիք, որը մշակութային-հոգևոր հաղորդումներ է հեռարձակում։

Երեկ չէ առաջին օրը Տիգրան Հակոբյանի կողմից նշվեց, որ մի մշակութային ալիք կա` BumTV, ինձ հետաքրքրեց, թե էդ ինչ TV է, գտա, ժամանակ գտա, նայեցի, հետաքրքիր մի բան գտա։ Այսօրվա պայմաններում, երբ շատ հայտնի հեռուստաալիքներ ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ են, շատ լուրջ ճգնաժամի մեջ են, գովազդ են փնտրում, հայթայթում, կապ չունի` ինչ ուղղվածության հեռուստաալիքներ, բոլորդ էլ, կարծում եմ` գիտեք, էդ BumTV-ին գովազդ չունի։ Ինքն էնպիսի հզոր հովանավոր ունի, որն ասում է` գովազդ մի վերցրու, դրա կարիքը դու չունես։ Հիմա մեր անվտանգային համակարգը չի՞ ուզում հետաքրքրվել, թե որ երկրի փողերով է և որ երկրի շահերն է սպասարկելու BumTV-ին։ Ես առաջարկում եմ, որ էս հարցին մենք, անպայման, ուշադիր լինենք, անպայման, թող հետևեն, գտնեն, որովհետև էսպես չի կարելի ապրել, էսպես` երկիրը ծեծելով, ջարդելով, փշրելով, վախեցնելով, սպառնալով, անընդհատ հոգեբանական կտտանքների ենթարկելով, չի կարող երկիրը նորմալ երկիր լինել, չի կարելի անընդհատ սպառնալ։

Ես ուզում էի տեսնել, թե Հանրային հեռուստաալիքը քննարկում կսկսի՞։ Երբ գլխավոր դատախազը գա, ես էս մասին էլի եմ խոսելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, խմբակցության պատգամավորներն սպառնում են ուժ գործադրել, եթե հանկարծ ընդդիմությունն իրեն իրենց ուզած ձևով չպահի։ Ո՛չ քննարկում եղավ Հանրային հեռուստաալիքով, ո՛չ հրավիրեցին էդ հայտնի սպառնալիքներ հնչեցնողներին, որ տեսնենք, թե ո՞նց են սպառնում, էլի։ Այսինքն` սպառնում են ուժ գործադրել, և դատախազությունը լռեց, մեկնաբանները լռեցին։

Ժողովուրդ ջան, ես էլի եմ ասում` ամեն ինչ շատ արագ, անցողիկ լինում է։ Մի հատ նայեք, թե առաջ ինչեր են ասել, թե ում իշխանությունն ինչքան է տևելու։ Մեկն ասում էր` մենք 1990 թվից մինչև 2010 թիվն ենք իշխելու, մեկն ասում էր` տասնամյակներով որոշումները Մելիք Ադամյանում են ընդունվելու, բա, հետո ի՞նչ եղավ, բա, մտածեք, էլի, հայտարարություններ անելուց առաջ։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Լիլիթ Գալստյան. հանո՞ւմ եք: Սեյրան Օհանյան։

 Ս.ՕՀԱՆՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, մեկ օր առաջ հայտարարությունների ժամին հարց հնչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր պարոն Թունյանի կողմից, ուղղակի, նայելով ասաց՝ տվյալ հարցերին պատասխանեք, թե իրո՞քկարելի էր անել ավելին և ի՞նչ եք անելու այս իրավիճակում, եթե դուք լինեք։

Ես պետք է ներողություն խնդրեմ, պարոն Հակոբյան, և անդրադառնամ այս հարցերին, որովհետև հարցադրումներն անչափ կարևոր են և կարևոր են այն առումով, որ մենք պետք է առաջ նայենք՝ մեր պետության զարգացման տեսանկյունից նայելով։

Առաջին հերթին, պարոն Թունյան, պետք է առաջ նայել։ Մենք գիտենք, որ փոփոխություններն անհրաժեշտություն են, հատկապես քաղաքական հարթակում, և զարգացման հիմք են հանդիսանում, բայց միայն այն պարագայում, եթե պահպանվում են հին արժեքները, վերացվում են գոյություն ունեցող թերությունները, դրականի վրա հենվում և ապահովում երկրի զարգացումը։ Եվ փաստ է, այստեղ ոչ ոք չի կարող հերքել, որ այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքները, առաջին հերթին՝ Հայաստան-Արցախ ինտեգրված համակարգը և մնացած բոլոր արժեքները ոտնահարվեցին, իսկ թերությունները բազմապատկվեցին։ Երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ, իսկ շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում են, անհաջողությունների շղթան այսօր էլ շարունակվում է։ Դա է հիմք հանդիսանում, որ, որպես ընդդիմություն՝ մենք քննադատում ենք ձեզ, իսկ դուք քննադատում եք անցյալը։ Անցյալում ձեզանից ոմանք եղել են այդ արժեքների կրողներից մեկը, իսկ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ: (Խոսում են դահլիճում։) Լսեք …

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, լռեք դահլիճում։ Շարունակեք, պարոն Օհանյան։

 Ս.ՕՀԱՆՅԱՆ

-Հետևաբար՝ ես կարող եմ ասել, որ առաջին պատասխանն այն կլիներ, որ եթե հետևողական արժեքների վրա հենված աշխատանք լիներ, ապա այս ամենը Հայաստանի և Արցախի հետ տեղի չէր ունենա։

Իհարկե, ես չեմ ուզում անդրադառնալ այս ջղաձգումներին, նաև մեկ օր առաջ տեղի ունեցող ջղաձգումներին, հասկանում եմ, որ մարդիկ են, որոնք ուզում են ցույց տալ, նույնիսկ տարբեր փողոցային արտահայտություններով, փողոցային պահվածքով, որը մեզ համար անընդունելի է, ուզում են ցույց տալ, որ տղամարդկային արժեքներ ունեն։ Եվ ոչ թե իրավիճակը, ոչ թե միջադեպերն են մեզ մոտ ժպիտ առաջացնում, այլ ժպիտ է առաջացնում այն կեցվածքը, որ այստեղ` տրիբունայում, դրսևորում են ոմանք և որոշակի նաև ծաղրածուական տեսակետ են արտահայտում։

Եվ այս ժամանակահատվածում նաև մենք կանդրադառնայինք քննադատություններին և ինքնաքննադատություններին։ Երկար ժամանակ է, որ մենք աշխատում ենք, ես երբևիցե չտեսա, որ իշխանությունն ինքնաքննադատաբար վերաբերվեր այս իրավիճակին։

Իհարկե, ի՞նչ կանեինք մենք և, իրոք, կարելի էր անել ավելին։ Իրար հետ կապված են, իրավիճակից բխող հրատապ և համակարգային քայլեր պետք է ձեռնարկվեն, և այդ քայլերի հաջորդականությունից է կախված, թե ինչպիսին կարող է լինել մեր անվտանգությունը։ Հնարավոր էր, իհարկե, երբ անվտանգության համար, անվտանգության տեսանկյունից ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական տրվեր, որովհետև այն, ինչ կատարվել է և այսօր կատարվում է սահմաններում, դա հետևանք է այն զիջողական քաղաքականության, որն սկսվել է Կուբաթլուի տարածաշրջանից, Կապանից, Գորիս-Կապան ճանապարհի հանձնելուց, Սև լճից, Իշխանասարից, Ջերմուկից, Գեղարքունիքի հատվածից և այլն։ Եվ դրա այսօրվա շարունակությունն արտահայտվում է նաև Տավուշի մարզում։

Այն ժամանակ երկրի իշխանությունները բանավոր ցուցում տվեցին, որ պետք է հետ դառնալ մոտ 20 կմ, չհասկանալով, որ յուրաքանչյուր այդպիսի մետր այսօր հիմք է հանդիսանալու հենց սահմանազատման և սահմանագծման օրինական իրականացման շրջանակներում։ Էլ չեմ ասում, որ, ուղղակի, խաթարվեց Արցախի և Հայաստանի միջանցքի տրամաբանությունը, և Արցախը, երկար ժամանակ գտնվելով շրջապատման մեջ, ուղղակի, ձեր ձեռքերով հանձնվեց, որքան էլ դուք այսօր ասեք՝ դուք կապ ունեիք իշխանությունների հետ, անձամբ ես և մեզանից ոչ մեկն Արցախի իշխանությունների հետ կապ չի ունեցել, դուք եք անմիջական այդ կապն ունեցել և դուք եք անընդհատ իրենց հետ աշխատել։

Այնուամենայնիվ, իրավիճակի ողջամիտ գնահատումը պահանջում էր, որպեսզի այս խնդիրներին մենք անդրադառնանք 44-օրյա պատերազմի հետևանքների լուրջ ուսումնասիրմամբ։ 3,5 տարի է անցել, մենք լուրջ ուսումնասիրություն, պաշտպանական ռազմավարական վերանայում չենք իրականացրել, և դրա արդյունքում այսօրվա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական դոկտրինը, որը նոր պահանջներ ունի իր մեջ, շարունակում է մնալ նույնը։ Մենք լինեինք, ես լինեի, այդ աշխատանքը կիրականացնեի, որպեսզի մենք մեր գործունեության մեջ, թե՛ ազգային երաշխիքների ձևավորման, թե՛ միջազգային երաշխիքների ձևավորման մեջ հենվեինք միայն ու միայն այդ մեր կարևոր փաստաթղթերի վրա։

Խոսում եք խաղաղության մասին. բոլորն են ձգտում խաղաղության, դրանք լոկ խոսքեր չպետք է լինեն, դրանք պետք է լինեն արժանապատիվ խաղաղության շրջանակներում։ Դրա համար պետք է ինստիտուցիոնալ կարողություններ ու քայլեր մշակել։ Որո՞նք են դրանք։

Ամենաառաջին քայլը՝ այսօրվա իրավիճակից ելնելով, հրատապության առումով. պետք է անհապաղ բեկում մտցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ կամ սահմանազատման և սահմանագծման փոխարեն միակողմանի զիջումների մեջ, կասեցնել, դանդաղեցնել և իրական սահմանագծում և սահմանազատում իրականացնել, որն այսօրվա իրականության մեջ արտահայտվում է ԵԱՀԿ քարտուղարության փաստաթղթերի պահանջների համաձայն` իր սկզբունքներով, գործողությունների իր հերթականությամբ, և այդպես էլ պետք է իրականացնել։ Ընդ որում՝ այդ ամենը չի կարող իրենից սպառնալիք կամ վտանգ ներկայացնել, եթե դիվանագիտական լուրջ հմտության տեր անձնավորություններ այդ աշխատանքներն իրականացնեն և ներկայացնեն և՛ միջազգային հանրությանը, և՛ Ադրբեջանին, որ սահմանազատումը, սահմանագծումը պետք է իրականացնել համապատասխան սկզբունքներով և համապատասխան հերթականությամբ։ Դրա արդյունքը չի կարող հանդիսանալ ապագա լարվածության և ապակայունացման աղբյուր։ Դրա հատվածական իրականացումը, միակողմանի զիջումները, սահմանամերձ համայնքի մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարումը տեղանքի կարևոր տարրերի, բնական արգելքների, ես չեմ ասում՝ ջրօգտագործման, այլ բնական արգելքների օգտագործումն ապագա սահմանը գծելու համար անհրաժեշտություն է, և այն, ինչ այսօր իրականացվում է, հետագայում մենք դրա վտանգներն իրականում տեսնելու ենք։ Միանշանակ, այդպես կարելի է հրադադարը և այսօրվա իրականությունն անշրջելի դարձնել։ Խաղաղության համար անշրջելի քայլերից մեկը՝ սահմանազատումն և սահմանագծումը, օրինական, միջազգային նորմերի համաձայն, առաջավոր փորձի համաձայն իրականացնելն է։

Պետք է գալ համատեղ այնպիսի պայմանների, որ պատերազմը ոչ մի կողմի ձեռնտու չլինի և յուրաքանչյուր կողմ հավատա, հասկանա, որ նշված իրավիճակում իր կողմից ցանկացած խախտում կարող է կործանարար լինել և այդ առումով կարող է հարված ստանալ հակառակորդից։

Այստեղից բխում է այն, որ երկրորդ ինստիտուցիոնալ կարողությունը մեր ազգային երաշխիքն է, մեր բանակի իրական բարեփոխումներն են։

Բանակի բարեփոխումների մասին խոսելիս ես կուզենամ ասել հետևյալը. զարգացման համար հիմք են հանդիսանում որակական փոփոխությունների և մարտական կարողությունների վերականգնմանը և կատարելագործմանն ուղղված աշխատանքները` հիմք ընդունելով կազմ-հաստիքային, կառուցվածքային փոփոխությունները, հիմք ընդունելով ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, նաև երկրի պատրաստությունն ագրեսիային դիմագրավելու համար։ Իսկ այն իրականացվում է տնտեսական, գաղափարական, ներքին, արտաքին, նաև զինված ուժերի իրատեսական կիրառման ռազմավարական համապատասխան նպատակներով իրականացնելու շրջանակներում, այն, ինչ դուք մինչև այսօր չեք իրականացրել։

Ես պետք է խնդրեմ, որ ֆրակցիայի անունից ելույթի ժամանակ շարունակեմ իմ խոսքը։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Եթե ուզում եք, հիմա շարունակեք, համարենք սա ֆրակցիայի անունից ելույթ։ Շարունակեք, խնդրեմ։ Ավելացրեք, խնդրեմ, ժամանակը, ահա, ավելացրեցին։

 Ս.ՕՀԱՆՅԱՆ

-Բանակի և երկրի նախապատրաստումն ագրեսիայի դիմագրավման համար։ Տեսեք, թե դուք ինչ եք անում։ Համապատասխան կառույցների, ուժային կառույցների, ոստիկանության, տարբեր տիպի մարդկանց, չգիտեմ, աշխատավարձերի բարձրացում եք իրականացնում, բայց բանակի բազային աշխատավարձի բարձրացումն ատեստացիայի անվան տակ իրականացնում եք և ամբողջ աշխարհով մեկ հայտարարում, որ մեր ամբողջ բանակից չգիտեմ քանի հազար մարդ է անցել այդ ատեստացիան։ Իրականում սա լուրջ հարված է բանակի համալրման գործընթացին, որովհետև ձեր համապատասխան գործընկերների հետ ատեստացիայի մասին խոսելիս ես ասել եմ, որ ատեստացիան ոչ թե աշխատավարձ է, այլ ատեստացիան համապատասխանությունն է տվյալ պաշտոնին, տվյալ զինվորականի անձնական հատկանիշների համադրումն է նրա իրատեսական աշխատանքի արդյունքում։ Իսկ այն, ինչ դուք իրականացնում եք, դասային որակավորումների աշխատանքի իրականացումն է։

Մյուս քայլը, որը մենք պետք է ձեռնարկենք և մենք կձեռնարկեինք, դա Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման ուղղությամբ ռեալ գործողություններն են` աշխարհաքաղաքական մեր դիրքը դարձնելու աշխարհաքաղաքական պոտենցիալ։ Այսինքն` քաղաքական, տնտեսական փոխշահավետ համագործակցության արդյունքում երկարատև վստահության մթնոլորտի ձևավորումն է։ Իհարկե, այս խնդիրն իր մեջ երկարատև աշխատանք է պարունակում, բայց դրա հիմքերն այսօր պետք է դրվեն: Եթե դրա հիմքերն այսօր չդրվեն լուրջ դիվանագիտական հարաբերությունների, լուրջ ենթակառույցների զարգացման առումով, ապա հետագայում մենք, իհարկե, խնդիրներ ենք ունենալու։

Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք և ասել ենք, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար խաղաղությունը ոչ թե երաշխիք է, այլ խաղաղությունը հիմնարար արժեք է։ Այդ հիմնարար արժեքի համար գոյություն ունեն երաշխիքներ, դրանք ազգային և միջազգային երաշխիքներն են։ Ազգային երաշխիքը նաև ներքին համախմբվածությունն է։ Այն մթնոլորտը, որ այսօր ձևավորվել է` միակողմանի գնահատական, ուժային կառույցների լայնամասշտաբ օգտագործում, բռնություններ, ոչ մի տեղ երկարատև առումով չի տանում, սա տանում է միապետության, և դրա շահառուն այսօրվա քաղաքական մեծամասնությունն է, միանշանակ, մենք բոլորս տեսնում ենք։

Ոչ ոք չի ասում, ինքնաքննադատաբար ասելով, որ նախկինում չեն եղել թերություններ, չեն եղել խնդիրներ, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է տարվի։ Բայց այդ թերությունները ոչ թե պետք է կրկնվեն, բազմապատկվեն, այդ թերությունները պետք է լուծվեն ոչ թե միայն ու միայն ուժային ձևաչափով, բռնություններով, անհամաչափ ուժերի կիրառմամբ, այլ իրավագիտակցության բարձրացմամբ։

Օրինակ` մենք մեր գործողությունների ընթացքում կավելացնեինք ոչ թե ոստիկանական ուժերը, կաշխատեինք իրավագիտակցության վրա և այդ ոստիկանական ուժերի փոխարեն բանակում կձևավորեինք հատուկ նշանակության ստորաբաժանումներ արագ տեմպերով։

Իհարկե, ես խոսում եմ խնդիրների մասին, խորությամբ չեմ անդրադառնա, որովհետև դրանք իրենց մեջ, կարծում եմ` նաև գաղտնիքներ են պարունակում։ Բայց այս 3,5 տարիների ընթացքում ո՛չ պաշտպանության, ո՛չ էլ կառուցվածքային, կազմ-հաստիքային փոփոխություններ, զինված ուժերի պատշաճ մակարդակի համալրման ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվել։

Միջազգային երաշխիքները դիվանագիտական համապատասխան աշխատանքն է, միջազգային հարաբերությունների ձևավորումն է, ընդ որում` ազնիվ հարաբերությունների ձևավորումը, ելնելով մեր աշխարհագրական դիրքից, մեր աշխարհագրությունից, անվտանգային տնտեսական ճարտարապետությունից` դաշնակցային համապատասխան ռազմավարական գործընկերային մոտեցումների խորացումն է և միասնական, նաև, եթե ուզում եք իմանալ, զինված ուժերի հետ կապված՝ միացյալ զորախմբի կազմում համապատասխան կարողությունների ավելացումն է։ Իհարկե, այստեղ կան խնդիրներ, բայց խնդիրներից չպետք է խուսափել, խնդիրները չպետք է շրջանցել, այդ խնդիրներին պետք է հայտարարել հանդիպակաց մարդ, գնալ բանակցել խելացի կերպով և լուծել այդ խնդիրները, որոնք ձևավորվում են նաև դաշնակցային առումով կամ մեր հարևանների հետ։ Այս առումով գոյություն ունեցող խնդիրների հաղթահարումը դաշնակցային հարաբերությունների մեջ ամենակարևոր ուղղությունն է, և եթե ես, մենք լինեինք, այդ ուղղությամբ լուրջ աշխատանք կիրականացնեինք։

Պետք է բոլորը տեսնեն, որ պետության քայլերը դեստրուկտիվ չեն, չեն կարող բերել այստեղ շահերի բախման։ Մեր տարածաշրջանը չի կարող դառնալ ուժային կենտրոնների շահերի մրցակցության հարթակ, այլ, ընդհակառակը, ինչպես ես ասացի, մեր դիրքը խելացի կերպով պետք է վերածվի աշխարհաքաղաքական պոտենցիալի, վերածվի կարևորության, և մեզ հետ հաշվի նստեն։

Այսօրվա գործողությունները թույլ են տալիս՝ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի առումով նաև մեկուսացված վիճակում է, և դա թույլ է տալիս Ադրբեջանին՝ միակողմանի հարաբերություններ ձևավորել և առանց դատավորի ստիպել, որ մենք առանց որևիցե ընթացակարգի կամ ընթացակարգերի պաշտպանման գնանք միակողմանի զիջումների։

2021 թվականի նոյեմբերին մենք նախաձեռնել էինք սահմանազատում և սահմանագծում, արտահերթ նիստ, հետագայում նաև լսումներ, որոնց հիմնական առիթն Ադրբեջանի կողմից օկուպացիոն քաղաքականության շրջանակներում փաստացի սահմանագծում իրականացնելն էր։ Այսինքն` ինքն առանց որևիցե հարաբերությունների, սահմանագծում էր իրականացնում մեր տարածքներում` գրավելով մեր տարածքների զգալի մասը, դրա մասին թվերով չասեմ։ Այսօր Ադրբեջանը նույնկերպ այդ ամենն իրականացնում է` սահմանազատումը և սահմանագծումը, բայց իրականում սահմանագծումն իրականացնում է արդեն մեր իսկ ձեռքերով, այսինքն` միակողմանի զիջումներով։ Հրատապ խնդիրն այս իրավիճակում դրա դեմն առնելն է։

Եվ ամենավերջինը, ինչին ես կուզեի անդրադառնալ։ Իհարկե, այս ամենն իրականացնելու համար կառավարման լուրջ համակարգ է պետք և բանակցողներ։ Կառավարման արդյունավետ համակարգի գործունեությունը չպետք է արտահայտվի միայն մեկ անձի գործունեությամբ, մեկ անձի գործողություններով։ Գոյություն ունեն որոշումների ընդունման ընթացակարգեր, քննարկումների մշակույթ, թիմային աշխատանքի խնդիր։ Այդ թիմային աշխատանքի արդյունքում է, որ մենք կարող ենք այս ամենի վրա ուշադրություն դարձնել։ Դա է պատճառը, որ մենք այսօր այս կառավարման համակարգը քննադատում ենք` ասելով հետևյալը. դուք եք, այս կառավարման համակարգն է երկիրը հասցրել այս վիճակի։ Եվ որքան էլ դուք փորձեք հակադարձել, փորձեք շեղել ամեն ինչ, մեր բնակչության ուշադրությունը սրանից շեղել, չի ստացվելու, որովհետև իրականություն է, չէ՞, այսօր իշխանությունը դուք եք, բոլոր լծակները ձեր ձեռքին են, և միայն լծակների օգտագործմամբ կարող եք հասնել որոշակի հաջողությունների։ Իսկ ընդդիմությունը կարող է իր քննադատությամբ, իր այլընտրանքի ձևավորմամբ ինչ-որ որոշակի հուշել կամ նաև պարտադրել, որ ինչ-որ քայլեր իրականացվեն։ Բայց Ազգային ժողովում աշխատանքի ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք բխել են իրավիճակից և հիմնականում անվտանգության և Արցախի հետ կապված խնդիրներ են ունեցել, բոլորը դուք մերժել եք։

Եթե դուք ուզում եք իմանալ, նաև ձեր տեղը լինելով` ոչ թե մենք պետք է առաջին հերթին իշխանափոխության մասին խոսենք, դուք ինքներդ պետք է իշխանության փոփոխության մասին մտածեք` մեկ անձին` Նիկոլ Փաշինյանին, հարց տալով, քո պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում, քո պատճառով է, որ մենք քո հետևից գնալով` երկիրը տանում ենք այնպիսի իրավիճակի, որ օղակը մեր երկրի շուրջը սեղմվում է։ Եթե դա չեք իրականացնում, նշանակում է, որ ամբողջական իշխանափոխությանն այսօր այլընտրանք չկա։

Տեսեք, խոսելով քաղաքական էլիտաների փոփոխության արդյունքում հաջողություններից, դուք ինքներդ ձեր թերությունները չեք տեսնում, դուք տեսնում եք միայն նախկին թերությունները։ Բայց ձեր թերությունները մենք բոլորս ակնհայտ տեսնում ենք։ Եվ եթե այդ թերություններն առկա են, երկիրը գտնվում է այս ծայրահեղ, շատ վատ վիճակում, դա նշանակում է, որ այսօր էլ քաղաքական իշխանության քաղաքական էլիտայի փոփոխությունն անհրաժեշտություն է։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Վահագն Ալեքսանյան։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Օհանյան, ասում եք` երեկ էլ էս ամբիոնից ջղաձգումներ, տղայական ինչ-որ բաներ և այլն։

Լավ, հիմա անդրադառնամ, թե ինչ է տեղի ունեցել. լրագրողն ինչ-որ լայվ է արել, մեջը կարծիք է ասել, դե, ասել՝ ասել է։ Դրա համար՝ էս շարժումը, որին նաև ձեր խմբակցությունն է մասնակցում, դիմել է դատախազություն։ Գնացել է դատախազություն, դիմում է գրել, այսինքն` դիմել է օրենքին։ Հետո ձեր դաշինքի պատգամավորի թիկնապահը եկել, լրագրողին խփել է։ Դատախազությանը դիմում է գրել, մի հատ էլ հետո եկել, խփել է, մի հատ էլ խփելուց հետո …

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Պարոն Օհանյան, տեղից մի պատասխանեք, 20 րոպե ելույթ էիք ունենում, ոչ ոք ձեզ չէր խանգարում։ Շարունակեք, պարոն Ալեքսանյան։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Խփելուց հետո էլ մի հատ էլ քաղաքացիական հայց է ներկայացրել։ Հիմա՝ անհամեստ հարց, էլի, էդ ո՞ր տրամաբանության մեջ եք դուք ապրում, աշխատում, արարում, ստեղծագործում։ Մի հատ դատախազություն եք դիմում, մի հատ գնում, փորձում հետը տղայավարի, խփելով հարց լուծել, մի հատ էլ հետո էլ քաղաքացիական հայց ներկայացնել։ Մեզանից ի՞նչ եք սպասում էդքանից հետո, պետք է գանք, ճակատներդ պաչե՞նք։ Է, չենք պաչելու։ Ի՞նչ եք ակնկալում, պիտի ողջունե՞նք, ծափերով դիմավորե՞նք, ասենք` կեցցեք դուք ու ձեր թիկնապահները, հզոր եք, ուրախ եք, կեցցեք, իսկական հայրենասիրական քայլ։ Ի՞նչ եք առաջարկում, որ անենք։ Երեք պատգամավոր ելույթ ունեցավ, մեկը կես բառ չասաց դրա մասին։ Մեկը չասաց՝ վատ բան է եղել, գոնե ձևական, էլի, էն մանտրայի պես, որ ձևականորեն ասում են՝ դե, ցանկացած բռնություն դատապարտելի է, նույնիսկ էդ չասացիք, հարգելի գործընկերներ։ Ի՞նչ եք սպասում, որ պիտի անենք դրանից հետո։ Կամ տղայական … կամ մեր պատգամավորները, իբր, ոչինչ են եղել։ Է, հազար ներողություն, պարոն Օհանյան, հազար ներողություն, որ ձեր խմբակցությունից մի քանիսի պես ոսկե տակաշորերով չենք ծնվել։ Հազար ներողություն, հիմա տենց է ստացվել։

Բայց ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը հավերժ չէ, ինձ թվում է` դուք, ուղղակի, մեզ լավ չեք ճանաչում, մի մասիս. առնվազն, ես ձեզ պիտի հիասթափեցնեմ։ Էն հայտարարությունները, որ մենք էստեղից ենք անում, իմացած լինեք, որ դրանից շատ ավելի կոշտ ու շատ ավելի հետաքրքիր հայտարարություններ արել ենք, երբ եղել ենք ընդդիմադիր ու առանց ինչ-որ պետական պաշտոն զբաղեցնելու կամ ինչ-որ նման մի բան։ Շատ ավելի հետաքրքիր ու կոշտ հայտարարություններ արել ենք, պարոն Օհանյան, վստահ եղած լինեք։ Ի տարբերություն ձեր խմբակցության որոշ ներկայացուցիչների` մեր խոսքը, մեր ազատամտությունը, արտահայտվելու մեր ունակությունը պաշտոնի կամ պաշտոնի եղած հայրիկի բերումով չէ, որ կա։ Մենք մեր սկզբունքները, մեր մոտեցումները պաշտոնի եղած ժամանակ չէ, որ արտահայտում ենք կամ արտահայտել ենք, բայց ինչևէ: (Խոսում են դահլիճում։)

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Ներողություն, պարոն Ալեքսանյան։ Արմենուհի Կյուրեղյանին հայտարարում եմ նախազգուշացում։ Տիկին Կյուրեղյան, հերիք չէ՝ դուք համարյա ամեն նիստին տեղից ռեպլիկ եք անում, մի հատ էլ վիրավորական ռեպլիկներ եք անում։ Խնդրում եմ դադարեցրեք դա։ Շնորհակալություն։ Պարոն Ալեքսանյան, շարունակեք։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Տիկին Կյուրեղյան, ինձ ոչ ոք չի կարող ինձ թույլ տալ կամ թույլ չտալ, որ ես ինչ-որ բան խոսեմ` հենց ձեր նշած պատճառով էլ։ Հասկանո՞ւմ եք, ձեր կուսակցության կամ քաղաքական թևի հիմնական բանը գիտե՞ք՝ ինչն է, էդ cringe-ը, էսպես, ժամանակակից լեզվով ասած, որ ինչ էս յոթերորդ գումարումից, չէ, ութերորդ գումարումից սկսած ինչ ես եմ պատգամավոր, ինչ դուք եք պատգամավոր, երկու հիմնական ուղղությամբ եք փորձել ինձ թիրախավորել, մեկը՝ սուտ տարածելով, թե ես երբևէ եղել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ինչը բացարձակ սուտ է, և երկրորդը՝ թիրախավորելով իմ կազմվածքը, որն էլ որոշակիորեն փոխվել է։

Փաստացի, տիկին Կյուրեղյան, եկեք խոստովանենք հետևյալը, որ այս պահի դրությամբ ընդդիմության բոլոր արգումենտները, ընդդիմության բոլոր թիրախավորումներն իմ նկատմամբ սնանկ են, ինչպես և ձեր ողջ քաղաքական գիծը, տիկին Կյուրեղյան։

Այսպիսով, շարունակեմ։ Պարոն Օհանյան, երբ ասում եք, որ մեր պատճառով է խզվել Հայաստան-Արցախ կապը, էստեղ մի մեծ, շատ մեծ հանցանք եք կատարում ճշմարտության դեմ, որովհետև Հայաստան-Արցախ կապը խզվել է, երբ ռուսական խաղաղապահների թողտվությամբ փակվել է Լաչինի միջանցքը։ Էդ ժամանակ է խզվել Հայաստան-Արցախ կապը։ Էդ մենք չենք, որ գնացել ենք էնտեղ, ճանապարհ ենք փակել, մենք չենք, որ թույլատրել ենք, որ էդ ճանապարհը փակվի։ Էդ ճանապարհը փակողներն էլ են հայտնի, էդ ճանապարհը փակողներին թույլտվություն տվողներն էլ են հայտնի։ Մենք ամեն կերպ ամեն հնարավոր քայլ փորձել ենք կատարել, որպեսզի էդ կապը վերականգնվի ու էդ ճանապարհը բացվի։ Չի ստացվել՝ չի ստացվել, ինչևէ։

Ինչ վերաբերում է մյուս մասին, որ ասում եք` Արցախի իշխանությունների հետ դուք կամ ձեր խմբակցություններից մեկը կապ չունի։ Ո՞նց չունի։ Պարոն Օհանյան, Արցախի ազգային ժողովի նախագահը դաշնակցության անդամ է, ձեր խմբակցության մեծ մասը դաշնակցությունն է։ Դե, ո՞նց կապ չունեք, բա, կարո՞ղ է՝ «ՔՊ»-ից է էդ մարդը։ Էդ նշանակում է` դուք կապ չունե՞ք։ Մենք Լեռնային Ղարաբաղին ասում էինք` գնացեք Սոֆիա, բանակցեք, դուք այստեղից հայտարարություններ էիք անում, ասում էիք` ոչ մի քայլ հետ անկախության սկզբունքից, ոչ մի քայլ հետ անկախության սկզբունքից։ Մենք այստեղից ասում էինք` պետք է գնալ, բանակցել միջազգային հարթակներում, նորմալ, հնարավոր հարթակներն ստեղծում էինք, ամեն ինչ անում էինք, որ դա ստեղծվեր, Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովը հայտարարություն էր անում, ասում էր` Հայաստանի էս դավաճան իշխանություններն էս ի՞նչ են ուզում մեզանից, դուք վաբշե ուրանում եք ամեն ինչ, մոռանում եք, էս եք անում, էն եք անում։ Վերջում գնացին Եվլախ։ Սոֆիա ու Եվլախ, սա է տարբերությունը, Սոֆիա ու Եվլախ։ Մենք առաջարկում էինք Սոֆիա, դուք տարաք Եվլախ։ Սա է իրականությունը, ոչ մի ուրիշ բան։ Ձեր քաղաքական գիծը տարավ հասցրեց Եվլախ։ Էն մարդիկ, որոնք առավոտից իրիկուն մեզ քննադատում էին, հայհոյում էին, վիրավորում էին, թուրք էին անվանում, դավաճան էին անվանում, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ընտրեցին նախագահ, ի դեպ՝ ընտրության ժամանակ էլ, կարծեմ, էլի նույն տիպի տեքստեր արտասանելով մեր հասցեին, ընտրեցին նախագահ, 9 օր հետո այդ նախագահն ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը, ու սա այն է, ինչը մնալու է պատմության բոլոր դասագրքերում բոլոր ժամանակներում։ Ու սրանից հետ կանգնել, սա մերժել, փորձել սա ինչ-որ կերպ փոխել … Ուզում եք՝ 40 հատ լրատվական պահեք, 50 հատ հոդված գրեք օրական, փորձեք էդ բոլոր հնարավոր մեղքերը մեզ վրա բարդել, չի՛ ստացվելու։

Կա պարզ ճշմարտություն՝ մեզ ատող, մեզ դավաճան համարող մարդիկ հանեցին իշխանությունից մի մարդու, որին անվանում էին մեր սատելիտ, նրա տեղն իրենց ձեռքով ընտրեցին մի մարդու, որը 9 օր հետո ստորագրեց համապատասխան փաստաթուղթ։ Էս է իրականությունը։ Ձեր լրատվականներն էլ ցնծությամբ ընդունեցին էդ փաստը, որ իշխանություն է այնտեղ փոխվել, ասում էին` հերթը Հայաստանին ե՞րբ կհասնի։ Հիմա հասկանալի է, թե ինչ նկատի ունեին` հարցնելով, թե հերթը Հայաստանին ե՞րբ կհասնի։ Ակնհայտորեն, նման մի լուծարման փաստաթուղթ էլ Հայաստանի համար են ակնկալում, սպասում, սպասում ու տենց սպասելով էլ բոլորը գնալու են հանդերձյալ աշխարհ, ես ձեզ դրանում վստահեցնում եմ։

Բայց մի կարևոր բան կա, պարոն Օհանյան, շատ կարևոր բան. երբ ես երեկ այստեղից ասում էի, որ չհամարձակվեն ձեր խմբակցության պատգամավորները, ձեր ուժի ներկայացուցիչները մտածել, որ հին ժամանակները եկել են, դա ես միանգամայն լուրջ էի ասում, ու ես սա կրկնում եմ, էլի եմ կրկնում ու շատ եմ կրկնելու։ Ոչ մի պարագայում չմտածեք, թե կարող է՝ հին ժամանակներն ինչ-որ մի պահի վերադառնան, չեն վերադառնալու էդ ժամանակները, պարոն Օհանյան։ Չեն վերադառնալու թիկնապահների կողմից լրագրողներին ծեծելու ժամանակները, քաղաքացիներին ծեծելու ժամանակները, զուգարաններում սպանելու ժամանակները։ Էդ ժամանակները երբեք չեն վերադառնալու, պարոն Օհանյան։

Դե, դուք չեք ունեցել, դե, տեսեք, դուք խմբակցության ղեկավար եք, չունեք թիկնապահ, բայց ձեր խմբակցության անդամներն ունեն թիկնապահ. էսպիսի անարդար կյանք։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Լիլիթ Գալստյանը խնդրել էր վերականգնել իր ելույթի իրավունքը, բացառության կարգով անում եմ։ Համեցեք. Լիլիթ Գալստյան։

 Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, առավոտյան թշնամու առջև մեր հայրենիքի դարպասները բացելու ֆոնին, իհարկե, շատ դժվար է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մասին խոսել, բայց ես պիտի խոսեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մասին, որովհետև այն Հայաստանում գնալով կարծրացող բռնատիրական ռեժիմի կարևոր շղթաներից մեկն է։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումն սկսվում է կառույցի մասին ազնիվ նպատակադրման մասին հաստատումով՝ բարձրացնել հանրության վստահությունը։ Հետո շարունակվում է. «Անհնար է ձեռք բերել վստահություն և հարգանք, եթե կարգավորող մարմինը չի ապահովում անչափություն, անկախություն, ունակ չէ ձերբազատվել քաղաքական և ընկերական կողմնակի ազդեցությունից»։ Հրաշալի է, բայց սոսկ տեսականորեն և միայն թղթի վրա:

Պարոն Հակոբյան, ես ձեզ չեմ հավատում։ Դուք, պարզապես, համոզիչ չեք, որովհետև իրականությունը, և հատկապես` ձեր և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշ անդամների հանրային վարքը բոլորովին այլ բանի մասին է խոսում։

Իր լիազորություններն իրագործելիս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ իբրև անկախ սահմանադրական կառույց, պետք է առաջնորդվի մի շարք օրենքներով, գլխավորապես Սահմանադրությամբ և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։

Սահմանադրության 197-րդ հոդվածը սահմանում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»։

Այս պահանջն է ամրագրված նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 34-րդ հոդվածում հետևյալ լրացումով. «Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»: Եվ ամենակարևոր լրացումը. կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են, ուշադրություն դարձրեք, գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործառույթների նկատմամբ:

Դուք, պարոն Հակոբյան, ըստ էության, արհամարհել եք թե՛ Սահմանադրության նորմը, թե՛ օրենքը՝ զբաղվելով ձեր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ։

Տևական ժամանակ է, որ իշխանությունների մեդիա հարթակի և նրա քաղաքական հիմնական խոսափողի վերածված «Հ1»-ում Պետրոս Ղազարյանի հետ քաղաքական հաղորդում եք վարում՝ անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, իշխանահաճո քաղաքական գնահատականներ հնչեցնելով ընդդիմության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։

Մինչդեռ դուք՝ ի պաշտոնե որպես կարգավորող պետական մարմնի նախագահ, քաղաքական չեզոքության և քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք։ Դուք, որ պաշտոն ստանձնելիս երդվել եք հավատարիմ լինել Սահմանադրությանը և օրենքներին, պարտականությունները կատարել բարեխղճությամբ, ազնվությամբ, անկողմնակալությամբ, Հանրային հեռուստաընկերության «Դիալոգ» քաղաքական-վերլուծական հաղորդման շրջանակներում վերածվել եք քաղաքական մեկնաբանի և իշխանական նարատիվների քարոզչագործիքի։ Սա, պարզապես, անընդունելի է, անարգանք և արհամարհանք Սահմանադրությանը, պետականությանն ու օրենքի գերակայությանը։

Ահա ձեր և Պետրոս Ղազարյանի համատեղ հաղորդումներից մի քանի խորագրեր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ փրկությո՞ւն, թե՞ իշխանափոխություն», «Ի՞նչ է անում խաղաղապահը և ինչու՞ հեռացավ», «Ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու և տրանսպորտի ռեֆորմի մասին», «Ինչի՞ հետևանք են սահմանային վերջին իրադարձությունները», «Օսկանյանի վերջին հայտնությունը», «Ռուսաստանի ապագան», «Տավուշ, ընդդիմություն, եկեղեցի. թացը՝ չորից»։

Ամենալավագույն ցանկության դեպքում սա ո՛չ կրթական, ո՛չ գիտական, ո՛չ էլ ստեղծագործական գործունեություն չէ, պարոն Հակոբյան։ Ձեր կոնտեքստում սա հակաօրինական, ձեր լիազորությունները վերազանցող գործունեություն է, որը ո՛չ վստահություն, ո՛չ էլ հարգանք չի կարող ներշնչել, որովհետև դուք ակնհայտորեն խախտել եք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջներից մեկը՝ ստանձնելով պրոիշխանական, օպերատիվ լրագրողի, նրա քաղաքական նարատիվների մեկնաբանի առաքելություն։ Ի դեպ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում նրա լիազորությունները կարող են դադարեցվել Ազգային ժողովի կողմից, բայց Ազգային ժողովում դուք եք և, ինչպես ասած, զորությունը ձերն է` արհամարհելով օրենք, Սահմանադրություն։ Սա ձեր մասին չէ։

«Որպես քաղաքացի՝ իմ կարծիքն իմ մեջ չեմ ուզում պահել, գտնում եմ, որ ասելիք ունեմ», - արդարանում եք դուք։ Կարծիք ունենալու իրավունքից, պարոն Հակոբյան, որևէ մեկը ձեզ չի զրկում, բայց դուք պիտի կողմնորոշվեք, եթե ձեր կարծիքն ու քաղաքական համոզումները հանրայնացնելն այդքան թանկ են և գերակա, քան ձեր պաշտոնի գերակայությունը, Հայաստանի Սահմանադրությունն ու ձեր կառույցի գործունեությունը կարգավորող օրենքը, ապա զբաղվեք քաղաքական լրագրությամբ, կարծեմ, մասնագիտությամբ լրագրող եք։

Պարոն Հակոբյան, ձեր գնահատականներում դուք անգամ գերազանցել եք ինքներդ ձեզ` հանձնաժողովի նիստում իմ բացակայությամբ հայտարարելով, ցիտում եմ. «Ամեն դեպքում իմ բառապաշարն ավելի նուրբ է, քան Լիլիթ Գալստյանի և որոշ կուսակցությունների բառապաշարը»։

Դուք՝ որպես Ազգային ժողովին հաշվետու կառույցի ղեկավար, կրկնում եմ` հաշվետու կառույցի ղեկավար, իմ քաղաքական բառապաշարը, իմ համոզումները, իմ քաղաքական վարքը գնահատելու լիազորություն չունեք։ Սա` մեկ։

Երկրորդ. ես, ինչպես և Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, սեփական համոզումների և արժեքների դաշտում եմ գործում և, որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ձեր հրապարակային գործունեությունը գնահատելու և վերահսկելու գործառույթ ես ունեմ։

Ձեր բառապաշարի «նրբությունը», ուղղակի, անգերազանցելի է, չեմ կարող ձեզ հետ մրցել, հավատացեք, դուք սահմանադրական անկախ մարմնի այն ղեկավարն եք, որը սոցիալական հարթակում մեկ այլ հանրային անձի հրապարակայնորեն, կներեք, «իձի վ ժոպու» բառապաշարով է դիմում։ Եվ դուք դեռ կասկածի տակ եք դնում իմ և կուսակցությունների բառապաշարն ու մտահոգություն հայտնում ատելության խոսքի մասին, որ, իբրև թե, մեծագույն սպառնալիք է հասարակության համար։

Ձեր քաղաքական և հրապարակային անզսպվածության օրինակները, ցավոք, եզակի չեն։ Մեկ այլ լրատվամիջոցի կին լրագրողի հարցերին ի պատասխան` դուք տեսախցիկի առջև պոռթկում եք` դուք խուժան լրատվամիջոց եք, նստած՝ հետույքով բաներ եք մտածում։ Ես ներողություն եմ խնդրում այս բառերն այս ամբիոնից հնչեցնելու համար, բայց սրանք անաչառություն, անկողմնակալություն, բազմակարծություն խոստացող, հանրային շահ սպասարկող սահմանադրական մարմնի նախագահի հրապարակային խոսքից են։

Տրիվիալ մի ճշմարտություն. պաշտոնը, որը դուք եք զբաղեցնում, պարոն Հակոբյան, իրավական և սոցիալական բարձր պատասխանատվություն է ենթադրում, նաև վարքականոնի բարձր նշաձող։

Բայց դուք մենակ չեք. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ բանաստեղծ Հակոբ Մովսեսը, որն այս ամբիոնից եթերը մաքրելու, հանրային համերաշխության, չեզոքության բարձր, մեծ-մեծ արժեքներից էր խոսում, դարձյալ վերածվել է «ՔՊ»-ական վստահված անձի և դարձյալ «Հ1»-ի եթերում քաղաքական հաղորդման շրջանակներում հայտարարում է, կարծես թե, ընտրական արշավի է դուրս եկել. «Եթե այսօր իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»։ Անհերքելի է, որ դուք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում եք, որովհետև հավատարիմ եք օրվա իշխանությանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկ այլ անդամ` Հասմիկ Հակոբյանը, ևս հանդուրժողականության ու զսպվածության մաստեր կլաս է ցույց տալիս։ Նա հայտնի է որպես մի խմբագիր, որը «Գրանիշ» կայքէջից հայտարարությամբ հեռացրել է ոչ իշխանական գրողներին։ Խայտառակություն։

Ի դեպ, պարոն Հակոբյան, դուք, կարծես թե, օրինապահության հետ խնդիրներ ունեք, ես, իհարկե, ձեր դատվածությունը նկատի չունեմ։ Ես քաղաքական հնաբնակ եմ և հիշում եմ, որ 1995-ին, երբ դուք Հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության պետի պաշտոնն էիք զբաղեցնում, այդ պաշտոնին հրաժեշտ տվեցիք, որովհետև Հանրապետական ընտրությունների վերջին՝ լռության օրը, ի շահ օրվա քաղաքական մեծամասնության, ՀՀՇ-ի ժամանակներն էին, խախտել էիք Ընտրական օրենսգիրքը։

Հավանաբար՝ նախկինները, իսկ ավելի կոնկրետ՝ Հանրապետականը, 2016-ին ձեզ ընտրելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, հատկապես գնահատել է ձեր մշտապես պրոիշխանական կրքերն ու հավատարմությունը։ Այստեղ էլ մենակ չեք, դահլիճում այլ նախկիններ էլ կան։

Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովի իշխանական պատգամավորների քվեարկությամբ «Պետական պաշտոններ և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի աշխատավարձի դրույքաչափն ունեցավ 14 գործակիցը` հավասարվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, որն այստեղ նստած է, վարձատրությանը, դառնալով, մոտավորապես, 1 միլիոն 160 հազար` խորհրդարանական երկրում պատգամավորի աշխատավարձի կրկնակին, հիշեք սա։

Սա, իհարկե, աբսուրդ է, թեև ակնհայտորեն հասկանալի։ Բռնատիրության վերածված այս իշխանությունների համար որոշիչ և հենարանային են հավասարվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, դատախազությունն ու ոստիկանությունը։

Եվ, իհարկե, սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար։

Եվ, պարոն Հակոբյան, իհարկե, վստահության, համոզումի, հարգանքի մասին՝ որպես կառույց, ձեր անձը նկատի չունեմ, խոսք լինել չի կարող, և չեք կարող որևէ կերպ ինձ կամ հասարակությանը համոզել, որ ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշման մեջ քաղաքական նպատակադրում և քաղաքական պատվեր չկա։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Վահե Ղալումյան։

 Վ.ՂԱԼՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես իմ սիրած ժանրը չէ քննարկվող հարցին չվերաբերող որևիցե խոսք ասել, բայց գործընկերներիս ելույթից հետո իմ պարտքն եմ համարում և՛ իմ գործընկերներին, և՛ նիստին հետևող ազգաբնակչությանը ներկայացնել Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր առավոտյան կատարված միջադեպը։

Ի՞նչ է տեղի ունեցել. ռազմական ոստիկանությունը և պաշտպանության նախարարությունը նախատեսել են ու անցնել աշխատանքների Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ղազախի շրջանի Խրեմլու բնակավայրին հարող տարածքներն ականազերծելու համար, որին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, որպեսզի սույն գործողությունն իրականացվի, որի արդյունքում Կիրանց գյուղի գրեթե 30 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այնտեղ եղել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, որոնց հետ կապվել եմ և որոնք հավաստում են, որ ոչ ոք բռնության մասին չի խոսել։ Պարոն Նազարյան, ոչ մի մարդ բռնության չի ենթարկվել։ Դրա մասին հավաստիացրել են հենց բերման ենթարկվողները։

Բայց, քանի որ մոտեցել եմ ամբիոնին, ես ուզում եմ Կիրանց գյուղի, Ոսկեպար, Բերքաբեր և Բաղանիս գյուղերի վերջին զարգացումներին մի երկու խոսքով անդրադառնալ, քանի որ ես այդ մարզի բնակիչ եմ, դա իմ ծննդավայրին հարող տարածքներն են, համարում եմ իմ բնակավայրերը և խոսքս ուղղում եմ հենց այդ բնակավայրի իմ համագյուղացիներին` կիրանցեցիներին, պարոն Նազարյան, որտեղից ես և դու ենք, իմ կողմից շատ հարգված պարոն Նազարյան։

Հարգելի գործընկերներ, և՛ դուք, և՛ այդ նշված բնակավայրերի ճակատագրով հետաքրքրված ցանկացած մարդ, որն այցելում է այդ բնակավայրեր, ես ուզում եմ բնակիչների անունից շնորհակալություն հայտնել, չնայած նպատակները բացարձակապես տարբեր են։ Շատ լավ է, որ գնում եք գյուղացիների դարդը կիսելու, բայց էդ գյուղացիների դարդը դա չէ, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն։ Այդ գյուղացիների խնդիրն իրենց վերաբերվող 1-2 տան հարցն է, որոնց ընդառաջ` հանրապետության վարչապետն չորս անգամ արդեն ընդունել է, խոսել և ասել՝ այո, այդ խնդիրը մեր խնդիրն է, դա պետության խնդիրն է։ Իսկ թե պետությունը ոնց կարող է լուծել այդ խնդիրը՝ ցույց կտա առաջիկայում։

Կիրանց գյուղին վերաբերող 11 նշակետից 8-ի սահմանազերծման աշխատանքները պետք է կատարվեն մոտ օրերս, 3-4-ը հենց այդ բնակիչների պահանջով սեփականության վկայականների ուսումնասիրության համար հետաձգվել են, որը պետք է հասկանալ` ո՞րն է ճիշտ, ո՞րն անել։

Կիրանց գյուղի բնակիչներին այստեղից գնացած ոչ մի պատգամավոր և ոչ մի մարդ չի կարող բացատրել, թե 2020 թվականին ինչո՞ւ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շինարարությունը դադարեցվեց, ինչո՞ւ ճանապարհը փոխվեց, այնուհետև մինչև 2015 թվականը` 4 անգամ, որովհետև այդ ժամանակվա իշխանությունից ոչ մի մարդ կիրանցեցիների աչքերին չէր կարող նայել և ասել` ճշմարտությունը որն է։ Իսկ այս իշխանությունը եկել, ասել է` հարգելի կիրանցեցիներ, ոսկեպարցիներ, սահմանն այն չէ, ինչ մի քանի մարդ ասում է՝ որտեղ զինվորը կանգնած է։ Մենք սահմանը պետք է գծենք, սահմանագծման-սահմանազատման աշխատանքների ամենակարևոր արդյունքն այն է լինելու, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության սահմանում։ Զինված ուժերում, բանակում ոչ մի ավելի մեծ բարեփոխում չի կարող լինել, քան այդ սահմանազերծումը, որովհետև հայ զինվորը կարող է կռվել այն դեպքում, երբ կանգնած կլինի կիրանցեցու հողում, ոչ թե Խրեմլիում։

Հոգևորականներ կան՝ ինչ-որ ակցիայի մասնակից, այսօր առավոտյան ոնց որ այնտեղ չեն եղել։ Էդ մարդիկ ասում են՝ ով կասի՝ Խրեմլին ավերակ է, ով կասի՝ Ղըզըլ Հաջին ավերակ է, նրա ուղեղն է ավերակ։ Իր ուղեղն էլ չգիտեմ՝ ինչ է։ Ի՞նչը չի ավերակ, կարո՞ղ է մի մարդ այնտեղ անձրևից պաշտպանվելու մի հատ կառույց ցույց տալ։ Իհարկե, չկա նման բան։ Կիրանցեցու մատից փուշ հանողը գնում է պատերազմ հրահրի, կիրանցեցին 1994 թվին, գրեթե, մենակ էր, մարզի բնակչության հետ էր։ Էս էն պատերազմը չէ, որ Վազգենը կոչով դիմի, ասի` ամեն մարզից 10-15 հոգի է պետք ամեն ինչ փրկելու համար, սա էդ պատերազմը չէ։ Եվ եթե 1994 թվականից հետո պարոն Օհանյան, ռազմական ուժերում մեծ պաշտոններ, դիրք ունեցող, գեներալ մարդ, եթե այդ ժամանակ չեք կարողացել մեր պետության սահմանը գծել, զատել, հիմա ումի՞ց ի՞նչ եք ուզում։

2020 թվականի պատերազմը մեզ համար տենց շատ իդեալական պայմաններ է ստեղծել` շահեկան դիրքերից սահմանագծում-սահմանազատում անել, ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում, եթե կիրանցեցին մենակ է մնալու։ Իսկ դրան երկընտրանք չկա, էդ մարդիկ դա տեսել են։ Չի կարելի գնալ, կիրանցեցու ցավոտ հարցի կողքին կանգնել՝ սեփական շահ ունենալով, կիրանցեցուն էլ օգտագործել։ Ձեր քաղաքական ուժը Երևանի կենտրոնում ակցիա էր անում, ես ու ողորմածիկ Մաթոսն էինք նկարում, վրաններում մարդ չկար, հիմա Կիրանցում ակցիա եք անո՞ւմ։ Ներողություն եմ խնդրում։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հասմիկ Հակոբյան։

 Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ճիշտ է, զեկույցում ասվում է, որ ԶԼՄ-ներում նախորդ տարի ատելության խոսքի քարոզը քչացել էր, սակայն ես չեմ շտապում այս արձանագրմամբ ուրախանալ, քանի որ դա համեմատված է հետքովիդյան, հետպատերազմյան շրջանի հետ, երբ հիշում եք, թե ինչ էր կատարվում մեր պետությունում։

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Հիմա ատելության խոսքը, դրա դրսևորումները, ուղղակի, վխտում են Հայաստանում։ Հասարակության մեջ անընդհատ սերմանվում է ատելություն. ասում են` մենք ազգասեր ենք, իրենք` թրքասեր, մենք ազգային ենք, նրանք` ապազգային, ասում են` մենք հող պահող ենք, նրանք` հող տվող, մենք լավն ենք, նրանք դավաճան են, ու այս քարոզը շատ համակարգված է ընթանում։ Սրանում ներգրավված են ներկա և նախկին պաշտոնյաներ, հոգևորականներ, լրագրողներ, լրատվամիջոցներ, ֆեյքեր և այլն։

Նաև կոնկրետ ուղղորդված քարոզ է գնում պետության դեմ. ասում են` սա պետություն չէ, ասում են` էստեղ ապագա չկա։ Հիմա այս քարոզին միացած եկեղեցականներն ասում են` էս Հայաստանը Հայաստան չէ, վարչապետի ցույց տված Հայաստանը տարբեր արշավանքներից մնացած ինչ-որ մաս է, հատված է և ոչ Հայաստան։ Մյուս հոգևորականը կոչ է անում զինվորականերին` գալ և բռնությամբ իշխանություն վերցնել։ Պարոն Նազարյանն ասում է` Աստծուց հեռացել ենք, մենք Աստծուն պետք է մոտենանք հենց նաև հոգևորականների օգնությամբ և շնորհիվ։ Բայց արդյո՞ք այս կոչերը մոտեցնում են Աստծուն, թե՞ հեռացնում են։

Այդ հոգևորականներից մեկն էլ օրերս Տավուշում իր շուրջ հավաքված մի քանի ցուցարարների ասում էր` մենք իսկական հայերով քիչ ենք, փոքրամասնություն ենք մնացել մեր հանրապետությունում` ակնհայտորեն նկատի ունենալով, որ իշխանությունը և իշխանությանը սատարողները հայ չեն։

Իսկ ի՞նչ նպատակ ունի հատկապես 2018 թվականից հետո գեներացվող այս ատելության քարոզը։ Ակնհայտորեն մեկ նպատակ ունի` բռնությունն իշխանության, իշխանության ներկայացուցիչների, պետության հանդեպ արդարացնել, լեգիտիմացնել։

Նախօրեին էլ դաշնակցական պատգամավորներից մեկն արդարացրեց լրագրողի հանդեպ բռնությունը` ասելով, որ այդ լրագրողը լրագրող չէ, նաև ասելով, մեծ հաշվով, այո, արդարացնելով բռնությունը, ինչ է թե՝ այդ լրագրողը հանդգնել էր այս քարոզին միացած հոգևորականներից մեկի մասին իր կարծիքն ասել։

Այստեղ գործող ընդդիմադիր պատգամավորներից շատերը նախորդ տարի մասնակցում էին մի ցույցի Ազգային ժողովի շենքի դիմաց, որի ընթացքում հրապարակվել էին իշխանական պատգամավորների հասցեները, կոչ էր արվում գնալ և բռնությամբ բերել, ստիպել պատգամավորներին` այստեղ ինչ-որ գործողություններ իրականացնելու։ Ի դեպ, այդ բեմում նաև նախկին պաշտոնյա էր` մարդու իրավունքների պաշտպանը և այլն։

Նաև ատելության քարոզի արդյունքում էր, որ Երևանի փողոցներում ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախկին նախագահին և չսպանեցին միայն այն պատահականությամբ, որ մտածեցին, թե արդեն սպանել են։

Եվ մի զուգահեռ եմ ուզում անցկացնել. երբ այս թեմայով ավագ ընկերներիս հետ զրուցում էի, ասում էին, որ այս նույն ատելության քարոզը եղել է նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ։ Նույն Վազգեն Սարգսյանին անվանում էին հողատու, դավաճան և հրապարակներում կախելու կոչեր էին անում։ Այս գեներացվող ատելությունն այդ տարիներին բերեց այս դահլիճում Հայաստանի պետականության գլխատմանը։ Ամենավտանգավոր բանը, սակայն, այն էր, որ հասարակությանն այնպես էին պատրաստել այդ բռնությանը, որ այդ դեպքերին հաջորդած սոցհարցումներով հասարակության մի հատված կարծում էր, որ արդարություն է վերականգնվել հոկտեմբերի 27-ով և արդարացնում էր այդ բռնությունը։ Հիմա էլ մեր պետության ու պետականության գլխատմանն են նախապատրաստում այսչափ ուղղորդված ատելության սերմանմամբ։ Հարցը միայն խոսքերի մասին չէ, նաև գործողություններ կան։

Մի կուսակցություն կա` «Շարժում» թե «Բևեռ» է կոչվում, որի գործունեությունը, ընդհանրապես, պետք է արգելվի մեր պետությունում, սակայն այն կուսակցություն է, ոնց հասկանում եմ, որովհետև գրասենյակներ ունի Երևանում և մարզերում, չնայած նրան, որ մեկ-երկու ամիս առաջ պետության ինստիտուտներից մեկի հանդեպ զինված հարձակում էր գործել։ Խոսքս Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակման մասին է։

Եվ վերջում ուզում եմ դիմել մեզ լսող քաղաքացիներին և խնդրել, որ զգոն լինեն ու թույլ չտան, որ իրենց նախապատրաստեն բռնության և լոյալ դարձնեն բռնությանը, քանի որ այս մարդկանց նպատակը տեռորն է և ոչ ավելին։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Վաղարշակ Հակոբյան։

 Վ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Հա, բա ո՞նց: Դրա համար խոսափողից չեմ ասի։

Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականից սկսած, հեղափոխության հենց հաջորդ օրվանից սկսած, կարելի է ասել` մեր հասարակությունը, մեր քաղաքական թիմը, մեր գործընկերները, բոլոր այն մարդիկ, որոնք չեն կիսել նախկին իշխանության հետ կապված ինչ-որ տեսակետ, ենթարկվել են մեդիամանիպուլյացիայի, մեդիահարձակման։ Կարելի է ասել, որ այդ հարձակումները մինչև այսօր չեն դադարել։

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ փորձեցին նման տխրահռչակ մի միջադեպ նաև ինձ հետ կապված կազմակերպել այստեղ նստած մի ընդդիմադիր պատգամավորի թերթով, որն ինձ համար զարմանալի էր։ Ինչևէ։

Ես իմ խոսքի մեջ ինչ-որ թեմայի անդրադառնալով` նշեցի, որ ադրբեջանցիները կանգնած են մեր սահմաններին մոտ, այդ «մեր» բառը նաև օգտագործեցի իմ խոսքի սկզբում, այնուհետև դադար տվեցի և այլն։ Ինչո՞ւ եմ սա բացատրում. տեղի էր ունեցել շատ կեղտոտ մոնտաժ, այդ «մեր»-ի և դադարի արանքում գտնվող այդ միջանկյալ ժամանակահատվածը, «մեր» և մյուս բառի արանքում գտնվող միջանկյալ ժամանակահատվածը մոնտաժվել էր և ստացվում էր այնպես, որ ես այստեղից ասել եմ` մեր ադրբեջանցիները և այլն։

Ամենազարմանալին այն էր, որ այստեղ նստած պատգամավորի, որը, ամենայն հավանականությամբ, նաև խմբագրում է այդ հոդվածները, թերթն առաջին այդ մեդիամանիպուլյացիան իրականացրեց։ Ինչևէ, դա որոշակի տարածքում գտավ, ես իմ ֆեյսբուքյան էջով բացատրությունը տվել եմ, հիմա ուզում եմ ես իմ միտքը կրկնել. ադրբեջանցիները, որոնք գտնվում են մեր սահմանների մոտ, սահմանագծման և սահմանազատման արդյունքում պետք է հեռանան մեր սահմաններից։

Գիտե՞ք, երեկ երեկոյան, թե այսօր առավոտյան, չեմ հիշում, մի ահասարսուռ վերնագիր կարդացի, որն ինձ վախեցրեց։ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում» էսպիսի մի վերնագիր կարդացի։ Իմ տեսադաշտում այդ փազլն ամբողջությամբ հավաքվեց։ Երևի, ես ուշ եմ նկատել այդ լուրը, բայց այդ վերնագիրը, իսկապես, ներկայացրեց իրավիճակը, որը գոյություն ունի։

Պարոն Ղալումյան, շնորհակալ եմ ձեր ելույթի համար։ Նախ` մի բան եմ ուզում ասել. այստեղ նստած էլիտար կյանքով ապրող էլիտար պատգամավորների, երևի, 90 տոկոսը չգիտեր, որ Հայաստանում Կիրանց գյուղ կա, ընդհանրապես։ Չգիտեին այդ մարդիկ, նոր են իմացել, որ տենց գյուղ կա և կարող է իրենց քաղաքական դիվիդենտ բերել։ Այսինքն` 30 տարի մենք ապրել ենք իլյուզիաներով, իրար կենաց ենք խմել, գովել ենք իրար, մեր պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն է եղել, պարոն Օհանյանին ենք գովել, մնացած մեր պաշտոնյաներին ենք գովել։ Այդ իլյուզիաներով մենք ապրել ենք, մեզ թվացել է, թե միջազգային հանրությունը, համաշխարհային կառույցները, որոնք մոտեցումներ ունեն, այդպես էլ պետք է լինի։ Ինչո՞ւ. որովհետև սա ևս մեդիամանիպուլյացիայի արդյունք է եղել, մենք մեր հասարակությանը ճշմարտությունը երբեք չենք ասել։

Մեր իշխանության բացառիկությունը նաև ինչո՞ւմ է կայանում. մենք ճշմարտությունն ենք ասում մեր քաղաքացիներին։ Լսեք, մենք ճանաչում ենք մեր քաղաքացիներին, մեր քաղաքացիները մեզ են ճանաչում։ Դուք ո՛չ ձեզ եք ճանաչում, ո՛չ ձեր քաղաքացիներին եք ճանաչում, դուք անհասկանալի իշխանություն եք եղել։

Սահմանազատման և սահմանագծման մասով. դա որևէ մեկի ցանկությունը չի, իմ ցանկությունը չէ, Վահագն Ալեքսանյանի ցանկությունը չէ, չգիտեմ, պարոն Ասլանյանի ցանկությունը չէ։ Գոյություն ունեն միջազգային նորմեր, նորմատիվներ, որոնց համապատասխան` տեղի է ունենում սահմանագծում, սահմանազատում։

Տիկին Գալստյանն էր, կարծեմ, ասաց` դուք բացում եք մեր երկրի առաջ թշնամու դուռը։ Ընդհակառակը, սրանով մենք փակում ենք մեր երկրի առաջ թշնամու դուռը, որովհետև այնտեղ, որտեղ սահմանագծվում է, այնտեղ այլևս զինվոր չի լինելու, սահմանապահներ են լինելու, այնտեղ այլևս ոչ ոք չի զոհվելու, որովհետև չի լինելու զորք, սահմանապահներ են լինելու։ Սրանից ավելի մեծ անվտանգության երաշխիքը ո՞րն է, եթե մենք իրականացնում ենք սահմանագծում, որը միջազգայնորեն ճանաչված է, այդ տարածքն անվիճելիորեն համարվում է Հայաստանի Հանրապետություն։ Հասկանո՞ւմ եք, որ դուք սրա դեմ եք պայքարում։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է պայքարել սեփական երկրի պետականության դեմ։ Ընդ որում՝ ես նաև վստահ եմ, որ մարդիկ կան, որոնք դա չգիտակցված են անում։ Տեսեք, օրինակ` եկել եք, այստեղից հայտարարում եք, որ կիրանցեցիներին տարել են ոստիկանության բաժանմունք և այլն։ Հստակ պարոն Ղալումյանն ասաց` ականազերծման աշխատանքներ պետք է այնտեղ կատարվեին և դրա համար ինչ-որ գործողություն է տեղի ունեցել, ու այդ պահին Վազգեն Մանուկյանը Կիրանցում էր, սա ամենակարևոր մեխն է։ Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք, հիմա էլ այնտեղ եք ուզում ժողովրդին խառնել։

Ո՞վ է նենց արել, որ Վազգեն Մանուկյանը գնա։ Վեց ամիս այստեղ դհոլ էին նվագում, ինքն էլ թամադայություն էր անում, ասում էր` ես այս երկրի վարչապետն եմ։ Հասկանալի էր, թե էստեղ ինչի համար էր անում` իշխանության ձգտում և այլն, հիմա Կիրանց ինչո՞ւ եք տարել, էդ մարդկանց մոտ ինչո՞ւ եք տարել էդ մարդուն։

Գալիս այստեղ, ասում եք … Ես զարմանում եմ, իսկապես, անկեղծ եմ ասում, գալիս, այստեղ կանգնում, ասում եք` գնացեք միջազգայիններին սենց ասեք, ասեք` էս ենք անում, էն ենք անում, սենց է մեզ հարմար։ Այ ձեր ցավը տանեմ, 30 տարի դուք էիք, գնայիք, ասեիք, անեիք, սահմանազատեիք, սահմանագծեիք, սահմանապահներին կանգնեցնեիք, մեզ էլ ասեիք` մենք էս հարցը լուծել ենք։ Հիմա եկել, ի՞նչ եք ասում։ Եկել եք, մեզ ասում եք, թե ինչպես պետք է … 30 տարի ունեցել եք այդ հնարավորությունը։ Ընդ որում՝ այստեղ մարդիկ կան նստած, որ այն ժամանակվա իշխանության մեջ որոշիչ դերակատարում են ունեցել, ծանրակշիռ մարդիկ են եղել, Անվտանգության խորհրդի անդամ և այլն, բա, գնայիք, ասեիք։ Հիմա եկել եք, մեզնից ի՞նչ եք ուզում։

Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ այսօր կատարվում է, միմիայն միտված է Հայաստանի Հանրապետության անվտանգության բարձրացմանը։ Ես գիտեմ, որ ինֆորմացիան այս համատարած աղմուկի մեջ կարող է տեղ չհասնել և թիրախային չընկալվել, բայց վստահեցնում եմ ձեզ` սա ևս ժամանակի խնդիր է, մենք այսօր գնում ենք անվտանգության ճանապարհով։

2021 թվականի ընտրություններին մենք ի՞նչ ենք ասել քարոզարշավին. մենք ասել ենք` երկաթե մանդատ և ասել ենք` խաղաղության օրակարգ։ Այսօր մենք այդ խաղաղության օրակարգն ենք անում, մենք այլ բան չենք անում։ Այսօր այն տեղերում, որտեղ կսահմանագծվի սահմանը, կկանգնեն սահմանապահներ, իմացեք, որ դա խաղաղության առաջին տառն է։ Խաղաղությունը հենց դա է, որտեղ այլևս չի լինելու վիճելի տարածք, չի լինելու զինվոր, չի լինելու զոհ և չեն լինելու ընդհարումներ։ Դա հենց խաղաղությունն է։ Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի ամբողջ սահմանները սահմանագծվեն և այդ ժամանակ մենք կունենանք լիակատար խաղաղություն։ Այդ խաղաղության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կթևակոխի նոր փուլ, որը կլինի տնտեսական զարգացման, գիտական, կրթական զարգացման և այլ որակի երկիր ունենալու փուլ։ Շնորհակալություն ուշադրության համար։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Թագուհի Ղազարյան։

 Թ.ՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, նիստին հետևող սիրելի քաղաքացիներ, մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը զբաղված է արհեստական բանականության առաջ քաշած մարտահրավերների շուրջ լուծումներ փնտրելով, իսկ Հայաստանի խոսույթը վաղ միջնադար է հիշեցնում, թե արդյո՞ք պետք է սահմաններ ունենա երկիրը, թե՞ չպետք է ունենա, քննարկում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը։

Ինչո՞ւ եմ ասում սահմաններ ունենալ-չունենալու մասին, մի քանի անդրադարձ կկատարեմ իմ գործընկերների ասածներին, հետո կվերադառնանք մեդիայի ոլորտ։

Պարոն Օհանյանն ադրբեջանական ագրեսիան, ուշադրություն, անվանեց սահմանազատում։ Ասաց` այն ժամանակ իրենք էին սահմանազատում, հիմա երկկողմանի է սահմանազատվում։ Կարծում եմ` սրա հետ կապված մեկնաբանության կարիք չկա։

Միջազգային մեկուսացում անվանեց Հայաստանի այն իրավիճակը, երբ մի քանի տասնյակ դերակատարներ ողջունում են Հայաստանի քայլերը։ Երևի, հասկանալի է, թե ումից ենք միջազգայնորեն մեկուսացել, դրա համար միջազգային մեկուսացման տպավորություն ենք թողնում։

Պարոն Նազարյան, տավուշցիների հետ իմ և տիկին Կարապետյանի հանդիպման մասին ես այստեղից չեմ մեկնաբանի, որովհետև մենք քաղաքացիներին խոստացել ենք, որ իրենց արտահայտած մտքերը որևէ կերպ չենք հրապարակելու։ Ես այդ խոստումը կպահեմ, որպեսզի իրենք իրենց ազատ ու անկաշկանդ զգան, բայց ուրիշ բանի հղում կանեմ։

Երևի, դուք հիշում եք, պատերազմի ընթացքում, երբ Տավուշից պետք է զորքեր տեղափոխվեին առաջնագիծ, չեմ ուզում շատ շեշտադրել և վերապատմել այս պատմությունը, բայց ես կարծում եմ, որ դա առանց բազմաթիվ անգլերեն և կիսառուսերեն տերմիններով հագեցած տեքստի քաղաքական հայտ էր, քաղաքական պահանջ էր իշխանություններից, և դա նկատի առնելով նույնպես կատարվում են որոշումներ։ Ես չեմ ուզում այդ հարցի վրա շատ կանգ առնել։

Մեդիայի հետ կապված հարցերը. պարոն Հակոբյան, պետք է նկատի ունենաք, որ հիմա այստեղ տարբեր հարցերից ենք խոսելու, Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտից դուրս հարցերից, որովհետև մեդիայի հետ կապված հարցերը հիմնականում այստեղ ենք քննարկում, այսինքն` այս հաղորդման ժամանակ և՛ ըմբռնումով մոտենաք, և՛ հայտնեք ձեր դիրքորոշումները դրանց հետ կապված։

Ես ուզում եմ նախորդ մեր խոսակցությունը շարունակել. ես ձեզ հարց տվեցի՝ քարոզարշավի հետ կապված, գուցե պարոն Հովակիմյանն էլ այդ կապակցությամբ ասելիք ունենա, որ Հանրայինի եթերում այլ հարցազրույցների ժամանակ պարոն Ռուբինյանը և վարչապետը խոսել էին նաև մեր թեկնածուի մասին և դա որակվել էր որպես, էսպես, հավասար ժամանակի բաշխման խախտում։ Ես շարունակում եմ պնդել, որ դա նախորդ դարի կարգավորում է, երբ մեդիամիջոցների հասանելիություն չկար և պետք էր հավասար բաշխել։ Եվ ճիշտ կլինեք դուք, եթե ինձ անդրադարձ ասեք, եթե նախորդ դարի կարգավորում է, հարմարեցրեք այս դարին, և ես կընդունեմ այդ քննադատությունը։ Բայց մենք այս խոսակցությունն ունեցել էինք նաև բյուջեի քննարկման ժամանակ, և ես կուզեմ այստեղ ասել, թե ինչ էին ասում մեր գործընկերները։ Հանրայինի խորհրդի նախագահ պարոն Շիրինյանն ասաց, որ իրենք որևէ դիմում դրա կապակցությամբ չեն ստացել, իսկ պարոն Մովսիսյանն ասաց, որ իրենք նույնիսկ անվճար ժամերը լրացնելու խնդիր են ունեցել այլ քաղաքական դերակատարների հետ։ Այն մարդիկ կամ այն կուսակցությունները, որոնք բողոքել են այդ հարցի կապակցությամբ, իրենք նույնիսկ այդ բանավեճին, որի վրա ահռելի ծախսեր և ներդրումներ է անում Հանրայինը, չեն ցանկացել մասնակցել և, ըստ էության, իրենց մասնակցության ցանկության դեպքում Հանրայինը պատրաստ կլիներ ապահովել։ Ամեն դեպքում, գուցե, այս խոսակցությունը շարունակվի, որովհետև այս նախադեպերն ազդելու են նաև հետագա քարոզարշավների վրա։

Ես կուզենայի, որ մի բանի վրա էլ ուշադրություն դարձնենք և մեկնաբանենք, պարոն Հակոբյան, էլի ձեզ հետ է կապված։ Ես հիշում եմ, որ դուք ձեր ելույթի կամ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձաք ձեր և «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հետ կապված միջադեպին ու բավականին կառուցողական հայտարարություն արեցիք։ Բայց, ըստ երևույթին, ո՛չ մեր գործընկերը, տիկին Գալստյան, ո՛չ «Հրապարակ» օրաթերթի աշխատակիցները չէին լսել ձեր հայտարարությունը։ Գուցե կարիք կա, եթե նպատակահարմար գտնեք, նորից անդրադառնաք դրան։

Քանի որ տիկին Գալստյանին հիշեցի, այստեղ գուցե արժե նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այլ անդամների նկատմամբ իր հնչեցրած մեղադրանքներին էլ անդրադառնալ, գուցեև չարժե, որովհետև ես այդ ընթացքում բացեցի «Գրանիշ» գրական կայքի խմբագրական խորհուրդը և տեսա, որ «Գրանիշ»-ն այն կայքն է, որին գրաքննության մեջ էր մեղադրում տիկին Գալստյանը, և բացահայտեցի, որ տիկին Գալստյանն այդ խմբագրական խորհրդի անդամ է։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։

Միջազգային զեկույցների մասին նախորդ նիստում խոսվեց, ես կուզենայի, որ միջազգային զեկույցներում լրագրողների հետ կապված հարցերի մասին խոսենք։ Իհարկե, ես արդեն հույս չունեմ, թե մյուս տարի ավելի լավ վիճակում կլինենք, քան այս տարի, որովհետև, ինչպես գիտեք, նախորդ տարի, ինչպես նաև այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության թիվն էականորեն կրճատվել էր, այսինքն` համարյա չկար, եթե այսպես ասենք։ Նախորդ տարի մի քանի դրվագ էր եղել, այս տարվա առաջին եռամսյակում, ընդհանրապես, տենց բան չէր գրանցվել, բայց ապրիլին նորից այդ խնդիրներն առաջացան։ Ընդ որում՝ես այստեղ չեմ պատրաստվում միայն մի կողմի և մի դրվագի հետ կապված խոսել։ Ես խնդրում եմ իրավապահներին` ուշադիր լինել բեյջերին և նկատի ունենալ, որ այդ մարդիկ լուսաբանում են ակցիաները։

Այնուամենայնիվ, նախորդ տարվա հետ կապված այդ մի քանի դրվագներում ես կարծում եմ` պատշաճ արձագանք է եղել ինստիտուտների կողմից, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, դրա մասին խոսելու առիթ կունենանք, երբ հաջորդ զեկույցներից մեկի ժամանակ մարդու իրավունքների պաշտպանը զեկուցելիս լինի։

Ես ուզում եմ միջազգային զեկույցներից մի քանի այլ տվյալներ բերել։ Արձանագրված են լրագրողական խոչընդոտման դեպքեր ռուս զինվորականների կողմից, որը, հույս ունեմ` եկող տարի այլևս չի լինի։ Դրական է գնահատվում վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացումը, այսինքն` նախորդ տարվա դրական միտումների մասին եմ խոսում։ Ի դեպ, տիկին Գակլստյանի շնորհիվ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում և Հնարային հեռարձակողի խորհրդում կանանց քվոտայի սահմանումը նույնպես դրական է համարվում։ Ես այստեղ ուզում եմ մի հատված մեջբերել, սա Պետդեպարտամենտի զեկույցն է, ասում է. «Լրատվամիջոցները քաղաքականապես բևեռացված էին, իսկ ֆինանսական կախվածությունը շարունակում էր խոչընդոտել խոսքի ազատությունը։ Մասնավոր անհատները և խմբերը, որոնք, ըստ հաղորդումներիէ կապ ունեին նախկին իշխանությունների կամ խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների հետ, շարունակում էին սեփականատիրական բաժնեմաս ունենալ բազմաթիվ հեռարձակվող լրատվամիջոցներում և լրագրերում, որոնք հակված էին արտացոլել իրենց սեփականատերերի քաղաքական դիրքորոշումները և ֆինանսական շահերը»։

Տիկին Մկրտչյանն ասում էր` ինչո՞ւ է խոսքի ազատության ցուցանիշը, ոնց որ, քննադատվում, ասացի, թե ինչու։

Սոցիալական հարթակների օգտատերերը, հաջորդ մեջբերումն է, ազատորեն իրենց կարծիքն են արտահայտել նոր և նախկին կառավարությունների վերաբերյալ տարբեր սոցիալական հարթակներում, սակայն ատելության խոսք է գեներացվել` այլ, էդ հատկանիշներով պայմանավորված, և, իհարկե, ինտերնետ ազատության հարցում որևէ սահմանափակում չի արձանագրվել։

Ատելության խոսքի մասին, պարոն Հակոբյան, ես կարծում եմ, որ, իսկապես, պետք է մենք, վերջապես, որոշում կայացնենք և իրավահավասարության կամ հակախտրականության օրենքը, ոնց եր դա կանվանվի, բերենք այստեղ, որովհետև սահմանված են ատելության խոսքը և դրա կարգավորումները։ Սակայն ես պետք է նաև նշեմ, որ այստեղ խնդիր ունենք այն բանի հետ կապված, որ մենք ատելության հիմքով բռնության կոչն ենք կարգավորել, բայց իրավապահ համակարգն ատելության միակ հիմքը, որով բռնության կոչի հետևից գնացել է, եղել է քաղաքական խտրականությունը։ Այսինքն` գենդերային ինքնության, չգիտեմ, ազգի, կրոնի, էթնիկ պատկանելության և այլ հիմքերով չի գնացել այդ խնդիրների հետևից, այսինքն` այդ իմաստով թիրախավորված մարդկանց հետևից։

Նաև ուզում եմ հասցնել նշել, որ միջազգային զեկույցները նշում են, որ հանրային ընկալման հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ամենամեծ առաջընթացը գրանցվել է խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախության ոլորտում։ Եվ, չնայած դրան, վերջին երկու տարվա ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ հանրային վստահությունը 73 տոկոսից իջել է 49։ Այսինքն` լրատվամիջոցներին ազատ թողնելու կամքն արձանագրված է և լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը նվազել է, իսկ դա, ինձ թվում է` լրագրողական համայնքի և լրատվամիջոցների, ինչպես նաև այն կազմակերպությունների խնդիրն է, որոնք զբաղվում են այդ հարցերով։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, նիստը կշարունակենք ընդմիջումից հետո։


Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Այժմ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին: Համեցեք:

 Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը», բայց մինչև զեկույցին անդրադառնալը պետք է անդրադառնամ մի քանի թեզերի, որոնք հնչում են այս քանի օրերին Ազգային ժողովում, և այսօր ևս «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կրկին համարձակվեց մեղադրել իշխանություններին հողեր հանձնելու, դավաճանությունների և այլնի մեջ։

Ուրեմն, ընդդիմությունը շարունակում է կրկնել այն նույն թեզերը, ըստ էության, ինչ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Սկզբում, բնականաբար, մեզ մեղադրում էին Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեջ, հիմա էլ նույն մեղադրանքը հնչում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերի կոնտեքստում: Հիմա, սակայն, երբ մենք այս կետից նայում ենք անցած պատմությանը վերջին տարիներին, ակնհայտ է դառնում, թե ով ինչպես և երբ է հանձնել Լեռնային Ղարաբաղը և ամեն բան արել 44-օրյա պատերազմում մեր ձախողման համար։ Ես նախորդ նիստում էլ մեր ուշադրությունը հրավիրեցի մի իրադարձության վրա, ավելի ճիշտ, իրադարձությունների շղթայի, որտեղ հստակ երևում է, թե ի՞նչ է արել ընդդիմությունն այս վերջին տարիներին և ինչի՞ են հանգեցրել նրանց գործողությունները՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի համար։ Մենք հիշում ենք, որ ընդդիմությունն ի սկզբանե դեմ էր միջազգային հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների երկխոսությանը, որտեղ հնարավոր կլիներ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության հարցերը: Դեմ էր, սակայն միևնույն ժամանակ չէր առաջարկում ոչինչ, ինչ-որ կցկտուր ասում էր՝ անկախություն, ասում էր՝ ինքնորոշում, բայց չէր ասում՝ ումից որտեղ և ինչպես: Ի դեպ՝ ես չեմ խոսում հեռավոր անցյալի մասին: Ընդդիմադիրները եկել են հիմա ասում են՝ դե, մենք էն ժամանակ իշխանություն էինք, դուք անընդհատ գալիս եք, նախկիններին եք քննադատում, նախկին տարիների արածն եք անում: Ոչ, ես խոսում եմ 2021 թվականին խորհրդարանական ընտրություններում մանդատ ստացած ընդդիմության մասին և նրանց արածների մասին այդ ժամանակահատվածից մինչև հիմա, վերջին տարիների մասին եմ խոսում: Եվ, ուրեմն, մեր ջանքերին զուգահեռ՝ ընդդիմությունն այդ ընթացքում ամեն բան անում էր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն տեղի չունենա, անգամ դրա հնարավորությունը չլինի։ Աշխատում էր մարդկանց հետ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում, հատկապես Լեռնային Ղարաբաղում, նախապատրաստելով պալատական հեղաշրջում, որը, ի վերջո, հաջողվեց, բայց մինչ այդ, երբ մեզ հաջողվել էր օրով, ժամով ու տեղով կազմակերպել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների միջև հանդիպում միջազգային հովանու ներքո, որտեղ կար հնարավորություն՝ գտնելու որևէ լուծում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության համար, մեկ էլ հանկարծ՝ հնչեց զանգ, և զանգի և ընդդիմության համատեղ ջանքերի պատճառով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, պատկերացնո՞ւմ եք, հարգելի հայրենակիցներ, 30 և ավելի տարիներ ինքնորոշման իրավունքի, իրավունքների իրացման, անվտանգության համար պայքարից հետո, երբ կար երկխոսության հնարավորություն, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չգնացին կազմակերպված հանդիպմանը միջազգային հովանու ներքո, չգնացին, վախեցան, զանգեցին և չթողեցին նրանց, որ գնային: Ու էս խմբակը, որ էսօր ընդդիմություն է կոչվում, էդ գործի մեջ էր ամբողջությամբ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու ընդդիմությունը նման բան արեց, որ էդ երկխոսությունը տեղի չունենար. որովհետև այդպես ձեռք չէր տալիս նրանց տերերին, որովհետև, եթե տեղի ունենար էդ երկխոսությունը, ապա նրանց տերերը, ձեր տերերը՝ էդ դեպքում, որտե՞ղ պետք է տեղակայվեին, ո՞ւմ պետք է փրկեին, պարզ է, չէ՞: Ու հետո արդեն արեցին պալատական հեղաշրջում, Արցախի խորհրդարանի դաշնակ պատգամավորներով ինչ-որ մեկին նշանակեցին նախագահ, վերջնականապես փակելով երկխոսության հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի համար: Ու էդ խոսակցության, երկխոսության բոլոր կողմնակիցներին էլ սկսեցին անվանել դավաճաններ, իսկ այդ նույն նշանակված նախագահը մի քանի օր անց, երբ լուծարեց Լեռնային Ղարաբաղը, և այլևս ոչինչ հնարավոր չէր խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին, որովհետև էլ չկար Լեռնային Ղարաբաղը, էդ նույն նախագահն այն պահին, երբ Լաչինով ֆիզիկական և հոգեբանական ծանր դրության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը բռնի տեղահանվում էր, հենց էդ պահին դաշնակների կողմից նշանակված նախագահն ուղղաթիռով, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի գլխի վրայով թռչելով՝ դեսանտ իջավ Հայաստան: Պարզ է, չէ՞, թե ո՞վ էր դա կազմակերպել ու հիմա էլ գլխներից մեծ բաներ են խոսում, գլխներից մեծ հայտեր են ներկայացնում, գլխներից մեծ փողեր են ուզում:

Ես Սոֆիայում կազմակերպված հանդիպման հնարավորությունը հիմա դիտարկում եմ որպես պատմական շանս, այո, ինչո՞ւ ոչ, որտեղ կարող էր սկսվել մի խոսակցություն, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը միգուցե կարողանար դեռևս ապրել իր հողում, այո, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ձեր սիրած ռուս խաղաղապահների ներկայության, ձեր էդքան սիրած ռուս խաղաղապահների ներկայությամբ, բայց հայկական պետականությանն ու հայ ժողովրդին վնասելու ձեր մոտիվացիան էնքան մեծ էր, որ ձեր չհաշվարկված քայլերի պատճառով դուք լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը: Հետո մեզ մեղադրում եք մեր դաշնակիցներին վնասելու մեջ, դուք նենց արեցիք, որ ռուսները դուրս գան Լեռնային Ղարաբաղից, հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիա, հա՞, է՞դ եք անում: Էդ եք անում դուք, սա է ձեր պատվերն այս պահին, դուք դրան եք լծված հիմա: Եվ շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ֆիքսեն այս ամենը և չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին և պատմական Հայաստանի մասին մոլորություններին: Եվ այսքանից հետո այս մարդիկ՝ այստեղ նստած, դեռ ունեն բարոյականություն՝ մեզ մեղադրելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին մենակ թողնելու և հողեր հանձնելու մեջ։ Այս ամենի մասին առաջին հերթին պետք է իմանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե ինչպես են այս մարդիկ, իրենց անունից հանդես գալով, դավաճանել իրենց, զրկել իրենց տներում ապրելու վերջին հնարավորությունից հանուն իրենց տերերի: Այ, այդքան մեծ հոգի են դրել այս մարդիկ իրենց գործակալական գործի մեջ, բայց ես վստահ եմ, որ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խստությամբ, ինչն առաջին հերթին պետք է տեղի ունենա, իսկ եթե հանկարծ օրենքն ուշանա, ես վստահ եմ՝ ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ Աստված ձեզ կպատժի: Եվ այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու։

Եվ վերադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաղորդմանը, պարոն Հակոբյան, մենք գնահատում ենք հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը, գիտենք, որ դուք էլ մեզ հետ նկատում եք և տեսնում ենք բոլոր էն խնդիրները, որոնք առկա են դաշտում, մեզ էլ եք դրա մասին տեղեկացնում, մենք էլ մեր կողմից կփորձենք այսուհետ կրկին շարունակել համագործակցությունը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր զեկույցի համար, ներկայացման համար, հարցերին բավականին մանրամասն պատասխանելու համար, և ձեզ հաջողություն եմ մաղթում հաջորդիվ ձեր աշխատանքներում։ Շնորհակալ եմ:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Այժմ, պարոն Հակոբյան, դուք ունեք եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք։ Եթե ցանկանում եք, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

 Տ.ՀԱԿՈԲՅԱՆ

-Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, փոքրաթիվ ներկաներ շատ հարգելի, ես՝ շատ կարճ: Շնորհակալություն զեկույցը լսելու համար: Ձեր առաջարկները, մտահոգությունները, քննադատությունը, բնական է, գրանցվում են և հաշվի կառնվեն մեր հետագա գործունեության մեջ: Ես շատ կարճ կամփոփեմ, որովհետև, ցավոք, վերջին ելույթներում մեծ անդրադարձ չեղավ զեկույցի դրվագներին: Այնուամենայնիվ, փորձեմ մի քանի հարցի պատասխանել, որպեսզի շահարկման առարկա չդառնա:

Պարոն Նազարյանը խոսեց «BumTV»-ի մասին։ Ես ուզում եմ հստակեցնել, որ «BumTV»-ը հիմնադրամ է, որն աշխատում է դրամաշնորհների միջոցով և մրցույթին մասնակցելու իր հայտում նշել էր, որ եթերում աշխատելու է առանց գովազդի, և դա այն առավելություններից էր, որի շնորհիվ ինքը հաղթեց, որովհետև մենք հասկանում ենք, որ գովազդն այն միջոցն է, գործիքն է, որի միջոցով հեռուստաընկերությունները փորձում են պահպանել իրենց անկախությունը և բովանդակություն մշակել, սակայն եթե հեռուստաընկերությունները կարողանում են աշխատել առանց գովազդի, դա շատ ավելի հարմար է հեռուստադիտողների համար: Եվ ես լիովին համաձայն եմ, որ շատ լավ կլինի, որ այդպիսի հիմնադրամների գումարները գեներացվեն Հայաստանում, որ մեր բիզնեսը շատ ավելի մեծ սոցիալական պատասխանատվություն ունենա և փորձի ոչ թե քարոզչական հեռուստաընկերություններ ֆինանսավորել, այլ ֆինանսավորել հենց այնպիսի հեռարձակողներին, որոնք ունեն կրթական, մշակութային, մանկական ուղղվածություն: Ցավոք, քանի դեռ դա չկա, մենք պետք է շնորհակալ լինենք, որ ֆինանսավորվում են, նույնիսկ եթե դրսից, այնպիսի հեռարձակողներ, որոնք կարողանում են ստեղծել և տարածել հանրօգուտ բովանդակություն: Մենք, բնական է, հետևում ենք բոլոր հեռուստաընկերությունների բովանդակությանը, և ես պարոն Նազարյանի մտահոգությունները չեմ կիսում, ինչ-որ բան կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց նրանք իսկապես նեյտրալ են քաղաքականապես և հեռարձակում են այն բովանդակությունը, որը մյուս հեռուստաընկերությունների համար շատ ժամանակ ձեռնտու չէ, որովհետև, բնական է, որ կրթական հաղորդումները մեծ լսարան չեն հավաքվում: Սա՝ «BumTV»-ի վերաբերյալ։

Ես, այո, պիտի նորից կրկնեմ և, շարունակելով տիկին Ղազարյանի խոսակցությունը, մենք պետք է հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում ատելության խոսքի տակ: Մենք պետք է սկսենք կարգավորել ամբողջ լրատվական դաշտը: Ես ձեզ պատկերավոր մի օրինակ բերեմ, որով կփորձեմ փաստարկել, որ մենք հիմա նախնադարում ենք գտնվում մեր կարգավորումներով: Մենք ունենք մեր մայրաքաղաքի նախամայրը՝ Էրեբունին, և դուք պատկերացրեք, որ Էրեբունին մեծանում, մեծանում է, շատ մեծ մեգապոլիս է դառնում, որն է այսօր Երևանը, բայց կարգավորումները՝ դրսում, կներեք, չաղտոտել կամ հետո, երբ մեքենաները կան, ավտոճանապարհային ոստիկանությունն աշխատեր միայն այդ փոքր Էրեբունիում, որտեղ արդեն շարժը մեծ չէ, որտեղ գալիս են միայն այցելուներ, չէ՞, բայց մարդիկ չեն ապրում, գրեթե, տարածվեր միայն նրանց վրա, իսկ ամբողջ երևանյան մեգապոլիսը՝ մեկ միլիոնանոց, դուրս լիներ այդ նույն ավտոտեսչության կարգավորումներից, այնտեղ թույլատրելի չլիներ Էրեբունիում կարմիր լույսի տակ անցնել, մնացած բոլոր հատվածներում մեր մեծ Երևանի, արդեն նոր Երևանի դա կարգավորված չլիներ և թույլատրելի լիներ, չգիտեմ, մարդկանց վրայով անցնել, կարմիրի տակով և այլն: Նույնը հիմա կարգավորման որոտում է: Այս գլոբալ տեղեկատվական աշխարհում, մեգապոլիսում մենք կարգավորում ենք միայն փոքր մասը, դժգոհում ենք փոքր մասից, պարտադրում ենք հեռարձակողների միայն այդ փոքր մասին՝ հանրօգուտ հաղորդումներ պատրաստել, չարություն և ատելություն չտարածել, և դա ես կարծում եմ՝ պետք է լինի ամբողջ հասարակության, պետական ինստիտուտների և, մասնավորապես, Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում:

Տիկին Գալստյանի ելույթին ամբողջովին չեմ անդրադառնա: Տեսեք, էս հին բանավեճ է՝ քաղաքական և քարոզչական, որը 1988 թվից է սկսվել, և այստեղ մի փոքր տարբերություն կա, ես միշտ խոսել եմ, քանի որ խոսքն իմ մասին էր գնում և անձնական որակավորումներ էին, ես խոսել եմ գաղափարի հիմքերի մասին, ցավոք, Դաշնակցության շատ ներկայացուցիչներ, և, դա մանիպուլյացիայի դասական օրինակ է, սկսում են անձնական պիտակավորումներ անել։ Ես պետք է ասեմ, որ ես նույնն եմ, ինչ 35-40 տարի առաջ եմ եղել, միշտ նույն բովանդակությունն եմ տարածել՝ անկախ եղած իշխանություններից: Դժվար չէ, տպագիր խոսքը միշտ մնայուն է, կարող են կարդալ իմ հոդվածները և՛ 35, և՛ 30, և՛ 20 տարի առաջ: Եվ 1997 թվականին եմ ես գրել, որ եկեղեցին չպիտի խառնվի միջպետական գործերին, նույնիսկ հոդվածիս անունն եմ հիշում՝ «Մի խանգարեք Վեհափառ Հայրապետին՝ կատարելու իր առաքելությունը», տպված թերթերից մեկում: Եվ այդ մեղադրանքները, որ ես, միշտ հարմարվելով, չեմ ընդունում … Նրբանկատորեն ամեն ինչի մասին խոսեց, նաև իմ ազատագրության մասին, ես կասեմ, որ տիկին Գալստյանը լավ չի ուսումնասիրել իմ կենսագրությունը, ես երկու անգամ եմ նստել, մեկը՝ Մոսկվայում՝ ազգամիջյան բախումներ հրահրելու համար 1988 թվականին, մի անգամ էլ՝ 1991 թվականին։ Բայց սա որպես… Չեմ վիճի, իհարկե: Երկու բանի վրա ուշադրություն կդարձնեմ. առաջինը քաղաքական դիալոգն է: Մենք Պետրոս Ղազարյանի հետ հին գործընկերներ ենք, արդեն 15 տարի, վարել ենք տարբեր հաղորդումներ տարբեր հեռուստաընկերություններում, և՛ հանրային հեռարձակողի, և՛ մեր իրավաբանների հետ ենք խորհրդակցել, ես կարծում եմ, որ այնտեղ օրենքի խախտում չկա, որովհետև օրենքը պահանջում է ընդամենը քաղաքական զսպվածություն, և եթե քաղաքական զսպվածության որևէ խախտումներ կան, կարող են դիմել էթիկայի հանձնաժողով և այլ տեղեր: Ես փորձում եմ ասել այն, ինչ մտածում եմ, մտածել եմ և գտնում եմ, որ իմ խոսքը կարող է հասնել հանրության տարբեր օղակների, ես կարծում եմ՝ որևէ խախտում չկա:

Երկրորդը. 1995 թվականին, երբ խոսում էր իմ հեռացման պատճառների մասին, դա ևս մեկ անգամ փաստում է, որ այն ժամանակ իշխանություններն ուշիուշով հետևում էին, որ Ընտրական օրենսգիրքը չխախտվի, և ես պատժվեցի, չնայած ամենաքիչ մեղավորն էի, ես մեծ կառույցի ղեկավար էի: Այն ժամանակ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում աշխատում էր 2700 հոգի, այն ժամանակ դա շատ մեծ կառույց էր, որի մեջ մտնում էին տարբեր կառույցներ, որոնք այսօր չկան: Եվ ինձ պատժեցին որպես այդ կառույցի ղեկավար, միայն նրա համար, որ փաստեն, որ որևէ խախտում մեդիա դաշտում թույլատրելի չէ: Հետո այդ նորմը վերացավ:

Եվ երրորդը. 2000-2016 թվականներին ես պետական կառույցներում չեմ աշխատել, զբաղվել եմ մասնավոր բիզնեսով, աշխատել եմ մասնավոր հեռարձակողների մեջ, կրթական ծրագրեր եմ իրականացրել, տարբեր բուհերում եմ դաս տվել, այսինքն՝ խոսել, որ ես մշտական եղել եմ իշխանության մեջ, ոչ, չեմ եղել, ես կիսում եմ շարժման գաղափարախոսությունը և ես աջակից եմ յուրաքանչյուր իշխանության, որն արտացոլում է իմ պատկերացումները մեր երկրի ապագայի մասին: Այստեղ բան չկա, մնացածը ես թողնում եմ տիկին Գալստյանի խղճին, էսպես եմ ասում, հարգելով իր քաղաքական գործունեությունը։

Եվ վերջինը. առիթից օգտվելով, ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել, մեկը՝ հանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող բոլոր հեռարձակողներին, որովհետև առաջին հերթին մենք ենք տեսնում, թե ինչ ծանր վիճակում են աշխատում, որովհետև ես ստանձնեցի նախագահի պարտականությունները և դրանից հետո սկսվեց այդ բոլորը՝ և՛ պատերազմը, և՛ Covid-ի հետ կապված ճգնաժամը և, անկախ իրենց քաղաքական բովանդակությունից, անկախ սեփականատերերից, այն, ինչ կապված էր մեր ընդհանուր անելիքների հետ, նրանք անում էին անտրտունջ, չնայած մենք, ինչպես տեսաք երեկ չէ մյուս օրն իմ ընթերցած զեկույցից, տասնապատիկ ավելացրել ենք, այսպես ասած, իրավական ճնշումները մամուլի վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց գործողությունները։ Շնորհակալ եմ բոլոր հեռարձակողներին: Շնորհակալ եմ նաև Ազգային ժողովին: Մենք շատ պրետենզիաներ ունենք, այսպես ասած, մեր կարծիքով, մենք ավելի կոշտ, ավելի քաղաքական կամք պահանջող որոշումներ պիտի ընդունենք այստեղ, բայց դա երկրորդական է, դրան կհասնենք: Ամենակարևորը, որ հանձնաժողովի աշխատանքներին ոչ ոք՝ ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ Կառավարությունը, չի միջամտում, և դա տալիս է մեզ այն դաշտը, որտեղ մենք կարող ենք աշխատել:

Եվ վերջինը. իմ ընկերոջն եմ ուզում պաշտպանել: Հակոբ Մովսեսը եղել է մեր նորանկախ պետության մշակույթի նախարարը 1992-96 թվականներին: Պարկեշտ, ազնիվ մտավորական է, որը Ռիլկե է թարգմանում, որը փայլուն գիտի գերմանական փիլիսոփայությունը, փայլուն մարդ է, և միշտ թիրախավորել, ընդհանրապես, մտավորականներին, որոնք չեն կիսում իրենց գաղափարախոսությունը, դա նույնպես ես գտնում եմ անընդունելի: Ամեն դեպքում, շնորհակալություն եմ հայտնում ձեզ և մաղթում եմ արդյունավետ աշխատանք։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն ձեզ ևս: Հարգելի գործընկերներ, մինչև հաջորդ հարցին անցնել առաջարկում եմ ողջունել Կոտայքի մարզի Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան համար 4 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, որոնք այսօր այցելել են Ազգային ժողով։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Այժմ անցնենք հաջորդ հարցին։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-23 թթ. գործունեության մասին հաղորդումը»:

Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյան: Պարոն Հովակիմյան, մինչև 30 րոպե: Համեցեք:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի խորհրդարան, ձեզ եմ ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-23 թթ.գործունեության մասին հաղորդման, կարելի է ասել՝ ամփոփ բովանդակությունը, որովհետև հաղորդումը բավականին ծավալուն է և որը ներկայացվել է խորհրդարան, բազմաթիվ նաև վիճակագրական տվյալներ է պարունակում, որը վերաբերում է այս նախորդ երկու տարիներին տեղի ունեցած ընտրությունների, թեկնածուների, հանձնաժողովականներին, կուսակցությունների գործունեությանը, այսինքն՝ ընտրությունների շրջանակներում գործունեության բազմաթիվ վիճակագրական տվյալներ, որոնք շատ հետաքրքիր են այդ թվում նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների համար, որովհետև դրանք նաև առկա օրենսդրությունը գնահատելու, նաև հետահայաց գնահատելու համար շատ կարևոր են, բայց ես ձեր ժամանակը կխնայեմ և այդ ամբողջ մանրամասնությունը չեմ… Ես կներկայացնեմ միայն ամփոփիչ տարբերակը: Ուղղակի, մինչ ամփոփ տարբերակին անդրադառնալը՝ մի դիտարկում. գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ից, բայց ես ներկայացնում եմ 2022 և 2023 թվականների գործունեության հաշվետվությունը։

Եվ այսպես, 2022-23 թվականների ընթացքում Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել և անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական:

2023 թվականին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ստուգել է մեկ քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը: Այսպիսով, 2022 թվականի մարտի 27-ին Վեդի համայնքում կայացել է ավագանու արտահերթ ընտրություն, և 18 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել սեպտեմբերի 25-ին, մասնավորապես, դրանցից Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքներում անցկացվել են համամասնական ընտրակարգով, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի, Բերդ և Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Վարչական դատարան հայցադիմում չի ներկայացվել, քվեարկության արդյունքները ևս դատական կարգով չեն բողոքարկվել:

2022 թվականին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և ստուգարքներ: Նշած դասընթացներին մասնակցելու հայտ են ներկայացրել 3,577 քաղաքացիներ, որոնցից 1,686-ը ներկայացվել են կուսակցությունների կողմից, իսկ 1,891-ը՝ անհատ քաղաքացիների կողմից: Դասընթացներին մասնակցել են 2,633 հայտատուներ, որոնցից 2,378-ին ստուգարքի արդյունքում շնորհվել են որակավորման վկայականներ։

2023 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել 4 համայնքներում, մասնավորապես, նշված տարվա մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ համամասնական ընտրակարգով, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ մեծամասնական ընտրակարգով:

Ինչպես նկատեցիք, Երևանի ավագանու ընտրություններին այս թվարկման մեջ ես չանդրադարձա: Երևանի ընտրություններին, հաշվառելով դրանց կարևորությունը, ծավալները, հաջորդիվ կանդրադառնամ առանձին:

Ի դեպ՝ Անի և Սիսիան համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ողջ ընթացքում համացանցով ուղին ժամանակային ռեժիմում հեռարձակվել է քվեարկության ամբողջ ընթացքը, հետո՝ արդյունքների ամփոփումը: Նաև սա՝ որպես գործիքակազմ, առաջին անգամ էր կիրառվում, որովհետև նախկինում քվեարկության ուղիղ հեռարձակման ընթացքը, հետո արդյունքների ամփոփումը միշտ կիրառվել է միայն Ազգային ժողովի ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Իսկ բոլոր համամասնական ընտրությունների ժամանակ, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրությունների ժամանակ այս գործիքակազմն առաջին անգամ սկսվեց կիրառվել Անի և Սիսիան համայնքների ընտրություններում։

Նշեմ նաև, որ Անի համայնքի ընտրությունների արդյունքները, կրկին, դատական կարգով չեն բողոքարկվել: Դատական կարգով բողոքարկվել են միայն Սիսիան համայնքի ընտրության արդյունքները, դատարանը դիմումը մերժել է: Վերին Դվին և Արզնի համայնքներում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում բողոքներ չեն ներկայացվել, քվեարկության արդյունքները դատական կարգով չեն բողոքարկվել։

Հարգելի գործընկերներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձնակի ուշադրություն է դարձնում ընտրությունների հրապարակայնության, թափանցիկության և մատչելիության բաղադրիչներին: Ընտրողներն օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացվել են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին դիմումներ ներկայացնելու, առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամի, քվեարկության և ընտրության արդյունքների մասին: Մեր կողմից հրապարակվել են տեղեկատվական բնույթի պաստառներ, ուղեցույցներ, հուշաթերթեր, որոնք միաժամանակ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում են հրապարակվել։ Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար։ Մասնավորապես, Անի և Սիսիան համայնքների բոլոր 61 տեղամասերում առկա են եղել բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ՝ նախատեսված քվեաթերթիկների համար, ինչպես նաև բրալյան տպագրությամբ ներկայացված են եղել առաջադրված քաղաքական ուժերի անվանումները և հերթական համարները: Այսինքն՝ մեր այն ընտրողները, այն քաղաքացիները, որոնք տեսողության բացակայության պատճառով, էսպես ասենք, նախկինում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեին, արդեն 2023 թվականից սկսած՝ ցանկության դեպքում նրանք կարող են ինքնուրույն քվեարկել, որովհետև հատուկ այդ կաղապարների միջոցով և ցանկի միջոցով, որով նրանք կարողանում էին իրենց նախընտրած քաղաքական ուժի համարները ճշտել, նրանք կարող էին, ուղղակի, այդ կաղապարները վերցնել և ինքնուրույն քվեարկել, այսինքն՝ չնայած տեսողության բացակայությանը, նրանք կարող էին ինքնուրույն քվեարկել: Առաջ անցնելով՝ ասեմ, որ այս գործիքակազմը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ևս կիրառվել է բոլոր 475 տեղամասերում։

Հարգելի պատգամավորներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ընտրական օրենսգրքի 43-րդ և 143-րդ հոդվածների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված թիվ 89-Ա որոշմամբ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7-ական անդամների է նշանակել, որոնք իրենց լիազորություններն ստանձնել են 2022 թվականի դեկտեմբերի 17-ին:

Նոր հանձնաժողովի կազմավորման գործընթացը, ըստ էության, սկսվել է անմիջապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի լիազորություններն ստանձնելուց հետո, որովհետև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 17-ին և օրենսդրությամբ սահմանված՝ առնվազն 14 օր առաջ ընտրատարածքային ընտրական բոլոր հանձնաժողովների կազմերը պիտի ամբողջությամբ կազմավորված լինեին, որպեսզի 17-ին ստանձնեին։ Այս խնդրի հետ կապված՝ ձեզ տեղեկացնեմ, որ, ըստ էության, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 266 անդամության տեղերի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել էր 539 դիմում, և բոլոր դիմումները մեկ առ մեկ ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից: Կարող եմ ասել, որ դիմումատուների մոտ կեսի հետ եղել են նաև հարցազրույցներ, որովհետև, ըստ էության, հանձնաժողովն իր առջև խնդիր էր դրել՝ նոր կազմերը կազմավորելիս այնպես անել, որպեսզի հնարավորինս մասնագիտական գիտելիքներ, փորձ ունեցող, լավ իմաստով փորձ ունեցող, անդամներ ընտրի, թեկնածուներ ընտրի: Եվ, առաջ անցնելով, ասեմ, որ Երևանի ընտրությունների փորձը ցույց տվեց, որ այս տեսանկյունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը, այսինքն՝ անդամներ ընտրելու տեսանկյունից, բավականին, էսպես ասենք, արդյունավետ էր եղել, որովհետև մենք Երևանի ընտրությունների ժամանակ՝ այդ մեծածավալ ընտրությունների ժամանակ, բոլոր 10 ընտրական հանձնաժողովի ընտրատարածքներում, կարելի է ասել՝ խնդիր չենք ունեցել, բացառությամբ տեխնիկական, նյութական, որն աշխատանքային է:

2023 թվականի փետրվարից սկսած նոր կազմավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, ինչի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է հատուկ մեթոդիկա և պատրաստել է ուսումնական նյութեր: Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար այս մեթոդիկան և ուսումնական ձեռնարկները եղել են հատուկ: Առանձնահատկությունը կայանում էր նրանում, հարգելի պատգամավորներ, որ մնացած մարզերում գործող 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում նաև կազմակերպում են համամասնական և մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, հետագայում նաև իրականացնում են այդ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանիների ցուցակների սպասարկումը, երբ որևէ ավագանի վայր է դնում իր լիազորությունը, նոր թեկնածուին տրվում է ավագանու մանդատ: Այս ամբողջ վարչարարությունն իրականացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նման վարչարարություն չեն իրականացնում, նրանք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպում են համապետական ընտրությունները. նաև հանրաքվե, եթե այդպիսին կլինի, և Երևանի ավագանու ընտրությունները, որի կազմակերպման հիմնական վարչարարությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսինքն՝ վարչարարության այն բեռը, որը մարզերի 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ունեն, Երևանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այդ վարչարարությունը չի իրականացնում: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 29-ը կազմակերպվել և անցկացվել են մասնագիտական դասընթացներ և ստուգարքներ: Նշված դասընթացներին մասնակցելու հայտ են ներկայացրել 9,338 քաղաքացիներ, որոնցից 4,826-ը՝ կուսակցությունների կողմից, իսկ 4,512-ը՝ անհատ քաղաքացիների: Դասընթացին և ստուգարքին մասնակցել են 6,630 քաղաքացիներ, որոնցից 5,303-ին շնորհվել է որակավորման վկայական։

2023 թվականին մինչև Երևանի ավագանու ընտրությունները կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար կազմակերպված բոլոր 64 տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված 512 անդամների համար կազմակերպվել են առանձին մասնագիտական դասընթացներ։

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, հարգելի գործընկերներ, որ ընտրությունների ժամանակ հիմնական խնդիրները, որոնք տեղամասերում ի հայտ են գալիս, դրանց գերակշռող մեծամասնությունը, մասնագիտական գիտելիքների թերի լինելու խնդիրներով է պայմանավորված: Այդ իսկ պատճառով 2023 թվականի հենց տարեսկզբից նոր կազմավորված, դրանց մի քանի ամիս առաջ կազմավորված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համար աշխատակարգային մի մոտեցում որդեգրեց, որ այլևս բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, երբ արդեն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակված կլինեն, արդեն իսկ նշանակված անդամների համար ևս մեկ անգամ կազմակերպել մասնագիտական դասընթաց, հաշվի չառնել, օրինակ՝ ստուգարքները, նրանց հանձնաժողովի անդամ լինելու իրավունք տվող վկայականները, ասենք՝ նրանք շուտ են ստացել կամ դրանից անմիջապես առաջ են ստացել, դա կապ չունի, նշանակված հանձնաժողովի անդամների համար ընտրություններից առաջ միշտ պետք է կազմակերպվի դասընթաց։ Եվ այդ դասընթացներն այնպես են պլանավորվում, որ հնարավորություն լինի, հնարավորինս այն կազմերի հետ դասընթացները տեղի ունենան, որոնք չեն փոփոխվի քվեարկության օրը, քանի որ շատ է լինում, որ նշանակված հանձնաժողովականները հետագայում փոփոխվում են, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք հնարավորինս քվեարկության օրվան մոտ կազմակերպել այդ դասընթացները, որպեսզի այդ փոփոխության հնարավորությունը հնարավորինս բացառենք և ավելի որակյալ հանձնաժողովականներ ունենանք քվեարկության օրը տեղամասերում:

Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք, որոնք բոլորը, ինչպես ձեզ հայտնի է, գրանցվել են: Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում մինչև քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է, ընդհանուր, 14 դիմում, որոնցից միայն 8-ն են ներկայացված եղել գրանցված քաղաքական ուժերի կողմից, մնացած դիմումները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից են եղել: Բոլոր դիմումներով իրականացվել է վարչարարություն, տրվել են պատասխաններ, և, առաջ անցնելով, այն փաստը, որ հետագայում դատական կարգով քվեարկության արդյունքների բողոքարկում մենք չունեցանք, կարող ենք արձանագրել, որ այս վարչարարությունը եղել է իրավաչափ, և բարձրացված բոլոր խնդիրները, ամեն դեպքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաջողվել է լուծել, և այդ խնդիրները չեն տեղափոխվել դատարան։

Քվեարկության օրվանից հետո 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից միայն թիվ 6, 8 և 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում են ստացվել մեկական դիմումներ, այսինքն՝ քվեարկության օրվա վերաբերյալ դիմումներ, որոնցից 2-ը ներկայացված են եղել համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպության կողմից։ Ի դեպ՝ դրանցում արտացոլված հանգամանքներն արձանագրված են եղել նաև համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում, այսինքն՝ եթե այդ դիմումները մենք չստանայինք, միևնույնն է՝ մենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Երևանի ավագանու ընտրությունների ամփոփման փուլում այդ խնդիրներին անդրադառնալու էր:

Արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ներկայացվել է, ընդամենը, 1 դիմում, բայց, ընդհանուր առմամբ, Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկել են 78 տեղամասերում քվեարկության արդյունքներ, և պարզաբանեմ, թե ինչու: Այսպես, քանի որ մեկ դիմում, բայց … Որովհետև օրենսդրությամբ յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վիճակահանությամբ պիտի ընտրեր առնվազն 3 տեղամաս և իրականացներ վերահաշվարկի աշխատանքներ: Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին կոչ ենք արել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ուսումնասիրեն տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանները, ուսումնասիրեն տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների արձանագրությունները և որտեղ կնկատեն, օրինակ՝ գրանցամատյանում որևէ գրառում ինչ-որ խնդրի վերաբերյալ կամ արձանագրության մեջ որևէ, ասենք՝ ջնջումով ինչ-որ գրառում, բոլոր այդ տեղամասերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ իրականացրել են վերահաշվարկի աշխատանքներ։ Եվ չնայած որ 78 տեղամասերի քվեարկության արդյունքներ են վերահաշվարկվել, բայց, ըստ էության, քվեարկության արդյունքներն այս վերահաշվարկի արդյունքում, կարելի է ասել՝ էական որևէ փոփոխության չեն ենթարկվել։

Եվ մի նշում էլ, հարգելի գործընկերներ, ըստ էության, 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների 3,800 անդամներից որևէ մեկը հատուկ կարծիք չի ներկայացրել, բայց դա չի նշանակում, որ մեր արդեն ուսումնասիրությունների արդյունքում հետևանքներ չեն եղել։ Կարող եմ ձեզ տեղեկացնել, որ 14 անձինք, այսինքն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, այդ թվում եղել են նաև նախագահներ, նրանց, այսպես կոչված, վկայականները կամ լիցենզիաները, ինչպես ընդունված է ասել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուժը կորցրած են ճանաչվել։ Դրանք եղել են այն հանձնաժողովականները, որոնք, օրինակ՝ իրենց, չգիտեմ, թերի գիտելիքի պատճառով տեղամասերում թույլ են տվել, օրինակ՝ օրենքի խախտում, որևէ գործողություն։ Եվ դա, բնականաբար, բոլոր մատյաններում գրանցվում է, և այդ մատյանների գրառումների հիման վրա այդ բոլոր գործողություններն ունեցել են իրավական հետևանքներ։

2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմվել և հրապարակվել են ուղեցույցներ, ուսումնական ձեռնարկներ, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, տեխնիկական սարքավորումների սպասարկող մասնագետների, վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների համար, նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի վերաբերյալ, ուղեցույց թույլ տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների համար, ինչպես նաև առանձին հուշաթերթ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների համար: Ուղեցույցներից մեկը, որը վերաբերել է քաղաքացիություն չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող, բայց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին, տպագրվել է նաև անգլերեն և ռուսերեն տարբերակներով: Նաև հավատարմագրված բոլոր դիտորդական կազմակերպություններին, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին մեր կողմից տրամադրվել են ուսումնական ձեռնարկներ, նաև Ընտրական օրենսգրքեր: Այդպիսով մենք հնարավորություն ենք ընձեռել, որ ընտրություններում կոնկրետ աշխատող կազմերն իրենց ձեռքի տակ ունենան Ընտրական օրենսգրքեր՝ չիմացությունը բացառելու նպատակով: Նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկման 4 հոլովակներ է պատրաստել, որոնք տեղադրվել են մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, մեր յութուբյան ալիքում, նաև տրամադրել ենք հեռուստաընկերություններին, և կարծում եմ, որ իրազեկման այդ 4 հոլովակներն իրենց դերն ունեցել են ընտրությունների կարգի վերաբերյալ իրազեկման գործում, քաղաքացու կյանքում ընտրությունների կարևորության հարցում և այսպես շարունակ:

Ինչպես նշեցի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր 3,800 հանձնաժողովականների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ, բայց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մի նորամուծություն իրականացրինք, որ հանձնաժողովի անդամների համար կազմակերպված դասընթացներից զատ առանձին դասընթացներ կազմակերպվեցին նախագահների և քարտուղարների համար: Եվ նախագահների և քարտուղարների մասնագիտական դասընթացները կազմակերպվեցին քվեարկությունից 5 օր առաջ, երբ նախագահ, քարտուղարի փոփոխություն այլևս չէր կարող լինել, այսինքն՝ դրանք այն կազմերն էին, որոնք քվեարկության օրը տեղամասերում աշխատելու էին, տեղամասերում կազմակերպելու էին քվեարկության ընթացքը։

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ևս մեկ նորամուծություն եղավ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցված կուսակցություններին առաջարկեց կազմակերպել նաև վստահված անձերի դասընթացներ: Մեր կողմից բոլոր 14 քաղաքական ուժերին առաջարկվեց, որ իրենք, ուղղակի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ասեն, թե քանի անձի համար, այսինքն՝ քանի վստահված անձի համար կցանկանային, որ դասընթաց կազմակերպվեր, և ուր պիտի մոտենա դասընթացավարը: Այսինքն՝ կգան մասնակիցները, չեն գա և այլն: Այսինքն՝ քաղաքական ուժերն իրենք էին ազատ՝ իրենց պայմանները թելադրելու, մեր կողմից, ուղղակի, տրամադրում էինք վստահված անձերի համար ուղեցույցները, ձեռնարկները և կազմակերպում էինք մասնագիտական դասընթացներ: Ինչի՞ համար, որովհետև, կրկնում եմ՝ ընտրությունների ժամանակ բոլոր խնդիրների մեծ մասն ի հայտ է գալիս գիտելիքների պակասի արդյունքում։ Իսկ երբ բոլորը, ովքեր քվեարկության օրը ներգրավված են ընտրությունների ընթացքի մեջ, բոլորը գոնե բավարար գիտելիք ունեն, հավաստիացնում եմ, որ, անկախ բոլոր տեսակ քաղաքական բանավեճերից, որը ձեր տիրույթում է, տեղամասերում ընտրություններն անցնում են հանգիստ, անցնում են օրենքով սահմանված կարգով: Ու Երևանի ավագանու ընտրությունները սրա ապացույցը եղան, որ մեր որդեգրած մոտեցումը ճիշտ էր:

Կարող եմ ասել, որ 14 քաղաքական ուժերից 6-ը ցանկություն հայտնեցին՝ օգտվել ու մեր առաջարկից, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դասընթացավարները 1,700 վստահված անձերի մասնագիտական ուսուցում են անցկացրել։

Հարգելի խորհրդարան, ես՝ արագ, ժամանակս արդեն մոտենում է ավարտին, տեղեկացնեմ նաև, որ այս ընթացքում 2023 թվականից մի քանի էլեկտրոնային նոր գործիքակազմեր են ներդրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Ինչպես գիտեք. կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրական ցուցակների առցանց ներկայացման համակարգ գոյություն ունի, որով ընտրությունների նշանակումից հետո կուսակցությունները կարող են դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ստանում են օգտահաշիվ և արդեն էդ օգտահաշվի միջոցով իրենց ընտրական ցուցակը կազմելիս օգտվում են օնլայն գործիքակազմից, ինչը հնարավորություն է տալիս կուսակցություններին՝ իրենց թեկնածուների միայն անձը հաստատող փաստաթղթի տվյալն ամբողջական մուտքագրել, մնացած տվյալներն արդեն ավտոմատ տեղադրվում են: Տվյալ դեպքում հասցե, անուն, ազգանուն, հայրանուն, այսինքն՝ այն, որ, օրինակ՝ ինչ-որ շփոթմունքի կամ շտապելու արդյունքում կարող էին խնդիրներ առաջանալ, այդ խնդիրներից զերծ ենք մնում։ Այ, 2023 թվականից այս գործիքակազմին ավելացվեց ևս մեկը, կուսակցություններին հնարավորություն տրվեց, որպեսզի հա՛մ կուսակցության գույքի և եկամուտների հայտարարագրերը, հա՛մ թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերն իրենք կրկին ներկայացնեն իրենց օգտահաշվի միջոցով, ուղղակի, մեկ տարբերությամբ, որ կուսակցությունները գրանցվելուց հետո էին այդ իրավունքն ստանում։ Երբ կուսակցությունները գրանցվում էին 5-օրյա ժամկետում իրենք պիտի իրենց հայտարարագրերը ներկայացնեին, իրենք ուղղակի իրենց օգտահաշվի միջոցով մուտք էին անում իրենց թեկնածուների անվան դիմաց։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Պարոն Հովակիմյան, ժամանակը, ցավոք, ավարտվեց։ Հուսամ՝ հարց ու պատասխանի ընթացքում հավելյալ հնարավորություն կունենաք։ Շնորհակալություն զեկույցի համար։

Այժմ՝ հարցերի համար հերթագրում: Հերթագրվել է 8 պատգամավոր: Սերգեյ Բագրատյան, համեցեք:

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովակիմյան, շնորհակալություն զեկույցի համար: Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է հնարավոր ամբողջովին անցնել քվեարկության էլեկտրոնային տարբերակին։ Շնորհակալություն:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Պարոն Բագրատյան, հարցն ավելի շատ քաղաքական է և ձեր տիրույթում է, նկատի ունեմ՝ քվեակարգի փոփոխությունը, նման գլոբալ փոփոխությունը ձեր՝ օրենսդիրի, տիրույթում է, դա քաղաքական որոշում է: Ես կարող եմ ասել վերջին շրջանում միջազգային կառույցներում, կոնֆերանսներում քննարկումների, տրամադրությունների վերաբերյալ. ըստ էության, բոլոր այն երկրները, որոնք անցնում են կատարել ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակին հետագայում խնդիրներ են ունեցել, որովհետև էլեկտրոնային քվեարկությունն ունի մի շատ մեծ թերություն. երբ մասնակիցներից որևէ մեկն արդյունքները կասկածի է ենթարկում, այլևս հնարավոր չէ այդ արդյունքները վերստուգել: Թղթով քվեարկությունն այդ հնարավորությունը տալիս է: Այսինքն՝ եթե որևէ մեկը որևէ տեղամասում քվեարկության արդյունքների հետ կապված՝ ունենում է կասկած, նա կարող է պահանջել վերահաշվարկ և համոզվել՝ արդյո՞ք իր կասկածները կհաստատվեն, թե՞ կփարատվեն: Ու հավաստիացնում եմ, որ այս մոտեցումն աշխարհի զարգացած երկրների ուշադրության կենտրոնում է: Ես կարող եմ օրինակ բերել Հարավային Կորեայի քվեարկությունը, որը հենց քվեարկության օրն է, որովհետև իրենք ունեն նաև նախաքվեարկության ինստիտուտ՝ 2 օր, ընտրություններից 5 օր առաջ իրենք ունենում են նաև նախավարժություն: Նախաքվեարկության ժամանակ սարքավորումներ օգտագործվում են, բայց, միևնույնն է՝ քվեարկությունը թղթային է: Քվեարկության օրը, որքան էլ մեզ համար զարմանալի էր, բայց քվեարկության օրն իրենց մոտ ամեն ինչ թղթային է, որովհետև ընտրությունները մրցակցություն են և ընտրությունների բոլոր մասնակիցները պիտի համոզված լինեն, որ արդյունքները, որոնք կան, այն են, ինչ-որ ձևավորվել են և ունեն ընտրողի կողմից տրված քվեով արդյունքներ: Սա, կրկնում եմ՝ էլեկտրոնային քվեարկության դեպքում այս կասկածը հնարավոր չի լինի փարատել: Սա, ուղղակի, աշխարհի փորձն եմ ասում:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Համեցեք, ունե՞ք արձագանք։

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Շնորհակալություն պատասխանի համար: Ես որ հարցնում եմ՝ հնարավո՞ր եք համարում, նկատի չունեմ, որ քաղաքական որոշումը մենք չենք կայացնում, քաղաքական որոշումն էլի մենք ենք կայացնելու, բայց հնարավո՞ր եք համարում, դուք տեխնիկապես պատրա՞ստ ենք դրան, դրա մասին է խոսքը: Այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմով, իր աշխատակազմով քննարկո՞ւմ է այդ հնարավորությունը, պատրաստվո՞ւմ է դրան: Եվ թույլ տվեք չկիսել ձեր մտահոգությունն ընտրությունների վերաբերյալ կասկածների մասով, որովհետև, ինչքան ես տեղյակ եմ, բոլոր քաղաքակիրթ և այսօր ժողովրդավարության իմաստով առաջատար երկրները բացառապես էլեկտրոնային քվեարկությունից են օգտվում: Եվ չեմ կարծում, որ կասկածներ կան և չեն կարող էդ կասկածներ չփարատվել, չկա մի մեխանիզմ, որն ստուգել հնարավոր չլինի, որովհետև եթե կա ծրագիր, կա նաև այդ ծրագիրն ստուգող ծրագիր: Այնպես որ, չեմ կարծում, որ ձեր տեղեկություններն այդ ուղղությամբ իդեալական են, կարծում եմ, որ հնարավոր է, որ որոշ երկրներում դա դեռ չի հաղթահարվել, բայց չի կարող լինել ծրագիր, որը հնարավոր չլինի վերահսկել։ Շնորհակալություն:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Պարոն Բագրատյան, ես կարող եմ ասել, դուք կարող եք ստուգել, այդ ինֆորմացիան կա համացանցում, նույնիսկ եղել են երկրներ, որոնք անցել են ամբողջությամբ էլեկտրոնային քվեարկության համակարգին, հետո հրաժարվել են իրենց մտադրությունից, որովհետև կասկածներ են եղել, որ իրենց խորհրդարանի կազմավորման հարցում եղել է արտաքին միջամտություն, բայց իրենք չեն կարողացել դա ապացուցել. և իրենք, ի վերջո, նորից անցում են կատարել, վերադարձել են թղթային: Կարող եք էդ ամեն ինչն ուսումնասիրել։

Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստվածությանը, ձեզ հավաստիացնում եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է, ու էլեկտրոնային քվեարկության, այդ սարքավորումներն առկա են, այսինքն՝ էստեղ, ընդամենը, եթե կլինի նման որոշում, կլինի բյուջետային հատկացում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կպատրաստվի, դա շատ հանգիստ լուծելի խնդիր է, բարդություն չկա։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Զարուհի Բաթոյան՝ հարցի համար:

Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովակիմյան, շնորհակալ եմ զեկույցի համար, իհարկե, գնահատելի է ջանքերը հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքն ապահովելու ուղղությամբ, որն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ փոփոխությունները, իհարկե, տարեցտարի երևում են: Օրենքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակում է նաև մատչելի ընտրատեղամասերի ցանկը, քանի որ ամբողջ Հայաստանում մենք ամբողջությամբ մատչելի տեղամասեր չունենք: Այս տարբերակն ընտրված է որպես այդ մատչելիությունն ապահովելու, դրա մասին իրազեկելու միջոց, ինչը շատ լավ է, և օրենքով սահմանված է նաև իրավունք, որ ընտրողը կարող է դիմում ներկայացնել և, եթե իր ընտրատեղամասը մատչելի չէ, ապա մեկ այլ ավելի մատչելի ընտրատեղամաս ընտրել: Եվ 2023 թվականի Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այս կարգն առաջին անգամ էր կիրառվում, և ինքս փորձեցի դրանից օգտվել։ Արդյունքում ես 3 անգամ անձնագրային բաժանմունք այցելելու կարիք ունեցա: Այսինքն՝ 3 անգամ գնացի անձնագրային, որ մեկ անգամ գնամ ընտրությունների։ Ես, բնականաբար, իրազեկված եմ, ավելի շատ գիտեմ իմ իրավունքների մասին, դրանց պաշտպանելու մեթոդների մասին, ինչը չի կարելի է ասել բոլոր այն քաղաքացիների մասին, ովքեր ունեն հաշմանդամության, տեղաշարժման խնդիր և այլն։ Ես ուզում եմ իմանալ, թե ընտրություններից հետո վերլուծություն, ուսումնասիրություններ կատարվե՞լ են և արդյո՞ք նախանշվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այս մեխանիզմները բարելավելու ուղղությամբ։

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, տիկին Բաթոյան, որովհետև հնարավորություն տվեցիք՝ անդրադառնալու նաև մեր արած աշխատանքի մի մասին, որին ես չկարողացա անդրադառնալ: Մատչելի տեղամասերի ցանկը, այդ թվում նաև՝ ֆիզիկապես քարտեզի վրա տեղակայմամբ, 2023 թվականի տարեսկզբից, այսինքն՝ կոնկրետ Անի և Սիսիան համայնքների ընտրություններից սկսված տեղադրվում է, և բոլոր տեղամասերը նաև գնահատվում են իրենց մատչելիության տեսանկյունից։ Օրինակ՝ Երևանի 475 տեղամասերից մատչելի են եղել 183-ը։

Ինչ վերաբերում է ձեր կողմից բարձրացած խնդրին, տիկին Բաթոյան, քանի որ այդ ընթացքում նաև մենք զրուցել ենք, անձնագրայինի մեր գործընկերները մեզ հավաստիացնում էին, որ այդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ ուղղակի, չնայած նախկինում օրենսդրությունն ընդունվելուց հետո բոլոր այդ ձևանմուշները, դիմումներն ընդունված են եղել, բայց առաջին անգամ կիրառվելու պայմաններում, ուղղակի, իրենց աշխատակիցները լավ տեղեկացված չեն եղել, և մեզ հավաստիացրին, որ իրենք իրենց բոլոր բաժինների աշխատակիցներին ևս մեկ անգամ իրազեկել են, բացատրել են և այլևս երբեք նման խնդիր չի առաջանա։ Կարծում եմ, ես էլ եմ հուսով, որ այլևս չի առաջանա ու բոլոր մեր քաղաքացիները, ովքեր կցանկանան մատչելիությամբ պայմանավորված՝ իրենց տեղամասը փոխել, իրենք իրենց իրավունքն ազատ կիրացնեն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Համեցեք, արձագանք:

 Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալության։ Դուք ձեր ելույթում զեկույցի ժամանակ նշեցիք, որ ամենակարևոր հանգամանքներից մեկն ընտրական իրավունքի ապահովման համար, կրթությունն է, և այդ կրթությունն իրականացնում եք թե՛ հանձնաժողովականների, թե՛ վստահված անձանց շրջանում: Ես կարծում եմ, որ գուցե այս ցանկը պետք է լայնացնել, նաև անձնագրայինի մեր գործընկերների հետ էդ քննարկումները, իրազեկումն իրականացնել, որովհետև այս մեխանիզմները կարևոր են, որ մենք պրակտիկայում հասկանանք, թե ինչ բարելավման խնդիր ունեն: Այսինքն՝ եթե մենք, պարզապես, օրենքի մակարդակում անընդհատ բարելավում ենք օրենսդրական հիմքերը և ստեղծում ենք այդ հնարավորությունները, բայց պրակտիկայում մենք ունենք այլ իրականություն, իսկ ընտրություններն էնպիսի գործընթաց է, որ էնպես չէ, որ մենք ամիսը մեկ անգամ ընտրությունների ենք մասնակցում, և եթե մարդն ունի այս իրավունքը, մենք պարտավոր ենք հնարավորինս արագ և արդյունավետ դա ապահովել։

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Տիկին Բաթոյան, ես հուսով եմ, որ այդ դեպքից հետո անձնագրայինը բոլոր ընտրություններից առաջ իր աշխատողներին հաստատ տեղեկացնում են նոր օրենսդրական փոփոխությունների մասին, համոզված եմ, որ իրենք իրենց աշխատողներին հաստատ կիրազեկեն, ու նման խնդիր այլևս չի առաջանա։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հովիկ Աղազարյան, համեցեք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովակիմյան, 1990-ականների կեսերից սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովները վճռական ազդեցություն ունեին՝ ընտրությունների ապահովման հետ կապված, ուղիղ միջամտություն: Ինչ-որ ժամանակ հետո էդ միջամտությունը, երևի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղափոխվեց դեպի տեղամասեր, հետո՝ դեպի փողոց, բայց, այդուհանդերձ, տեխնոլոգիաներն էլ զարգացան և զարգանում են, հիմա նոր մարտահրավերներ, նոր իրողություններ են առաջացել։ Էդ իմաստով երկու հարց ունեմ. Դուք՝ որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք կարծում, մի 10 տարի առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջամտությունն ընտրությունների արդյունքներին վճռակա՞ն էր, էակա՞ն էր, թե՞ ոչ: Եվ այսօր, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրված լինի, ցանկության դեպքում կարո՞ղ է միջամտել ընտրությունների արդյունքների ամփոփմանը: Էս՝ մի հարց:

Հաջորդը. մենք գիտենք, որ բացասական դրսևորումները ճնշումների իմաստով ընտրությունների ժամանակ լինում են, երբ այս կամ այն քաղաքական ուժը կարողանում է ինչ-որ չափով վերահսկել ընտրությունների գործընթացը, այսինքն՝ գումար բաժանելով և հետո՝ հետևելով, թե էդ գումարը տեղ հասա՞վ, թե՞ տեղ չհասավ, և էս իմաստով շատ էական են հեռախոսների էդ հնարավորությունները, երբ ընտրողը մտնի տեսախցիկ, նկարի իր քվեարկությունը և հետո իր պատվիրատուին ցույց տա: Էստեղ ի՞նչ ունենք մենք:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար. պարոն Աղազարյան: Պարոն Աղազարյան, ես զերծ կմնամ նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը, նախկին ընտրություններին անդրադառնալուց, որովհետև այդ բոլոր գնահատականները, ըստ էության, քաղաքական են: Ըստ էության, ես՝ որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախագահ, իմ քաղաքական չեզոքությունը և քաղաքական զսպվածությունը խախտած կլինեմ, եթե որևէ կերպ անդրադառնամ նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովների գործունեությանը: Բայց ես կարող եմ մի բան ձեզ ասել, որ շնորհակալություն բոլոր նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովների կազմերին, որովհետև այն, ինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ունի, նաև մեծապես պայմանավորված է նախկին կազմերի գործունեությամբ, որքան էլ մենք կարող ենք ոչ միանշանակ ունենալ մեր գնահատականները, բայց այսօր այն, ինչ կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ որպես ինստիտուտ, ընտրական համակարգ, սրանում մեծ դերակատարություն ունեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին կազմերը, նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովները։

Ինչ վերաբերում է միջամտելուն. ըստ էության, ներկայիս մեր ընտրական համակարգը, այնպիսին է, որ որևէ միջամտություն բացառում է, որովհետև բավական է նշել, որ քվեարկության գործընթացն այսօր օնլայն հեռարձակվում է: Այսինքն՝ ի՞նչ միջամտության մասին է խոսքը, բոլորը հնարավորություն ունեն՝ ուղիղ եթերում հետևելու ընտրությունների ընթացքին: Հանձնաժողովների ընտրությունների ժամանակ բոլոր նիստերն ուղիղ հեռարձակվում են: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս ընտրական համակարգն այլևս բացառում է որևէ միջամտություն, ու էստեղ այլևս անձերով չի պայմանավորվի: Ու ես շատ գոհ եմ, որ իմ նախկին գործունեությամբ նաև նպաստել եմ այդ օրենսդրության ձևավորմանը:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Արձագանք: Համեցեք:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն պարոն Հովակիմյան: Իսկ էդ իմ հարցադրումը, որ ասենք՝ ինչ-որ քաղաքական ուժ կամ ինչ-որ անհատ վճարում է ձայնի համար և որպես հետագծելիություն, վստահ լինելով, որ իր գումարները չեն կորչի, ասում է՝ կնկարես, կբերես: Էստեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էս խնդրի հետ կապված, ասենք՝ լուծումներ ունի՞, կարո՞ղ ենք վստահ լինել, որ դա հնարավոր չէ իրականացնել, թե՞ դեռ օրենսդրական միջամտության հարցեր կան: Ի՞նչ վիճակ է էստեղ:

   Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Պարոն Աղազարյան, մենք, ըստ էության, համամասնական ընտրակարգում ունենք առանձին քվեաթերթիկների ինստիտուտը, որը վերահսկողությունն այլևս դարձնում է ոչ թե անհնար, այլ անիմաստ: Այսինքն՝ որևէ մեկը, չգիտեմ, ինչ-որ մեկին վերահսկեց, եկավ նկարեց, հետո անջատեց հեռախոսը, որ քվեաթերթիկը որ ցանկանում է դնել ծրարում, դրեց, գնաց քվեարկեց, գնաց: Հետո՞: Ով սպասում էր դրսում, տարավ իր, սենց ասած, պահանջած, երազած տեսագրությունն էլ ցույց տվեց: Պրծավ: Այսինքն՝ մեր համակարգը … Ես դրա համար եմ ասում՝ մեր համակարգն իրականում շատ լավն է, մեր օրենսդրությունը՝ այս ընդհանուր ընտրակարգի հետ կապված, իրոք, շատ լավն է, որովհետև մեզ բազմաթիվ, էսպես ասենք, խնդիրներից մեզ զերծ է պահում:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Թագուհի Թովմասյան՝ հաջորդ հարցի համար:

 Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Դուք քիչ առաջ ձեր խոսքում շատ կարևոր միտք արտահայտեցիք, որ երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են, այդ արդյունքների հետ պիտի բոլորը հաշտվեն և ընդունեն այն, ինչ կա: Այսինքն՝ քվեարկությունը եղել է, պիտի ընդունեն քվեարկության արդյունքները։ Բայց դուք ձեր ամբողջ զեկույցի ընթացքում չասացիք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր համայնքներում չի հաշտվում քաղաքացու ազատ կամարտահայտության արդյունքների հետ և փորձ է անում, նաև որոշ դեպքերում ունի հաջողություններ, երբ տարբեր համայնքներում օկուպացրել է ընտրված այլ թեկնածուների պաշտոնները։ Իհարկե, ես կդժվարանամ երկու րոպեում բոլորին անդրադառնալ փաստական հանգամանքներով, բայց փնտրողական, որոնողական համակարգով մի պոիսկի արդյունքում դուք կարող եք ծանոթանալ, եթե ծանոթ չեք, Գորիս, Գյումրի, Ապարան, Վեդի, Փարաքար, Վանաձոր, Ալավերդի, Բերդ, Վարդենիս, Ախուրյան, Անի, Սիսիան, Թալին և, իհարկե, Երևան, որտեղ Երևանի ավագանու ընդդիմադիր շատ անդամներ ուղղակի հեռացվեցին ավագանու կազմից՝ արհամարհելով Երևանի, երևանցու ընտրության իրավունքը: Բայց հարցս նաև այլ ուղղվածություն ունի և կուզենամ, որ արձագանքեք որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, որը նշանակվել է այդ կարևորագույն պաշտոնում, 2018 թվականի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե որևէ քաղաքացի Հայաստանը լքեց և չվերադարձավ 24 ժամվա ընթացքում կամ 1 շաբաթվա ընթացքում, համակարգը պետք է նրան ավտոմատ դուրս հանի ընտրողների ցուցակից և հենց մտնում է երկիր, ավտոմատ պիտի վերականգնի»: Այս խոստման առնչությամբ ի՞նչ եք արել և ինչո՞ւ չի գործում այս համակարգը՝ համաձայն քաղաքական առաջնորդի տված խոստման:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար: Տիկին Թովմասյան, ես արդեն շուրջ 2 տարի է, որ քաղաքական թիմի ներկայացուցիչ չեմ և այն պահից, երբ ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվելու, ես հավատարիմ եմ իմ հայտարարությանը: Եվ ես առաջադրվել և ընտրվել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ իրականացնելու իմ հանրային գործունեության, հրապարակային գործունեության ամենամեծ նպատակներից մեկը, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները երբևէ կասկածի տակ չդրվեն, որպեսզի քաղաքացու ամեն ձայնը հաշվի առնվի: Էնպես որ, ես ձեր ակնկալած դերում չեմ կարող… Չգիտեմ, թե ապագայում ոնց կլինի, կամ էլ 2 տարի առաջ որպես կուսակցականի դա պիտի հարցնեիք: Գուցե այն ժամանակ… Նույն այս հանգամանքով պայմանավորված՝ պատասխանել չեմ կարող, տիկին Թովմասյան: Նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիներում քաղաքական դրսևորումներին: Եթե դուք ինձ մատնացույց անեք որևէ ընտրություն ձեր կողմից մատնանշված համայնքներում, ավագանիների ընտրության ինչ-որ խնդիր, որն ընտրությունների ժամանակ է եղել, խնդրեմ, դա մեր տիրույթն է, այդ թերացումը մեր տիրույթն է, բայց հետո ավագանիներում, որոնք նույնպես կուսակցական սկզբունքով են ձևավորվում, որոնցում քաղաքական բանավեճ է,  այսինքն՝ քաղաքական է գործընթացը, ինչպես խորհրդարանում, թե էնտեղ ինչ զարգացումներ են՝ դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթից դուրս է: Նենց որ  Ներողություն եմ խնդրում:

Իսկ համակարգի մասին, կարծում եմ, որ, քանի որ նման համակարգերը նաև օրենսդրական փոփոխություններ են պահանջում, նաև պահանջում են համապատասխան նյութատեխնիկական ապահովվածություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող, այսինքն՝ այդ օրենսդրական փոփոխությունները կան, չկան, խորհրդարանում պիտի նման փոփոխություններն արվեն։ Այսինքն՝ խորհրդարանը պիտի այդ օրենսդրական դաշտն ապահովի, օրենսդրական դաշտի ապահովումից հետո, նաև դրանով պայմանավորված, նյութատեխնիկական էդ անհրաժեշտ զինումն արվի, որ դա իրականացվի: Էնպես որ, էս դեպքում էլ ես հարցի հասցեատերը չեմ: Ներողություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Համեցեք, արձագանք։

 Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Դուք այնքանով եք հարցի հասցեատերը, որ կարող էիք ասել՝ այդպիսի խոստմանն ընդառաջ՝ որևէ գործողություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ, և, որպես քաղաքական թիմի նախկին ներկայացուցիչ՝ ի՞նչ տեղեկություն ունենք այդ խոստման ուղղությամբ։ Այսինքն՝ ես հասկացա, որ ոչինչ չի արվել, հերթական անգամ խոստում է տրվել ու չի կատարվել։

Բայց ինչ վերաբերում է ընտրախախտումների դեպքերին, դուք ձեր զեկույցում չանդրադարձաք, բայց հասարակական կազմակերպությունների տարբեր զեկույցներում ամենատարբեր խախտումների մասին արձանագրումներ կան, եթե ծանոթ չեք. կարող եմ ուղարկել, որոնցից 33-ի իմաստով գլխավոր դատախազությունում կան որոշակի գործընթացներ, այսինքն՝ ընտրական խախտումները, որոնք թույլ չտալը հենց ուղիղ ձեր պարտականության մեջ են, դրանք, այնուամենայնիվ, արձանագրվել են, բայց ձեր խոսքում դուք դրանց մասին չասացիք:

Եվ հասցնեմ նաև երկրորդ խոստման մասին հարցնել՝ հետաքրքրվելով, թե այս մասով որևէ գործընթաց այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կա՞, թե՞ ոչ: Նույն օրը՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պետք է ստեղծվի, ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները՝ կոնսենսուսով»։ Այս համակարգի ներդրման մասով ի՞նչ գործողություններ են արվել, արվում։ Շնորհակալություն:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Վերջից գամ: Տիկին Թովմասյան, քաղաքական ելույթների համար քաղաքական հարցադրումներ ներկայացրեք հասցեատերերին: Ես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն եմ, անկախ նրանից, թե իմ անցած կյանքում ես ինչ պաշտոններ կամ ինչ դիրք եմ զբաղեցրել: Ես 2 տարի եղել եմ ձեր տեղակալը, կարելի է այդպես ասել, փոխխմբագիր «Ժողովուրդ» օրաթերթում, դա էլ իմ կյանքի փուլ է, չէ՞: Տիկին Թովմասյան, եթե պրոցես լինի, էստեղ պիտի լինի, օրենսդրությունն էստեղ է մշակվում, էստեղ է գրվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես պրոցեսների մասին տեղեկանում եմ, երբ Կառավարությունից որևէ նախագծի, այսինքն՝ ընտրական համակարգին վերաբերող որևէ նախագծի վերաբերյալ գալիս է կարծիքի հարցում, այսինքն՝ որը վերաբերում է ընտրություններին, ընտրական համակարգին, գալիս է հարցում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կարծիքը … Եվ մի խնդրանք, ես չհասկացա՝ 33-ն ինչ է, եթե ընտրական հանձնաժողովի հետ է, խնդրում եմ ավելի առարկայական ասեք, թե ինչի մասին է կամ ուղարկեք։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Տիկին Թովմասյան, կապված թվային տրանսֆորմացիայի հետ՝ ներս եկող և դուրս եկող քաղաքացիների բազաների փոխհամաձայնեցման, ես առաջարկում եմ, որ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դուք այդ հարցն ուղղեք, որովհետև ես գիտեմ, որ թվային տրանսֆորմացիայի մեծ պրոցես կա և այդ դիտանկյունից է պետք նայել հարցին, որպեսզի տվյալների ամբողջական սինխրոնիզացիա լինի, որը և հետագայում կարտացոլվի, իհարկե, ընտրական պրոցեսի վրա:

Հաջորդ հարցի համար՝ Արմենուհի Կյուրեղյան: Համեցեք:

 Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Դուք ներկայացնում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը, սահմանադրական մարմին, որի լիազորությունն է, պարտականությունն է վերահսկողություն իրականացնել ընտրական գործունեության օրինականության մասին: Հիմա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 65 ձայն, և այդ քանակն ապահովեցիք դուք, 65-րդ քվեն տվեցիք դուք: Եթե դուք չմասնակցեիք, դուք այս պաշտոնին չէիք լինի։ Ակնհայտ է այստեղ շահերի բախում, որը հստակ սահմանված է «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով։ Հիմա՝ հարցս. արդյո՞ք դուք հետո ինքներդ ձեզ համար գնահատեցիք, թե ինչո՞ւ ստիպված եղաք՝ մասնակցելու ձեր ընտրությանը, խախտելով օրենքի պահանջը, արդյո՞ք դա խմբակցության վերաբերմունքն էր՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը ձեր թեկնածությանը, թե՞, պարզապես, խմբակցության ղեկավարի թույլ լինելն էր, որ չկարողացավ հաշվարկել ու ապահովել անհրաժեշտ քանակությամբ ձայները։ Չէ՞ որ երբ անհրաժեշտ է լինում, ձեր խմբակցությունը միշտ էլ կարողանում է ապահովել անհրաժեշտ քանակությամբ ձայներ:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Շնորհակալություն հարցերի համար, տիկին Կյուրեղյան: Տիկին Կյուրեղյան, հաշվի առնելով, որ ձեր հարցադրման գնահատականների մի զգալի մասը քաղաքական է, ես զերծ կմնամ, չէ, քաղաքական գնահատականներ են, ես զերծ կմնամ, որովհետև իմ կարգավիճակն ինձ պարտադրում է քաղաքական չեզոքություն և քաղաքական զգոնություն։

Ինչ վերաբերում է քվեարկելուն. 1996 թվականից, երբ ես սկսել եմ հրապարակային գործունեությամբ զբաղվել, լրագրող, ուսանող կարգավիճակում ես երբեք չեմ արել գործողություն, որի օրինական լինելու հետ կապված կասկածներ ունեմ: Ես քվեարկել եմ, որովհետև համոզված եմ եղել, որ այդտեղ շահերի բախում չկա, և իմ գործողությունն օրինական է։ Եթե կա այլ կարծիք, կարծում եմ՝ կարծիքների գնահատման ամենաճիշտ տարբերակը համապատասխան մարմնում այդ հարցը բարձրացնելը և լուծում ստանալն էր։ Ամեն դեպքում, ես քվեարկել եմ, որովհետև համոզված եմ եղել, որ դրա իրավունքն ունեմ և իմ գործողությունը՝ քվեարկելու գործողությունը, օրինական է:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Խնդրեմ, արձագանք:

  Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Դուք հենց նոր, փաստացի, փորձում եք ձեր կարծիքը որպես օրենքի պահանջ ներկայացնել, իմացեք, որ դա այդպես չէ, էլի: Օրենքի պահանջն օրենքի պահանջ է։ Եվ ես նշեցի, թե օրենքի որ հոդվածում որ մասում է հստակ գրված, որ ձեր արածը շահերի բախում է և չի թույլատրվում: Եվ, ըստ էության, փաստացի, ստացվում է, որ ես հարց եմ տվել՝ դուք արդյո՞ք ինքներդ ձեզ հետ խնդիր չունեցաք, որ եթե չմասնակցեիք, էս պաշտոնում, էս ամբիոնում հիմա չէիք լինելու: Դա դիտարկեցիք վերաբերմո՞ւնք ձեր խմբակցության կողմից, թե՞, պարզապես, կա ղեկավարման, կառավարման թուլություն, անկարողություն, թե՞, ըստ էության, կարևորը ձեզ համար պաշտոն ունենալն էր, պաշտոնում ընտրվելն էր, թե օրենսդրական ինչ խախտումներ կան՝ դա առաջնահերթ չէր ձեզ համար:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Տիկին Կյուրեղյան, կրկնում եմ՝ ես քվեարկել եմ, որովհետև համոզված եմ եղել, որ գործում եմ օրինական դաշտում։ Եվ եթե ձեր կարծիքը չի համընկնում, օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարբերակը կա, որը… Սահմանադրական դատարանի կարծիքն է որպես իրավաբան եմ ասում, կարող եք դիմել էնտեղ, եթե Սահմանադրական դատարանը կասի, որ դրա իրավունքը չունեի, ձեր կարծիքը կհաստատվի, խնդրեմ, դրանից հետո ինձ ոչ մի բան չի կաշկանդի, որպեսզի ես, օրինակ՝ վայր դնեմ իմ պաշտոնը: Բայց մի դիտարկում էլ. այդ օրը ոչ միայն ամբողջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ էր ընտրվում, այլ ամբողջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր կազմավորվում: Այսինքն՝ էնտեղ 6 անդամներ էլ էին ընտրվում: Ուղղակի, այսքանը։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Վահագն Ալեքսանյան՝ հաջորդ հարցի համար: Տիկին Կյուրեղյան, տեղից մի արձագանքեք:

Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովակիմյան, շատ շնորհակալ եմ ձեր զեկույցի համար: Իմ հարցն իրականում հետևյալի մասին է. ցավոք, 2021 թվականի ընտրությունների ժամանակ մենք ականատես եղանք որոշ անթույլատրելի դրսևորումների, բարեբախտաբար, էդ անընդունելի դրսևորումները դատական համակարգի կողմից ստացան բավականին ճիշտ, ու, իմ տպավորությամբ՝ արդար որակումներ: Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության շտաբի պետը դատապարտվեց ընտրակաշառք բաժանելու կամ այդ գործընթացը կազմակերպելու համար, իսկ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորն էլի մեղադրական դատավճիռ ստացավ իր աշխատակիցների նկատմամբ, եթե սխալ որակեմ, թող ներող լինեն, բայց սպառնալիքով ու այս կամ այն քաղաքական պրոցեսին մասնակցելը. Մասնավորապես, ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելը պարտադրելու հետ կապված։ Հիմա, փաստը մնում է փաստ, որ փաստացի մեր խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ, առնվազն, երկուսի հետ կապված էլ կա օրենքի ուժի մեջ մտած դատական վճիռ, որ նրանք կատարել են շատ ծանր ընտրական խախտումներ։ Հիմա հարցս հետևյալն է. հաջորդ ընտրությունների ժամանակ ինչքանո՞վ ենք մենք ապահովագրված, որ նույն կամ գուցե ոչ նույն անձինք կփորձեն էդ գործընթացն իրականացնել: Ու, վերջիվերջո, հիմա, փաստացի, հարց է առաջանում մեր ընտրողների մոտ, ու այդ հարցը մեզ տալիս են, ասում են՝ կա դատական վճիռ, որ էս մարդկանց շտաբի պետը փող է բաժանել ու կա դատական վճիռ, որ էս մարդն իր աշխատողներին սպառնացել է: Հիմա էս մարդիկ՝ մեր հարգելի ընդդիմադիր պատգամավորները, ի՞նչ լեգիտիմություն ունեն էստեղ՝ որպես խորհրդարան, ի՞նչ մեխանիզմ՝ որպես խորհրդարանի պատգամավորներ, եթե մի մասն ընտրվել է փողով, մի մասն ընտրվել է՝ աշխատողներին սպառնալով։

Հիմա, հարցը հետևյալն է. ի՞նչ մեխանիզմներ կան՝ նախընտրական քարոզարշավի փուլում էդ ամեն ինչին ճիշտ արձագանքելու, ինչ-որ ճիշտ բան անելու, որպեսզի դրանից հետո էդ հարցը մեր ընտրողների մոտ չառաջանա: Շնորհակալություն:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պարոն Ալեքսանյան: Պարոն Ալեքսանյան, իհարկե, ես չեմ մոռանում, որ ես խորհրդարանում եմ, քաղաքական մարմնում եմ, որտեղ նույնիսկ հարց ու պատասխանը քաղաքական գործիչների միջև բանավեճի տիրույթում է, և ցանկացած հարց, կարող են հարցեր լինել, որն իրականում քաղաքական բանավեճով են պայմանավորված: Էստեղ, պարոն Ալեքսանյան, եթե դուք ինձ հարցնեք ասեք՝ օրինակ՝ 2021 թվականին ընտրական գործընթացի հետ կապված՝ այ էս խնդիրն է եղել, արդյո՞ք էդ խնդիրը պահպանվում է, լուծվե՞լ է, թե՞ չէ, ես մեծ հաճույքով կպատասխանեմ: Բայց այն, ինչի մասին հարցնում եք, դա իմ մանդատից դուրս է, ընդհանրապես, հանցագործությունների բացահայտումը թեկուզ ընտրությունների ժամանակ, չէ, հանցագործությունների բացահայտումն օրինաչափ պատասխանատվության ենթարկելը, այդ ամենն իրավապահ համակարգի տիրույթում է, և կարծում եմ, որ իրավապահ համակարգը պիտի այ էս ձեր հարցերին պատասխանի:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Համեցեք, արձագանք:

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովակիմյան, վերաձևակերպեմ հարցս՝ քաղաքական նյուանսները մի կողմ թողնելով: Ենթադրենք՝ խորհրդարանական ընտրություններ են, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իքս քաղաքական կուսակցությունը, անվանենք էդ կուսակցությունն իքս, պատգամավորի թեկնածուներից մեկն ինչ-որ վերադաս է հիմնարկում, իր աշխատողներին հավաքում է, ասում է՝ կգնաք կընտրեք, թե չէ՝ կպարզենք, ու բոլորիդ համար վատ կլինի, եթե պարզվեց, որ մեզ չեք ընտրել: Իգրեկ կուսակցությունների դաշինքը, փող է բաժանում, շտաբի պետը ձերբակալվում է, դեռ բան չկա, դատավճիռ չի կարող լինել: Ընտրություններն ավարտվում են, հայտարարվում է, որ իքսը հավաքել է, ենթադրենք՝ 4 տոկոս ձայն, իգրեկն էլ հավաքել է 21 տոկոս ձայն: Ընտրություններն ավարտվեցին, դատական վճիռը եղավ, ի՞նչ պետք է տեղի ունենա սրանից հետո: Բայց ընտրություններն արդեն ավարտվել են, ընտրություններից մի քանի ամիս անցել է, խորհրդարանը ձևավորվել է, բայց կա դատական վճիռ: Ի՞նչ հնարավորություն կա, ի՞նչ հեռանկար կա՝ էս ամեն ինչ հետ առերեսվելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էստեղ անելիք ունի՞, թե՞ չունի։ Օրինակ՝ էդ դաշինքներով ընտրված պատգամավորները պիտի մնա՞ն պատգամավոր, թե՞ չպիտի մնան պատգամավոր: Ի՞նչ պիտի տեղի ունենա։ Շնորհակալություն:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Պարոն Ալեքսանյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի մեկ անելիք. երբ ընտրությունների ժամանակ, քարոզարշավի ժամանակ: Մենք անընդհատ, օրինակ՝ մամուլը մոնիտորինգ ենք անում: Օրինակ՝ եթե որևէ մամուլում հանցակազմ պարունակող ինչ-որ արարքի մասին, մենք բոլոր էդ նյութերն անմիջապես հասցեագրում ենք գլխավոր դատախազին, ուղղակի, որևէ տեղեկություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Չգիտեմ, ձեր նկարագրած գործընթացներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անելիք չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է ընտրություններ և հանրաքվեներ, վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ավարտեցի՞ք, պարոն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Այո:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Մարիա Պողոսյան:

 Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովակիմյան, շնորհակալություն զեկույցը ներկայացնելու համար նաև ձեզ և հանձնաժողովի մյուս անդամներին՝ այս կարճ ժամանակահատվածում կատարած մեծ աշխատանքի համար: Իսկապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար մեծ աշխատանք է տարվել, որպեսզի կարողանան իրենց ընտրելու իրավունքն իրացնել, և ես հուսով եմ, որ առաջիկայում նաև բոլոր ընտրական տեղամասերը կլինեն մատչելի: Իսկ հարցս հետևյալն է. հանձնաժողովում քննարկումներ ինչ-որ կան, որ հետագայում հանձնաժողովների անդամներ լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն՝ բացի ընտրելու իրավունքից, մենք նրանց նաև հնարավորություն տանք, որ մասնակից լինեն նաև ընտրական գործընթացներին որպես նաև անդամներ: Շնորհակալություն:

 Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Պողոսյան, հարցի համար: Տիկին Պողոսյան, տեղամասերի մատչելիության խնդրի լուծումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում է, որովհետև տեղամասերի պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են: Այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, կարող է պահանջել, հորդորել, որ տեղամասերի մատչելիությունն ապահովված լինի: Կոնկրետ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Երևանի քաղաքապետարանի հետ շատ արդյունավետ համագործակցություն ստացվեց, երբ բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 10 անդամներն արդեն շրջայց էին կատարում տեղամասեր տեղամասային կենտրոնները նշանակելուց հետո, իրենք շրջայցում գնահատեցին, այդ ամենը ներկայացրին քաղաքապետարանին, որպեսզի քաղաքապետարանը փորձի հնարավորինս լուծել, որտեղ հնարավորություն ուներ՝ մատչելիությունը կարգավորելու, այսինքն՝ բարելավել: Եվ արդյունքում, ըստ էության, մենք 475 տեղամասերից 183-ում ունեցանք լիարժեք մատչելի տեղամասեր:

Եվ ձեր հարցի երկրորդ մասը: Հա, հանձնաժողովի անդամների հետ կապված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է նշանակել միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին: Այսինքն՝ զուտ ցանկության փաստով եմ ասում, բայց մինչև դա տեղի ունենա, պիտի այդ հավակնությունը լինի։ Դա՝ մեկ:

Իսկ ինչ վերաբերում է՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին, հիշեցնեմ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 6 անդամներին 2-ական սկզբունքով նշանակում են խմբակցությունները և 2-ական անդամ նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Բայց էնտեղ վիճակահանության գործիք գոյություն ունի: Այսինքն՝ երբ նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, նշանակում է, ինքը չի կարող անձնավորված նշանակել: Կարծում եմ՝ բավարարեցի:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Արձագանք ունե՞ք։ Շնորհակալություն տիկին Պողոսյան: Հարգելի գործընկերներ, այժմ՝ ընդմիջում, հետո կվերադառնանք և կշարունակենք հարցը քննարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am