National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 11

13 նոյեմբերի 2024

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման: Գրանցում։ Հարգելի գործընկերներ, գրանցվել է 71 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել:

Շարունակում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարակից զեկուցման համար ձայնը տրվում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Պարոն Քոչարյան, խնդրեմ, համեցեք:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ միասին համատեղ մեր քննարկումներն սկսվեցին և շատ ծավալուն ընթացակարգով ու բավականին տևական եղան, քննարկվեցին ուժային թևի բոլոր կառույցների հետ կապված բյուջետային հատկացումները և ծրագրային բյուջետավորման դրույթները, նաև քննարկումների ընթացքում ի հայտ բերվեցին էն մտահոգությունները, որոնք առկա են և մեզ ուղեկցելու են՝ նաև 2025 թվականի բյուջետային տարվա հետ կապված: Եվ մենք պետք է այդ խնդիրների լուծմանն անաչառ և շատ հետևողական առերեսվենք և գնանք դեպի լուծումներ: Ինձ հատկացված ժամանակի շրջանակներում ավելի կարճ ժամանակահատվածում ես կանգ կառնեմ էն հիմնական ոլորտային հարցերի շուրջ, որոնք քննարկվել են, հիշեցնելով, թե ինչ հարցեր են քննարկվել համատեղ բյուջետային հանձնաժողովների քննարկման ժամանակ և միաժամանակ կանգ կառնեմ գաղտնի մասի մեր քննարկումների վրա՝ առանց որևէ փաստացի տվյալ ներկայացնելու, որովհետև փակ մասում քննարկումները եղել են շատ բովանդակային, և կարծում եմ, որ որևէ բաց հարց մենք չենք թողել չքննարկված, և շատ ակտիվ մասնակցություն են ունեցել Ազգային ժողովի՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները:

Ներքին գործերի նախարարության մասով ի՞նչ հարցեր ենք մենք քննարկել. նշված շրջանակներում հատկապես մտահոգիչ համարվող թեմաներից համապատասխան ժամանակահատվածում տարածում գտած այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են ծանր հանցագործություն հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև սպանությունների դեմ պայքարը, դրանց կանխարգելման, նախականխման, կանխման, դրանց պատճառների ու նպաստող պայմանների վերլուծության և համապատասխան հետևությունների հանգման հետ կապված հարցերը, հիմնախնդիրներն ու առաջարկված կանխատեսումները: Ուստիև, կարծում ենք, որ նշվածի կապակցությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք իրավական և կազմակերպական միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսները նույնպես պետք է կարևորվեն ներքին գործերի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ձևավորման ընթացքում: Հանձնաժողովի նիստի ընթացքում հարցադրումներ արվեցին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասով, որոնց զոհերի թիվն անցնող համապատասխան ժամանակահատվածում կազմել է 378-ը, ինչը չափազանց մտահոգիչ է ներկա իրողությունների պայմաններում: Որպես նշված դեպքերին նպաստող պայմաններ հատկանշվեցին մի շարք տրանսպորտային միջոցների՝ դեռևս ներկա մգեցված ապակիների առկայությունը, երեխաների համար նախատեսված car seat-ների բացակայության հանգամանքները, իսկ շատ դեպքերում նաև անչափահասների` տրանսպորտային միջոցների առջևի նստատեղում անթույլատրելիորեն նստած երթևեկելու հանգամանքը: Ես ասեմ՝ էստեղ մենք կանգ առանք՝ car seat-ների հետ կապված, առաջարկը մեր գործընկեր Սոնա Ղազարյանն արեց, որը շատ կարևորում ենք, որովհետև երբ վիճակագրության մասին խոսք գնաց, հնչեց, թե 2024 թվականին 1-10 տարեկան քանի երեխայի մահվան դեպք ունենք, պարզվեց, որ 10 էդպիսի դեպք ունենք, որը շատ մտահոգիչ է, նույնիսկ՝ մեկ դեպքը, եթե առկա է: Նույն կերպ մտահոգիչ հարցադրումներ արվեցին նաև ներքին գործերի նախարարի կողմից մեր քաղաքացիներին բիոմետրիկ անձնագրերով ապահովելու հետ կապված հարցի կապակցությամբ, հարց հնչեցվեց, և ես կարծում եմ, որ այն ծրագիրը, որը հաստատվեց Կառավարությունում, որ մինչև 2026 թվականը, ոնց որ թե, տեսանելի է, որ 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում շատ իրատեսական է, որ մենք, այնուամենայնիվ, բիոմետրիկ անձնագրերի խնդիրը լուծված կտեսնենք, որը նաև ուրախացնող հանգամանք է: Հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկություն ներկայացվեց, որ հետայսու ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվող բյուջետային հայտում ինչպես ամբողջ գերատեսչության, այնպես էլ Ոստիկանության մասով, անպայման, տեղ գտնեն նախորդող համապատասխան ժամանակաշրջաններում համակարգի գործունեության տարբեր ոլորտներում առկա քանակական և որակական արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ու դրանց կապակցությամբ իրականացված նպատակային համապատասխան վերլուծությունները, ինչը հնարավորություն կտա առավել իրական և պատկերավոր պատկերացումներ կազմել տվյալ գերատեսչության կողմից ներկայացվող բյուջետային հայտի հիմնավորվածության վերաբերյալ։ Սա շատ կարևոր հանգամանք է, և կարծում եմ, որ մյուս տարվա բյուջետային մեր քննարկման ժամանակ էս դրույթները հաշվի կառնվեն, անպայման: Հանձնաժողովի նիստում նշվեց նաև, որ, թերևս, ավելորդ չի համարվի նաև, որ ներքին գործերի նախարարության պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ Ոստիկանության ծառայողներին առողջական վիճակի կապակցությամբ լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ անցած ժամանակաշրջանում Ոստիկանության 47 ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար: Սա շատ մտահոգիչ թիվ է, և, բացի մտահոգիչ լինելուց, մեր բոլոր ուժային կառույցներ ծառայության անցնելուց առաջ անալիզներ են հանձնում, և էսպիսի թվերի հետ մենք առերեսվում ենք, որի մասին հիշատակվել և դրա մասին խոսվել էր նաև նախկինում:

Ազգային անվտանգության ծառայության մասով համապատասխան զեկույցից պարզ դարձավ, որ 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգի տարբեր ոլորտներում իրականացվել են ժամանակի պահանջներով թելադրված բազմաթիվ բարեփոխումային միջոցառումներ ու ծրագրեր, այդ թվում՝ նոր սահմանային պարետատներ, նոր սահմանապահ ուղեկալներ, տեսահսկման համակարգեր, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման ու գրանցման սպասարկման կենտրոն, կիբերանվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի մասով միջոցառումներ, աշխատավարձի ֆոնդի վերանայում և այլն, որոնց մի մասը կրում է շարունակական բնույթ, որպիսի հանգամանքով նույնպես պայմանավորված է համակարգի 2025 թվականի պետական բյուջետային հայտում համապատասխան ծախսերի ավելացման ազդեցությունը: Վերջին ամսվա ընթացքում մենք տեսանք նաև բացահայտումներ, որոնք նաև արդյունք են բարեփոխումների, որոնք առկա են նաև Ազգային անվտանգության ծառայության համակարգում։

Պաշտպանության նախարարության մասով ասեմ, որ, բնականաբար, ֆինանսների նախարարը նշեց ավելացումներ այս տարվա համար, նաև այն հիմնական հիմնադրույթները, էդ ավելացումներով հանդերձ, թե ինչ ուղղությունների վրա պետք է ծախսվեն կապիտալ ծախսերը, ինչպիսի կառուցվածք ունեն: Ես ոչ մի թվային տվյալի մասին չեմ կանգ առնի և կարծում եմ, որ շատ հանգամանալից մենք քննարկում ունեցել ենք, և կարող եմ ասել, որ հատկացումների ծախսային մասն այն չափով, ինչքանով տեսանելի է եղել, հույս է ներշնչում, որ բանակի արդիականացումը և որակական ցուցանիշների ավելացումը և՛ կադրային մակարդակում, և՛ սպառազինության մակարդակում, և՛ կառավարելիության մակարդակում առկա են լինելու: Եվ կարծում եմ, որ այսօր պաշտպանության նախարարը ելույթ կունենա, եթե ինքը նպատակահարմար կգտնի, ավելի մանրամասն կներկայացնի պաշտպանության նախարարության ծախսերի էդ համակարգը, իհարկե, առանց որևէ թվային տվյալ ներկայացնելու: Մի բանի վրա կանգ առնեմ, Զինված ուժերի կադրային ռեսուրսի օպտիմալացման հարցին ուզում եմ առանձնակի ուշադրություն դարձնել, որովհետև էդ կադրային ռեսուրսի բացի հետ կապված՝ մենք վերջերս նաև օրենքի մեջ փոփոխություն մտցրեցինք, որպեսզի հնարավորություն տանք կենսաթոշակի պահպանման հիմքով որոշակի աստիճան ունեցող զինվորականներին իրենց ծառայությունը շարունակել զինված ուժերում, մինչև ամբողջ համակարգն իր կադրային շղթան ամբողջությամբ կկառուցի: Եվ մենք որոշակի ժամանակ հետո կունենանք և՛ ներքին սպայակազմի, և՛ վերին սպայակազմի համալրված էնպիսի մակարդակ, որ ժառանգականության սկզբունքով էդ անցումները կլինեն արդեն առանց ցնցումների, բայց պետք է մեր եղած ռեսուրսն ինչքան հնարավոր է մաքսիմալ էֆեկտիվ օգտագործենք: Կարծում եմ՝ էդ օրենքի քննարկման ընթացքում դահլիճը եղել է միակամ, նաև հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամները բոլորը եղել են էս հարցում միակամ: Եվ ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք կադրային համալրման խնդիրն էֆեկտիվ լուծել, մենք կունենանք կառավարման էնպիսի մակարդակ, որը մեզ հեռու կպահի բանակում էն երևույթներից, որոնց մենք առնչվում ենք հիմա՝ այս տարի գուցե շատ ավելի քիչ: Դա ինքնասպանություններն, սպանություններն են: Այսինքն՝ եթե կարողանանք մեթոդաբանության խնդիրներն էլ ի մի բերել, թե ինչի արդյունքում է էդ վիճակագրությունը, փաթեթը ոնց է կառուցվում, մենք կտեսնենք, որ, այնուամենայնիվ, բանակն էս հարցում որոշակի աշխատանքներ կատարել է, և պետք է զարգացնել էդ աշխատանքները:

Ռազմարդյունաբերական ոլորտի հետ կապված՝ գայթակղությունը շատ մեծ է: Ասենք, որ էնտեղ շատ հաջողել ենք, բայց էդ հաջողելն սկսվել է այն ժամանակվանից, երբ Կառավարությունը որոշեց էդ ուղղության վրա գիտությանը և ռազմարդյունաբերությանն անել այնպիսի հատկացումներ, որ էդ ոլորտն սկսի նորից շնչել: Սովետական տարիներին էդ ոլորտը բավականին հաջողված է եղել Հայաստանի Հանրապետությունում և Սովետական Միությունում: Եվ էդ ոլորտը մենք կորցրինք, նաև էնտեղ քննարկումներից մեկի ժամանակ ես հիշատակեցի, կար, էդպիսի մի կառույց էր ստեղծվել՝ միջազգային բիզնես կենտրոն, որտեղ մեր բոլոր ռեսուրսները մենք փոշիացրեցինք: Հիմա էդ ռեսուրսների վերականգնման և արդիականացման ծրագրեր են իրականացվում, զարգանում է էդ ոլորտի հետ կապված գիտությունը, և դա անտես աչքով էլ տեսանելի է: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր ռազմական արդյունաբերության էդ որակական ցուցանիշն ավելի հաջողի, որը նաև հաջողում է, և դրա մասին էլ չարժի շատ բան անել, որովհետև նոր փոփոխությունները, որ նախարար Հայրապետյանը ներկայացրեց օրենսդիր դաշտում, հնարավորություն է տալիս մեր արտադրողներին՝ ավելի մեծ հնարավորություն ունենալ ոլորտային զարգացումների աստիճանն ավելի բարձրացնելու համար։ Այսքանը կասեմ ռազմական արդյունաբերության մասով:

Նոր ստեղծված Արտաքին հետախուզության ծառայությունը, որի մեկ տարին արդեն անցել է մի քիչ, ինչպես ասում էր տիկին Գրիգորյանը, ատամհատիկն արվել է, էդ ծառայությունը շատ կարևոր ծառայություն է, որ մեր երկրի կառավարման ոլորտում մենք ունեցանք, որովհետև երբեք չենք ունեցել: Սովետական տարիներից ունեցել ենք կառույցներ, բայց Հայաստանի Հանրապետությունը վերջապես ունեցավ արտաքին հետախուզություն, որն անհրաժեշտ է՝ առաջին հերթին հասկանալու, թե ինչ է կատարվում մեր չորսբոլորը, գտնելու բարեկամներ և կառուցելու մեր երկրի անվտանգային խնդիրներն այնպես, որպեսզի չեզոքացվեն էն վտանգները, որոնք անտեսանելի դաշտում են: Էն, ինչ անտեսանելի դաշտում է, ամենավտանգավորն է, որովհետև անտեսանելիից հետո գալիս է տեսանելին, որը հանդես է գալիս պատերազմների տեսքով: Որպեսզի դրանից խուսափենք, էս կառույցն օր առաջ պետք է անընդհատ զարգանա: Էդ առումով տիկին Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց բյուջետային տարվա համար հատկացումները, կադրային ռեսուրսի ավելացման մեխանիզմները, բացի դրանից ներկայացվեց նաև… Էդ հարցը հնչեց, թե էն գումարը, որը հատկացված է 2025 թվին. բավարա՞ր է էն ամբիցիոզ ծրագրերի համար, որ Կառավարությունը դնում է էս կառույցն ունենալու համար: Այո, բոլոր ուժային կառույցներին էդ հարցը տրվել է, բոլորն էլ ասել են՝ մենք պետք է տեղավորվենք և իրականացնենք էֆեկտիվ ծախսեր մեր ոլորտային հատկացումների շրջանակում: Բնականաբար, պաշտպանական գերատեսչությունն ունի առանձնահատկություն, որովհետև մեր կորուստները վերականգնելով՝ մենք մեր երկիրը պետք է դարձնենք ավելի անվտանգ և ապահով:

Պետական պահպանության ծառայության մասով նրա ղեկավարի և աշխատակազմի ներկայացրած զեկույցի շրջանակներում եղան էլի սուր հարցեր, հարցերը հստակ պատասխաններ ստացան, թե ինչի վրա է գումարը ծախսվում: Եվ «պետական պահպանություն» բառը հենց ինքն ասում է՝ պետությունը պետք է պաշտպանված լինի հատուկ կառույցի կողմից։ Մենք մի քանի օրենքների փոփոխություններ էս ընթացքում հասցրինք անել, որը կառույցին տալիս է սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունից անջատվելու ընթացքում կային խնդիրներ, լուծված չեն: Բազմաթիվ խնդիրներ լուծվել են՝ և՛ սոցիալական, և նաև կառավարման՝ սկսած զենքի կրման իրավունքից ղեկավար կազմից մինչև ներքև, ինչպես նաև օրենքով նախատեսված իրենց պարտականություններն ավելի լիարժեք կատարելու համար: Այսքանն է եղել փակ մասում և բաց մասում: Բաց մասը բաց է եղել, հարցերը եղել են թափանցիկ, իսկ փակ մասը բովանդակային առումով ես ներկայացրի: Թվային մասով, բնականաբար, ոչ մեկս իրավունք չունի՝ բաց հարթակում խոսելու էն թվերի մասին, որ դեռ պետք է մեր կարողություններն ավելացնի։ Շնորհակալություն:

   Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Քոչարյան: Հարգելի գործընկերներ, հարցերով պարոն Քոչարյանին դիմելու համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Թադևոս Ավետիսյան։ Համեցեք, խնդրեմ:

 Թ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Պարոն Քոչարյան, մենք առիթ ունեցել ենք՝ նաև մեր հանձնաժողովի նիստում քննարկելու ռազմարդյունաբերության ոլորտի ծախսային կատարողականն այս տարվա 9 ամիսներին: Էդպես էլ, անկեղծ ասած, հասկանալի պատասխան չեմ ստացել ոլորտի պատասխանատու նախարարից։ Թերևս, նոր նախարար է, երևի, չի հասցրել: Գոնե դուք կարո՞ղ եք ներկայացնել էն փաստական հանգամանքները հանրության համար, ըստ որի՝ ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը, կարծես թե, զրո է եղել այս տարվա 9 ամիսներին: Համենայնդեպս, ես նայել եմ պաշտոնական տեղեկատվություն, որը եռամսյակային պետական բյուջեի ծախսերն ըստ ուղղությունների հրապարակում է: Վերջերս նաև 9 ամսվա ցուցանիշը կար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մասով, ինչը շատ մտահոգիչ է՝ անկախ էն հանգամանքից, թե ինչ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կան: Ես խնդրում եմ, որ, նախ՝ եթե ճիշտ չեմ ասում թիվը, դուք ճշտեք, և երկրորդը՝ նաև պատճառների մասին, որովհետև ուղիղ կապված է նաև բյուջեի հետ, որովհետև էդ ոլորտի համար էական լրացուցիչ ծախսեր են ավելացվում: Կարծեմ՝ 90 տոկոս աճ կա էդ ոլորտի համար, ընդհանուր առմամբ, և եթե մենք չենք անդրադառնում ընթացիկ կատարողականի ձախողումներին, զրոյական կատարողականին կամ, ընդհանրապես, ցածր կատարողականին, ապա ի սկզբանե վնասված կամ ի սկզբանե, էսպես ասենք, վտանգված է լինում նաև հետագա ծախսային արդյունավետությունը և ողջ ծավալով իրականացումը։

Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Ավետիսյան: Գայթակղությունը շատ մեծ է, որ ես ասեմ՝ այո, զրոն լավ թիվ է հանրային քննարկման տեսանկյունից, բայց դա զրո չէ, հաստատ: Որպեսզի բոլորս առերեսվենք իրականության հետ, պարոն Մխիթար Հայրապետյանը և պաշտպանության հանձնաժողովը միատեղ որոշել ենք, որ նաև ձեր մասնակցությամբ մեր ընդդիմադիր գործընկերների և իշխանության գործընկերների հետ կազմակերպենք այցելություն մեր ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ, որպեսզի էդ զրոն և ոչ զրոն շոշափելիորեն բոլորս տեսնենք, և եթե պետք է ոգևորվենք, ոգևորվենք, եթե պետք է մտահոգվենք, մտահոգվենք: Ես կարծում եմ, որ մենք էդտեղ ունենք հաջողված նախագծեր և ընթացքի մեջ էլի հաջողություններ արձանագրող նախաձեռնություններ, և շատ շուտով, պարոն Հայրապետյան, եթե չեմ սխալվում, մյուս շաբաթ, երևի, մենք էդ… (Խոսակցություն դահլիճում:) Կիրակի օրը մենք դա կազմակերպելու ենք: Տեղեկացված են նաև մեր ընկերները, պետք է տեղեկացված լինեն: Ես կառաջարկեմ, որ պարոն Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցի: Պարոն Հայրապետյան, ի՞նչ կարծիքի եք: (Խոսակցություն դահլիճում:) Շատ լավ: Զրո չէ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Թ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Որպես կանոն, ես եմ որոշում՝ որտեղ մասնակցեմ և ինչպես:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Ոնց կուզեք:

   Թ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Հա, բայց հետաքրքիր առաջարկ է: Մի բան է, երբ ես ու դուք կիմանանք, կտեսնենք, կոգևորվենք կամ կհուզվենք, մեկ այլ բան է, որ հանրությունը պիտի իմանա, և բավական է, որ մեր հանրությունն անընդհատ վախի մեջ լինի, ես սա շատ կարևորում եմ: Պարոն Հայրապետյանը դրան դեմ է, ասում է՝ էստեղ ես միտումներ եմ տեսնում, ազգային անվտանգության հարցեր, բան, բայց, երբ ասենք՝ ես հարևան թշնամի երկրի ղեկավարն օրնիբուն մի հատ մի բան նստած թռչում կամ սահում է և ցույց է տալիս իր հզորությունը, մեր հանրությունն էլ, այո, ինչ-որ չափով պիտի տեղյակ լինի, որ, այո, մեր պետությունն էլ անվտանգային առումով կարողանում է հզորանալ օր օրի և ոչ միայն խոսքերով, այդ թվում՝ նաև ձեր, որովհետև շատ անգամ դուք մի բան ասում եք, անձը նկատի չունեմ, ձեր իշխանությունը, մի բան ասում եք, մեկ այլ բան լինում է, հիշեք անցնող 6 տարիները: Որպես կանոն շատ բան ասել եք, հակառակը եղել է: Հիմա դրա համար փաստերով պիտի նաև հանրությունը տեղեկանա, տեսնի, ոգևորվի, որովհետև ազգային անվտանգությունը նաև հավատ է, նաև ինչպես դուք ժամանակին գլխարկի վրա գրել էիք՝ դուխ է, նաև ապագայի նկատմամբ, էսպես ասենք, վստահ տեսլական է և այլն:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Ես արձագանքեմ: Ոլորտում աշխատում են հազարավոր մարդիկ հիմա: Նրանք բոլորը ոգևորված են: Էդ ոգևորությունը փոխանցվելու է իրենց ընտանիքներին, ընտանիքներից՝ դպրոցին: Բոլորը տեսնում են, շոշափում են, ուրախանում են, որովհետև նոր արդյունք է ծնվում: Հիմա դուք էլ կգաք և կոգևորվեք: Ես անձամբ միշտ ոգևորված եմ, որովհետև նոր բան, որ ծնվում է, որտեղ դու ունես քո կողմից իրականացված ներդրում, թեկուզ օրենսդրական դաշտում, դա միայն ոգևորություն է առաջացնում: Եվ մեր էս նախաձեռնությունը կապված է նրա հետ, որ էն ոգևորությունը, որ մենք կապրենք, եթե ապրենք, կփոխանցվի նաև մեր հասարակության տարբեր շերտերի։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Արթուր Խաչատրյան:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Է, պարոն Քոչարյան, էն ՍՈւ-30-երով էլ էին ոգևորված: Քանի՞ կիլոմետր թռանք:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Էլի պետք է ոգևորվենք, հանգիստ եղեք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Դե, հենց մի հատ հրթիռ կարձակի, մի հատ թիրախ կխոցի, կոգևորվենք: Էդ լավ է, որ դուք ասում եք՝ աշխատակիցների առողջական հարցերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Վատ է, իհարկե, որ թմրանյութեր օգտագործող ոստիկաններ կան: Վատ է, իհարկե, որ ոստիկաններ կան, որ երբ կանգնում են, փորը, առնվազն ձեռքից ավելի երկար է, բայց ուզում եմ խոսել հոգեկան առողջությունն ստուգելու անհրաժեշտության մասին: Խոսքս չի վերաբերում օպերլիազորներին, խոսքս չի վերաբերում քաղմասներում աշխատող ոստիկաններին: Խոսքս հատկապես վերաբերում է Ոստիկանության զորքերին, հատկապես վերաբերում է կարմիր և սև գլխարկներին՝ բերետներին: Չե՞ք կարծում, որ պետք է նախ՝ ծառայություն անցնելուց առաջ, որպես պարտադիր նախապայման, և ծառայության ընթացքում՝ պարբերաբար որպես պարտադիր նախապայման, էդ մարդկանց, օրինակ՝ թեստավորել բռնության հակվածություն ունենալու համար: (Խոսակցություն դահլիճում:)

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Պատասխանե՞մ: (Խոսակցություն դահլիճում:)

  Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ի՞նչ:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Շատ լավ:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Որովհետև տարբեր երկրներում, օրինակ՝ ոստիկանի հատուկ թեստեր կան, որ բռնության հակվածությունն ստուգում են՝ էդ մարդիկ հակվա՞ծ են բռնություն կիրառելու, թե՞ չէ: Ինձ մոտ այն տպավորությունն է, որպես այդ ուժերի հետ, ցավոք սրտի, առնչված մարդ, որ հակառակ ընտրություն է կատարվում՝ սադիստական հակում ունեցող մարդկանց ներգրավելու ոստիկանության զորքերում և հատուկ ստորաբաժանումներում: Դրան էլ ավելացնենք այս ամբիոնից հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ ոստիկաններն ապօրինի որևէ բան չեն արել։ Եվ, իրոք, մենք չենք տեսել, որ որևէ բերետ բռնություն կիրառելու համար դատվեր: Շնորհակալություն:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Պարոն Խաչատրյան, հունիսի 12-ի հետ կապված, եթե չեմ սխալվում, մեր ընդդիմադիր գործընկերներն ուզում էին նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծում, էդպես էլ չստեղծեցիք, որպեսզի մենք հասկանանք, թե, վերջին հաշվով, ի՞նչ է եղել, ինչո՞ւ էին ուզում շարժվել դեպի Դեմիրճյան փողոց, և ինչո՞ւ տեղի ունեցավ էդ բախումը: Դեմիրճյան փողոցում ի՞նչ կար: Եվ էդ հարցերի բացատրությունները, իհարկե, քննիչ հանձնաժողովը կարող է ստանալ, և էդ իրավասություններով լիազորված է Ազգային ժողովի համապատասխան մարմինը, որպեսզի էդ ուսումնասիրությունները կատարի, դա՝ հունիսի 12-ի մասով:

Համաձայն եմ, որ մենք ունենք համակարգեր, որտեղ նաև Ոստիկանության ծառայողները պետք է անցնեն որոշակի ստուգումներ, նաև՝ հոգեկան: Հիմա դուք եթե… Ափսոս, որ չեք մասնակցել մեր բարեփոխումների՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացակարգին վերաբերող լայնածավալ ուսումնասիրություններին և քննարկումներին թե՛ արտաքին մեր աջակից կառույցների կողմից, թե՛ մեր բանով, և, վերջին հաշվով, «Գվարդիայի մասին» օրենքին: Պարոն Գեղամ Մանուկյանը և մեր հանձնաժողովի մյուս անդամները բավականին քաջատեղյակ են, թե ինչ է նախատեսվում էդ բարեփոխումների հիմքում: Եվ որպեսզի բարեփոխումները դառնան իրականություն և մտահոգիչ բոլոր խնդիրները լուծեն, պետք է կայացնենք մեր Ոստիկանության գվարդիայում ամբողջ ծավալով, և, սկսած կրթական ցենզից, վերջացրած բարեվարքությամբ, իհարկե, ուսումնասիրությունները մինչև ոստիկան դառնալը, կրթություն ստանալը և ծառայության հասնելը խնդիրներ են, որոնց լուծմամբ է պայմանավորված վաղվա ուժային կառույցների, նաև Ոստիկանության՝ ոստիկանական զորքերի, գվարդիայի հաջողությունները:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պարոն Քոչարյան, էդ, իհարկե, լավ է, որ հույսներդ դրել եք ընդդիմության կողմից նախաձեռնվող քննիչ հանձնաժողովների վրա կամ խրախուսում եք, որ քննիչ հանձնաժողովները գործեն, նաև պարոն Թունյանը երեկ դրա մասին ակնարկեց:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

- …Արդարացիորեն, ընդ որում:

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Արդարացիորեն: Բայց անարդարացիորեն տորպեդահարում եք ընդդիմության կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովների աշխատանքները, զորօրինակ՝ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական իրավիճակը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Իսկ ինչո՞ւ էին ուզում առաջ գնալ: Երևի, ճիշտ կլիներ, որ հարցնեիք՝ իսկ 2018 թվականին ընդդիմությունն ինչո՞ւ էր գնում դեպի Ազգային ժողով: Խոսքը գնում է շատ ավելի պարզ բանի մասին. կա ողջամիտ կասկած, որ հատուկ ոստիկանության զորքերում կարմիրբերետավորների շարքում ներգրավում եք սադիստական հակվածություն ունեցող անձանց։ Եվ ի՞նչ եք նախապատրաստում դուք անել՝ կանխելու նման սադիստների մուտքը համակարգ, որովհետև մահակը, ինչպես և փամփուշտը, քոռ է: Ինքն էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ, թե ում գլխին է իջնելու:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ավարտեք, խնդրում եմ:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Պարոն Խաչատրյան, ծառայության բերումով ես փամփուշտի ուժն էլ լավ գիտեմ, մահակի ուժն էլ լավ գիտեմ: 1990-ականներից ուժային կառույցներում, պարոն Օհանյանը լավ գիտի. ես անցել եմ: Եվ ուժի մեջ չէ խնդիրը, հանդուրժողականության մեջ է խնդիրը: Այո, եկեք հանդուրժենք իրար և առերեսվենք էն իրողությունների հետ, որը կոչվում է քաղաքական պայքար: Էդ պայքարի ոչ ուժային ճանապարհները մերժելով՝ մենք կարող է և արձանագրենք բավականին լուրջ հաջողություններ մեր երկրի ընդհանուր առաջընթացի համար։ Ուզում եմ ասել, որ բոլոր քննարկումներով, չքննարկումներով, ուժային կառույցներին էդպիսի որակում տալով՝ մենք ոչ մի լավ բանի չենք հասնում: Ուժային կառույցները պետք է լավացնել: Ասենք՝ բյուջետային տարի է, հատկացումներ կան: Ես խոսեցի, թե ինչ հարցերի շուրջ ենք խոսել, նաև դուք եք մասնակցել և հարցեր եք տվել: Էդ հարցերը պետք է տեսնենք լուծված վիճակում: Տեսեք, մենք ասում ենք, որ երեխաների car seat-ները պետք է լինեն, մենք դիմադրում ենք կողապակիների մգեցման դեմ, ասում ենք՝ չէ, թող չլինի: Մենք հիմա ասում ենք՝ car seat-ը թանկ է, բայց car seat-ը կյանք է: Այո, car seat-ը կյանք է: Աշխարհում չկա էդպիսի երկիր, որտեղ երեխան նստի դեմը կամ չնստի car seat-ի մեջ, որպեսզի ապահով լինի: 10 դեպք է եղել անցյալ տարի՝ երեխաների մահվան ելքով։ Ուզում եմ ասել՝ սրանք հարցեր են, անկախ ծախսի քանակից՝ նաև կյանքի հետ կապված ծախսերը պետք է լինեն արդարացված:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Քոչարյան: Արծվիկ Մինասյան, համեցեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Արձագանքեմ էս վերջին հարցին և ձեր պատասխանին, պարոն Քոչարյան: Գևորգ Մկրտչյան, որը …

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Կիսատ է դեմքը, մի քիչ լայնացրեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Կարմիր բերետներից է և բավականին շատ հայտնի է հանրությանը և ոչ միայն ինքը, շատ-շատերի անունները կարելի է թվարկել, որոնք ակնհայտորեն, նույնիսկ ակնադիտական տեսանկյունից, իսկապես, լուրջ խնդիրներ ու կասկածներ հարուցում են իրենց ադեկվատ լինելու մասին: Խոսքը կառույցների մասին չէ, այլ անհատների, որոնց մուտքը կա՛մ պիտի արգելվի, կա՛մ որևէ ձևով սահմանափակվի կամ վերատեսչության ենթարկվի: Եվ շատ կարևոր է, որ դուք ասում եք՝ առողջության ստուգման հետ կապված հատկացումներ են կատարվում: Հենց սրա մասին է, որ շեշտադրում դրվի հենց էս դեպքերի վրա։

Հարցս վերաբերում է հետևյալին. դուք թվարկեցիք Պետական պահպանության ծառայության մասով որոշ բաներ՝ առանց մանրամասնելու: Օրենքի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունն օրենքի ուժով 3 պաշտոնատար անձի պահպանություն է իրականացնում, սակայն մեր և հանրության համար հայտնի չէ, թե էլ քանի մարդու պետական պահպանություն է իրականացվում: Ես անվանական չեմ ուզում տվյալներ, որոնք անձնական տվյալներ են, քանակի մասին է խոսքը գնում, և եթե հնարավոր է, մոտավոր պաշտոնների ուղղվածության մասին, և որքա՞ն է ծախսվում էս ուղղությամբ, էդ գումարները:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Ծախսերը նշված են:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Եվ երկրորդ հարցադրումը՝ ուժային կառույցների ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ, որովհետև չկա բյուջեում: Ի դեպ, օգտվելով առիթից՝ ֆինանսների նախարարը նստած է էստեղ, կարծում եմ՝ կարևոր է, որ մինչև իր եզրափակիչ ելույթը, ներկայացնի պառլամենտին նաև պետական համակարգում ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ տեղեկանք, որն ավանդաբար միշտ ներկայացված է, բայց էս տարվա բյուջեի հավելվածում, ուղղակի, չկա, բացակայում է։

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Ես կարծում եմ, որ ֆինանսների նախարարին ուղղված հարցին նախարարն ինքը կպատասխանի։ Ինչ վերաբերում է ուժային կառույցների տրանսպորտային միջոցների արդիականացմանը, դա խիստ անհրաժեշտ է և պետք է արդիականացվի, դա լինի պետական պահպանություն, ներքին գործեր, պաշտպանություն և, ընդհանրապես, միջոցները պետք է լինեն արդիական և բավականին երկար ծառայելու համար ձևավորված:

Ինչ վերաբերում է նախորդ հարցին և ձեր հարցին, ես էդ մասը բաց էի թողել: Ես ուզում եմ նաև հանձնաժողովի նիստում էդ հատվածին վերաբերող քննարկման փաստ արձանագրել: Հանձնաժողովի նիստի ընթացքում կարևորվեցին, ընդհանուր առմամբ, ոստիկանության ծառայողների և, մասնավորապես, պարեկային ծառայողների կողմից մասնագիտական վարքագծի սկզբունքների ու կանոնների, ինչպես նաև բարեվարքության համակարգի մյուս տարրերի պահպանության հետ կապված հարցերը, որոնց կապակցությամբ, թերևս, ավելորդ չէր լինի, որ ներքին գործերի նախարարության բյուջետային հայտերում համապատասխան միջոցներ հատկացվեին հիշյալ ծառայողների բարեվարքային կրթության և վերապատրաստման ուղղությամբ լրացուցիչ գործընթացներ իրականացնելու համար: Ասեմ, որ սա վերաբերում է ոչ միայն Ոստիկանության մի փոքր խմբի, այլ, ընդհանրապես, Ոստիկանության ծառայողների կրթական ցենզի բարձրացմանը, դա լինի գվարդիա, պարեկային ծառայություն: Եվ էդ խնդիրները հենց առաջնային են դրված 2025 թվականի բյուջեի, դրանից առաջ դրված ծրագրային բյուջետավորման մեր նպատակների մեջ և կլինեն առավել ևս հաջորդիվ, որովհետև դրա մեջ է նաև կանգնած էն խնդիրը, որը պարոն Խաչատրյանը հնչեցրեց, լուծումը։ Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Արձագանք: (Խոսակցություն դահլիճում:)

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Ի՞նչը: (Խոսակցություն դահլիճում:)

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Մինասյան, արձագանքի իրավունք ունեք:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Ես ասացի, որ ֆինանսների նախարարին էդ հարցը:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Չէ, չէ, էդ հարցն ուղղված էր ձեզ: Ֆինանսների նախարարին… ես ասացի, հիմա արձագանքի ժամանակ կնայեմ:

Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Պարոն Մինասյան, ես ասացի, որ թիվ չեմ հնչեցնի:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-…Որ ներկայացվի տեղեկանք, ընդհանրապես, պետական համակարգում ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ, որովհետև բյուջեի բացատրագրի հավելված աղյուսակ 2.2-ում մշտապես ներկայացված եղել է, պարոն Հովհաննիսյան, բայց էս 2025 թվականի բյուջեում չկա, բացակայում է: Այսինքն՝ հանրությունից և մեզնից թաքցվո՞ւմ է էդ տեղեկատվությունը, թե ծառայողական մեքենաների քանակը որքան է և պարկի ինչ թարմացում է տեղի ունեցել, ինչ արժեք է նստել պետության վրա: Իսկ ձեզ ուղղված հարցը վերաբերում էր հետևյալին. Պետական պահպանության ծառայությունը, բացի օրենքով նախատեսված 3 պաշտոնատար անձի պահպանություն իրականացնելուց՝ նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, ուրիշ քանի՞ և ի՞նչ ծավալով պահպանություն է իրականացնում, նյութական արժեքով որքա՞ն է նստում պետության և հանրության վրա էդ մարդկանց պաշտպանությունը:

 Ա.ՔՈՉԱՐՅԱՆ

-Դուք նշեցիք էն պաշտոնյաների պարտադիր պահպանության անվանացանկը, բայց դրանից դուրս կան պաշտոնյաներ, նաև, անհատներ, որոնք նույնպես կարող են առանձին որոշումներով ընդգրկվել Պետական պահպանության ծառայության միջավայրում: Դրա մասին, բնականաբար, ես որևէ արձանագրում հիմա չեմ անի:

Ինչ վերաբերում է ծախսային մասին, ընդհանուր առմամբ, թե 2025 թվականի համար ինչ միջոցներ, ինչ նպատակներ, դրանք գաղտնի փաստաթղթում հենց հիմա էլ ինձ մոտ կան: Եթե ցանկանաք, կարող եք բարձրանալ և ծանոթանալ։ Շնորհակալություն։

  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Քոչարյան, նաև ձեզ: Հարգելի գործընկերներ, այժմ մտքերի փոխանակության համար գրանցում: Խնդրում եմ նախապատրաստվել: Գրանցում: Սրանից հետո տեղի կունենան ելույթներ, եթե կառավարության ղեկավարը նման որոշում ունենա: Դրանից հետո Կառավարության ղեկավարի ելույթը տեղի կունենա, ուստի՝ հիմա եկեք նորից գրանցում անենք: Խնդրում եմ նոր կրկնակի գրանցում անել: (Խոսակցություն դահլիճում:) Չեմ լսում: Կրկնակի գրանցում, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադիր լինել: Գրանցում: Խնդրում եմ Գառնիկ Դանիելյանին գրանցեք, եթե չի գրանցվել: Գեղամ Մանուկյան, համեցեք: (Խոսակցություն դահլիճում:) Չհասկացա: (Խոսակցություն դահլիճում:) Հա, խնդիր չկա, կընդառաջեմ: Խնդրեմ: Արմեն Ռուստամյան, համեցեք: Դահլիճում լռություն, հարգելի գործընկերներ:

 Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Ես մի հարցի եմ անդրադառնալու, որովհետև էդ հարցն էնքան պերճախոս վկայում է, թե էս Կառավարությունն ինչ է ուզում անել, և ինչ է մեզ սպասվում իր գործունեությունը կատարելու արդյունքում։ Հիմնական զեկուցողը մի հայտարարություն արեց, որը չի կարելի անտեսել և պետք է դրան, անպայման, անդրադառնալ։ Նա ասաց հետևյալը. Կառավարությունն իր բոլոր որոշումների հիմքում դնելու է իրական Հայաստանի քաղաքացու շահերը։ Մենք հասկանում ենք էս ձևակերպումը, որը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով «իրական Հայաստան»-«պատմական Հայաստան» էս հակադրության մեջ: Ձեր ղեկավարն է հրապարակ բերել, բայց պետք չէ պապից պապական դառնալ ու շարունակել էդ միտքը զարգացնել, հասնել էնտեղ, որ մենք հիմա, փաստորեն, ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մինչև հիմա գիտեինք, որ Սահմանադրությամբ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի։ Հիմա պարզվում է, որ ինչ-որ նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի» քաղաքացի։ Պարզ հարց է առաջանալու՝ Հայաստանի Հանրապետության որ քաղաքացիներն են համարվելու Կառավարության համար իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Եվ էս առումով սա շատ խորը գնացող հետևությունների տեղիք է տալիս, թե ինչպես է դա տարանջատվելու: Եթե դա նույնն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին և «իրական Հայաստանի» քաղաքացին նույնն է, էդ ժամանակ էդ «իրական» բառն ինչո՞ւ եք մեջտեղ բերել, կպցրել Հայաստան պետությանը, իսկ եթե դա նույնը չէ, ձեր նախորդ հայտարարություններից երևում է, որ դա էդքան էլ նույնը չէ, ուրեմն, իսկապես, մարդիկ պետք է հասկանան, թե ոնց են հայտնվելու իրական Հայաստանի քաղաքացիների կարգավիճակում, որ օգտվեն Կառավարության ծրագրերից և որոշումներից: Մոտավորապես հասկանում եմ՝ դա ինչպես կարող է տեղի ունենալ, եթե էս գաղափարը շարունակվի: Ձեր հայտարարություններից բխում է, որ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության, էն քաղաքացիները որ իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատ լեռը, բնական է, պետք է արագ փոխարինվի առնվազն Արագած լեռով, եթե հայրենասիրական իրենց տրամադրություններն ուզում են, այդուամենայնիվ, արտահայտել: Եթե, օրինակ, ասենք՝ արտասանեն «Ես իմ Անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և հասնեն էն տողին, որ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»: Ո՞նց թե քո Մասիս սարը, էդ ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է: Իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում, կլինի շատ ճիշտ և որևէ խնդիր չի առաջացնի հարևանների հետ: Եթե օրինակի համար որևէ մեկն էդպիսի համարձակություն ունենա, ասի, որ օրինակ՝ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են և ստեղծվել են էն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար, լուրջ պրոբլեմ ենք ունենալու Ադրբեջանի հետ, և սա «իրական» Հայաստանի համար առաջացնելու է սպառնալիքներ: Եթե ասենք՝ օրինակ՝ մեկը գնա Հռոմ, ու օրինակ՝ Կոլիզեյի մոտ, գիտեք, էն հնագույն քարտեզները կան, էդ քարտեզների ֆոնին հանկարծ նկարվի ու էդ նկարը պահի իր տանը, կպարզվի, որ մենք պրոբլեմներ ենք առաջացնում մեր հարևանների հետ, որովհետև էդ քարտեզների վրա մեծ տառերով գրված է «Արմենիա», բայց ինչքան էլ փնտրենք «Ազերբաջան» չենք գտնի, օրինակ, Թուրքիա էլ չենք գտնի: Այսինքն՝ էս ձևի մոտեցումները մեզ կարող են տանել, իսկապես, իրական Հայաստանի նկատմամբ առաջացնել լուրջ սպառնալիքներ։ Եվ. Ուրեմն. Իսկապես. խնդիր է առաջանում: Էս հստակությունը պետք է մեր քաղաքացիներն ունենան։ Նորից եմ կրկնում, եթե ես չափազանցություն եմ ասում, թող իրենք՝ քաղաքացիները, իրենց հարց տան կամ հարց ուղղեն Կառավարությանը. «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Ինչպե՞ս անեմ, որ օգտվեմ ձեր ծրագրերից, ձեր որոշումներից, որովհետև դուք ասում եք՝ դրանք պետք է բխեն միայն «իրական» Հայաստանի քաղաքացու շահերից և, ուրեմն, խնդրում եմ ձևակերպեք, հստակեցրեք, որ ես իմանամ՝ էդ կատեգորիայի մեջ մտնո՞ւմ եմ, թե՞ չէ»: Իհարկե, տենց փորձ կա, գիտեք, էդ գեղեցիկ ձևակերպումների հետևում միշտ, երբ նրանք զարգանում, հասնում են մի աստիճանի, տոտալիտար համակարգերն էդպես են ձևավորվում։ Օրինակ՝ մենք դա ապրել ենք էլի, ասենք՝ Խորհրդային Միության ժամանակ էլ կար «Կոդեքս ստրոիտելյա կոմունիզմա», որը նոր որակ էր հաղորդում քաղաքացիներին, և նրանք ավելի պաշտպանված էին՝ կոմունիստ լինելով, էդ կոդեքսը պահելով: Հիմա, երևի, ճիշտ կլինի, որ առաջին իսկ նիստերում Կառավարությունը հստակեցնի էն կոդեքսը, որը վերապահված է էն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են կառուցել իրական Հայաստան: Եվ սա, իսկապես, էսքան զավեշտալի չէր լինի, եթե էս աստիճանի մենք չհասնեինք էն օրվանը, որ էս մտացածին գաղափարները՝ մի բուռ ազգին պառակտող, մեզ ուր կարող են տանել հասցնել: Կանգնեք, էսպես շարունակել չի կարելի: Մեր ժողովուրդը, իսկապես, պետք է կողմնորոշվի ինքը պատրաստվո՞ւմ է էս ստուգատեսն անցնի էս անկապ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի» և «իրական Հայաստանի քաղաքացի» հասկացությունների մեջ, թե՞ ոչ: Սա արդեն մեր ժողովրդի որոշելու հարցն է:

  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արսեն Թորոսյան: Համեցեք, պարոն Թորոսյան:

 Ա.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, մինչև բուն հարցիս անդրադառնալը ես մտածում էի պարոն Ռուստամյանի ելույթի ժամանակ, թե, ի վերջո, իրական Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանի իրական քաղաքացին ով է, ու ինձ համար տենց պարզ էր էդ հարցի պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն անձնագիր, ու ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Ի՞նչ կա էդտեղ դժվար: Իսկ ինչ վերաբերում է իրական Հայաստանի իրական քաղաքացիների խնդիրների մասին զբաղվելուն, հիմա ես մի հատ շատ պարզ, տրիվիալ օրինակով ցույց կտամ, թե դա ինչ է նշանակում, պարոն Ռուստամյան ջան: Երեկ մի հարց էի բարձրացրել իրական Հայաստանի իրական քաղաքացիների վերաբերյալ՝ էլեկտրական մեքենաների մյուս տարվա քվոտայի վերաբերյալ, ու ուզում եմ շարունակել հարցը, որովհետև, կարծես թե, որոշ բաներ պակաս մնացին։ Տեսեք, ուրեմն գիտեք, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ից ստացել ենք քվոտա՝ 2 տարի առանց մաքսատուրք մեքենաներ ներմուծելու, 8,000-ական ամեն տարի, եթե չեմ սխալվում ու, բարեբախտաբար, առաջին անգամ էս տարի էդ քվոտան լրացել է: Ինչո՞ւ բարեբախտաբար. որովհետև անցյալ տարիներին չէր լրանում էդ քվոտան: Մարդիկ չէին բերում մեքենաներ, չէին հավատում, որ էդ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանում էլ տեղ ունի: Եվ լրանալուն պես, իհարկե, առաջացավ հարց. էդ մյուս բերողները ո՞նց են անելու, ուզո՞ւմ են մուծել մաքսատուրքը, թե՞ չեն ուզում մուծել էդ մաքսատուրքը: Եվ որոշ քաղաքացիներ, կարծես թե, ուզում են սպասել, որ մյուս տարի մուծեն էդ մաքսատուրքը: Եվ երբ լրացավ, էս շատ կարևոր է, էլի, ուրեմն, քննարկումների բանավեճ եղավ, հայտարարություններ եղան, և Պետական եկամուտների կոմիտեն սույն թվականի հոկտեմբերի 17-ին ասաց հետևյալը, կարդում եմ, քանի որ ժամանակ ունեմ. «Հիշեցնենք… (Խոսակցություն դահլիճում:) Դե, ավելի լավ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ունեք, ունեք, պարոն Թորոսյան, ուշադրություն մի դարձրեք, կարող եք անվերջ խոսել:

 Ա.ԹՈՐՈՍՅԱՆ

-«Հիշեցնենք, որ 2025 թվականի համար (Պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան էջից եմ կարդում) «Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ 8,000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային տուրքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած»:

Եվ ես ուզում եմ նաև կարդալ իրական Հայաստանի մի երկու իրական քաղաքացիների նամակներ, որոնք երեկ ինձ ուղարկել են. «ՊԵԿ-ի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ 2025 թվականի համար կա արդեն սահմանված 8,000 քվոտա: Այդ ամեն ինչից հետո միայն էս 06.11.2024 թվականին, այսինքն՝ 7 օր առաջ մոտ 50,000 դոլար արժեքով մեքենա եմ ձեռք բերել, բայց 2022 թվականի օգոստոս ամսին արտադրած: Հարցս, բողոքս այն է, որ ինչո՞ւ են նոր կանոն մտցնում, ինչո՞ւ էն ժամանակ չէին ասում, որ (էս ամբողջությամբ կարդում եմ, էլի, իմ բառերը չեն) ասում, որ 2025 թվականի քվոտայից կարող են օգտվել միայն 2 տարվա հնության մեքենա ձեռք բերողները: Փաստացի, օրենքը գործում է, մեծ հաշվով, սալոնների համար, որովհետև մինչև 2 տարվա հնություն ունեն սալոնների մեքենաները, և, փաստացի, ինձ վրա ավելանում է մոտ 8,000 դոլար լրացուցիչ բեռ, որը եթե ես իմանայի, հաստատ, էլեկտրական մեքենա չէի գնի: Խնդրում եմ հետամուտ եղեք, որ գոնե 2 տարվա մեքենաները դարձնեն 3 կամ 5: Կանխավ շնորհակալ եմ»: Մեկ ուրիշ նմանատիպ նամակ. «Մեքենան ձեռք եմ բերել 10 օր առաջ ու հիմա ասում են, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո արտադրվածները չեն մաքսազերծվի: Օրինակ՝ իմ մեքենան 2022 թվականի դեկտեմբերի է, այսինքն՝ մի ամսվա է տարբերությունը, բայց, եթե նույնիսկ լիներ 2020 կամ 2021 թվականի, իրենք դա չեն նշել, թող օրենքը չանդրադառնա արդեն գնված և ճանապարհին գտնվող մեքենաների վրա»: Եվ էստեղ պրոբլեմը երկու բանի մեջ է, ոնց որ երեկ նշեցի:

Առաջինը, որ կանխատեսելիություն, այնուամենայնիվ, մենք չենք տալիս էս մեր քաղաքացիներին, և անցյալ տարի, երբ մենք ավելացված արժեքի հարկի արտոնությունը քննարկում էինք, ես ինքս եմ առաջարկել, որը չի ընդունվել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որ 5 տարվա մեքենաների վրա դնենք ավելացված արժեքի հարկի արտոնությունը, բայց քննարկումների արդյունքում որոշվել է, որ էս փուլում նման բան չենք անում: Հիմա մենք ճանապարհի կեսից որ փոխում ենք էս կանոնը, հատկապես ձեռք բերված մեքենաների մասին է խոսքը, որովհետև մեքենան ձեռք ես բերում, Հայաստան է հասնում մի քանի ամսում՝ 3-4 ամսում, եթե լոգիստիկ ճանապարհները նաև ծանրաբեռնված են լինում, երբեմն ավելի երկար ամսում, և մեր քաղաքացիները, փաստացի, կանգնում են փաստի առաջ: Եվ երկրորդը. ինչո՞ւ 2 տարեկան, էդ 2 տարեկանը ինչո՞վ է պայմանավորված: Եթե 2 տարեկանը որևէ կոնկրետ հիմնավորում ունի, եկեք դրա մասին էլ խոսենք, որովհետև, նորից եմ կրկնում՝ հատկապես հիմա նոր արտադրվող և վերջին մի քանի տարիներին արտադրվող մեքենաների դեպքում մարտկոցների գործարանային երաշխիքն է նույնիսկ 8 տարի մոտավորապես, էլ չեմ ասում, որ դրանից հետո էլ են դրանք հիմնականում շահագործվում:

Եվ երկրորդը. մենք, կարծես թե, արդեն էս տարվանից սկսած մեքենաներից, ամեն դեպքում, բնապահպանական հարկ ենք գանձում հենց դրա համար, այսինքն՝ կրկնակի ֆի՞լտր ենք դնում էս ամեն ինչի վրա: Ես խնդրում եմ, որ էս իրական խնդրով մեր հարգելի գործընկերները, քանի որ Կառավարության տիրույթում է, և էստեղ օրենքի փոփոխության հարց չկա, էս իմ ասած փաստարկներին ուշադրություն դարձնելով՝ որոշում կայացնեն, որովհետև սա, իրոք, վերաբերում է իրական Հայաստանի իրական բազմաթիվ քաղաքացիների։ Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Թորոսյան: Հիմա ելույթ կունենա Գեղամ Մանուկյանը, որից հետո Կառավարության կողմից ելույթ կունենա Մխիթար Հայրապետյանը: Խնդրում եմ նախապատրաստվել:

 Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, ավանդաբար բյուջեի նախագծի քննարկումը շատ տարողունակ քննարկում է: Էս տարի որոշեցի մի քիչ գործս թեթևացնել, ասացի՝ անցնող տարիներին մի թունդ ընդդիմադիրի ելույթները տեսնեմ, կարող է օգտվեմ, ու շատ ժամանակ չխլի, որ իմ ելույթը պատրաստեմ ու որոշեցի էդպես անեմ՝ սկսեցի 2012 թվից. բյուջեի քննարկում, 14 նոյեմբեր, Ազգային ժողով, այս ամբիոն. «Պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել են 400 մլն դրամը, և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 մլն դրամ»: Խայտառակություն էր գնահատվում 2012 թվին, էդ 1 մլն դոլար էր մոտավորապես: 2025 թվականի բյուջե՝ արտաքին պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար: 1 մլրդ դոլար, 2012՝ 1 մլն դոլար, հիմա՝ 1 մլրդ դոլար: Էլի ելույթ 2012 թվին. «Ստացվում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում նաև հանձնաժողովի աշխատանքը ներսից իմանալով՝ այսօր արտաքին քաղաքականության ոլորտում մենք երկու խումբ հարցեր ենք հիմնականում քննարկում»: Ու ասում է՝ Արևմուտքից վարկ վերցնելով՝ կախվածությունից, Ռուսաստանի հետ, ԱՊՀ-ի հետ հարաբերություններով՝ մեր ինքնիշխանությունը զիջելուց: Հիմա, ճիշտ է, ֆինանսների նախարարը կարող է արդարանալ, ասել՝ դե, գիտեք, զարգացրել ենք, տնտեսություն ենք, ու, ոնց որ Կառավարությունն է հիմա ասում՝ արտաքին պարտքի մեծացումը, ժողովուրդ, որևէ վտանգ չի սպառնում: Արտաքին պարտք է, կարող ենք մեծացնել: Դրա համար՝ նորից մեջբերում 2012 թվականից. «Իմ հարցը հետևյալն է, -Նիկոլ Փաշինյանն է,- ինչո՞ւ Կառավարությունը չի կատարում իր խոստումը, այսինքն՝ ներքին ռեսուրսների վրա չի հենվում: Կներեք, հիմա 12 մլն դոլար վարկն ի՞նչ է նշանակում: Իմ գնահատմամբ, կարծում եմ՝ դուք էլ կհամաձայնեք, վարկն այդ գումարն, ըստ էության, վերցնում է էլի Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, չէ՞, փակելու այդ վարկը»: Հիմա արդեն 2025 թվական, 12 մլրդ դոլարից ավելի է: Երեկ Արծվիկ Մինասյանը մի թիվ հրապարակեց, որ Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի 25,000 դրամ պարտքի տակ է, ոչ թե տարեկան, այլ՝ ամսական:

Երկրորդ հարցը, որ էստեղ Արծվիկ Մինասյանը շատ խոսեց, թե ֆինանսների նախարարությունն ինչու է հանել ծառայողական մեքենաները: 2015 թվական, 17 նոյեմբեր, էլի բյուջե են քննարկում, էլի Նիկոլ Փաշինյան: Նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում մի հրապարակում լույս տեսավ, որում կար պնդում, որ 5,6 մլն բնակչություն և շուրջ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա: Եվ էսպես ելույթ. «…Ու մինչ սահմանադրական փոփոխությունների «այո»-ի և «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական պետություն, կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցում են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն: Ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը»:

2016 թվականին, էլի բյուջեի քննարկմանը, 18 նոյեմբեր, էլի Նիկոլ Փաշինյանը զարմանում է. «Մենք զարմանալի պետություն ենք, ընդհանրապես. մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն»:

2025 թվական, ախր, էն ժամանակ չեմ իմանում՝ էդ Կառավարության անդամները չէի՞ն մտածում՝ ոնց կարող են պատասխանել։ 2025 թվական արդեն. 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը 644,000 դոլար ծախսել է՝ 20 հատ էլեկտրամոբիլ գնելու, որոնցից մեկը հենց էդ տրանսպորտի վարչության պետինն է: Կարմիր գծերի նախկին տնօրենն է, իմիջիայոց, ձեր «ՔՊ»-ի քաղաքապետի նշանակածը: 20 մեքենա՝ 28,000 դոլարով։ Դե, ո՞նց կլինի, Տիգրան Ավինյանը հո բան չէր, պարզվում է՝ Մարությանը ծառայողական մեքենան ծախել է, Տիգրան Ավինյանն էլ էլեկտրամոբիլ Մերսեդես է գնել 100,000 դոլարով։ Ախր, Դանիայի խորհրդարանի նախագահը չեմ հասկանում՝ ինչ միամիտ մարդ է, չէ՞ որ իր Պետական պահպանության ծառայությանը կարող էր ասել, որ Պետական պահպանության ծառայությունն ասեր՝ ժողովուրդ, խորհրդարանի նախագահը չի կարող որոշել, թե ես քանի մեքենա առնեմ: Օրինակ՝ Ալեն Սիմոնյանն ասում է՝ ախպեր, ես ի՞նչ կապ ունեմ, 2 հատ JEEP իմ BMW-ի հետևից գնում են, Պետական պահպանության ծառայությունն է որոշում: Դանիայի խորհրդարան նախագահն էր կարող էր անել: Էն օրը Պետական պահպանության ծառայությանը հարցնում եմ, ասում եմ՝ ախպեր, 2 տարի առաջվա JEEP-ը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի համար 146,000 դոլարով դո՞ւք եք որոշել առնել, թե ինքն է ուզել: Ասում է՝ մենք ենք որոշել։ Սաղ Պետական պահպանության ծառայությունն է մեղավոր: Որևէ պաշտոնյա իրավունք ունի՞, Պետական պահպանության ծառայության պաշտոնյանները նստած են, իրավունք ո՞ւնի՝ Հայաստանում ասելու՝ Պետական պահպանության ծառայություն, դու թանկ մեքենա մի առ. չէ, չի կարող: Ավելին ասեմ, Սպիտակի «ՔՊ»-ական քաղաքապետը 46,000 դոլարով JEEP է առել: Ի՞նչ եք ուզում: Սպիտակ է, սարեր են, բան են, պետք է առնի։

Շարունակեմ. 2016 թվական, 18 նոյեմբեր. խոսքն այս չարաբաստիկ արագաչափերի տեսախցիկների մասին է, երթևեկության կանոնների սահմանումը: Ընդ որում, ես չգիտեմ, անընդհատ ասում են՝ վթարների թիվը նվազել է: Ես այս դահլիճում քանի անգամ թվերը բերել եմ, և ընդ որում, երբ ես սկսում եմ թվերը հրապարակել, Հանրապետականից՝ դահլիճի այս հատվածից, մի հատ սկանդալ է պայթում, որ այդ թվերն այդպես էլ չհրապարակվեն, քանի անգամ այդ չարաբաստիկ փորձը եղել է:

2016 թվականին Հայաստանի Հանրապետության ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահերը եղել են 267, 2023 թվականին զոհերի թիվը եղել է 378: Արագաչափերը կան, դեռ ներքին գործերի, ո՞ւր է Անդրանիկ Քոչարյանը, ներքին գործերի նախարարությունը հպարտանում է՝ հիմա արագաչափերի որակը բարձրացնելու եմ, լրիվ ուրիշ արագաչափեր եմ բերելու, որ արագություն չափի: Հայկ Սարգսյանը, կարծեմ, հաշվել էր, որ էդ դեպքում Գյումրիից Երևան մարդը կարող է գնալ 4 ժամում: Կամերաները, տեսախցիկները կան, ծաղկում են, բարգավաճում են։ Ժամանակին ասում էին՝ Սաշիկինն է, բայց, դե… Նաև հանձնաժողովին… Հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը շատ գունավոր ներկայացրեց: Արտաքին հետախուզական ծառայություն. շատ փակ է, չի երևում: Նայեք թվեր, գաղտնիքներ չեմ հրապարակում։ Արտաքին հետախուզական ծառայությունը, որ նոր-նոր ձևավորվում է, այսինքն՝ ամեն տարի պետք է աշխատողների թիվն ավելանա: 2025 թվականին աշխատավարձային բյուջեն մոտավորապես 45 տոկոսով կրճատվում է: Ավելին ասեմ՝ Ազգային անվտանգության ծառայություն պետը, արտաքին հետախուզության պետը նստած են դահլիճում, հիշո՞ւմ եք էստեղ նախագծի քննարկումը, պրոֆեսիոնալներ, բան, ասում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից քանի՞ մարդ է գնացել արտաքին հետախուզական ծառայություն. ասում են՝ մեկ: Ինձ, ուղղակի, հետաքրքրում է, այսինքն՝ որտեղից են, էլի, արտաքին հետախուզական ծառայությունում մարդ բերում:

Ռազմարդյունաբերություն. շատ խոսվեց, Մխիթար Հայրապետյանը, իմիջիայլոց, շատ անկեղծ պահեց իրեն հանձնաժողովում: Պարզ ասաց՝ ժողովուրդ ջան, էդ արբանյակից շատ բան մի սպասեք, ամենացածր ուղեծրով 500 կիլոմետրի վրա թռչում է: Հիմա փորձնական է, այսինքն՝ տրենաժորի նման էր, բայց մի կարևոր բան. Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահը, ցավոք սրտի, չմասնակցեց բյուջեի քննարկմանը: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև պետական գաղտնիքի թույլտվություն չունի Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահը:

Պաշպանություն. ասում են՝ բարձրացել է: Աշխատավարձ չի բարձրացել, սիրելի հայրենակից: Սննդի վրա չի բարձրացել, մի քիչ պակասել է: Հագուստ, հիշում եք՝ ամեն անգամ ես խոսում եմ, հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանն ու Սուրեն Պապիկյանը հատուկ ինձ ասացին՝ վերջ. արդեն որոշումը կայացվել է, ընտրվել է ընկերություն, որն արտադրելու է, բայց 2026 թվին : Էն, որ խոստանում էիք 2024 թվին, մոռացաք, բայց էնպես են ամեն անգամ ինձ նայում, ասում՝ հագուստի հարցը լուծվել է, ոնց որ էդ բանակի հագուստը տանելու եմ, որ ընտանիքիս անդամները հագնեն, զինվորը չի հագնելու:

2026 թիվ, սիրելի ժողովուրդ, հպարտությամբ Սուրեն Պապիկյանը, հուրախություն ինձ՝ ասում է՝ զինված ուժերի զարգացման ռազմավարությունը, վերջապես, հաստատվել է Անվտանգության խորհրդում։ 2022 թվին հիշո՞ւմ եք, որ էդ ռազմավարության մեջ Սուրեն Պապիկյանի դուրը որոշ բաներ չէին եկել, հետ էին տվել, որ լրամշակեին: Երկու տարի հետո նոր ռազմավարություն է անցկացնում: Շատ է խոսվում սպառազինությունների մասին: Նայեք, ամեն անգամ խոսում եմ, կռվում եմ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ։ Ռազմական ոլորտը, զենքի վաճառքը գաղտնիություն է պահանջում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերն էսօր դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը: Երեկ ամբողջ հայկական մամուլը գրում էր՝ էսինչ հրթիռն ուղևորվել է Հայաստան: Դրա համար էլ ամեն անգամ ասում եք՝ լոգիստիկ խնդիր կա: Փոխնախարարին՝ Բրուտյանին, ասում եմ՝ լավ, պայմանագիր կնքելուց կարո՞ղ եք գրել, որ սրա մասին հրապարակումն արգելված է, ոնց որ ամբողջ աշխարհն է անում, բայց, չէ, կարևոր է, որ հայ մարդը, տանը նստած՝ Հնդկաստանից հրթիռը ելավ, չգիտեմ՝ ոնց է գալու, բայց ինքն ասի՝ վերջ: (Խոսակցություն դահլիճում:)

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Լռություն դահլիճում, չի կարելի: (Խոսակցություն դահլիճում:) Լռություն:

  Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Հը՞: (Խոսակցություն դահլիճում:) Մենք չենք գրում, հնդկական մամուլն է գրում, պարոն Պապիկյան:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Մի րոպե, մի րոպե, ելույթի… պարոն Պապիկյան, հարգելի գործընկերներ… (Խոսակցություն դահլիճում:) Պարոն Սուքիասյան, պարոն Սուքիասյան, պարոն Խաչատրյան…

 Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Լավ: Ոչ, հնդկական մամուլը թող չգրի, ոչ ոք էստեղ չի համարձակվի գրել:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Մանուկյան, մի րոպե, լռություն:

 Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Էս անգամ Վահե Ղազարյանի բախտը բերեց. ներքին գործերի նախարարությանը ժամանակի պատճառով չհասցրի:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներ, չի կարելի տեղից խոսել: Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, ու չի կարելի խանգարել՝ անկախ նրանից, թե ինքն ինչ է ասում: Եթե համաձայն չեք, կգաք, կխոսեք: (Խոսակցություն դահլիճում:) Հարցրեք, պարոն Սուքիասյան: Դուք ելույթ ունեք, կհարցնեք: Լռություն դահլիճում, չխանգարեք: Մխիթար Հայրապետյան, համեցեք։

 Մ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Ազգային ժողովի մեծահարգ նախագահ, հարգելի պատգամավորներ, մեծարգո վարչապետ, քննարկում ենք 2025 թվականի պետական բյուջեն։ Պարոն Մանուկյան, քանի դեռ դուրս չեք եկել, պետք է ասեմ, որ ի տարբերություն պարոն Ավետիսյանի, որն այլևս ինձ չի զարմացնում, դուք ինձ զարմացրիք, բայց այդ մասին, կարծում եմ՝ խոսելու այլ առիթներ կունենանք, չշեղվենք թեմայից։ Մենք վերջին տարիներին շատ հաճախ հանրության հետ մեր երկխոսության մեջ խոսում ենք այն մասին, որ շատ կարևոր է մեր պետությանը վերաբերվել իբրև մեր սեփական տանը: Տուն, որտեղ ապրում ենք բոլորս, տուն, որտեղ ապրում եմ ես, Սուրեն Պապիկյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, մենք բոլորս՝ իրարից շատ տարբեր, իրար հետ բանավիճող, վիճող, բայց տուն, որը պատկանում է բոլորիս, և այն մեր հպարտությունն է, որի մասին մենք պետք է հոգ տանենք: Հետևաբար՝ նկատած կլինեք, որ 2025 թվականի պետական բյուջեի քննարկումները դեռևս հենց մեկնարկից նաև այս համատեքստում էր ներկայացվում, որ պետական բյուջեն նաև մեր սեփական տների, յուրաքանչյուրիս բյուջեն է, որ պետք է գրագետ, ճիշտ կառավարենք, հաշվարկենք բոլոր ռիսկերը և ճիշտ ներդրումներ կատարենք: Ահա, շարունակելով ինչ-որ իմաստով այս ալեգորիան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2025 թվականին հատկացվելիք 47,5 մլրդ դրամը փորձեմ հենց այս տրամաբանության մեջ ներկայացնել, թե ինչպես է ծախսվելու, ինչպես է ներդրվելու և ինչ խնդիր է գալիս լուծելու: Կրկին, ալեգորիայի տեսանկյունից՝ մեր կարծիքով, մենք պետք է դառնանք ժամանակակից ինժեներական մի թիմ, որն իր «տան» հիմքերը պետք է դարձնի առավել ամուր, որովհետև գիտեք, որ ժամանակակից շինարարության մեջ ևս շինարարները նորարարական նյութեր և մեթոդներ են կիրառում: Կենցաղային պայմանները պետք է լինեն թվային ու ավտոմատացված, հեռահաղորդակցման միջոցները՝ հասանելի և գերարագ, դռների, պատուհանների անվտանգությունը՝ ապահով, ցանկապատինը՝ պաշտպանված: Եվ, հետևաբար՝ ո՞րն է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, նամանավանդ, բայց ընդհանուր առմամբ, Կառավարության առաքելությունն այսչափ կարևոր այս գործում:

Կապի և հեռահաղորդակցության նոր համակարգերը, կապը, որն առկա է յուրաքանչյուրիս տանը, որտեղ բնակիչների միջև կապն ապահովում է սենյակները միացնող հաղորդակցման համակարգը, լինի դա ինտերնետը, հեռախոսային ցանցը կամ անվտանգ հաղորդակցության այլ միջոցները, ժամանակակից տեխնոլոգիաներում՝ նաև արբանյակային ինտերնետը և այլ տեխնոլոգիաները, այստեղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 548 մլն դրամ է հատկացնելու։ Գիտեք, վերջին տարիներին մենք ներդրել ենք ռադիոմոնիտորինգի մի նոր համակարգ, որը մեզ հնարավորություն է տալու՝ 2025-ին կատարելագործել շարժական և ստացիոնար կայանների միջոցով վերահսկելու և մշտադիտարկման տակ պահելու, ընդհանրապես, կապի ոլորտը և հեռահաղորդակցության ոլորտը՝ այստեղ մեծացնելով նաև ներդրումները 2025 թվականին:

Ապահովություն և պաշտպանություն տան համար. ինչպես տանն անհրաժեշտ են անվտանգության միջոցներ, օրինակ՝ դռներ, փականներ, տեսախցիկներ կամ հակահրդեհային համակարգեր, պետությանը ևս անհրաժեշտ է կիբերանվտանգություն և տեղեկությունների պատշաճ պաշտպանություն։ Էստեղ շատ կարևոր է արձանագրել, որ Կառավարությունը թվային փոխակերպման իր քաղաքականության շրջանակներում նախատեսել է 7,1 մլրդ դրամի բյուջե, որը գալիս է մի կողմից՝ իրականացնելու թվային փոխակերպման մեր քաղաքականությունը, բայց մյուս կողմից՝ 2025-ին ներդնելով նոր ռեսուրսներ և ջանքեր՝ կիբերանվտանգային միջավայրը պատշաճ կերպով ապահովելու: Եվ այս իմաստով նաև առանձնահատուկ կարևորություն ունի կիբերանվտանգության մասին նոր օրենսդրությունը, որը տարեսկզբին կներկայացվի Ազգային ժողովին: Էստեղ մենք արդեն իսկ ներդրել ենք ՍԷԿՏ համակարգը, սակայն ներդրումները պետք է ավելացվեն և ահա այս 7,1 մլրդի շրջանակներում մի կողմից՝ թվայնացումը, բայց մյուս կողմից՝ կիբերանվտանգությունը և տեղեկատվական պաշտպանության քաղաքականությունը պետք է իրականացվեն:

Մենք մի կողմից՝ խոսում ենք «տան» հարմարավետության մասին, բայց նաև մյուս կողմից՝ շատ կարևոր է արձանագրել այդտեղ ապրող մարդկանց բարեկեցության, ապահովության և երջանկության մասին, որի մասին վերջին տարիներին մենք անդադար խոսում ենք: Եվ էստեղ՝ այս համատեքստում, կարևոր է խոսել աշխատանքային նոր հնարավորությունների մասին, որն ինչ-որ իմաստով մասնակի նաև կարող եք գտնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրով նախատեսված 32 մլրդանոց բյուջեի փաթեթում: Սա աննախադեպ իրադարձություն է, ընդհանրապես, մեր պետական բյուջեի տեսանկյունից, որովհետև 2025 թվականին առաջին անգամ պետությունը շուրջ 80 մլն դոլարանոց փաթեթ է ներկայացնում Ազգային ժողովին, և օրենքն ընդունվելուց հետո մենք կարևորագույն ներդրումներ ենք կատարելու տեխնոլոգիական ոլորտում: Ինչո՞ւ ենք համարում, որ այս մարտահրավերային իրավիճակներում, երբ սահմանափակ են ռեսուրսները, այս ոլորտում՝ տեխնոլոգիական ոլորտում, ներդրումները չափազանց կարևոր են: Եթե ուզում ենք լինել թվայնացված, եթե ուզում ենք ունենալ կիբերանվտանգային պաշտպանված ամուր համակարգեր, եթե ուզում ենք իրապես ունենալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, եթե ուզում ենք ունենալ նորարար իննովացիոն կրթություն, առողջապահություն, ապա այս ամենն այլևս ժամանակակից աշխարհում հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիական իննովացիոն լուծումների, հետևաբար՝ այստեղ թիրախային ներդրումները Կառավարության կողմից, ես հույս ունեմ, որ այս շաբաթ դուք կողմ կքվեարկեք այդ օրենսդրությանը: Շուրջ 32 մլրդի ներդրում ենք կատարում՝ նախ և առաջ՝ ապահովելու համապատասխան աշխատատեղեր, համապատասխան մասնագիտական կարողություններ, բարձրացնելու մասնագիտական կարողությունները, այդ «տան» բնակիչների համար ստեղծելու նորանոր հնարավորություններ։ Այս համատեքստում նաև շատ կարևոր է «խելացի տուն» կառուցելու մեր միտումը, որտեղ կենցաղային պայմանները կլինեն ավտոմատացված, որտեղ կլինեն նորարար լուծումներ: Որպեսզի այդ «տունը» լինի արդիական, հարմարավետ և գեղեցիկ, պետք է մշտապես ներդնել նորանոր գաղափարներ և տեխնոլոգիաներ։ Ընդհանրապես, պետության մեջ նորարարությունը կարևոր է տնտեսության թռիչքաձև զարգացման համար, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում կյանքի որակը բարձրացնելու և քաղաքացիներին նոր հնարավորություններ տալու համար։ Մենք հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի, և այն պիտի լինի միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում։ Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ գիտնականները, գիտահետազոտական խմբերն ունեն, հենց Հայաստանի ներսում պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրություն և արտահանվեն մեր երկրից, որովհետև հենց այս ոլորտում է, որ մենք գալիս ենք նաև խրախուսելու այդ բարձր արժեք ունեցող և բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող այդ ուղղությունները: Եվ այստեղ շատ կարևոր է, որ նոր օրենսդրությամբ 2025-ից մենք նախատեսում ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք ներկայացված կլինեն գիտահետազոտական և փորձարարական մշակումների ոլորտում, նաև 20 տոկոս եկամտահարկի շեմը սահմանել 10 տոկոս, ինչպես նաև մի շարք այլ գործիքակազմ ենք առաջարկում R&D աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար:

Տանը խելացի տեխնոլոգիաներն օգնում են բնակիչներին արդյունավետ կառավարել էլեկտրաէներգիան, ջրամատակարարումը կամ ջեռուցումը, օրինակ՝ խելացի սարքերով կամ ավտոմատացված համակարգերով: Նմանապես մենք պետության ծառայություններն ուզում ենք դարձնել «խելացի», այսինքն՝ թափանցիկ, արագ և պարզ: Թվայնացված ծառայություններն ու խելացի համակարգերը հեշտացնելու են բոլորիս կյանքը՝ թույլ տալով մեզ, օրինակ՝ առցանց ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, օգտվել տարատեսակ հանրային ծառայություններից:

Առողջապահական սոցիալական ծառայությունների և կրթության որակի բարելավում. տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս բարելավել առողջապահական համակարգը՝ ապահովելով արագ արձագանքող, հասանելի և հարմարավետ բժշկական ծառայություններ: Կրթական համակարգի թվայնացումը և տեխնոլոգիական գործիքների օգտագործումն ապահովում են որակյալ կրթության հասանելիություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Հայրապետյան…

 Մ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Եվ ավարտեմ վերջին հատվածը:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հա, ավարտեք:

 Մ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Անվտանգություն և տան պաշտպանություն. թվային անվտանգության ապահովումը ևս մեկ մեծ նշանակություն ունի այդ տան բնակիչների երջանկության համար: Երբ մարդիկ վստահ են, որ իրենց անձնական տվյալները և ֆինանսական միջոցները պաշտպանված են, նրանք ավելի հանգիստ և ապահով են իրենց զգում:

Եվ վերջապես, որը ոչ պակաս կարևոր է, նաև «տան» ցանկապատի պաշտպանությունն է, իսկ այդ մասին ռազմարդյունաբերության մասով արդեն իսկ խոսվեց: Պետք է նշեմ, որ 2025 թվականի բյուջեով նախատեսված է 5,7 մլրդ դրամ, սակայն առավել մանրամասն այլ պատշաճ առիթներով սիրով կներկայացնեմ կատարված աշխատանքները։ Շնորհակալություն:

  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն նախարար: Շիրակ Թորոսյան, համեցեք։

 Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Մեծարգո պարոն վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, 2025 թվականի բյուջեի քննարկումների համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի քանի դրվագների, որոնք մեր վերջին օրերի քննարկումներում հնչեցին խորհրդարանում: Մասնավորապես, ուզում եմ խոսել հայրենասիրության, հերոսության և կանխատեսելիության մասին զրույցներին և իմ հաստատ համոզմամբ նշել, որ ինձ համար հայրենասիրությունը կենսակերպ է, հերոսությունը՝ վարքագիծ, և ահավոր չեմ սիրում այն մարդկանց, որոնք թմբկահարում են իրենց հայրենասիրությունն ու հերոսությունը՝ դրանով իսկ այդ վեհ կենսակերպը և վարքագիծը դարձնելով զբաղմունք և գործողություն։ Իհարկե, խոսքս որևէ մեկին չի վերաբերում ո՛չ այս դահլիճում, ո՛չ որևէ մեկ այլ տեղ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք իմ ասածներին: Բայց նաև ակնհայտ է, որ մարդիկ ապրում են, աշխատում են, ստեղծում են, ստեղծագործում են, և մենք իրավունք չունենք, սիրելի բարեկամներ, այս ընկալումների տիրույթում հակադրել աշխատանքը, աշխատողին, հարկատուին խրամատում, սահմանում կանգնած զինվորի հետ: Ինչ խոսք, առաջնայինը սահմանին կանգնած զինվորն է, սպան է, որոնք իրենց գործունեությամբ վտանգում են իրենց կյանքը։ Բայց մենք հո գիտենք, որ զինվորը պետք է սնվի, պետք է համազգեստ ունենա, պետք է պատշաճ զենք ունենա, ինքնապաշտպանության հնարավորություններ ունենա՝ հակաօդային և այլն, որի համար հսկայական ռեսուրսներ են անհրաժեշտ: Որտեղի՞ց այդ ռեսուրսները. իհարկե, աշխատողից, աշխատանքից, հարկատուից: Կրկնում եմ՝ մեծ սխալ է հակադրել այս արժեքները և ուզում եմ օրինակ բերել անցյալի մի երկիր, որտեղ շատ տարածված էր մարդկանց որոշակի արժևորելը տարբեր պարգևներով և այլն։ Խորհրդային Միությունն եմ ուզում օրինակ բերել: Օրինակ՝ Խորհրդային Միությունն ուներ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և ուներ Խորհրդային Միության հերոսի կոչում: Բերեմ օրինակներ, Ալեքսեյ Ստախանով, Օլեգ Կոշևոյ կամ Զոյա Կոսմոդեմյանսկայա: Ես շատ լավ հետևել եմ խորհրդային պատմագրությանը, նրա քարոզչությանը, որը շատ էական էր մարդկանց գնահատելու և արժևորելու հարցում: Եվ պարզից էլ պարզ երևում է, որ հանքավայրում քարածուխ փորող, արտադրող Ստախանովն ամենևին չէր ստորադասվում իր կյանքը զոհած Օլեգ Կոշևոյին Հայրենական պատերազմում կամ Զոյա Կոսմոդեմյանսկայային: Եվ խորհրդային քարոզչության մեջ շատ հավասար, եթե չասեմ ավելի մեծ դերակատարում ուներ ստախանովական շարժումն ստեղծող, արարող հարկատու մարդկանց շարժումը: Գանք խորհրդահայ իրականություն։ Ես ուզում եմ անառարկելի հեղինակության անուն տալ, ասենք՝ գեղանկարիչ Մարտիրոս Սարյան, որը եղել է սոցիալիստական աշխատանքի հերոս, և ուզում եմ տալ, օրինակ՝ Նելսոն Ստեփանյանի կամ Հունան Ավետիսյանի անունները, որոնք Հայրենական պատերազմում անձնազոհաբար զոհվել են՝ հերոսություններ կատարելով: Դուք տեսե՞լ եք գեթ մեկ դրվագ, երբ Մարտիրոս Սարյանն ստորադասվի Հունան Ավետիսյանին կամ Նելսոն Ստեփանյանին: Ոչ, թեպետ Մարտիրոս Սարյանն իր գեղանկարներով իր կյանքը չի վտանգել, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հունան Ավետիսյանը զոհվել են գիտակցաբար, անձնազոհաբար: Հետևաբար՝ սիրելի բարեկամներ, եկեք չհակադրենք այն արժեքները, որոնք անհրաժեշտություն ունեն համադրվելու: Մենք պետք է համադրենք աշխատող, արարող, հարկ տվող մարդու և հայրենիքի սահմանը պաշտպանող մարդու գործողությունները: Այդ մարդիկ միասին են զորացնում մեր երկիրը, մեկն առանց մյուսի չի կարող, պարզապես, գոյություն ունենալ: Առանց սահմանապահի աշխատող մարդ ու պետություն չի լինում, առանց աշխատողի հարկի պետության սահման և սահմանապահ չի կարող լինել: Ի վերջո, ինչքանով աշխատողը պարտավոր է հարկ վճարել, այնքանով քաղաքացին պարտավոր է բանակում ծառայել: Դա նաև օրենսդրական պարտավորություն է: Մենք պետք է այս առումով էլ գիտակցենք, որ սրանք պարտավորություններ են պետության նկատմամբ, հայրենիքի նկատմամբ: Չպետք է հակադրել այս իրողություններն այնպես, ինչպես մեծ սխալ է հակադրել իրական և պատմական Հայաստանների գաղափարները, մեծ սխալ է: Ես մի առիթ ունեցել եմ՝ այստեղից խոսելու: Չի կարելի դրանք հակադրել: Չի կարելի դրանք հակադրել, սիրելի բարեկամներ: Ես իմ օրինակով ասեմ՝ հոր կողմից ղարսեցի եմ, մոր կողմից՝ էրզրումցի, ուղնուծուծով ջավախեցի եմ, բայց իմ ամբողջ կռիվը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն է, հզորությունն է, վաղվա օրվա կայացման տեսլականն է: Պետք է իրական և պրագմատիկ ընկալումները տարանջատել էմոցիոնալ և զգայական ընկալումներից գոնե որոշակի պատմական ժամանակահատվածներում: Պետք է դա մենք հասկանանք, չպետք է չարաշահենք, չպետք է փորձենք քաղաքական կապիտալ ձևավորել, գեներացնել գաղափարների շուրջ, որոնք այժմեական չեն գոնե այս պահին կամ այժմեական են, ենթադրենք՝ մեր ենթագիտակցության մեջ, բայց ոչ իրականության մեջ։ Օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսում էր էդպես մեծ-մեծ տխրությամբ ու եսիմ ինչով պատմական Վրաստանի մասին, ու գիտե՞ք՝ ինչ էր ասում նա: Ուղղակիորեն կամ անուղղակիորեն տարածքային պահանջ էր դնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես չտեսա մի նորմալ արձագանք Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից: Եթե եղել է, ու ես դա չեմ տեսել, ես ներողություն եմ խնդրում: Բայց ես, օրինակ՝ շատ կոշտ արձագանքել եմ այդ իրողությանը: Հետևաբար՝ ճի՞շտ է արել Վրաստանի նախագահը. իհարկե, ոչ: Իհարկե ոչ, որովհետև նա փորձել է անուղղակիորեն կամ ուղիղ ձևով ոտնձգություն ցուցաբերել Հայաստանի տարածքների նկատմամբ: Երբ այսօր մենք հրապարակավ և պետական քաղաքականության մակարդակով պնդենք պատմական Հայաստանի մասին, մենք ի՞նչ կանենք դրանով: Առնվազն մեր չորս սահմանակից հարևաններին կստիպենք, որ համախմբվեն և ոչնչացնեն մեր պետականությունը, կասկած չունենաք, կոչնչացնեն մեր պետականությունը։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ քրդերն այդպես էլ պետություն չունեցան: (Խոսակցություն դահլիճում:) Ես գիտեմ դրա պատասխանը. Հասանովին չեմ հարցնում, պարոն Խաչատրյան: Քուրդիստան կոչված պատմական տարածքը կամ այն տարածքը, որտեղ քրդերը հավակնում են պետություն ունենալ, Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի հատման կետում է: Իսկ դուք գիտեք, որ այդ 4 երկրները միմյանց միջև հազար հակասություններ ունենան, անընդհատ իրենց դիվանագիտությամբ և 20-րդ դարի 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական թվականներին, և՛ այսօր, և՛ երեկ, և՛ վաղն ամեն ինչ անելու են, որպեսզի չծնվի այդ քրդական պետությունը, որովհետև այդ չորս երկիրը տարածք են կորցնելու, որովհետև Քուրդիստան նշանակում է հավակնություն միջազգայնորեն ճանաչված Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տարածքների նկատմամբ, նայեք քարտեզը: Մենք չե՞նք կարող սովորել մարդկանցից, պետություններից, աշխարհից: Չե՞նք կարող հասկանալ, թե որն է մեր իրական շահը՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու, առաջ տանելու, զարգացնելու և ուժեղացնելու։ Միգուցե պատմականորեն մի օր կգա՞ մի պահ, երբ մեր ենթագիտակցությունը փորձի աշխատել:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ավարտեք:

 Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Բայց եկեք այսօր իրատես լինենք: Շնորհակալ եմ:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Թորոսյան: Լիլիթ Գալստյան: Նախապատրաստվի Կարեն Սարգսյանը:

 Լ.ԳԱԼՍՏՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ և գործընկերներ, խոսելու եմ կրթության և մշակույթի ոլորտներից: «Մենք դպրոց կառուցել չգիտենք»,- նորակառույց դպրոցներ այցից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Համաձայն եմ այս եզրահանգմանը, մանավանդ, որ ձեզ գրեթե ոչինչ չի հաջողվում, պարտությունն ու կորուստն ավելի հեշտ են տրվում: Թե ինչո՞ւ՝ տարողունակ հարց է, և պատասխանը նախ և առաջ՝ սեփական ձախողումները տեսնելու քաջություն է պահանջում։

Խոսեմ դպրոցից և, մասնավորապես, դասագրքերից, որովհետև դպրոցը սոսկ շենք չէ, նաև դասագիրքն է, որակյալ կրթությունը, սովորողների պաշտպանված իրավունքները, մանկավարժի հեղինակությունը, նաև՝ դպրոցի նկատմամբ հանրային վստահությունը։ Հիշո՞ւմ եք, 2023-2024 ուստարին սկսվեց 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների մոտավորապես 10 դասագրքերի բացակայությամբ, ինչը նախարարությունը որակեց որպես անցումային փուլի դժվարություն՝ խոստանալով, որ հաջորդ տարի ավելի պատշաճ մրցույթ կկազմակերպվի:

Պատմության 7-րդ դասարանի սկանդալային դասագրքի ոդիսականն էլ եք հիշում, երբ ոչ միայն արհամարհվեց տասնյակ պատմաբանների հիմնավոր քննադատությունը, այլև վերջինիս ճանապարհը հարթելու համար նախարարության կամայական որոշումով գործառությունից հանվեց փորձաքննությամբ հաստատված Ղազարյանի դասագիրքը, իսկ վերջերս նախարարի սույն հրամանը դատարանը ճանաչեց ոչ իրավական: Այդուհանդերձ, նույն Սմբատ Հովհաննիսյանին վստահվեց նաև 8-րդ դասարանի դասագիրքը, որն արդեն հասցրել է միջազգային սկանդալի առարկա դառնալ։

Համառ անդրդվելիությամբ այս տարի մերժվեց 10-րդ դասարանի պատմության դասագիրքը՝ պատրաստված պատմաբանների այն խմբի կողմից, որոնց նախարարն ինքն էր հորդորել՝ դասագիրք պատրաստել։

Այս ուսումնական տարին մեկնարկել է 13 դասագրքերի բացակայությամբ, որոնցից 5-ը՝ 10-րդ դասարանում, նույնքան էլ՝ ավագ դպրոցում: Այս անգամ՝ նոր, հիմնազուրկ արդարացում՝ թող զարգացնեն հետազոտական մտածողությունն ու սովորեն թղթապանակով աշխատել: Մինչդեռ դասագրքով ապահովելն օրենքի պահանջ է և լիազոր մարմնի իմպերատիվ պարտականությունն է:

Ակնհայտ է, որ դասագրքերի պատրաստման հիմնական պատասխանատու «Մասնակցային դպրոց» հիմնադրամը և նրա՝ ձեր քաղաքական թիմի անդամ տնօրենը ձախողել են գործընթացը, իսկ քաղաքական թիմի անդամ լինելը դեռ բավարար չէ մի ամբողջ ոլորտ արկածախնդրության մատնելու և քաղաքական պատվեր սպասարկելու համար: Ո՞վ է փոխհատուցելու բյուջեից մսխված անարդյունավետ ծախսերը կամ աշակերտների խաթարված կրթական իրավունքները։ Ցավոք, կրթական համակարգը վերածվել է մինչև վերջ չմտածված, չհիմնավորված փորձարկումների դաշտի, ուր «բարեփոխում» հնչեղ բառի ներքո համակարգը շարունակական ցնցումների է ենթարկվում: Երկրում, ուր դպրոց կառուցել չգիտեն, ուր կառավարության ծրագրով մինչև 2026-ը խոստացված 300 դպրոցի, 500 մանկապարտեզի դիմաց ունենք ընդամենը, ուշադիր, 35 ավարտուն դպրոց, այն էլ՝ կասկածելի որակով, հղանում եք ակադեմիական քաղաք կառուցել։

Հիշեցնեմ, որ 2023-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականն ընդամենը 41 տոկոս էր, իսկ անցնող 10 ամիսների կտրվածքով՝ ընդամենը 31 տոկոս։

Ըստ կրթության զարգացման պետական ծրագրի՝ մինչև 2030 թվականը ակադեմիական քաղաքի ստեղծումն ավարտված պիտի լիներ կամ լինի, ներառյալ 4 կլաստերները և բոլոր ենթակառուցվածքները։ Մինչդեռ հատակագծի հայեցակարգը մշակող գերմանական ընկերության ներկայացուցիչը վերջերս հայտարարեց, որ առաջին կառույցը շահագործման կհանձնվի ընդամենը 2029-ին:

Քաղաքի կառավարման և տնտեսության հայեցակարգի մշակման հսկայական բյուջե եք նախատեսում այս 2025 թվականի համար այն դեպքում, երբ լուծված չեն բովանդակային և որակական բազմաթիվ հարցեր, բացարձակապես հստակ չէ մարզային բուհերի ճակատագիրը, քննարկված չեն անվտանգային, գիտական, տնտեսական կամ ֆինանսական հիմնավորումները։ Այս հնչեղ վերնագրով հերթական արկածախնդրությունն է ակադեմիական քաղաքը, կենտրոնի շենքերն օտարելու օրակարգ: Քանդում եք, հետո մտածում, թե ինչպես և ինչ կառուցել, ճիշտ կոնսերվատորիայի նորոգման պես, երբ օրերս տեղացած անձրևից հետո պարզվեց, որ կոնսերվատորիան տանիք չունի և միլիոններ գնահատվող երաժշտական գործիքները հայտնվեցին անձրևի տակ: Եվ, իհարկե, այս աղետի և քամուն տված ֆինանսական միջոցների համար պատասխան տվող չկա: Եվ միշտ ունեմ էս հարցը. Երևանում և այլուր ընթացող էս անորակ կառուցապատումը վերահսկող տեսչական ծառայություն, առհասարակ, էս երկրում գոյություն ո՞ւնի, թե՞ ոչ և ինչո՞վ է զբաղված։

Բուհերում քաղաքական հետապնդումների մասին շատ եմ խոսել, այդ թվում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մասին, որի ռեկտոր Գյուրջինյանն ակնհայտորեն ընտրվել-նշանակվել է օրենքի կոպիտ ոտնահարմամբ: Հիշեցնեմ, որ Կառավարության հովանու ներքո ընթացող զավթման պրոցեսն ուղեկցվում էր դատական շինծու գործերով, որոնցից մեկը՝ «ՔՊ»-ական պատգամավորի հայցի վրա: Եվ ի՞նչ. օրերս նախկին ռեկտորի խորհրդականի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվեց արդարացման վճռով, իսկ մանավանդ պրոիշխանական լրատվամիջոցները շարունակ վարկաբեկում էին և այսօր հետին, այսպես ասած, խմբագրումներ տեղի չեն ունենում: Մեկ այլ դատական վճռով վերջերս անմեղ ճանաչվեց Բրյուսովին նախկին պրոռեկտորը, և այս 2 դեպքերով 10 միլիոնի հատուցում պիտի տրվի պետական միջոցներից, իսկ այս գումարով քանի ուսանողի վարձ կծածկվեր, էլ չեմ խոսում բուհին հասցված, առհասարակ, բուհական համակարգին հասցված բարոյական վնասի մասին։

Փոխվարչապետ Խաչատրյանին, որը կառավարման խորհրդի նախագահն է, ես պաշտոնապես զգուշացրել էի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած և շարունակվող ապօրինությունների մասին: Բայց դուք հարկադրում եք մարդկանց դատարաններում պաշտպանել իրենց իրավունքները՝ աչք փակելով օրենքների և իրավունքի ակնհայտ ոտնահարման վրա։ Սրանք ապօրինի հետապնդման միակ դեպքերը չեն: Քաղաքական խտրականությամբ դասախոսական գործունեությունից մեկուսացվել են ոչ իշխանական հայացքներ ունեցող մի քանի տասնյակ դասախոսներ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից և Երևանի պետական համալսարանից: Հիմա դատարանում վիճարկվում է Երևանի պետական համալսարանից մի քանի հայց։ Հիշենք նաև Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու ապօրինի որոշումը, որը ևս դատարանի կողմից ապօրինի ճանաչվեց:

Վերջերս հրապարակված NDI-ի սոցհարցման արդյունքները կրթության նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտ են արձանագրում: Անվտանգային խնդրից հետո, գրեթե պատերազմի մեջ գտնվող երկրում երկրորդ մտահոգիչ ոլորտը կրթությունն էր, և այս մասին խոսում են նաև 2024-ի կատարողականի որոշ ցուցիչներ:

«Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագիրն անցնող 10 ամիսների կտրվածքով կատարվել է ընդամենը 15 տոկոսով, ընդ որում՝ գույքով և տեխնիկայով ապահովումը՝ 7,56 տոկոսով, կրթության որակինը՝ 31 տոկոսով: Ուսուցչի և տնօրենի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ, և այս մասին են խոսում այն հարյուրավոր թափուր տեղերը, որոնք ունենք, և հայտարարությունները կարող եք տեսնել քաղաքապետարանի կայքէջում:

Երրորդ տարին անընդմեջ բարձրաձայնում եմ պետական հատվածի ամենացածր՝ թանգարանային և գրադարանային ոլորտի աշխատավարձների մասին: Երեկ ֆինանսների նախարարը դարակազմիկ հայտարարություն արեց՝ հորդորելով, որ վերջիններս ֆինանսական միջոցներ գեներացնեն՝ մոռանալով, որ գրադարանն ու թանգարանը թատերահամերգային կազմակերպություններ չեն, և գրեթե հնարավոր չէ դա անել, հետո շատ համոզված նաև եզրակացրեց, որ, եթե թանգարան չեն գնում, թող էդ թանգարանները փակվեն: Եվ սա ասում է մի Կառավարության անդամ, որն ամբողջովին ձախողել է իր պարտականությունը։ Անցնող 10 ամիսների կտրվածքով, ուշադիր, հանրային գրադարանների, թանգարանների, պատկերասրահների բարեկարգման, գույքային և տեխնիկական հագեցվածության կատարողականը զրո է: Եվ դեռ դուք ուզում եք, որ էդ թանգարանները կամ պատկերասրահները կամ, չգիտեմ, գրադարանները հրապուրի՞չ լինեն: Չի կարելի, ուղղակի չի կարելի. բարոյական չէ։

Վերջերս օրենքի փոփոխությամբ հրաժարվեցիք պատվավոր կոչումներից՝ մեկնաբանելով, թե խրախուսման այլ եղանակներ եք ներդնում: Պատվավոր կոչման փիլիսոփայությունը սոսկ հոնորարով պայմանավորելը, իհարկե, պարզունակ մոտեցում է, բայց նույնիսկ այս պարագայում անցնող 10 ամիսների ընթացքում միջազգային տարբեր փառատոններին մասնակցած և մրցանակների արժանացած որևէ մշակույթի գործիչ չի խրախուսվել: Մեղմ ասած, այնքան էլ լավ չեն սփյուռքի հանձնակատարի գործերը: Հավանաբար, հիշում եք, թե 3 տարի առաջ ինչ հեղափոխական արդյունքներ էր խոստանում, միայն թե հանձնակատարի ինստիտուտը ներդրվեր: 16 երկրում ունենք, և ի՞նչ. զրո արդյունք:

Թրենդի մեջ լինելու համար էս հանձնակատարը հեգնում էր սփյուռքի նախկին խորհրդաժողովները: Մի երեք այդպիսին էլ ինքն է կազմակերպել, ի՞նչ …Զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրի կատարողականը զրո է: Զրոյական են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման, նաև սփյուռքի համայնքների կրթամշակութային աջակցության ծրագրերը: Ի վերջո, ներկայացվել է սոսկ ծախսային բյուջետավորման մի նախագիծ, ուր չկա միջոցառումների նկարագրությունը, հետևաբար՝ դրանց արդյունավետության կամ առաջնահերթության մասին խոսել, պարզապես, անհնար է, և վաղը նույնքան էլ անհնար է դառնալու որակական հաշվետվությունը:

Ֆեստիվառների, Սնուպ Դոգի, Fasion Week-երի վրա միլիոնավոր դոլարներ եք մսխում: Զրո բովանդակությամբ այդ միջոցառումները դեֆորմացված հասարակությանը թմբիրի մեջ պահելու և կառավարելի դարձնելու գործիքներ են:

Սուտ, վախ, տեսարաններ, բռնաճնշումներ. սա է ձեր կառավարման շղթան, որի վրա անհնար է մրցունակ և դիմադրողականություն ունեցող պետություն կառուցել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Ընդմիջում։


Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք նիստը: Այժմ ելույթ կունենա Կարեն Սարգսյանը: Համեցեք, պարոն մարզպետ:

 Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացումների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 12 միլիարդ 17 միլիոն դրամ, աճը կազմում է 5,1 տոկոս կամ բացարձակ թվերով՝ 575,8 միլիոն դրամ: Աճը հիմնականում պայմանավորված է կրթական ծրագրերի գծով գումարների հատկացմամբ: Կրթական ծրագրերի գծով 2025 թվականին նախատեսվել է 11 միլիարդ 7 միլիոն 500,000 դրամ, աճը կազմում է 7,5 տոկոս կամ բացարձակ թվերով՝ 773,5 միլիոն դրամ:

Ավելացել են կամավոր ատեստավորված ուսուցիչների դրույքաչափերը և հավելավճարների տրամադրումը։ Աճը կազմում է 62 տոկոս:

Աճ ունենք նաև կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ներդրում ուղղված արտադպրոցական ուսումնական հաստատությունների, մանկավարժական աշխատողների որակի բարձրացման ծրագրով: Աճը կազմում է 67,8 տոկոս:

«Սոցիալական որոշ խմբերի 1-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովում» ծրագրով նախատեսվել է 66,8 միլիոն դրամ, ինչի արդյունքում սոցիալապես անապահով ընտանիքների 205 երեխաներ նախադպրոցական կրթությամբ կապահովվեն:

Խոսելով կրթության ոլորտին հատկացվող գումարների մասին, չենք կարող չանդրադառնալ դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանը: «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Գեղարքունիքի մարզում 2025 թվականին շահագործման կհանձնվեն 6 նոր դպրոցական շենքեր, 3 մարզադահլիճներ, 1 երաժշտական դպրոց և 11 մանկապարտեզներ, որի արդյունքում շուրջ 3,200 աշակերտներ և նախադպրոցական տարիքի 1,200 երեխաներ կրթություն կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններում: Նույն ծրագրի շրջանակներում 2025 թվականին կմեկնարկվեն 9 դպրոցական շենքերի, 10 կրթահամալիրների, 9 նախադպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման և շահագործման համար մարզպետի աշխատակազմին 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 330 միլիոն դրամ, որով իրականացվելու է 223,6 կիլոմետր ճանապարհների ամառային սպասարկում, 234,9 կիլոմետր ճանապարհների ձմեռային սպասարկում և 180,4 կիլոմետր գծանշման աշխատանքներ։ Արդյունքում ամառային սպասարկման ճանապարհներն ավելացել են 46,8 կիլոմետրով, իսկ ձմեռային սպասարկման ճանապարհներն ավելացել են 27,5 կիլոմետրով։ Աճը պայմանավորված է նոր հիմնանորոգված կամ միջին նորոգում իրականացված ավտոճանապարհների ավելացմամբ:

Մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար 2025 թվականին նախատեսվել է 562,9 միլիոն դրամ, որը նվազել է 26 տոկոսով, ինչը պայմանավորված է կառուցվածքային փոփոխության արդյունքում 44 հաստիքային միավորների կրճատմամբ:

Շարունակում ենք Արծվաշեն համայնքի աշխատակազմի պահպանման ծախսերի համար գումարներ նախատեսելը, որը չի փոփոխվել և 2025 թվականի համար կազմում է շուրջ 5 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է մարզի 5 համայնքներին հատկացվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաներին, ապա 2025 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 10,5 միլիարդ դրամ, աճը կազմել է 15,2 տոկոս: Ինչպես նաև, իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում համայնքներին զարգացման նոր տեմպ է հաղորդվել: «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխության արդյունքում փոխվեցին կիրառվող մեխանիզմները, ինչի շնորհիվ համայնքներին հատկացվող գումարները շեշտակի ավելացան և շարունակում են աճել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ևս փոփոխություն կատարվեց, ինչը հնարավորություն տվեց ֆոնդային բյուջե տեղափոխվող գումարների շեմը 20 տոկոսից բարձրացնել մինչև 30 տոկոս, որը հնարավորություն տվեց համայնքներին՝ 50 տոկոսով ավելացնել ծրագրերին տրամադրվող գումարների չափը։

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ռոյալթիներից մասհանվող գումարներն ուղղվեցին համայնքներին՝ ազդակիր բնակավայրերում հավելյալ ծրագրեր իրականացնելու: Իրականացված փոփոխություններն իրենց հերթին կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծում, հարկային և վարչական եկամուտների ավելացումը, մարզի սոցիալական վիճակի բարելավումը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն։ Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարգելի գործընկերներ, մինչ ձայնը մյուս բանախոսին փոխանցելը տեղեկացնեմ, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով են այցելել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի աշակերտները և ուսուցիչները։ Բարև ձեզ:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Էդ դրոշները, որ բաժանում եք երեխաներին, էլ հետ մի վերցրեք, թողեք իրենց։ Շնորհակալություն: Նարեկ Գրիգորյան: Համեցեք, պարոն Գրիգորյան:

 Ն.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Մեծարգո Հայաստանի Հանրապետության վարչապետ, մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի Կառավարության անդամներ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, ճիշտն ասած, ես թվերից ու կատարվող և կատարվելիք աշխատանքից կխոսեմ հընթացս, հիմա կուզենամ մի երկու բառով անդրադառնալ էսօրվա մի քանի ելույթների։

Առաջինը վերաբերվում էր. պարոն Մինասյանը, երևի ասաց, չեմ հիշում, կարմիր և սև բերետավորներ: Գործընկերներն այստեղ չեն, բայց, երևի, կլսեն: Հարգելի գործընկերներ, էդ կարմիր և սև բերետավորները՝ մեր ոստիկանության աշխատակիցները, էն բերետավորներն են, որոնք աշխատում էին ձեր կամ ձեր կոալիցիա կազմած իշխանության օրոք նաև կամ դրանից առաջ և միգուցե աշխատեն դրանից հետո: Ի՞նչի մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում «ձեր կարմիր բերետավորները»: Նրանք Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանում են, որոնք կատարում են իրենց գործը կամ ի՞նչ է նշանակում՝ «տեսե՞լ եք՝ սև բերետավորներն ինչ են արել»: Տեսել ենք, հարգելի գործընկերներ, շատ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել էն օրինախախտների նկատմամբ, որոնք փորձել են գրոհել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության տակ գտնվող շենքի՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մարմին հանդիսացող Ազգային ժողովի վրա:

Էստեղ նստած գործընկերներից մի քանիսը կան, որոնք մարտի 1-ից հետո թանկանոց կոնյակի բաժակներ էին բան անում ու կենացներ ասում, միմյանց շնորհավորում, Սերժ Սարգսյանին և իրենք իրենց, երբեք չէին ասում կամ ցավակցական որևիցե ուղերձ, հեռագիր և այլն չէին ուղղում մեր եղբայրներին, որոնք գնդակահարվեցին Երևանի կենտրոնում, և երբևիցե մեկից չէին պահանջում, որ մեղավորներին գտնեն և պատժեն:

Պետական պահպանության ծառայության մասով, հարգելի գործընկերներ. Պետական պահպանության ծառայությունը, բացի իշխանական, ձեր ասած՝ պետական մարմիններից, պահպանում է նաև ձեր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո եկած Սերժ Սարգսյանին, դրանից առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և այլ պետական մարմինների: Հիմա ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ «պադավատապետություն», նույն պադավատներն սպասարկում են նաև թվարկածս մարդկանց, որովհետև դա Հայաստանի Հանրապետության օրենսգիրքն է ասում, Հայաստանի Հանրապետության օրենքն է ասում: Ինչ վերաբերվում է, թե շատանում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների թիվը, չգիտեմ, Ազգային ժողովի նախագահին են օրինակ բերում՝ 2-3 մեքենա: Ժողովուրդ, դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոն զբաղեցնող անձին, որը կարևոր դեր ու նշանակություն ունի երկրի զարգացման և մնացածի համար, նրանք պիտի պահպանեն, այո, և մեր երկրում պետք է չլինի երբևիցե այլևս հոկտեմբերի 27, որտեղ գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը։

Իսկ, ընդհանրապես, հարցրե՞լ եք ձեր շեֆին, օրինակ՝ ասե՞լ եք, որ միգուցե ինքը գնա և հրաժարվի Պետական պահպանության ծառայության անվտանգությունից, հրաժարվի էդ պադավատներից, հարցրեք, միգուցե կարո՞ղ է ուզենա հրաժարվել, որովհետև դա միշտ շահարկում եք: Շահարկում եք, բայց ի սկզբանե պետք է գնաք և ձեր ղեկավարին ասեք, հետևի, դրանից հետո նոր գաք, մեզ ասեք՝ տեսեք, մեր ղեկավարը հրաժարվեց: Ու կխնդրեմ, կհորդորեմ ձեր ղեկավարին էլ ասեք, որ թեկուզ Պետական պահպանության ծառայության պաշտպանության ներքո դուրս գա, մարդիկ բան ունեն՝ իրեն ասելու, երկար տարիներ դուրս չի գալիս էս քարոզարշավին էլ, որ եկել էր Գավառ, փակվեց թատրոնի շենքում: Ի դեպ, էդ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն էին փակել, որ ժողովուրդն իրեն, ոչ մի բան, թեկուզ բառ չասեին, էդ նույն Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն էին:

Պարոն Ռուստամյանն էստեղից ասում է. «Ո՞նց իմանանք, թե ով է ձեր սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը կարող է օգտվել պետական ծրագրերից»: Ասեմ՝ ով է. էն քաղաքացին է, որի մտքով չի անցնում թալանել Հայաստանի Հանրապետությունը, նորմալ մարդիկ, այն մարդիկ, որոնք խարդախներ չեն. Հայաստանի այն բոլոր քաղաքացիները, որոնք խարդախներ չեն, կոռուպցիոներներ չեն, թալանողներ չեն, Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն:

Պարոն Ռուստամյանն էստեղից ասում է՝ Մասիս սարը, նկարը և այլն: Այստեղ չէ, բայց, հուսով եմ՝ կլսի: Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկար էլ ունեմ, Գեղամա աշխարհի Աժդահակի նկար էլ ունեմ, բայց դրանց հետ մեկտեղ նաև Էվերեստի նկարն ունեմ: Ի՞նչ, հիմա ի՞նչ է նշանակում՝ նկար ունենալը պրոբլեմ է՞: Չէ, ոչ մի պրոբլեմ չէ, կարող եք արխային ունենալ, դուք էլ ունեցեք, ոչ մեկը ձեզ բան չի ասի, թե չէ՝ հայրենասիրական ճառեր՝ բաժակը ձեռս, հաստատ, ձեզանից ավելի լավ կասեմ, խնդիրը դրանում չէ:

Հայրենասերն այն մարդն է, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ոչ մի հարյուր դրամ չի գողացել, պետությանը ոչ մի ձևով վնաս չի տվել, կաշառք չի վերցրել, ընտրություններ չի կեղծել, ընտրություններին գումար չեն բաժանվել: Այդ մարդիկ էլ են հայրենասեր, եթե կնկատեք, ներառեք հայրենասերների շարքում։

Հա, պարոն Մանուկյանն ասում է՝ պաշտպանության նախարարության զինվորականների աշխատավարձը չի բարձրացել: Հիմա, ես էստեղից ասում եմ, որ յուրաքանչյուր ատեստավորված զինծառայողի աշխատավարձը բարձրացել է, և թող Հայաստանի Հանրապետության քաղաքացին լսի և համեմատական տանի՝ հիմա ե՞ս եմ էստեղից ստախոսությամբ զբաղվում կամ առավել ճիշտը չեմ ասում, թե՞ դուք, պարոն Մանուկյան:

Զինամթերքի մասով. ժողովուրդ ջան, ուզում եմ, որ մի հատ իրենք կողմնորոշվեն էլի իրար մեջ: Մեկը գալիս, ասում է՝ ցույց տվեք զինամթերքը, որ ժողովուրդը դուխով լինի, մեկն էլ գալիս, էստեղ, ասում է՝ ի՞նչ է, պետական գաղտնի՞ք եք հրապարակում: Ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվեք, ընդհանուր հայտարարի եկեք, մեկդ թող ընդհանուրի անունից ելույթ ունենա:

Դպրոցի տնօրենների մասով. չեմ հիշում, թե մեր գործընկերներից ով ասաց, ասում է՝ «դպրոցի ձեր թիմակից տնօրենը»: Չգիտեմ, իրականում այդ դպրոցի տնօրենն իրականում մեր թիմակիցն է, թե չէ, բայց ես զարմանում եմ, էլի, երևի, դպրոցի մեզ թիմակից մեկ տնօրեն ունենք կամ ընդհանրապես չունենք, մենք դպրոց չենք խառնում քաղաքականությանը, բայց ձեր ժամանակ, օրինակ՝ ով գալիս էր տվյալ տարածաշրջանի, տվյալ մարզի մարզպետ, գրեթե բոլոր դպրոցների տնօրենները վերցնում էին այդ կուսակցության տոմսն ու դառնում էին էդ կուսակցությունից, հետո գալիս էր հաջորդը, որովհետև, էդ մարդիկ ուրիշ ճար չունեին, կանչում էին, ասում էին, չգիտեմ, օրինակ՝ էսինչ կուսակցությունը, չգիտեմ, Դաշնակցությունը եկել է Գեղարքունիքի մարզում իշխանության, բոլոր պետական պաշտոնները կամ դպրոցների տնօրեններ պետք է լինեն էդ կուսակցության անդամ կամ, չգիտեմ, թող լինի համակիր: Հիմա մեկ դպրոցի տնօրեն, էն էլ չգիտեմ ՝ ճիշտ է, թե սխալ, ասում եմ՝ ձեր թիմակիցն է, այդ մեկը բռնել, բան…Հա, ես ուրախ եմ դրա համար, որ դպրոցների տնօրեններին չենք ներքաշում քաղաքականության մեջ, դպրոցը չենք ներքաշում քաղաքականության մեջ, և ոչ մի ճնշում չենք գործադրում ընտրություններին մեզ ձայն տալու համար։

Հա, բանի մասով. տիկին Գալստյանն էստեղ ասում է՝ գիրքը, որը տվել եք տպագրության, լավը չէ: Բայց, տիկին Գալստյան, դուք կամ ձեզ հետ կոալիցիա կազմած իշխանությունը երբևիցե գրքի տպավորությամբ կամ բովանդակությամբ զբաղվե՞լ է, թե՞ ձեզ ինչ-որ մեկը բերել, գիրքը տվել է, ասել է՝ էս ծրագրով կմտցնեք դպրոց, ու էս ծրագրով երեխեքը պետք է սովորեն: Մեր ժամանակ մենք գրում ենք, լա՞վ, թե՞ վատ՝ գրում ենք: Հիմա, եթե թերություններ կան, կարող ենք շտկել, մեր գրածն է: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Գեղամ Նազարյան, համեցեք: Գեղամ Նազարյան: Ձեզ ձայն կտամ, բայց ըստ հերթականության գրված է Գեղամ Նազարյան։ Լավ, սպասեք, պարոն Նազարյան, ելույթ ունեցեք, հետո ձեզ ձայն կտամ: Այո, դուք: Որովհետև էնքան եք գրանցվելուց հետո. բոլոր պատգամավորներին է վերաբերում, տեղը փոխում, երևի, ցուցակի մեջ խառնվել է, բայց, իրոք, ինձ մոտ գրված է Գեղամ Նազարյան: Համեցեք: Դե, տաբլոյից էս ցուցակն ընդհանրապես է տարբերվում:

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Ես Թադևոս Ավետիսյանից ներողություն եմ խնդրում, բայց…

Ելույթս ուզում եմ սկսել հերոսի մասին: Ի վերջո, հերոսը նա է, ով մարտի դաշտում վտանգում է իր կյանքը հանուն երկրի, հանուն պետության, քննարկման ենթակա չէ, թե հետո էլ ով է հերոս: Սոցիալիստական հասարակարգում մարդկանց ոգևորելու համար փոխաբերական իմաստով «հերոս» բառն օգտագործեցին լավ աշխատողների համար: Ես չեմ ուզում էս թեմային շատ անդրադառնալ, բայց ինչպես չի կարելի նույն հարթության մեջ դնել գոյություն ունեցող երկիրը պատմականի հետ, այնպես էլ հերոսին չի կարելի նույնացնել աշխատանքում հաջողություններ արձանագրածների հետ: Մարտիրոս Սարյանը հերոս էր, իմ կարծիքով, փոխաբերական իմաստով հերոս, ոչ թե որովհետև լավ էր նկարում, այլ, որովհետև համաձայնվեց Հայաստանի համար ամենածանր ժամանակներում ընդունել Ալեքսանդր Մյասնիկյանի խնդրանք-առաջարկը և գալ Երևանում ապրել։ Այ, հերոսությունն ինձ համար դա էր, և ոչ թե ինչպես էր նա նկարում:

Հիմա՝ տնտեսության մասին: Տնտեսության վիճակի մասին ամենալավ պատկերացումը տալիս է կենսաթոշակառուներին տրվող կենսաթոշակի չափը: Այս թիվը վկայում է մեր երկրի իրական տնտեսության մասին։ Եթե կենսաթոշակառուների կենսաթոշակը չենք կարողանում բերել գոնե մի տանելի մակարդակի, ուրեմն, տնտեսությունը, երկիրը խնդիրներ ունի: Էդ պետք է ընդունել և փորձել հասկանալ, թե ինչու և, ինչպես գերմանական ասացվածքն է ասում, «Խելք ունես՝ փող ունես, խելք չունես՝ փող չունես»: Նույնպես, եթե երկիրը խելքով ղեկավարում ենք, ունենում ենք փող, եթե դա չենք անում, փող չենք ունենում: Դա ակնհայտ ճշմարտություն է, իսկ կենսաթոշակառուները, կարծում եմ՝ դեռ գոհ պիտի լինեն, որ չենք հասել մի կետի, որ իրենց առաջարկենք բարձր կենսաթոշակ ստանալու համար անցնել ատեստացիա, ասենք՝ ապացուցել, որ իրենք լավ տատ ու պապ են, նոր կենսաթոշակը կբարձրանա, եթե դա չենք անում, ուրեմն, իրենք դեռ պետք է գոհ լինեն: Հա, իհարկե, բայց կարելի է էդ գաղափարը ներդնել, մարդիկ ավելի լավ տատ ու պապ կունենան:

Իսկ որ երկիրը, տնտեսությունը լավ չէ, վկայություններից մեկն էլ այն է, թե աշխատանքային ժամերին Երևանում որքան ավտոմեքենա է էս կողմ, էն կողմ անում: Եթե նույնիսկ մի քիչ փորձառու աչքը գա Երևան և մեկ աշխատանքային օր հետևի, թե մեքենաների ինչ քանակ կա Երևանում 11:30, 15:30, 16:00, կհասկանա, որ Հայաստանում չեն աշխատում: Չեն աշխատում, որովհետև 2 պատճառաբանություն կա հիմնականում, որ դրամի արժևորման դեպքում տեղի արտադրողը շահագրգռված չէ արտադրանք տալ, ասում են, որ աշխատավարձերը ցածր են, դրա համար չեն աշխատում: Էս մասին պետք է Կառավարությունը մտածի, փորձի հասկանալ, թե իրո՞ք աշխատավարձերը ցածր են, թե՞ մարդիկ չեն ուզում աշխատել:

Իսկ Երևանի մասին խոսելով, Ազգային ժողովում, ընդհանրապես, Երևանը բաց է մնում, որովհետև, երբ ուզում ենք Երևանի մասին հարց տալ, ո՞ւմ հարց տանք: Գնել Սանոսյանի մի անգամ հարց տվեցին, Գնել Սանոսյանն ասում է՝ «Ես ի՞նչ կապ ունեմ» ու, իրոք, ճիշտ է ասում, իրեն չենք կարող, բայց մեկին պետք է հարցնե՞նք, բայց փաստն այն է, որ էսօր քաղաքապետարանի վարչության պետին անգամ չես կարող զանգահարել, մի բան ճշտել: Իրենք հեռախոս չեն վերցնում՝ համատարած չեն վերցնում և չեն էլ թաքցնում, որ հեռախոս չեն վերցնում: Երևանում հիմա ունենք ծանր խնդիր, դա համատարած շինարարությունն է, երբ թվում է, թե լավ է, բայց երբ մենք փորձում ենք հասկանալ՝ իսկ ի՞նչ կլինի քաղաքի հետ, երբ կառուցված բոլոր շենքերում սկսեն բնակվել, ապրել կամ, չգիտեմ, որպես օֆիս օգտագործեն, երթևեկությունը, որն առանց այն էլ կանգնած վիճակում է, կանգնելու է և մենք հայտնվելու ենք Թեհրանի վիճակում՝ մինի տարբերակով: Թեհրանում 20 միլիոն մարդ է ապրում, Երևանում՝ գրեթե 1,5: Բայց սա լուրջ խնդիր է՝ Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող: Մենք չենք կարող էս խնդիրը մատնել անուշադրության և թույլ տալ, որ էս անհասկանալի շենքաշինությունը շարունակվի էսպես, ո՛չ ճարտարապետություն են հաշվի առնում, ո՛չ անվտանգություն, ո՛չ բնապահպանություն: Կարևոր մայրուղու, գլխավոր փողոցի՝ Արշակունյացի վրա մեկ մետր հեռավորության վրա բարձրահարկ շենք է կառուցված, բայց հասարակ բան է, չէ՞, սեյսմիկ երկրներում նման բան չեն անում: Բարձրահարկ շենքերը ճանապարհից գոնե 10-15 մետր հեռու պետք է լինեն: Սրանք խնդիրներ են, որոնք գալիս են նրանից, որ մենք մի վիճակում ենք, ամենաթողություն ասեմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, երբ…

Առողջապահության մասին խոսելիս ես չեմ ուզում անդրադառնալ, թե ինչո՞ւ պարտադիր ապահովագրությունը չի լինում, ուղղակի, ես կխնդրեի, որ մեկ անգամ ևս հիշենք գյուղերում ապրող մարդկանց մասին, որոնք երբեմն հիվանդանում են, երբեմն պետք է նրանց արագ օգնություն ցուցաբերել: Նորմալ, զարգացած երկրներում հաշվարկն այնպիսին է, որ ցանկացած բնակավայր շտապօգնության բրիգադը պետք է հասնի 5 րոպե տարբերությամբ, 5 րոպեի ընթացքում։ Դե, հիմա պատկերացրեք, ասենք՝ Առաջաձոր գյուղում կամ Լուսաձոր գյուղում մեկին պետք է շտապ օգնություն ցուցաբերել, քանի՞ րոպե կտևի: Ունենք խնդիր, որը պետք է լուծենք: Երևանի թեման ամփոփելով, դա շատ կարևոր է ինձ համար այն իմաստով, որ, իհարկե, կարելի է ասել, որ ծրագիրը մի բան է, բյուջեն մի բան է, իրական կյանքն այլ բան է, ծրագիր կազմելը, նպատակային անելը մեկ այլ բան է, բայց, երբ որ մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում, մայթին չէ, մայթին հարող տարածքում չէ, փողոցում ավազ են մաղում, ավազ վաճառում, քար ծախում, մեքենայի անիվ փոխում, ավտոմեքենայի չգիտեմ ինչ մաս սարքում հենց փողոցում, և անգամ դառնում է բեռնատարների կայանատեղի, երբ փողոցում մի հատ էլ նշած է, որ բեռնատարների մուտքը, ընդհանրապես, արգելված է, էդ իրավիճակում մարդու մոտ մի միտք է ծնվում, Կառավարությունից մի ազդակ է ստանում. ինչ ուզում ես՝ արա, դու խնդիր չունես, և էդ ինչ ուզում էս անելուց օգտվում են «ճարպիկ» տղաները։

Կրթության մասին. ես ուզում եմ մի առաջարկ անել: Կրթությունը սարսափելի վիճակում է դպրոցներում մի քանի պատճառներով:

Առաջինը, ամենակարևորը. Երևանի դպրոցների մեծ մասի դասարանները 30 և ավելի աշակերտ ունեն, իսկ էդ պայմաններում հնարավոր չէ կրթություն ստանալ: Մասնավոր դպրոցներն էլ չգիտեմ ինչ վիճակում են, բայց ասում են՝ որևէ տարբերություն չկա, բացի ծնողի պարանոցին դրված գումարը: Ես առաջարկում եմ, որ դասագրքերի վեճը մշտապես փակվի, նոր դասագրքերը կամ գոյություն ունեցող դասագրքերը Կառավարություն-Ազգային ժողով համատեղ հանձնաժողով ստեղծվի, որտեղ հավասարապես ընդգրկված լինեն ընդդիմության ներկայացուցիչները, մենք հասկանանք, թե մեր երեխեքին ինչ գիրք ենք տալիս: Ի վերջո, էս ամեն ինչը ո՞ւմ համար ենք անում, ո՞ւմ համար ենք անում, եթե գալիս է մի սերունդ, որը չի սովորել: Կարծում եմ՝ դուք ինձ նման ազգական, հարազատ կունենաք, որը զինված ուժերում ծառայում է, և առաջին շոկը, որ լինում է, պարզվում է, որ 21-րդ դարում երրորդ տասնամյակում ենք արդեն, իրենց անուն-ազգանունը գրել չիմացող տղաներ կան: էս մասին պե՞տք է խոսենք, թե՞ չէ, պե՞տք է հասկանանք, էս ո՞ւր ենք հետ գնացել մենք: Բա, ակադեմիական քաղաքում ո՞վ պետք է սովորի:

Հարցերը շատ են, բայց ավարտեմ ելույթս բնապահպանական մի խնդրով: Ես ամեն անգամ Իջևան գնալ-գալիս տեսնում եմ, որ մի սար կես է եղել, էն մի սարը վերջացել է, իսկ Երևան քամիները հիմնական հյուսիսից են գալիս, ու էդ ամբողջ փոշին նստում է Երևանի վրա: Կորցնում ենք մարդկանց առողջությունը, կորցնում ենք սարերը։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Թադևոս Ավետիսյան, համեցեք: Նախապատրաստվի Անահիտ Ավանեսյանը:

 Թ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: Քննարկման ամփոփ պատկերը նույնն է. օրվա իշխանությունը նորից խոստանում է երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն, զարգացում: Անցնող իրականությունը բոլորիս աչքի առջև է. տրամագծորեն հակառակ ամենօրյա իրողություններ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ և ռիսկեր: Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները, որտեղ, նույնիսկ աննշան ասելիք կա, թվախեղդ են անում, իսկ լայնամասշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ, ասենք, օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»: Իրականում պատերազմի սպառնալիքը կախված է մեր գլխին: Հարկ վճարողը հռչակվում է հերոս՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն հենց տուգանքի մատերիալ դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռի հետևողական ավելացմամբ: Նախորդ 2 տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն։

Հիմա, բերեմ հատկանշական կոնկրետ փաստեր: Հայտնի մանրապատումը, կարծում եմ՝ շատերը կհիշեն. «Երկու հարբած տղամարդ ընկերներ, պատը բռնած, քայլում են, հետո կանգնում են, ընկերը, որը հետևում էր իր առջևի ընկերոջը, ասում է՝ «ինչո՞ւ կանգնեցիր», ասում է՝ «պատը պրծավ»: Բազմիցս հիմնավորվել է, որ 2022 թվականից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակ թռիչքաձև տնտեսական աճը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին ժամանակավոր գործոնների դրական արդյունք էր, որն այդպես էլ չկապիտալացվեց, հենց այստեղ պատը պրծավ: Այս պատահական գործոնների դրական ազդեցությունը թուլանում է, դրան զուգահեռ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2024 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում նույնիսկ լավագույն սցենարով կանխատեսում է ընդամենը 5,6 տոկոս աճ: Ավելին, տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ և լուրջ փորձագետներ տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ են կանխատեսում:

Հաջորդը. այս տարվա 9 ամիսներին հարկային ծրագրված մուտքերը թերակատարվում են շուրջ 8 տոկոսով կամ 150 միլիարդ դրամով, և սա՝ այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 տոկոս: Այսինքն՝ իշխանության սրտի օլիգարխների շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը: «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը։

Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են ավելի մեծ չափով՝ շուրջ 13 տոկոսով «չկա փող, չկա ծախս» սկզբունքով: 290 միլիարդ դրամ չի կատարվել, իսկ կապիտալ ծախսերը՝ դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն, բոլորը գիտեն, թե ինչքան է խոսվում սրա մասին, թերակատարվել են 30 տոկոսով կամ 124 միլիարդ դրամով։ Սրանք փաստեր են, պաշտոնական վիճակագրություն:

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը թերակատարվել են 26 տոկոսով, որի հիմնական պատճառը եղել են ներդրումների և արտահանման, գյուղատնտեսության խթանման ծրագրերի խիստ ցածր կատարողականները: Սա՝ այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է ընդամենը զրոյականին մոտ աճ: Առանց ռուսական ոսկու վերաարտահանման գործունեության՝ արդյունաբերության ոլորտի աճը ևս զրոյականին է մոտ:

Տեղեկատվության և կապի ոլորտում՝ 8,5 տոկոս անկում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 13 տոկոս անկում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աջակցության ծրագրերը թերակատարվել են արդեն 42 տոկոսով, զրոյական կատարողական է արձանագրվել ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի գծով: Ավելին, նախորդ տարվա համեմատ այս ծախսերը նվազել են 55 տոկոսով կամ շուրջ 10 միլիարդ դրամով, իսկ նախարարի և բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրմանը ծախսվել է 100 տոկոսով, այ, դրա համար էլ նախարարն ինձ լավ չի հասկանում:

Կրկնվող փաստ է. պետական բյուջեի հաստատման ժամանակ խոստացված ծախսերի զգալի մասը չի կատարվել, իսկ հաջորդ տարվա համար անպատասխանատու կերպով նորից խոստանում են էական աճեր: Ավելին, իրենց հիմնական գործառույթներն էապես թերակատարած կամ ձախողված ոլորտների պատասխանատուների պարգևատրման գումարները համատարած ծախսվել են 100 տոկոսով:

Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում 21 տոկոսով կամ 33,1 միլիարդ դրամով աճել են Հայաստանի Հանրապետություն կառավարության պարտքի սպասարկման ծախսերը, տոկոսավճարները, իսկ հաջորդ տարի տոկոսավճարները պետական պարտքի աճին զուգահեռ՝ կաճեն արդեն 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով և կկազմեն ընդհանուր ծախսերի 11 տոկոսը, այսինքն՝ 397 միլիարդ դրամ՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ:

2025 թվականին, այս տարվա համեմատ պետական պարտքը կաճի առաջանցիկ՝ շուրջ 18 տոկոսով կամ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ մոտենալով 15 միլիարդ դոլարի շեմին, որը շուրջ 2,2 անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Ի դեպ, 2025 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, որը շուրջ 3 անգամ զիջում է պետական պարտքի աճի տեմպին, այսինքն՝ ունենալու ենք մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ:

Այլ հարցեր են պետական ծախսերի արդյունավետությունը, մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի համատարած տարածումը։ Օրինակ՝ ասում են՝ 90 տոկոսով ավելացնում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորումը, բայց չեն ասում, որ այդ ոլորտի 63 տոկոսը կազմող ծախսային հիմնական ուղղությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին աջակցության ծրագիրը, չունի ակնկալվող չափերի ոչ մի արդյունք, և հնարավոր չի լինելու որևէ կերպ գնահատել, և սա էլ՝ ծրագրային բյուջետավորման պարագայում:

Կամ, կոնկրետ չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարեն շեշտակի աճում են բյուջետային վարկերը, որոնք մտնում են ընդհանուր կաթսա, դառնում են անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի: Դրա վառ օրինակը «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսարդյունավետության գործնականում գնահատման անհնարինությունն էր, որն արձանագրեց հենց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, պարոն Թունյան:

Այլ փաստ. ակնկալվող չափերի և վերահսկելի ծրագրային բյուջեից սահուն անցնում եմ ծախսային բյուջեի, որը չունի ո՛չ չափելի արդյունք, ո՛չ էլ հասցեական պատասխանատվություն և թափանցիկության ապահովման նվազագույն անհրաժեշտ պայմաններ։

Հաջորդը. տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են: Նախ՝ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում շեշտակի աճում է մեր երկրի՝ մեկ երկրից տնտեսական կախվածությունը: 2024 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է արդեն 41 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այստեղ, ուշադիր, աճելով 5,3 տոկոսով, իսկ Եվրոպական միության երկրների հետ 7,2 տոկոս է եղել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով:

2024 թվականի առաջին կեսին ունեցել ենք արտահանման գրեթե 2 անգամ աճ, իսկ առանց ռուսական ոսկու վերաարտահանման գործունեության ունեցել ենք արտահանման գրեթե զրոյական աճ:

Օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից: 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով: Ավելին, 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ մեր երկրից դուրս են եկել, քան մտել են մեր երկիր:

Սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացնում են 110 միլիարդ դրամով, սակայն ոչ թե կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով, այլ այս իշխանության օրոք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալտնտեսական, առաջանցիկ ավելացող խնդիրները և հայրենիքից զրկված արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրներ ինչ-որ չափով մեղմելու համար, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին հատկացվող պետական միջոցների թռիչքաձև աճի հետևանքով: Ի դեպ, խոստանում էիք վերացնել այդ համակարգը։

Փաստ է, որ այս տարվա 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության փաստաթղթերով 20,366 քաղաքացիներ արտագաղթել են, ավելի շատ գնացել են մեր երկրից, քան եկել: 2023 թվականին աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 1,1 տոկոսային կետով, և այս իշխանության օրոք, էական աճերից հետո, նոր-նոր մոտենում է 2018 թվականի մակարդակին: Ի դեպ, այստեղ էլ խոստանում էիք կրկնակի կրճատել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Հաջորդ տարի ևս կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն աճելու՝ այս տարվա 2-3 տոկոս և հաջորդ տարվա կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի պարագայում: Այսինքն՝ հաջորդ տարի կանխատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի, իբր թե երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսավորման 110 միլիարդ դրամ աճի պարագայում փաստ է, որ սոցիալապես անապահով մեր հայրենակիցները կապրեն ավելի վատ՝ առնվազն գնաճով պայմանավորված։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Անահիտ Ավանեսյան:

 Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ամեն տարվա բյուջեի հաստատումը որոշումներ կայացնելու շրջան է, թե ինչքան, ինչպես և ինչի համար ենք աշխատելու հաջորդ տարի, ինչքան ավելի ջանք ու գիտելիք ենք ներդնելու մեր երկրում հավելյալ բարիք ստեղծելու և՛ մեզ, և՛ մեր երեխաների համար ապահով և երջանիկ կյանքի միջավայր ստեղծելու համար: Մեր խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության զարգացման առաջընթացի համար ավելի ու ավելի անկյունաքարային է դառնում մարդու, քաղաքացու, անհատի վերափոխումը, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը, շարունակական կրթությունը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, և արտադրողականության բարձրացումը, ինչը նշանակում է, որ մարդկային կապիտալի մեջ ներդրումը և մարդկանց տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերը պետք է լինեն մեր աշխատանքի արդյունքների ծախսման կարևորագույն ուղղությունները:

2025 թվականին Կառավարությունը շարունակելու է այս ուղղությամբ իր կարևորագույն հանձնառությունները: Իհարկե, 2025 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերը մեր երազանքների արտահայտումը չեն և հեռու են մեզ հետ համադրելի երկրների համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի ցուցանիշից, այնուամենայնիվ, բացարձակ թվով մենք ամեն տարի ավելացնում ենք առողջապահական ծախսերը և փոխում ծախսերի կառուցվածքը՝ շեշտադրելով կանխարգելումը։

Հիմա խոսեմ այն առաջնահերթություններից, որոնք դրված են Կառավարության ծրագրով, և շարունակելու ենք հետևողականորեն իրագործել: Նախ՝ իհարկե, ենթակառուցվածքներ: Այսպես, 2025 թվականի բյուջեի մեջ դրված է 12,3 միլիարդ դրամ, որն ուղղվելու է 13 բժշկական կենտրոնների շինարարության շարունակությանը, ավարտմանը և վերազինմանը, 4 նոր կենտրոնների կառուցմանը, որոնք են՝ Վարդենիսի բժշկական կենտրոն, Սպիտակի բժշկական կենտրոն, Ջերմուկի առողջության կենտրոն, Արթիկի բժշկական կենտրոն, 8 պոլիկլինիկաների կառուցմանը և մեկի վերակառուցմանը: Կխնդրեմ այսօր հարց ու պատասխանին նաև հարց տալ, ես կթվեմ բոլորը:

Նշեմ, որ Կառավարությունը, չափազանց կարևորելով ծառայությունների նոր մոդելի համար կոնցեպտուալ նոր շենքերի ապահովումը, որոշում է կայացրել՝ զերծ մնալ վերակառուցումներից, քանի որ հին շենքերը, անգամ վերակառուցման արդյունքում, չեն բավարարում նոր մոտեցումները: Հաջորդ տարի կմեկնարկի նաև 19 ամբուլատորիաների շինարարությունը լրիվ նոր կոնցեպտով կազմված տիպային նախագծերով: Հաջորդ 30-ի հողահատկացման և տեղակայման գործընթացներն ավարտվելուն պես նրանք ևս կսկսվեն:

Այսօր ևս հնչեց քննադատություն, թե շատ եք կենտրոնանում և բարձրաձայնում, որ չգիտենք կառուցել, չգիտեմ, շինարարների խնդիր ունենք, և ես անընդհատ հարցնում եմ, թե ինչո՞ւ է զարմանում մեր ընդդիմությունը, որովհետև մենք ամեն օր ենք դրա հետ առնչվում։ Նախ՝ կարծում եմ՝ մենք ունենք մոտեցումների տարբերություն: Մենք խնդիրները բարձրաձայնում ենք, մենք փորձում ենք դրանք լուծել և ինչպե՞ս ենք փորձում լուծել: Պետությունը, հատկացնելով կապիտալ շինարարություններին նման մեծածավալ միջոցներ, նաև նպաստում է, որ մեր երկրում զարգանան կառուցապատման կարողությունները, գան նոր մասնագետներ, ավելանան նոր մասնավոր նախաձեռնություններ:

Հաջորդը. իհարկե, չգիտեն, որովհետև դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների նման թվով շինարարություն երբեք չի եղել, դրա համար, երևի, խնդիրն էլ ցցուն չի եղել:

Երբ խոսում ենք բժշկական ծառայությունների մասին, իհարկե, պետք է խոսենք նաև որակի մասին: Շինարարությունները կարևոր են, կապիտալ ծախսերը կարևոր են, բայց առավել կարևոր են մարդկային ռեսուրսները, առավել կարևոր է ծառայությունների որակը: Ի՞նչ ենք անում այս ուղղությամբ։ Ասեմ, որ շարունակելու ենք բժիշկների և բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը, մեկնարկը տալու ենք 2025 թվականին: Որակ ասելով մենք նկատի ունենք լիցենզիոն նոր պայմաններ: Դրանք արդեն մշակվել են, 2025 թվականի սկսելու են գործել։ Մենք նկատի ունենք նոր սարքավորումներ։ 5 տարուց ավելի հին սարքավորումներ Հայաստան այլևս չպետք է ներմուծվեն և բժշկական կենտրոնները, օգտվելով նաև մեր լիզինգային ծրագրերից, թարմացնում են իրենց կարողությունները:

Իհարկե, ապահովելով ծառայությունների ֆիզիկական հասանելիությունը, մեր կարևորագույն նպատակն է դրանց ֆինանսական մատչելիության ապահովումը և, իհարկե, 2025 թվականի բյուջեով մեր միջոցները մեծամասամբ ուղղվելու են օֆերտայի ծրագրի շրջանակներում մեր քաղաքացիների բուժսպասարկմանը: Ինչպես նաև պարոն Հովհաննիսյանը նշեց, օֆերտայի ծրագիրը նաև շատ կարևոր անցումային նշանակություն ունի ապահովագրության ներդրման համար, և հաջորդ տարի էլ ինչքան որ մեր դիմելիությունը լինի, այդքան էլ պետությունը պարտավորվում է դրանք փոխհատուցել և սպասարկել։

Գալով ամենակարևոր հարցին, երևի թե. առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. սիրելի ընդդիմություն, իհարկե, նաև կարևորելով ձեր կողմից շեշտադրումները, պիտի ասեմ, որ համաձայն Կառավարության ծրագրի, մենք ներդնելու ենք առողջության համապարփակ ապահովագրությունը, և ես Կառավարության ծրագիրը երեկ ևս մեկ անգամ ուշադիր կարդացի, և Կառավարության ծրագրում ընդհանուր ներդրման ժամկետը նշված է 2026 թվականը, այսինքն՝ մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք և բոլոր խոստումներն իրականացնելու ենք:

Մենք ունենք շատ մեծ առաջընթաց, մենք ունենք մոդելի՝ օրենսդրական փաթեթի կառուցվածքի մասով կոնսենսուս, և առաջիկայում օրենսդրական փաթեթը կգա խորհրդարան և ակնկալում եմ ձեր շատ ակտիվ մասնակցությունը քննարկումներին և աջակցությունն այս հարցում: Պետք է ասեմ, որ նախապատրաստական ապահովագրության ներդրման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և այն փուլային է լինելու և առաջին փուլերն արդեն նախորդ տարվանից մեկնարկել են: Առաջիկայում կստեղծվի նաև հիմնադրամը, որը կսկսի այդ նախապատրաստական աշխատանքների կարևորագույն փուլը որակի բաղադրիչի իրականացմանը, ենթակառուցվածքների ապահովմանը և ծառայությունների ծավալի ապահովմանը զուգընթաց, և ես վստահ եմ, որ մենք մեր ժամկետի մեջ՝ 2026 թվականին, ապահովագրական համակարգը ներդրված կունենանք։

Ես պետք է ասեմ, որ, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր է նաև առողջ ապրելակերպի շարունակական խրախուսումը: Ինչո՞ւ. որովհետև որևէ երկրի բյուջե, որևէ երկրի ռեսուրս չի կարող բավարարել, եթե մենք կենտրոնանանք միայն հիվանդաբուժության վրա, և այս մասով սրանք միայն խոսքեր չեն: Սրա մասով մենք ունենք կոնկրետ քաղաքականություններ: Մենք ընդլայնել ենք կանխարգելիչ հետազոտությունների ծավալը, ցանկը, և սա փոխում է նաև մեր քաղաքացիների վարքագիծը։ Այսօր մենք ունենք փրկված կյանքեր, որոնք մեր կանխարգելիչ ծրագրերի շնորհիվ են: Մենք հավատում ենք, որ այս քաղաքականության շարունակականությունն ապահովելու է մեր երկրում առողջ, դիմակայուն հասարակության ձևավորմանը։

Ես բոլորին մաղթում եմ առողջություն, և, ինչպես ասացի, նաև խրախուսում եմ անցնել կանխարգելիչ հետազոտություններ, պատվաստումներ և նպաստել, որ մեր ծախսերն այս առումով քիչ լինեն: Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին նախարար: Խաչատուր Սուքիասյան, համեցեք պարոն Սուքիասյան: Նախապատրաստվի Արծվիկ Մինասյանը:

 Խ.ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ. ես մի քանի հարցի շուրջ եմ ուզում խոսել: Սկզբնական կուզենամ պատասխանել իմ գործընկերներին։ Պարոն Մանուկյանն էստեղ չէ, ես ուզում էի էդ պարտքի մասով որոշ մոտեցում, իմ կարծիքը փոխանցել պարոն Մանուկյանին, բայց, կարծում եմ՝ կլսի: 2012 թվականին մենք ունեցել ենք, ինձ մոտ նշել եմ պարտքի չափը, ունեցել ենք 3 միլիարդ 142 միլիոն դոլար, 2017 թվականին՝ 5,3 միլիարդ դոլար: Երբ մենք 2017 թվականինը բազմապատկում ենք դրամով, ստանում ենք շատ բարձր թիվ, որտեղ 520-530՝ 500-ի սահմաններում էր մեկ դոլարը:

Երբ մենք դիտում ենք էսօրվա իրավիճակը, օրինակ՝ վերցնենք պարտքը, եթե 2017 թվական 5 միլիարդ էր, այսօր 11 միլիարդ է, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու բնակարան նախկինում՝ 2017 թվականին կես գին էր, իսկ էդ վերցված վարկերը, դրանք սաղ գնացել են տնտեսության մեջ: Եթե դուք վերցնեք, նայեք, թե տարեցտարի ինչքան սարքավորում է Հայաստան եկել և ինչքան արտադրանք է գեներացվում, ինչքան է արտահանվում, արտահանման ծավալների տարբերությունը, դուք շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր են վերցվել: Մենք առաջարկում ենք, որ ևս վարկեր վերցվեն, ևս սարքավորումներ ձեռք բերվեն, ևս այգիներ, ինտենսիվ այգիներ, արդյունաբերություն զարգացնեն:

Ես կուզենամ անդրադառնալ մի այլ հատվածի. ուզում եմ ասել, որ նոր Հայաստանը կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են: Նոր Հայաստանում պետական մարմիններն օրենսդրությամբ են գործում: Մի պահ կարմիր բերետավորներից էիք խոսում: Մի հատ մեզ չե՞ք հարցնում, թե 2007 թվականին ո՞նց էին հարձակվում ժողովրդի վրա ոստիկանները՝ ավտոմատներով: Գնում էին մինչև տուն, տնից հանում էին, սկսում էին արմատուրայով խփել ոտքերին: Հիմա, դուք եկել եք, ասում եք՝ էդ բերետավորն ագրեսիվ էր նայում, մի հատ աջ էր նայում, ձախ էր նայում, մի հատ հրում էր, մի հատ ուզում էր չգիտեմ ինչ անել: Ուզում էր, ոչ մի բան չի արել բերետավորը: Ասում եմ՝ խփում էին, ջարդում էին, ծեծում էին, տանում էին մի հատ էլ բանտում էին ծեծում, տանում էին մի հատ էլ ոստիկանությունում էին ծեծում, մենք ենք շփվել, հիմա ի՞նչ եք ուզում: Ասում է՝ բերետավորը շատ ագրեսիվ տրամադրված էր: Հա, լավ, թող ագրեսիվ տրամադրվի, բայց արմատուրայով խփում էին մարդկանց ոտքերին, ջարդում էին ոտքերը, տանում էին, տենց ջարդած էլ գցում էին բանում՝ համապատասխան վայրում, որտեղ… Հիմա, էսօր պետական ինստիտուտները շատ ուժեղ են:

Մյուս բանը. մեր գործընկեր Մանուկյանն ասում է՝ գիտեք ի՞նչ, արտաքին հետախուզություն եք ստեղծել, մի հոգի եք էնտեղից վերցրել: Նախ՝ առաջինը. արտաքին հետախուզությունն ստեղծելիս դուք էստեղ չեք քվեարկել: Արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր կառույցներից մեկն է, իսկ թե որտեղից են վերցնում, ինչ են անում՝ դա պետք է քաղաքացուն չհետաքրքրի և պատգամավորին էլ պետք է չհետաքրքրի: Դա ամենախիստ գաղտնի ծառայությունը պետք է լինի: Նախ՝ առաջինը՝ ես չգիտեմ, թե էդ տեղեկությունը, թե մի հոգի է գնացել, թե 45 հոգի, ինչու են իրեն տվել կամ ի՞նչ իրավունք ունեն՝ դա բարձրաձայնելու, դրա մասին խոսելու: Դուք էլ դրա պատասխանը չտվեցիք, պարոն Քոչարյան ձեր ելույթում, որ չի կարելի: Հա, ասե՞լ եք: Լավ:

Էլեկտրական մեքենաները. ասում ենք՝ տնտեսենք, ասում են՝ էլեկտրական մեքենա են ձեռք բերել: Իհարկե, պետք է էլեկտրական ձեռք բերեն, որ բենզինը չգողանան: Մենք բոլոր գործիքներն սկսում ենք մտածել էնպես, որ, իհարկե, մարդ է, կարող է գողանալ, կարող է գրպանը լցնել, էդ բենզինը տանել, ոնց որ առաջ էին անում՝ տենց շլանգը դնում էին, տանում էին, հասցնում էին չգիտեմ որտեղ: Հիմա էդ գողությունները չկան։ Նախ՝ առաջինը՝ էդքան բյուջե է հավաքում, բյուջեն արդյունավետ ծախսվում է: Ուրեմն, մի քանի հազար կիլոմետր ճանապարհ է Հայաստանում կառուցվել, ես չգիտեմ, թե ինչից են խոսում:

Էդ որ խոսում եք շտապօգնությունից, պարոն Նազարյան, բա չե՞ք ասում, որ առաջ շտապօգնությունը մինչև գալիս էր, արդեն խեղճ քաղաքացին մահանում էր շտապօգնության մեջ, որովհետև այնքան փոս կար, որ նախ՝ տեղ չէր հասնում, երկրորդը՝ էդ փոսերի միջով անցնելիս էդ հիվանդն ավելի վատ վիճակում էր հայտնվում: Հիմա ճանապարհները կառուցված են, արդեն ասում եք՝ ճանապարհները կառուցել եք, բայց այնտեղ հորս նկարը չեք դրել, ձեր մասին չէ, էլի, մեկն ասում է՝ չգիտեմ ում նկարը չեք դրել: Ճանապարհը կառուցվել է, ճանապարհը բերվել է, կարող է՝ «Ա» կլաս չէ, կարող է՝ «Բ» կլաս է, բայց արդեն էնպիսի կարգին ճանապարհ է, որ մեքենաները, մինչև անգամ տուրիստներն ասում են՝ զարմացած ենք, որ ձեզ մոտ տենց լավ ճանապարհներ կան: Նախ՝ մինչև շատ տուրիստական կետեր հասցվում է՝ գյուղեր, գյուղամեջեր, եկեղեցիներ, չգիտեմ, տարբեր տեղեր մեր ճանապարհները հասնում են:

Հիմա, առողջապահության նախարարը՝ տիկին Ավանեսյանը, որ խոսեց, ես ուզում եմ ասել, որ առողջապահության մասով էլ մենք բավականին հաջողություններ ունենք՝ ոչ միայն կառուցելու, այլև մեր կոմերցիոն հատվածում: Առողջապահական մասնավոր ձեռնարկություններն արդեն առողջապահական տուրիզմով են զբաղվում, բավականին հաջողություններ ունենք: Էդ նշանակում է, որ եթե սովորական տուրիստը Հայաստանի Հանրապետությունում վճարում է մինչև 1,000 դոլար, բժշկական տուրիստը վճարում է 4,000, 5,000 դոլարին համարժեք գումար: Նկատի ունեմ՝ դրա մասին էլ մենք պետք է խոսենք: Նշանակում է՝ էն հաջողությունները… Ինչո՞ւ է գալիս բժշկական տուրիստը: Երեք կարևոր պատճառ կա. առաջինը բժիշկների որակն է, երկրորդը՝ սարքավորումների որակը, երրորդը՝ պայմանները, որտեղ ինքը պետք է իքս ժամանակը որպես վիրահատության կամ հետվիրահատական ժամանակահատված անցկացվի: Հիմա, դրանց քանակը պետք է մեծացնենք, որպեսզի առողջապահական տուրիզմում նույնպես մենք լինենք լավագույններից մեկը տարածաշրջանում։ Դրա մասին էինք ուզում…

Բայց մի կարևոր բան եմ ուզում ասել որպես գործընկերներ: Էս վերջերս ես իմ արտահայտության մեջ միշտ օգտագործում էի «ռացիոնալ մտածելակերպ», հետո ասացի՝ լավ կլինի, որ հարցնենք արհեստական ինտելեկտին, թե ինչ է ռացիոնալ մտածելակերպը: Արհեստական ինտելեկտն ինձ ասել է, թե ինչ է: Եթե թույլ կտաք, կարո՞ղ եմ կարդալ. բայց մի մասն եմ կարդալու, ամբողջը չէ, սիրելի գործընկերներ: «Ռացիոնալ մտածելակերպը տրամաբանական բանականության և օբյեկտիվ վերլուծության վրա հիմնված մտածելակերպ է»։ Հետո ասում է. «Ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդիկ խնդիրներին և որոշումներին մոտենում են՝ գնահատելով փաստերը, ապացույցները և կառուցվածքային փաստարկները»: Ինչի՞ համար եմ սա ասում: Իրոք, սա շատ կարևոր մտածելակերպ է, և ես շատ հարցերում էլ ձեզ հետ համաձայն եմ, որ դեռ այն աստիճանի կառավարում, դեռ այն աստիճանի հասարակական գիտակցություն չունենք Հայաստանում: Էդ երկուսն էլ միշտ իրար համարժեք են լինում: Իհարկե, թվայնացումից հետո բավականին ինստիտուտներ փոխվելու են: Իհարկե, թվայնացումից հետո սկզբնական շրջանում հասարակության մոտ դժգոհություն է առաջանում, որովհետև պետք է սովորեն այդ թվայնացման գործիքներին, բայց գործիքներին սովորելուց հետո, կարծում եմ, որ այն դժգոհությունները, որոնք կան, դրանց մեծ մասը վերանալու է, որովհետև թվայնացումը բերելու է նրան, որ ամեն ինչ առավել թափանցիկ տեսնելու ենք։

Եվ մի հարց էլ կա, որը շատ, արդեն վեցերորդ տարին է, որ դուք թմբկահարում եք, ես ուզում եմ էդ թեմայով խոսել և ուզում եմ դիմել Կառավարությանը: Միշտ խոսում եք աշխատավարձից և խոսում եք տարբեր կարգի հավելավճարներից: Այ ժողովուրդ, կատա՞կ եք անում։ Այսօր պետական համակարգը շատ ծանր վիճակում է, որովհետև աշխատավարձերը շատ ցածր են: Հայաստանի Հանրապետությունում արդեն մասնավոր բիզնեսը բավականին բարձր աշխատավարձ է տալիս: Մենք և դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, որպես գործընկերներ, որպես, Հայաստանի Հանրապետության զարգացման մասով, ուժեղացման մասով մտահոգ մարդիկ, դուք՝ ինքներդ պետք է խնդրեք Կառավարությանը, որ աշխատավարձերը բարձրացվի, որ ավելի որակով կադրեր գնան պետական համակարգում աշխատելու: Մեր քաղաքացիներն են, մեր կրթված ժողովուրդն է, որովհետև, երբ որ դուք ավելի ցածր աշխատավարձ եք տալիս, ավելի բարձրին արժանի մարդը չի գալու աշխատի պետական համակարգում: Մենք պետք է խնդրենք ևս բարձրացնել, օրինակ՝ իմ կարծիքով, իմ գնահատականով միգուցե 30-20 տոկոս կրճատումներ լինի ոչ բոլոր տեղերում, կարող է՝ տեղ լինի՝ 30 տոկոս, բայց աշխատավարձը պետք է 50 տոկոսով բարձրանա: Ու դրան պետք է ժամկետ դրվի, և՛ կրճատում լինի, և՛ բարձրանա, առավել ևս, որ անցնելու ենք էլեկտրոնային կառավարման, հնարավոր է և մի 10 տոկոս էլ՝ դրա պատճառով, կամ թող գնահատեն, ես, ուղղակի, պայմանական թվեր եմ ասում: Էդ գնահատականը կտան մասնագիտական կառույցները: Սիրելի գործընկերներ, շնորհակալություն, այսքան:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Սուքիասյան, ձեզ նույնպես շնորհակալություն: Արծվիկ Մինասյան, համեցեք: Նախապատրաստվի Կարեն Համբարձումյանը:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Վերջին դիտարկումից, պարոն Սուքիասյան. ձեր բերած սահմանումն արհեստական ինտելեկտին տալով, և լսելով մեծամասնության և Կառավարության առանձին անդամների ելույթները, պետք է արձանագրեմ քուանշ, չանցաք էդ թեստը, որովհետև ձեր ասածների մեջ ոչ թե օբյեկտիվն էր իշխում, այլ բացարձակ սուբյեկտիվ, էսպես, ընդգծված կերպով էսօրվա գործող քաղաքական իշխանության ամեն մի գործողություն արդարացնելուն ուղղված քայլեր: Անգամ արտաքին պետական պարտքի վերաբերյալ դուք էնպիսի բաներ եք ասում, որ ոչ միայն տնտեսագիտական վերլուծությունների տեսակետից շատ հեռու է, այլ նաև, երբ խորանաք, կհասկանաք, որ էսօրվա արտաքին պարտքի ամբողջ ծավալի և սպասարկման բեռի ու քաղաքացիների՝ մեր հայրենակիցների ստեղծած եկամուտների միջև ահռելի տարբերություն կա, ահռելի, թվերով կխոսենք:

Ես միշտ դեմ չեմ եղել արտաքին պարտքին, միշտ, կարող եք վերցնել, իմ բոլոր ելույթները նաև նախկինում նայել: Ես դեմ եմ եղել արտաքին պարտքի վերադարձելիության տեսակետից դրա ներդրման ուղղություններին: Հիմա, հետևաբար՝ էդ տեսակետից, ինչպես իմ գործընկերները վկայակոչեցին, 6 տարվա մեջ 2,5 անգամ ավելացրել եք պարտքային բեռը: Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի քաղաքացիների եկամուտներն էդքան չեն աճել և երբ հաշվարկները հրապարակում ենք, ի դեպ՝ էս երկու օրն այս թվերն անընդհատ հնչեցնում ենք, մի քիչ տարբերակումներ են գնում, հիմա հստակ հնչեցնեմ. միայն 2025 թվականին 394 միլիարդ դրամ պարտքի սպասարկմանն է գնում: Դա Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, նորածնից մինչև խոր ծերության մեջ գտնվող յուրաքանչյուր անձի վրա տարեկան 130 հազար դրամից ավելի բեռ է միայն 2025 թվականին, որ պետք է վճարի, այսինքն՝ ամսական մոտ 12 հազարի կարգի: Այսինքն՝ երբ մենք վերլուծում եք էս բեռը և սա արդարացնում ենք՝ առանց նայելու, թե լավ, ի վերջո, որտեղ է սա ներդրվել, ուր է գնացել: Փորձենք հասկանալ, հիմա տեսեք. սիրելի հայրենակիցներ, որպեսզի կարողանանք բյուջեին գնահատական տալ, պիտի նաև համեմատենք, թե ինչ է խոստացել իշխանությունը և ինչ է իրականացնում: Այս համադրության մեջ այն, ինչ այս իշխանությունը խոստացել է իր ծրագրով, հրապարակային խոստումներով, դրա 99 տոկոսը ծալել, դրել է մի կողմ, և իրականացնում է իրավիճակային գործողություններ: Խոստանում էին հանրային ոլորտի բարեփոխումներ, խոստանում էին մեքենաների արտադրություն Հայաստանում, հեռուստացույցների արտադրություն Հայաստանում, 10 միլիոն ծառի տնկում էին խոստանում Հայաստանում: Ո՞ւր են դրանք, չկան, զրո: Փոխարենը հայտարարում են նոր ծրագրեր, բերում են նոր մոտեցումներ, որոնք, շատ լավ հասկանալով, որ ժամանակի մեջ չեն կարող իրականանալ, սկսում են արդեն հիմնավորել, որ, դե, գիտե՞ք, ժամանակը կարճ է, մինչև 2026 թվականը ժամանակ կա, և այլն:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիր: Հոյակապ ծրագիր, հոյակապ գաղափար, բայց դուք իրականացնելո՞ւ եք դա: Մինչև 2026 թվականը հասցնելո՞ւ եք 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել, վերակառուցել, գույքով ապահովել։ Ախր, ինչո՞ւ եք ստում այն դեպքում, երբ էստեղ նաև անկեղծություն էլ չկա, որ էս ծրագրերի հսկայական մասն իրականացվում է քիչ առաջս նշած, հարգելի քաղաքացիներ, պարտքի հաշվին, և էդ պարտքը վճարելու ենք մենք՝ բոլորս, բոլոր քաղաքացիները, վճարելու են ապագա սերունդները: Էստեղ գոնե անկեղծ եղեք, ասեք՝ ոչ թե Կառավարությունը և մեծամասնությունը քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծել են բարիքներ, և էդ բարիքները, ժողովուրդ, ձեզ համար կառուցում են մանկապարտեզներ դպրոցներ։ Չէ, շատ պարզ բանաձև՝ գնանք, պարտք վերցնենք, բերենք կառուցենք, ինչ-որ բաներ կլինեն, եթե կոռուպցիոն սխեմայով էնտեղից կխժռեն, ոչինչ, հրապարակային ձևով կհայտարարենք, կասենք, որ այ սա կոռուպցիոներ էր, տանենք նստեցնենք և վերջ, փակվի:

Ո՞ւր է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եթե չեմ սխալվում 10 միլիոն դոլար, թե՞ 10 միլիարդ դրամից ավելի ինչ-որ աջակցություն էր տրվել օդում: Նախարարին հանեցիք, բա էդ գումարներն ո՞ւր են, բերե՞լ եք բյուջե: Չկա, տեղեկություն չկա, շատ ուրախ կլինեմ, եթե հրապարակեք:

Գործող իշխանության կողմից որդեգրվել է մի այլ քաղաքականություն ևս. թաքցնել ամեն ինչ, ինչը հնարավոր դեպքում կարող է քննադատության արժանանալ: Պատահական չէ, որ ֆինանսների նախարարը փորձում է փաթեթավորել, թե ձեզ համար հաճելի կամ փոքր ծավալով օգտակար նյութերի պատրաստման համար ենք դրել։ Տեսեք, շատ եք քննադատում նախկիններին և լավ եք անում, ճիշտ եք անում, բայց դուք ինչո՞վ եք տարբերվում էն վատ բարքերն առաջ տարած մարդկանցից, երբ քողարկվում էին կոնկրետ ծախսերը, ինչո՞վ: Շատ ավելի վատն եք դուք անում հիմա: Նույնիսկ այն ժամանակ ինչ հրապարակվում էր, հիմա դուք դրանք էլ եք թաքցնում: Ի՞նչ է նշանակում՝ չկա պետական համակարգի ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը, պարկը, դրա վրա կատարվող ծախսումները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության համար կատարվող ծախսերի մեծությունը: Դե, սրանք էլ համեմատեք նախկինների հետ: Մի հատ վերցրեք, էլի, առաջին, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ կատարված ծախսերը և հրապարակեք հիմիկվա կատարվածը: Հրապարակեք, որպեսզի հասարակությունը տեսնի:

Բերետների մասով, ոստիկանության մասով, բարեփոխումների մասով հսկայական ինչ-որ հայտարարություններ են հնչում: Էդ հայտարարությունները գրոշի արժեք չունեն, և երբ որ էստեղից խոսում է կամ արդարացվում է բերետների սադիստական վարքագիծը, ասում է՝ դե, գիտե՞ք, էն ժամանակ էլ էին մարդ ծեծում: Է, եթե ծեծում էին, էդ ծեծողին դատեք: Ձեր ձեռը չէ՞, ինչպես կասեր դասականը՝ մուրճն էլ, մեխն էլ: Մանգաղ է, մուրճ է, մեխ է՝ բոլոր գործիքները ձեր ձեռքն է: Բա, ինչո՞ւ չեք դատում, ինչո՞ւ չեք պարզում, ինչո՞ւ եք էդ մարդկանց, եթե նախկինում սադիստական վարքագծով հայտնի են, չգիտեմ՝ ինչ էիք ասում՝ արմատուրաներով ոտքերին… Բա, էդ մարդիկ, որոնք էսօր ծառայում են, բա, արմատուրայով կոտրող էդ մարդուն ինչո՞ւ չեք դատում հիմա, թե՞ հիմա ձեզ ծառայություն է մատուցում, դրա համար չեք դատում։

Ես նկար ցույց տվեցի՝ մի մարդու նկար, որը հրապարակային, տեսագրությամբ ֆիքսված՝ հայհոյում, ջարդում, ավիրում է, և էդ մարդուն դուք էստեղից արդարացնում եք։ Էս ամենը գալիս է փաստելու մեկ բան ևս. գործող իշխանությունն ամեն ինչ անում է սեփական վերարտադրությունն ապահովելու համար, նույնիսկ էն փոքր բարիքը, որ հանրության համար է ստեղծում, ներկայացնում է որպես մի մեծ աստվածաշնորհ երևույթ և, օ՜ վսեմափայլ, եթե դու չլինեիր, չէր ստեղծվի այս բարիքը: Մինչդեռ դուք՝ ձեր իշխանությունով աղետ եք բերել, աղետ, կործանում և, փոխանակ էդ կործանմանը դիմագրավելու համար մեղանչեք, փորձեք ներգրավել հանրության շատ ավելի լայն զանգվածներ, դուք ի՞նչ եք անում. շարունակում եք պառակտումները, շարունակում եք առաջադրել մարդկանց թեկնածություններ բարձր պաշտոններում, որոնք իրենց գրառումներով, իրենց վարքագծով ատելություն են քարոզել:

Էս երկու օրն իմացա, որ նաև հավանություն եք տվել, որ փաստաբան Սիրունյանի թեկնածությունը ներկայացվի: Մինչև էդ հարցի քննարկումն էստեղ մի հատ վերցրեք, դուք սիրում եք էդ բանն անել, էդ մարդու ֆեյսբուքյան գրառումները կարդացեք: Արցախահայերի վերաբերյալ ինչեր է նա ասել, ինչպիսի ատելություն էր քարոզում: Հիմա, էդ մարդուն բերել եք ու առաջադրում եք Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Խնդրեմ. առռը հա քեզ, արդարադատություն, առռը հա, քեզ, ազգային նվիրյալ պետական ինստիտուտի ստեղծում: Ո՞ւր եք գնում սենց, էս ճանապարհն ո՞ւր է տանելու։ Եթե չսթափվենք, եթե չկարողանանք վերափոխվել, չենք կարողանալու նաև ձեր սիրած, ձեր փառաբանած «Ապագա կա» կարգախոսն առաջ տանել կամ էլ էդ կարգախոսը ձեր պատկերացումով այլ տեղ է, միգուցե թուրքական աշխարհ, ինչին մենք դեմ ենք ամբողջ էությամբ, հոգով, սրտով, գործողություններով։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Մինասյան: Հաջորդ ելույթի համար՝ Կարեն Համբարձումյան, նախապատրաստի Գևորգ Պապոյանը: Պարոն նախարար, հաջորդը դուք եք: Լռություն դահլիճում, խնդրում եմ:

 Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ. ես այսօր խոսելու եմ այն իրականությունից, ինչ գրեթե ամեն օր ես տեսնում եմ իմ համայնքում: Նախ՝ կուզենայի հասկանալ պարոն Ավետիսյանի այն դիտարկումը թե Ուկրաինան, Ռուսաստանը մեր տնտեսական աճի հետ որքանով կապ ունեն, որովհետև, Ռուսաստանի դաշնությունը Չեչնիայում էր պատերազմ անում, հետո ինչ-որ պահ Սիրիայում էր, հետո Իրաքում էր: Կարող է որոշակի բան ունենալ, բայց ուղիղ կապը տնտեսական աճի հետ չեմ կարողանում հասկանալ։

Ինչևէ, անդրադառնամ պարոն Մինասյանին և պարոն Մանուկյանին: Ես էն համեմատականով եմ ուզում տանել՝ մեկ միլիոն և մեկ միլիարդ, այդ մեկ միլիոնի և մեկ միլիարդի համեմատականով, երբ դպրոցները կամ մանկապարտեզները վաճառում էին, այո, մեկ միլիոն էր, բայց, երբ ես 40 տարեկան եմ, և առաջին անգամ Սիսիանում տեսել եմ զրոյից կառուցված դպրոց, դրա համար մեկ միլիարդ է տարբերությունը: Այ այդ իրականությունից եմ ես ուզում խոսել: Երբ Սիսիանի բժշկական կենտրոնը փակում էին, այո, այդ ժամանակ մեկ միլիոն էր, հիմա մեկ միլիարդ է համեմատականի մեջ: Մենք, մեր Կառավարությունը զրոյից նոր բժշկական կենտրոն ենք սարքում: Այ, դրա համար մենք բյուջեին կողմ ենք քվեարկել, իսկ դուք դեմ եք քվեարկել: Երբ մենք ժամանակին 3,5-4 ժամում էինք Սիսիան հասնում, այսօր՝ 2-2,5 ժամում ենք Սիսիան հասնում: Այ, դրա համար է էն ժամանակ մեկ միլիոն եղել, հիմա՝ մեկ միլիարդ:

Ծառայողական մեքենաների մասով, եթե չեմ սխալվում, պարոն Մանուկյանն ասաց: Պարոն Մանուկյան, այո, Նիկոլ Փաշինյանն ասել է, որովհետև այն ժամանակ վարորդի վարորդն էլ վարորդ ուներ, ասեմ ավելին՝ ընտանի կենդանիներն էլ վարորդ ունեին, դրա համար դրանից է խոսել: Չի կարելի խեղաթյուրել այն իրականությունը, որը մեր աչքի առաջ է եղել: Խնդիր կա՞: Կլսեմ: Ես էլի էդ իրականությունից եմ ուզում խոսել և նույնը՝ գյուղատնտեսության մասով: Այնպիսի ծրագրեր, որոնք 2018 թվականից հետո են տեղի ունենում մեր համայնքում, երբևէ ոչ տեսել ենք, ոչ էլ պատկերացում ունեցել ենք: Սա այն իրականությունն է, ինչն էսօր տեսնում է յուրաքանչյուր սիսիանցի:

Պաշտպանության առումով ասեմ. ես այսօր չեմ խոսի, թե ինչպիսի զենք-զինամթերք և այլն, բայց ինքս գիտեմ, տեղյակ եմ, սյունեցի եմ, պարբերաբար լինում եմ սահմանում, և վերջերս մեր պրոֆեսորագիտական կազմի հետ, պարոն նախարարի՝ Պապիկյանի հետ այցելել էինք հենակետեր, ասեմ ձեզ, որ գրեթե բոլորն այն կարծիքին էին, որ, Աստված ոչ անի, բայց եթե պատերազմ սկսվի, Աստված ոչ անի, ամենայն ազնվությամբ, մենք միակ… Ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ, որովհետև միակ անվտանգ տեղը հենակետն է։ Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր, բայց ժամանակին, երբ էդ հենակետերը գնում էինք, չեմ ուզում անդրադառնալ: Դե, տարբերությունն ակնհայտ է, ես չգիտեմ մարդ, որ… Առուներ էին, պարոն Սուքիասյան, տարբերությունն էդ է, իսկ էսօր, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Աստված մի արասցե, եթե լինի պատերազմ, միակ անվտանգ տեղը մեր նոր կառուցված հենակետերն են: Ես իմ ընտանիքի հետ որպես անվտանգություն գնալու եմ այնտեղ, և ես կարծում եմ՝ դուք, ովքեր տեսել են, այդ կարծիքին եք:

Ասելիքը շատ է, բայց, առհասարակ, խոսենք նրանից, ինչն էսօր իրական է, ինչն այսօր տեսանելի է: Այսքանով ես կուզենամ ավարտեմ իմ ելույթը: Ես անձամբ կողմ եմ քվեարկելու, որովհետև էն մի փոքր հատվածը, որը նոր թվարկեցի, ինձ բավարար է, որպեսզի ես ուղիղ նայեմ իմ ընտրողի աչքերին և ասեմ, թե ինչու եմ ես կողմ քվեարկել այս բոլոր ժամանակներում մեր Կառավարության ներկայացրած բյուջեին։ Շնորհակալություն, այսքանը:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Շնորհակալություն, պարոն Համբարձումյան: Գևորգ Պապոյան, համեցեք: Նախապատրաստվի Հովիկ Աղազարյանը:

 Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, այսօր մենք ստանձնել ենք կարևոր առաքելություն՝ ապահովել Հայաստանի տնտեսության կայունությունը և խորացնել այն ներառական զարգացումը, որին մենք արդեն հասել ենք: Թվերը, որոնք կներկայացնեմ, վկայում են մեր տնտեսական հաջողությունների մասին։ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 6,5 տոկոսով: Այս աճը պայմանավորված է տնտեսության մի շարք ճյուղերում ավելացված արժեքի բարձրացմամբ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կլինի 6 տոկոս, որով մենք կզբաղեցնենք 17-րդ տեղը 190 երկրների շարքում: Համեմատության համար նշեմ, որ Բալթյան երկրներում միջին աճի 0,5 տոկոս կլինի, եվրագոտում՝ 0,8 տոկոս, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ 4,6 տոկոս:

Թվերն ինքնին խոսուն են՝ փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է համաշխարհային մարտահրավերներին: Սակայն ոչ մի տնտեսական աճ արժեք չունի, եթե դրա շահառուն մարդը, քաղաքացին չէ, այսինքն՝ աճը ներառական չէ, հետևաբար՝ հարց. արդյո՞ք մեր աճը ներառական է: Ներառականության ամենաառանցքային ապացույցներից մեկը բնակարանաշինությունն ու բնակարանամուտն է։ Այսպես, 2024 թվականի առաջին կիսամյակում շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը կազմել է 337,000 մ՝ արձանագրելով տպավորիչ՝ 80 տոկոսանոց աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Տարվա ավարտին շահագործման կհանձնվեն ևս 21 նորակառույց շենքեր, ընդհանուր, 2,281 բնակարանով, որից 1,113-ն արդեն իսկ վաճառվել է։

Տնտեսությունում տեղի ունեցած դրական տեղաշարժերն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշերում: Մասնավորապես, 2024 թվականի գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանը բարելավվել է իր դիրքը՝ բարձրանալով 72-րդ տեղից 63-րդ տեղը։ Էկոնոմիկայի նախարարությունը 2025 թվականի միջոցառումներով կշարունակի նպաստել Կառավարության ծրագրով նախանշված թիրախների իրագործմանը: Մասնավորապես, անդրադառնամ մի քանի կարևոր ծրագրերի և դրանց արդյունքային ցուցանիշներին:

«Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացմանը: Այս ծրագիրն առանձնացնում եմ այն նպատակով, որ Հայաստանը պետք է արտադրի և աշխարհին ներկայանա որակյալ, միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքներով և ծառայություններով։ Սա կարևոր նշանակություն ունի նաև մեր երկրի ինքնիշխանության պահպանման տեսանկյունից: «Անորակ ծիրան կամ լոլիկ ինքնիշխանության դիմաց» բանաձևը վաղուց անցյալում է:

Մեր տնտեսության հաջորդ կարևոր առաջնահերթությունն արտադրողականության ավելացումն է, որի համար իրականացնում էիք տնտեսության արդիականացման միջոցառումը, որին ուղղվելու է գրեթե 20 միլիարդ դրամ։ Սույն ծրագրի շրջանակներում մեր բիզնեսը ձեռք է բերում ամենաժամանակակից մեքենասարքավորումները մատչելի պայմաններով: Այս ծրագրի պորտֆելն արդեն իսկ հասել է 308 միլիարդ դրամի։ Ծրագրի գերակշիռ մասը՝ 82 տոկոսը, ուղղվել է փոքր և միջին ձեռներեցության աջակցմանը՝ ընդգծելով այս ոլորտի կարևորությունը տնտեսության կայուն զարգացման գործում: Մինչև օրս ծրագրի շրջանակներում իրենց գործունեության մեջ նոր մեքենասարքավորումներ է ներգրավել 2,153 տնտեսավարող, սակայն արտադրողականության բարձրացումն անհնար է պատկերացնել առանց բարձր որակավորման մասնագետների ներգրավման, ինչի իրականացմանը կուղղվի մոտ 2 միլիարդ դրամ, որի շրջանակներում փոխհատուցվելու է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը։

Կառավարության առաջնահերթությունների շարքում է նաև ներդրումների և արտահանման խթանումը, որի շրջանակներում նախատեսված միջոցները կուղղվեն ներդրումների դիմաց ենթակառուցվածքների ստեղծմանը, մշակվող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավմանը, դեղագործության, տեքստիլ ոլորտի զարգացմանը, կաջակցեն կազմակերպությունների կողմից պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկմանը և վարկանշավորմանը:

Մեր հաջորդ առաջնահերթությունը զբոսաշրջության զարգացումն է, որի շրջանակներում նախատեսված միջոցներն ուղղվելու են ինչպես Հայաստանում զբոսաշրջային ակտիվների զարգացմանը, այնպես էլ այդ ակտիվների հանրահռչակմանը: Մասնավորապես, իրականացվելու են մի շարք միջոցառումներ արտաքին շուկայում՝ միտված զբոսաշրջային նոր հոսքերի ավելացմանը, շարունակվելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը։ 2024 թվականի ընթացքում այս ծրագրով Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրվել են մոտ 250 լուսավորության սյուներ, ավարտվել է Գյումրու Բարեկամության զբոսայգու և Գառնու տաճարի շրջակա տարածքի վերակառուցումը, Տաթևի վանքի ճանապարհի վերակառուցումը, Գորիսի և Կումայրի պատմական տարածքների բարեկարգումը, Մարմաշեն վանական համալիրի և Զորաց քարերի վերականգնումը, Գառնու տարածքի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան տանող ճանապարհների բարելավումը և այլն։

Հաջորդ տարի կսկսվի «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավում» միջոցառումը, որով կսկսվեն զբոսաշրջային կլաստերների ձևավորման աշխատանքները Դիլիջանում, Գյումրիում, Ապարանում, Դվինում, Եղեգիսում, Արենիում, Ջերմուկում, Գորիսում և այլ վայրերում։ Հարգելի գործընկերներ, զբոսաշրության ոլորտում ձեռնարկված ակտիվ միջոցառումների շնորհիվ 2024 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 1 միլիոն 721 հազար զբոսաշրջիկ, իսկ աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ «Lonely Planet»-ը, Հայաստանը ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Կառավարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ գյուղատնտեսության զարգացումը։ Այս ոլորտում զարգացումը մենք պայմանավորում ենք բացառապես ագրոարդյունաբերության զարգացման, ինտենսիվ այգեգործության, բարձրարժեք մշակաբույսերի մշակման և տոհմային անասնապահության զարգացման միջոցով: Ներկայացնեմ իրականացվելիք ծրագրերի մի փոքր մասը:

Կշարունակվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, գյուղապահովագրության նոր ծրագրով կապահովագրենք ինտենսիվ այգիները և բարձրարժեք մշակաբույսերը, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը ևս մեր առաջնահերթություններից է, և մտադիր ենք 25-ին հասնել 1000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման և շրջանառության ներառման: Էական միջոցներ են հատկացված գյուղատնտեսական կենդանիների պատվաստմանը, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալմանն ու հաշվառմանը, մոտ 13 հազար գլուխ կովերի արհեստական սերմնավորմանը, որի միջոցով նպատակ ունենք ժամանակի ընթացքում ավանդական տեղական սորտերից անցում կատարել ավելի բարձր կաթնատվությամբ ու մսատվությամբ աչքի ընկնող սորտերի կամ դրանց խառնուրդների: Հավելեմ, որ կշարունակվի տավարաբուծության զարգացման ծրագիրը, որով նախորդ տարիներին տարբեր ծրագրերով արդեն իսկ ձեռք են բերվել մոտ 4,200 տոհմային կենդանիներ, որոնց միջին կաթնատվությունը կազմել է 5,400 կիլոգրամ, որը 2,2 անգամ գերազանցում է Հայաստանում բուծվող կովերի միջին կաթնատվության ցուցանիշը։

Գյուղատնտեսության զարգացման ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են ինտենսիվ այգեգործության զարգացմանը, որով արդեն իսկ նախորդ տարիներին հիմնվել է ավելի քան 4,500 հեկտար ինտենսիվ պտղատու այգի։ 2025-ին նպատակ ունենք այս ծրագրով հիմնելու ևս 500 հեկտար: Շարունակվելու է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է 657 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 158 տրակտոր՝ փոխարինելով խորհրդային արտադրության մաշված ու խիստ անարդյունավետ գյուղտեխնիկան ժամանակակից մեքենասարքավորումներով: Շարունակվելու է նաև ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի մեկնարկից ի վեր ագրոարդյունաբերական մեր ընկերությունները ձեռք են բերել մոտ 300 սարքավորում։ Համեմատության համար նշեմ, որ այս տարվա խաղողի մթերման անխափան ընթացքի պատճառներից մեկը նաև այս ծրագիրն էր, քանի որ կազմակերպությունները հնարավորություն ունեցան մատչելի գներով ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, տարաներ և այլն:

Կշարունակվի խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիր։ Այս ծրագրով մինչև օրը շահագործման է հանձնվել 55 անասնաշենք: Այստեղ ևս քաղաքականության փոփոխություն ունենք, եթե նախկինում խելացի անասնաշենքերի կառուցումից հետո ենթադրվում էր, որ այնտեղ կարող են լինել ոչ տոհմային կենդանիներ ցածր կաթնատվությամբ ու մթերատվությամբ, ապա այժմ ծրագրի շահառու ֆերմերներն անասնաշենքում պետք է պահեն միայն տոհմային կենդանիներ:

Ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով նախատեսվում է առաջիկա տարիներին ձեռք բերել մոտ 10,000 գլուխ մանր եղջերավոր տոհմային կենդանիներ, որի արդյունքում գրեթե 25 տոկոսով կավելանա ոլորտից ստացվող արտադրանքը: Մեղվաբուծության զարգացման ծրագրի միջոցով առաջիկա 2 տարիների ընթացքում ձեռք կբերվի 10,000 մեղվափեթակ, ծրագրի իրականացման արդյունքում տարեկան հավելյալ կարտադրի շուրջ 120,000 կիլոգրամ բարձրորակ ապրանքային մեղր։

Հարգելի գործընկերներ, այս ծրագրերի մասով մենք ոչ մի հաջողության չենք հասնի, եթե չլինի մեր և քաղաքացու համագործակցությունը: Պետության դերը ներդրումների, աշխատելու և ստեղծագործելու համար առկա խոչընդոտների վերացումն է և խթանող միջավայրի ձևավորումը, սակայն աշխատելու, նախաձեռնելու գործառույթը մարդունն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացունը: Սիրելի քաղաքացիներ, կոչ եմ անում ձեզ՝ ազատորեն ու առատորեն օգտվել Կառավարության առաջարկած տնտեսության զարգացման ու խթանման գործիքներից։ Այս ծրագրերը ձեզ համար են և մեր պետության զարգացման մասին են, դրանք միայն միասնաբար կարող ենք անել: Հայաստանի կառավարությունն իր մասնաբաժինն արել և անում է, և պատրաստ է էլի անել: Հերթը ձերն է եկեք և վերցրեք Կառավարության աջակցության ծրագրերով ձեզ բաժին հասնող տասնյակ միլիարդավոր դրամների գումարները: Հայաստանի տնտեսությունը, սակայն, միայն թվեր չեն, այն մարդու կյանքի որակը բարելավելու և սոցիալական համերաշխություն հաստատելու հնարավորություն է։ Այս հնարավորություններն են, որ մենք այսօր վերածում ենք իրականության՝ առաջնորդվելով ոչ միայն տնտեսական, այլև խաղաղ ու կայուն ապագա կերտելու մեր հավատով: Մեր նպատակն է, ոչ միայն պարզապես ապահովել տնտեսական աճ, այլև նպաստել, որ այդ տնտեսական աճը լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ձևավորում ենք մի տնտեսություն, որը կառուցված է կայուն զարգացման հիմքի վրա և ունակ է դիմակայելու աշխարհում առկա տնտեսական սուր մրցակցությանը խաղաղ զարգացման հեռանկարով։ Աշխարհում տնտեսական աճի մրցավազքը սուր է, բայց մեր նպատակն ընդամենն արագ առաջընթացը չէ: Մենք կառուցում ենք երկարաժամկետ ու խորքային աճի տեսլական, որը կնպաստի ոչ միայն երկրի տնտեսական կայունությանը, այլ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացմանը: Նախաձեռնություն, որի նպատակն է ստեղծել կայուն և վստահելի առևտրային կապ արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի միջև։ Այսօրվա տնտեսական աճն ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբ, որտեղ ներառականությունը դառնում է մեր զարգացման շարժիչ ուժը: Աճը պետք է ընդգրկի մեր հասարակության բոլոր շերտերը, քանի որ պետության, կամ, որ նույնն է՝ հայրենիքի զարգացումը հնարավոր չէ առանց մեր յուրաքանչյուր քաղաքացու ներգրավման: Արդյունավետության բարձրացումը, գիտելիքահենք տնտեսության ձևավորումը, արտահանման նոր շուկաների բացահայտումը և տեխնոլոգիական առաջընթացը մեր հիմնական գործիքներն են, որոնց միջոցով Հայաստանը կարող է ինքնավստահ առաջ շարժվել՝ դառնալով տնտեսական և խաղաղության առաջատարը տարածաշրջանում։ Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Հովիկ Աղազարյան: Համեցեք, պարոն Աղազարյան:

 Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան փոխխոսնակներ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ես մի թեթև անդրադառնամ պարոն Ռուստամյանի ելույթին: Պարոն Ռուստամյան, ձեր ելույթը շատ էմոցիոնալ էր, իհարկե, բայց որոշ դրվագների հետ ես պետք է չհամաձայնվեմ: Օրինակ՝ ես գտնում եմ, որ, ոչ թե գտնում եմ, այլ էդպես էլ կա. հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է մարդկության պատմության մեջ, որը, հազարամյակների բովով անցնելով, այսօր ունի պետականություն, և ես հպարտ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ որպես պատգամավոր, որպես քաղաքացի իմ համեստ ավանդը բերել էդ պետականության կայացման, զարգացման գործում, նաև ձեզ հետ միասին: Հիմա, դուք մեջ բերեցիք նաև Եղիշե Չարենցի հայտնի բանաստեղծությունը, ես խորհուրդ կտամ, որ մյուս անգամ, երբ ընթերցեք այդ բանաստեղծությունը, ուշադրություն դարձրեք էդ տողի վրա, որտեղ Մասիս սարի մասին է ասվում:

Մի ուրիշ բան էլ, պարոն Ռուստամյան, երբ դուք երիտասարդ էիք, կամ հիմա, մի լավ երգ կա՝ զգացմունքային՝ «Երթամ, հասնեմ զիմ Կիլիկիա», էդ երգը որ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ ունեք։ Օրինակ՝ երբ որ ես լսում էի պատանեկան տարիքում, երիտասարդ տարիքում, ես լացում էի, բայց, երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ համար եմ անտեղի տեղն էներգիա ծախսում դրա վրա: Կիլիկյան՝ ո՞ւր, ես՝ ո՞ւր: Կիլիկյան իմ պատմական հայրենիքը չէ: Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատմական հայրենիքն է, Կիլիկյան իմ պատմական հայրենիքը չէ: Էն ժամանակ ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերքը թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ պետություն ստեղծեցին: Բայց, փառք Աստծու, որ դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար, դա շատ լավ է, որպեսզի մեզ հեռացնեք իշխանությունից, եթե մենք ինչ-որ բաներ էն չենք անում, լավ չենք անում: Դե, մենք էլ, էդ ամեն ինչը հաշվի առնելով փորձում ենք նենց անել, որ սխալներ թույլ չտանք: Ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է։

Հիմա՝ պետական բյուջեի մասին: Պետք է հաստատել, որ Կառավարության ծրագրով հաստատված 7 տոկոսանոց թիրախը միջինացված ձևով 5 տարվա կտրվածքով կարողանում ենք ապահովել, բայց, այդուհանդերձ, 2024 թվականի պետական բյուջեն, որը նախատեսված էր 7 տոկոսանոց աճ, հիմա կանխատեսվում է 5,8 տոկոս և էստեղ արդեն մտածելու խնդիրներ կան, չէ ո՞ր յուրաքանչյուր տարվա բյուջե նախորդ տարվա բյուջեի օրգանական շարունակությունն է, և էդ խնդիրների մեջ մենք պետք է խորանանք, որպեսզի վեր բարձրացնեք էդ խնդիրները, հասկանանք, և փորձենք լուծել, որպեսզի էն թիրախը, որ մենք էսօր ունենք հաջորդ տարվա համար՝ 5,6 տոկոս, կարողանանք անշեղորեն ապահովել: Դա շատ կարևոր է:

Ես էլ եմ, օրինակ՝ բազմաթիվ ուսումնասիրություններ կատարել էդ ուղղությամբ: Ես կկենտրոնանամ մի հարցի վրա՝ ՀԴՄ-ների վրա, որպեսզի ժամանակահատվածում կարողանում ավելի հասկանալի լինել ձեզ, հարգելի գործընկերներ: Թվում է, թե շատ ծեծված, չարչրկված թեմա է ՀԴՄ-ների թեման, բայց էդ հարցին շփվում են բոլոր քաղաքացիները՝ ամենօրյա ռեժիմով, և սա ինչ-որ իմաստով նաև պատկեր է: 2019 թվականի համեմատությամբ 2023 թվականին, ՀԴՄ-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը 4 տոկոսով անկում է ապրել: Իհարկե, տնտեսագետները կասեն՝ պարոն Աղազարյան, ճիշտ չէ էդ համեմատությունն անել: Երևի, ես համաձայն եմ, բայց այլ կերպ չկարողացա գտնել որևէ բանաձև, որպեսզի կարողանամ ներկայացնել պատկերը, թե ինչ է տեղի ունենում այդ ոլորտում, այսինքն՝ մեր համախառն ներքին արդյունքն աճել է, բայց ՀԴՄ-ներով հավաքագրված գումարը փոքրացել է, այսինքն՝ էդ բացասական վարքագիծը, որ կար, ցավոք սրտի, ոնց որ ասած, հետ է գալիս:

Այստեղ խորանանք պատճառների մեջ: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ինչո՞ւ են մեր տնտեսավարողները խուսափում ՀԴՄ տպելուց, իսկ քաղաքացիները հետևողական չեն: Պարոն վարչապետը վերջերս մի եզրույթ էր շրջանառության մեջ դրել մեր, այսպես կոչված, «Որտեղ հաց, էնտեղ կաց», ասացվածքի հենքի վրա, ես էլ պետք է անդրադառնամ էդ հարցին: Ես գտնում եմ, որ «Որտեղ հաց, էնտեղ կաց» եզրույթը, մեկ գենետիկական կոդի մեջ դրված եզրույթ է, երևույթ է, որը բնութագրում է նաև մեր մենթալիտետը: Քաղաքացին մտնում է խանութ, որպեսզի առևտուր անի, ինքը տրամադրված չէ՝ ՀԴՄ վերցնելու, որովհետև ո՞նց ՀԴՄ վերցնի: Էդ մարդը եկել է այստեղ, կաց է արել, որ հաց աշխատի: Հիմա, ՀԴՄ-ն վերցնի, որ էդ հարկերն ո՞ւմ գնան: Ինքը պահի տակ մոռանում է, որ ինքն անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Հազարամյակների ընթացքում, ներողություն, հարյուրակների ընթացքում պետականություն չունենալը մեր մեջ էդ բացասական վարքագիծը դաստիարակել է, մենք չենք հասկանում շատ դեպքերում, թե ինչ է նշանակում պետություն և, հետևաբար՝ ասում է՝ ինչո՞ւ գնա Ռուսաստանին, Սովետական Միությանը, չգիտեմ ում գնա, թող էդ մարդու ընտանիքին գնա, ընտանիք է պահում, և հակված չէ, որ ՀԴՄ վերցնի: Ո՞նց լուծենք     էդ խնդիրը: Էդ խնդիրը լուծենք նույն բանաձևով՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց» բանաձևով, այսինքն՝ կներեք, իհարկե, եթե մենք օրենք ընդունենք, որ քաղաքացին, որը դուրս է գալիս առևտրի կենտրոնից և չունի ՀԴՄ, ինքն էլ պետք է տուգանվի: Եթե մենք էսպիսի օրենք ընդունենք, ապա խանութի աշխատողը՝ առևտրականը, կհասկանա, որ եթե ինքը չի տալիս ՀԴՄ, ապա ինքն էդ մարդու հաց ու կացին է խանգարում, որովհետև, էդ մարդը կողքն է ապրում, նրան հարմար է, որ գա, էս խանութից առևտուր անի, եթե ինքը ՀԴՄ չտա, նա կելնի, հանկարծ պարեկը կնկատի, և մարդը կտուգանվի։

Հիմա, մի առիթով էս թեմայով խոսեցի պարոն Բադասյանի հետ, պարոն Բադասյանն ասաց՝ պարոն Աղազարյան, մի քիչ հեգնանքով, իհարկե, եթե մեր բյուջեն հարյուր անգամ ավելացնեք, ապա կարելի է փորձել այդ գաղափարը կյանքի կոչել: Ես էլ ճիշտ հակառակն եմ ասում. եթե այդ գաղափարը կյանքի կոչվի, Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն կկրճատվի, որովհետև ՀԴՄ-ներ արդեն կտրվեն, իսկ էսօր ինչո՞ւ են շատերը խուսափում ՀԴՄ տալ, կամ ով կարողանում է, էլի, որովհետև գիտի, որ կան տնտեսավարող սուբյեկտներ, որոնք այս կամ այն կերպ ծանոթություն ունեն, կոռուպցիոն սխեմաների մեջ են, թաքցնում են իրենց իրական եկամուտը և, հետևաբար՝ էն մյուսը՝ բարեխիղճ տնտեսավարողը, որը կարող է մրցակցություն ունենալ, հնարավորություն չի ունենում՝ մրցել էդ մարդու հետ, էդ տնտեսավարողի հետ, որովհետև նա թաքցնում է իր եկամուտները, եթե ինքը չթաքցնի, ապա չի կարող մրցակցությանը դիմանալ, որովհետև չեն կարող նույն ապրանքը տարբեր էական գներով վաճառել: Դրա համար էդ երևույթը կա, ոչ մեկը տրամադրված չէ տնտեսական հանցագործություն անել, իսկ, եթե էդ իմ առաջարկությունը հանկարծ երբևէ կյանքի կոչվի, ապա ես կարծում եմ, որ դա կբերի նրան, որ ՀԴՄ-ների տրամադրումը կլինի մասսայական, առանց պարտադրանքի, և յուրաքանչյուր առևտրական պետք է հասկանա, որ եթե չի տրամադրում ՀԴՄ, ապա դիմացինին ինքը հավանական մեծ վնաս է պատճառում, և սա նաև, նորից եմ ասում՝ վարքագիծ դաստիարակի մեզ մոտ, բոլորիս մոտ, որը նաև ինչ-որ իմաստով ազդեցություն կունենա մեր տնտեսական աճի վրա։ Շնորհակալություն:

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Ընդմիջում, հարգելի գործընկեր։


Ժամը 14:30

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք նիստը, այժմ ելույթ կունենա Արմենուհի Կյուրեղյանը։ Տիկին Կյուրեղյան, մի վայրկյան, փոխվե՞լ եք, մի վայրկյան, հեսա նայեմ, էլի։ Արթուր Խաչատրյան, Արմենուհի Կյուրեղյան, ինձ խնդրեցին, որ փոխեք, եթե դուք… (Խոսում են դահլիճում:)... Հետո հետ եք խնդրել։ Բարի, լավ։ Դե, համեցեք, պարոն Խաչատրյան, եթե տարբերություն չկա։ Համեցեք։

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, մեզ ներկայացված բյուջեի նախագիծը ես կկոչեմ պարտքով ու երազներով ապրելու բյուջե։ Վերից վար ձախող բյուջե է, իրականության աղճատում, չհիմնավորված խոստումներ, ձախողումների արձանագրում։ Այս բյուջեն ընդամենը մի դրական բան ունի, դա էլ ասեմ, որ չասեք՝ մենակ վատն ենք տեսնում։ Սրանով Կառավարությունն Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանին ասել է՝ ձենդ կտրիր ու մի խառնվիր էն հարցերին, որոնցից ոչ մի բան չես հասկանում, որովհետև բրնձաբուծության մասին էստեղ ոչ մի խոսք չկա, մի լումա չեք հատկացնում բրինձ աճեցնելուն և ճիշտ եք անում։

Հիմա` 2025 թվականի բյուջեի նախագծի մասին։ Տնտեսական աճը դանդաղում է. 2022-ին արձանագրված՝ 12,6, 2023-ին՝ 8,3, հիմա սպասվում է 5,8 տոկոս տնտեսական աճ։ 2025-ին նախատեսվում է ապահովել 5,6 տոկոսանոց աճ, հաջորդ 2 տարում աճը կկազմի 5,5 տոկոս։ Հիշեցնեմ, որ Կառավարությունն իր բյուջեում խոստանում էր առնվազն տարեկան 7 տոկոս, ոչ թե 5,6 տոկոս։ Որպեսզի Կառավարությունը քողարկի իր տնտեսական ձախողումը, թվերը միջինացնում է, միջինացնելիս էլ անտեսում է 2022-24 թվականների դրական հանգամանքները, որոնց պարագայում խոստացել էր 9 տոկոսանոց աճ։ Նշեմ, որ 2020 թվականին արձանագրված -7,2 տոկոս աճից, այսինքն՝ 7,2 տոկոսանոց անկումից հետո 2020, 2021, 2022, թվականներին համախառն տնտեսական աճը կազմել է ընդամենը 10 տոկոս։ Այնպես որ, այն պնդումները, թե գալիք 3 տարիների ընթացքում բյուջեի աճի դանդաղումը պայմանավորված է փոքր բազիսի էֆեկտով, էն ժամանակ մեծ էր, որովհետև բազիսը փոքր էր, սուտ է, առնվազն, պրոֆեսիոնալ չէ։ Կառավարության գնահատականներով Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն աճել է և կդառնա 5-5,5 տոկոս։ Եվ, ըստ այդմ` տարեկան աճը 5,8 տոկոս, հետո 5,6 տոկոս են կանխատեսում։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս։ Էստեղ հարցն էդ 0,7 տոկոսային կետը չէ, էստեղ հարցը նրանում է, որ, ըստ ձեզ՝ աճը պոտենցիալից բարձր է, իրենց համոզումներով՝ աճը պոտենցիալից ցածր է։ Ասում եք՝ պոտենցիալը մեծացրել ենք, էդ ինչի՞ հիման վրա եք մեծացրել։ Մի հատ հիշեք, թե Հայաստանում վերջին 6 տարվա ընթացքում քանի գործարան է ստեղծվել։ Եկեք դուրս գանք մի հատ բակ, տեսնենք՝ Կառավարությանը «Սեպուհ 2» հայկական արտադրության մեքենանե՞րն են սպասարկում։

Նախորդ տարիներին բյուջեն ներկայացնելիս իշխանությունը հպարտանում էր, ասում էր՝ տարեկան 12 տոկոսից ավելի աճ ենք արձանագրել։ Ասում էինք՝ էս աճն արտածին է, Հայաստանի հետ կապված որևէ բան չկա։ Սա Ռուսաստանի դեմ սանկցիաներով է պայմանավորված։ Ասում էիք՝ չէ, Հայաստան են գալիս ռելոկանտները, փողը գալիս է Հայաստան, որովհետև Հայաստանում կոռուպցիա չկա, դեմոկրատիա կա, հիմա փողը հետ է գնում։ Առաջին 6 ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 21,3 միլիարդ դրամով, ֆիզիկական անձանց անունով փոխանցումները 2023-ի առաջին ամիսներին կազմել են ընդամենը 1,658 տրիլիոն դրամ, դա՝ 2023 թվականին, զուտ ներհոսքը՝ 518 միլիարդ դրամ։ Էս տարի ներհոսքը՝ 1,557, զուտ ներհոսքը՝ 348 միլիարդ։ Դուրս է գալիս փողը, ռելոկանտները դուրս են գալիս։ Առաջնորդվելով ձեր տրամաբանությամբ՝ ի՞նչ ենք ֆիքսում. Հայաստանում կա կոռուպցիա, չկա դեմոկրատիա։ Հետևողական եղեք ձեր տրամաբանության մեջ, չարխն սկսեց հակառակ պտտվել։ Դե, դուրս եկեք ձեր խոսքերի տակից։

Հիմա, փաստենք, որ բարձր տնտեսական աճը պայմանավորված է բացառապես արտաքին գործոններով։ Լավ, իսկ տակի մնացորդային աճն ինչո՞վ է պայմանավորված՝ պարտքով, պարտ-քով, այս տարվա առաջին 3 եռամսյակների դրությամբ պետական պարտքը կազմել է 4,8 տրիլիոն դրամ։ Ակնկալվում է 2025 թվականի վերջին պարտքն ավելացնել, հասցնել մինչև 6,161 տրիլիոն դրամի, Կենտրոնական բանկի երեկվա փոխարժեքով՝ 15,9 միլիարդ դրամ։ Ես չեմ իմանում, թե ինչու է ֆինանսների նախարարությունը 423-ով հաշվել դոլարը։ 900 միլիարդ դրամով պարտքն աճեցնում եք։ Գիտե՞ք, թե ինչքան է կազմելու տոկոսային ծախսը 2025 թվականին. 394 միլիարդ դրամ, ավելի շատ, քան առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների, նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և բոլոր 10 մարզպետարանների աշխատակազմերին միանգամից տրված գումարը։ Ավելի շատ, քան առողջապահությանը հատկացվող գումարը, ավելի շատ, քան կրթությանը հատկացվող գումարը։ Էստեղ ասում եք՝ քաղաքացուն ի՞նչ տարբերություն, ճամփան լավն է, դե հիմա վարկով են արել, թե ինչով են արել, քեզ ի՞նչ։ Էդքան փող սպասարկելով, տոկոս սպասարկելով ավելի քիչ փող է ուղղվում անվտանգությանը, պաշտպանությանը, կրթությանը, առողջությանը, տնտեսությանը, և տակն ի՞նչ ենք ստանում. 5 տոկոս տնտեսական աճ։ Է, վերջին 20 տարվա ընթացքում 5 տոկոս է, էլի, տնտեսական աճը։ Արդյունքում ի՞նչ ունեցանք. պարտքի բեռի անսանձ ավելացում, օրական սպասարկելու ենք, տարեկան պարտքն աճելու է 2,5 միլիարդ դրամով։

Երևանի բյուջեն ընդամենը 60 միլիարդ դրամ է, Գյումրիի բյուջեն՝ դրանից մի 10 անգամ ավելի քիչ, որ պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը։ Օրական մարելու ենք 1 միլիարդ 80 միլիոն դրամ վարկ, տոկոս, էդքանի համար Կառավարությունն եկել, պարտք էր խնդրում, որպեսզի Գյումրիում ճանապարհային ծրագրի վերջն ավելացնի, ընդամենը։ Եվ ավելին ասեմ՝ ես կարծում եմ, որ դրանով Կառավարությունը չի էլ սահմանափակվի։ 2024 թվականի բյուջեի նախագծով, որը 2023 թվին էր ներկայացվում, Կառավարությունը պլանավորում էր, որ դեֆիցիտը կկազմի 341 միլիարդ դրամ, հիմա կազմում է 484՝ 40 տոկոսով ավելի։ Եթե էդ նույն տենդենցը շարունակվի, ավելացվի դեֆիցիտը, պարտքն էլ է ավելանալու։ Նենց որ, էդ 6,161 տրիլիոնին վաղը կարող է երանի տանք, ավելի է շատանալու։

Լավ, բա էս երկրի տնտեսությունն ինչո՞վ է աճում. հարց։ Նախանցյալ տարի դարձել էինք դզող-փչողների երկիր, չնայած խոստացել էիք բարձր տեխնոլոգիական երկիր։ Էդ դեռ ոչինչ դզող-փչողները, փառք Աստծո, մարդկանց ձեռքից ամեն ինչ գալիս է, ընտանիք էին պահում, մուլտիպլիկատիվ էֆեկտ կար։ Անցյալ տարի 23,6 անգամ ոսկերչությունը մեծացրիք, պարոն Աղազարյանն էլ ուրախացել էր։ Ես ասացի՝ դե, 230 գրեք, ավելի ուրախացեք։ Էս տարի, սիրելի հայրենակիցներ, առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է ի՞նչ՝ 9,987 կիլոգրամ ոսկի, հանքի մասին չեմ խոսում, ոսկու մասին եմ խոսում, էդ որտե՞ղ է արտադրվել էդ ոսկին, որտե՞ղ։ Ի դեպ՝ վերջին եռամսյակում՝ ընդամենը 326 կիլոգրամ։ Էդ առում էլ է ցամաքել։ Բա, 5 տոկոս տնտեսական աճ ինչի՞ հիման վրա եք կանխատեսում, ինչի՞ հիման վրա, տուրիզմը, ռելոկանտները գնացել են, փողը գնում է, տնտեսական պոտենցիալ չենք սարքում, նկարչությո՞ւն, հա՞, էլի։ Եվ արդյունքում ունենք էն, ինչ ունենք, 20,000 հոգի մարդ 6 ամսվա ընթացքում գնացել է։ Կասեք՝ խոպան են գնացել, կհակադարձեմ՝ բա, ասում եք՝ մարդիկ խոպան չեն գնում, որովհետև էստեղ լիքը փող կա, գործ կա, բա ո՞նց են գնացել։ Եվ ի՞նչ ունենք. ունենք էն, որ ես երեկ Մարտին Գալստյանին էլ էդ հարցը տվեցի, պարտքերի մեջ թաղված հասարակություն։ Առաջին 9 ամիսների ընթացքում դրամով տրված սպառողական վարկերը կազմել են 9,8 տրիլիոն դրամ, հիփոթեքայինը, գուշակեք՝ ինչքան, 9,4 տրիլիոն, ընդամենը, նու, տակը, իհարկե, դոլարային էլ կա։ Հիմա ինձ ուզում եք ասել, որ տան գինը և լվացքի մեքենայի գինը նո՞ւյնն է։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, որ սպառողական վարկերի աճը նշանակում է, որ ժողովուրդը թաղված է աղքատության մեջ։ Դրա մյուս դրսևորումը, Կենտրոնական բանկի կայքից եմ հանել, մյուսը ղումարբազության աճն է, ժամանակին տրիլիոնների կարգի էր, հիմա չեք գնահատում։ Սա է իրական Հայաստանը, ոչ թե էն թուղթը, որը տվել եք։ Իրական Հայաստանն էն Հայաստանն է, որը դուք կերտել եք, որտեղ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսություն չկա, ծառայություններն էլ դզող-փչողությունն է։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մինչև հաջորդ բանախոսին ձայնը տալը տեղեկացնեմ, որ այսօր նաև մեզ են այցելել Երևանի Լևոն Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցիչները։ Ողջունում ենք ձեզ։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հաջորդիվ ելույթ կունենա Ագնեսա Խամոյանը։ Համեցեք։

 Ա.ԽԱՄՈՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, ես մոտեցել եմ այս ամբիոնին, որ երկու լուր հայտնեմ ձեզ, մեկը՝ լավ, մեկը՝ վատ։ Սկսենք լավից. Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, հպարտ քաղաքացիներ, շնորհավորում եմ ձեզ, դուք ոչ միայն 3 միլիոն վարչապետերն եք, պարզվում է՝ ձեր 80 տոկոսը նաև հերոսներ են։ Շնորհավորում եմ։ Հիմա՝ վատ լուրը։ Դուք հերոս եք, բայց հերոս եք «Քաղաքացիական պայմանագրի» բացատրական բառարանով, որովհետև եթե սովորական բացատրական բառարաններում, Սահմանադրության 80-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ սահմանվում է, որ յուրաքանչյուրը պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրել պարտադիր այլ վճարումներ, ապա «Քաղաքացիական պայմանագրի» բացատրական բառարանում դա մեկ բառով կոչվում է հերոսություն։ Բոլոր լեզուներով հերոսությունը մարդու գործունեությունն է, որը համապատասխանում է ժողովրդական զանգվածների առաջավոր դասակարգերի շահերին և պահանջում է անձնական քաջություն, տոկունություն, անձնազոհություն, անձնազոհ պարտականություն, բայց «Քաղաքացիական պայմանագրի» բացատրական բառարանում հերոսությունը հարկ վճարելն է, ընդամենը։ Ինձ համար հերոսներ են Մոնթե Մելքոնյանը, Վիկտոր Համբարձումյանը, Թաթուլ Կրպեյանը, Վահագն Ասատրյանը, Հրայր Հովակիմյանը, Ռոբերտ Աբաջյանը, Մխիթար Գալեյանը, Աբգար Նազարյանը, ձեզ համար հերոսներ են Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Ալեքսանյանն է հերոս ձեզ համար: Մարդիկ աշխատում են և հարկ են վճարում, բայց եթե իրենք շարքային հերոսներ են, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Վահե Հովհաննիսյանն ազգային հերոսներ են, որովհետև իրենք այլ շատ հարկ են վճարում։ Ավելի շատ հարկ ես վճարում, դառնում ես ազգային հերոս։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է. խնդիրը ոչ թե այն է, որ դուք փորձում եք հարկ վճարողին հերոսացնել և ուզում եք պետական էդպիսի քաղաքականություն որդեգրել, ոչ, ամենևին, դուք ուզում եք իրական հերոսներին արժեզրկել։ Դուք 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտը և Արցախյան ազատամարտի հերոսներին արժեզրկելու, բարոյապես բարոյալքելու գործընթացը։ Սասուն Միքայելյանը, որն էն բացառիկներից էր, որ մասնակից է եղել Արցախյան ազատամարտին, էնքան հեռու գնաց, որ հայտարարեց, որ 2018 թվականի իշխանափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Դուք 2018 թվականի առաջին օրվանից հետապնդել եք, բանտարկել եք, կտտանքների եք ենթարկել ազգային հերոսներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին։ Դուք դրանով ոչ թե օրինականություն եք հետապնդել, լավ բան է օրինականություն հետապնդելը, դուք փորձել եք հասարակության մեջ սերմանել մի տեսակետ, փոխել կոդը, որ, գիտեք ինչ, էս 20-25 տարիների ընթացքում ձեր հերոսներն էնքան էլ հերոս չեն եղել, ոնց պատկերացրել եք։ Մոնթե Մելքոնյանը ձեզ համար հերո՞ս է, թե՞ հերոս չէ, դուք կարո՞ղ եք պատասխանել մի պարզ հարցի. պետությունն ի՞նչ է անում, երբ համացանցում տարիներ շարունակ մարդկանց անձնական էջերը բլոկավորվում են Մոնթեի նկարը տեղադրելու համար, մի բան անո՞ւմ եք, չեք անում, ոչ մի բան չեք անում դրա համար։ Բայց հերոսների, իրական հերոսների կամ հակահերոսների այս հարցը մի հատ շոշափելի կետ էլ ունի, բացի արժեհամակարգայինը, այո, հերոս են ձեզ համար բոլոր էն մարդիկ, որոնք հարկեր են վճարում, որովհետև ինչքան շատ հարկ, էնքան շատ փող, էնքան շատ փող պադավատների համար, էնքան շատ փող դաչաների շինարարության համար, էնքան շատ փող գործուղումների համար, շռայլ ծախսերի համար, հեծանվաարշավների համար։ Այո, հերոս են էդ մարդիկ, էդ մարդիկ գումարը մուծում են, որ դուք վայելեք։ Միայն 2024 թվականին 2,5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնվել, հիմա, էն մարդիկ, որոնք հարկ են մուծել, հերո՞ս են, թե՞ հերոս չեն։ Այո, ձեր տրամաբանությամբ, իհարկե, հերոս են։

Եվ վերջին հռետորական հարցադրումս. պարոն Շիրակ Թորոսյանի ելույթին չեմ կարող չանդրադառնալ։ Ծնունդով ջավախեցի պատգամավորն իրական և ոչ իրական Հայաստանի դիսկուրսի տրամաբանության շրջանակներում ելույթ ունեցավ, նաև հայրենասիրության իր մոդելը բացատրեց, հետո, իհարկե, ասաց՝ ես չեմ սիրում էն մարդկանց, որոնք ասում են՝ ես հայրենասեր եմ, բայց, այդուհանդերձ, մի հարց ուզում եմ տալ Շիրակ Թորոսյանին, ի դեպ՝ հռետորաբանական։ Պարոն Թորոսյան, երբ հասկացաք, թե ո՞վ է իրական հերոսը, երբ 11 տարի նախորդ իշխանությունների օրոք ՀՀԿ խմբակցության պատգամավո՞ր էիք, թե՞ երբ 2018 թվականին սահուն անցում կատարեցիք «Քաղաքացիական պայմանագրի» շարքերը։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Սուրեն Պապիկյան։ Համեցեք, պարոն Պապիկյան։

 Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, քննարկում ենք 2025 թվականի պետական բյուջեն՝ շատ կարևոր փաստաթուղթ, և թվային ցուցանիշներից զատ ես կարևոր եմ համարում, որ այս ամբիոնից հնչեն կատարված աշխատանքի մասին տեղեկություններ և, իհարկե, մեր քաղաքական ուղեգծի և անելիքների մասին տեքստեր։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հինգ ծրագրերով 2025 թվականի համար նախատեսվում է հատկացնել 664 միլիարդ 653 միլիոն 454,000 դրամ։ Սա նույնպես այն հարկերի մասին է, որի մասին դուք խոսում էիք, տիկին Խամոյան և հարգելի գործընկերներ։ Եվ, իհարկե, գայթակղությունը մեծ է՝ համեմատական տանել նախորդ տարիների պաշտպանական բյուջեների և 2025 թվականի, նաև 2024 թվականի բյուջեի հետ, բայց ես հիմա այդ դաշտ չեմ մտնի, կխնդրեմ, որ էդ ցուցանիշներին ինքներդ հետևեք և դատողություններ անեք, նաև հանրությունը թող դատողություններ անի, թե ինչու ենք մենք այսօր կարևորում ու մեծարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն համալրող քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն արհեստավարժ հիմունքներով երկարաժամկետ զարգացման ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների գործընթացի առանցքային ուղղություններն առնչվում են պաշտպանության պլանավորման ընթացակարգերի, զինված ուժերի կառավարման համակարգի, կազմակերպական կառուցվածքի, անձնակազմի կառավարման կատարելագործմանը, սպառազինության, ռազմական տեխնիկայի միջոցներով համալրվածությանը, սոցիալական ապահովմանը և այլն։ Ու, քանի որ այսօր հնչել են նաև քաղաքական հայտարարություններ, իմ ելույթի ընթացքում ներկայացնելով մեր կատարած աշխատանքը, զուգընթաց ես կպատասխանեմ նաև գործընկերների բարձրաձայնած հարցերին։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել և Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, որն արդեն հրապարակվել է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում, կարող էք ծանոթանալ։ Հայեցակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից. անցում արհեստավարժ բանակի, այստեղ խոսք է գնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի մասին։ Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավում. այն ենթադրում է ոչ միայն հաստիքային փոփոխություններ, զորատեսակների մեջ փոփոխություններ, այլև ենթադրում է սպայական և պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարելավման ծրագիր։ Զորահավաքային պատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում, ռազմական կրթության և գիտության զարգացում, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության և զինվորական գրավչության բարձրացում, առողջ և հավասարակշիռ ռազմաքաղաքացիական հարաբերությունների ձևավորում, մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործում, զինված ուժերի կարգապահության մակարդակի բարելավում։ Հարգելի գործընկերներ, մեզ համար առանցքային է մնում զինված ուժերը կիրթ և բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը, և վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում առաջիկա տարիներին մեր զինված ուժերի շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ քանակով սպաներ և, իհարկե, նաև կրթական մակարդակով և պրոֆեսիոնալիզմով ավելի բարձր որակավորում ունեցող կադրեր։ Եվ դրա համար ներդրվել է 2022-2023 թվականների ուսումնական տարվանից ընդունված և ավարտելուց հետո սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար Երևան քաղաքում վերանորոգված երեք սենյականոց ծառայողական բնակարան հատկացնելու մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը։ Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ՝ կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյունքում, ուշադրություն, վարձատրությունն աճել է 3-10 անգամ՝ 15,000-ից մինչև 175,000 դրամի մասին է, այսինքն՝ ըստ կուրսերի, ըստ առաջադիմության կուրսանտները կարող են, բազայինը 15,000 է, այսինքն՝ եթե նրա ՄՈԳ-ը 3 է, կբազմապատկենք 3-ով, ՄՈԳ-ը 4 է՝ 4-ով, 5 է՝ 5-ով ու այսպես շարունակ, ամեն կուրսում բազայինն ավելանում է 5,000-ական դրամով և արդյունքում 4-րդ կուրսի ուսանողը կարող է ստանալ 175,000 դրամ ամսական բավարարում։ Խոսքն ուսանողի մասին է։

Ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

Հարգելի գործընկերներ, մենք բազմիցս խոսել ենք, որ արհեստավարժ բանակի հիմքը պետք է հանդիսանան պրոֆեսիոնալ զինվորականները, այն է՝ պայմանագրային զինծառայությունը, բայց նաև խոսել ենք, որ մեր ընդունած համակարգը և հայեցակարգը նրա մասին է, որ համակարգը լինելու է հիբրիդային։ Այսինքն՝ պարտադիր ժամկետային զինծառայությունը շարունակելու է Հայաստանում լինել, գոյություն ունենալ, որը հանդիսանալու է մեզ համար ռեսուրս, որպեսզի մենք համալրենք պրոֆեսիոնալ բանակի շարքերը։ Եվ այսօր մենք հասել ենք նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը։ Եվ մենք հասել ենք նույնիսկ նրան, որ շահագրգռվածության մակարդակն արդեն այնքան է բարձրացել, որ մարդիկ փորձում են միջնորդություններով տարբեր խնդիրներ ունեցող իրենց զինվոր զավակներին այս կարևոր ծրագրից օգտվելու հնարավորության հասցնել։ Շարունակելով, նշեմ, որ մեզ համար էական է, որ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողներն ստանան նորմալ, բավարարում, խոսքը վերաբերում է նրան, որ գործընկերներից մեկը խոսեց, թե՝ խոսում եք աշխատավարձի մասին, բայց աշխատավարձ չեք բարձրացրել։ Դա բացարձակ սուտ է, պարոն Մանուկյան, աշխատավարձը բարձրացվել է, ավելին ասեմ՝ ատեստավորված զինծառայողներն ստանում են 123,000 հազար հավելավճարից մինիմում մինչև 470,000 դրամ հա-վե-լա-վը-ճար ու ատեստավորման էն համակարգը, որի մասին խոսում եմ... (Խոսում են դահլիճում:)… Որը մինչ էսօր քննադատվում է ձեր կողմից ու մեկն էսօր քաղաքական կամք չի ունենում, որ ասի՝ լավ բան է արվում, եկեք էդ լավ բանն ավելի պրոպագանդենք, օգնենք, որպեսզի մարդիկ իրենց կրթության վրա, ինքնակատարելագործման վրա ավելի շատ ժամանակ տրամադրեն։ Ես նորից եմ ասում՝ գոյություն ունեցող աշխատավարձին ավելացել է 123,000-470,000 դրամ աշխատավարձ, պատրաստ եմ թվային ցուցանիշներով կիսվել, եթե դիմեք նամակով։

Հարգելի գործընկերներ, մեզ համար կարևոր է, որ զինված ուժերի բաղկացուցիչ դառնան նաև իգական սեռի ներկայացուցիչները՝ որպես պրոֆեսիոնալ զինվորներ, և ներդրվել է կանանց գումարտակը, նաև կամավոր պարտադիր ժամկետային զինծառայությունը և հուրախություն մեզ՝ կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ունենք կին զինծառայողներ, որոնք ոչ միայն 6-ամսյա կուրսն ավարտել են, այլև որոշել են դառնալ սպաներ և հիմա սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։

Մենք կատարել ենք նաև մեծ աշխատանք պահեստազորում գտնվող սպաներին զինված ուժեր վերադառնալու համար հնարավորության հարթակ ստեղծելու համար։ Մասնավորապես, ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և պայմանագրային պարտավորության խախտմամբ զինվորական ծառայությունից արձակված ու տուժանքի վճարման պարտականություն ունեցող անձանց համար հնարավորություն է սահմանվել՝ զորացրումից հետո 3 տարվա ընթացքում նույն պայմաններով կրկին զինվորական ծառայության անցնելու դեպքում դադարեցնել տուժանքի վճարման պարտավորությունը։ Բոլորովին վերջերս միասին քվեարկեցինք երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանմամբ կրկին զինվորական ծառայության անցնելու հնարավորություն սահմանել այն պահեստազորայինների համար, որոնք զինվորական ծառայություն կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։

Ու, քանի որ այսօր խոսք շատ գնաց հերոսությունից, հայրենասիրությունից, շատ կարևոր է, որ մենք անդրադարձ կատարենք զորակոչին։ Զորակոչը շարունակում է մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի։ Ես կարծում եմ, որ, այս հանգամանքից ելնելով, մենք պիտի որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատը, ու առաջին հերթին ես դիմել եմ Հանրապետության վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել, բայց մենք պիտի բարոյական հենքի վրա ինքներս մեզ հետ առերեսվենք ու այս ինձ համար բավականին վատ տենդենցի դեմը, վերջապես, առնենք։ Նոր չէ էս երևույթը, չգիտեմ՝ դա քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել։

Ով, քանի որ ժամանակս ավարտվել է, հարգելի գործընկերներ, ես մի հարցի էլ պատասխանեմ ու, պարոն Սիմոնյան, ձեր թույլտվությամբ և ի մի բերեմ ելույթս։ Սննդի մասին եք խոսում, պարոն Մանուկյան, ախր դուք գոնե զինվորականության, զորքի հետ առնչվող մարդ եք, էդ էն տեղերից է, որտեղ քննադատելու բան չունեք։ Ասում եք՝ գումարը պակասել է, գումարի պակասելը որակի հետ ի՞նչ կապ ունի։ (Խոսում են դահլիճում:)... Բա, որ գումարը պակասել է ինչո՞վ է վատացել զինված ուժերի կամ զինծառայողի վիճակը... (Խոսում են դահլիճում:) Ոչ... (Խոսում են դահլիճում։)

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Տեղից չենք խոսում։

 Ս.ՊԱՊԻԿՅԱՆ

-Փաստը նրա մասին է, որ դուք խեղաթյուրում եք փաստերը, հարգելիս։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ուշադրության համար և, ի մի բերելով ելույթս, կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության 29,743 կմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը և սա միակ խնդիրն է, որը դրված է բանակի առաջ։ Սա պարտավոր ենք սրբորեն կատարել։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օկուպացված շուրջ 200 կմ տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո Հայաստանի Հանրապետության բանակը, բացի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն պարոն նախարար։ Հաջորդ ելույթի համար՝ Արմենուհի Կյուրեղյան, համեցեք: Հետո՝ Թագուհի Ղազարյան, հետո՝ Աննա Գրիգորյան։

 Ա.ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ասել է, թե 2025 թվականին Կառավարությունն ինչ ծրագրեր է իրականացնելու, որպեսզի կատարի հանրությանն իր կողմից հայտարարված և Ազգային ժողովի կողմից հաստատված հնգամյա ծրագրային խոստումները, դրանց կատարման համար ի՞նչ ֆինանսական միջոցներ են ծախսվելու և Ազգային ժողովին պետք է ապացուցի դրանց ծախսարդյունավետությունը։ Օրվա իշխանություններն իրենց գործունեությունն ազգային և միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելիս միշտ ընդգծում են, որ մեր երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն, որ մեր երկրում արմատախիլ է արվել կոռուպցիան։

Այժմ՝ ժողովրդավարության բաստիոնի մասին։ Քաղաքացիները գնում են ընտրության, ընտրում են իրենց նախընտրած քաղաքական ուժը, ընտրությունների վրա ծախսվում են բյուջեի միջոցներ այդ նույն քաղաքացիների հարկերից, իսկ իշխանությունը, որին չեն գոհացնում այդ ընտրությունների արդյունքները, պարզապես, անում է ամեն ինչ՝ նաև օգտագործելով մարության տեսակները, որպեսզի անտեսի այդ ընտրության արդյունքները, ինչպես Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլուր, այժմ արդեն՝ նաև Գյումրիում, ինչպես գրական բառերով կասեր Ռուբեն Ռուբինյանը, թքած ունենալով քաղաքացիների ընտրության արդյունքների վրա։ Իրենց սրտի ուզած ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, իրենց սրտի ուզած քաղաքապետ է առաջ քաշվում կամ էլ տանում են արտահերթ ընտրությունների բյուջեի նոր ծախսերի հաշվին։ Դե, բա ժողովրդավարության բաստիոնը, տեղական ժողովրդավարության կառուցումն էլ ո՞նց է լինում, եթե ոչ թքած ունենալու նուրբ արվեստով։ Երևի, թքելն էլ բարեկիրթ երևալու նուրբ արվեստ է, պարզապես, հանրությունը դեռ լավ չի ընկալել։

Այժմ՝ կոնկրետ առողջապահության բյուջեի մասին՝ ավելի մանրամասն։ Նախ՝ առողջապահության բյուջեն իրականում ոչ թե աճել, այլ նվազել է անցյալ տարվա համեմատ, թեև, ֆինանսների նախարարը փորձում էր հակառակը համոզել։ Այժմ՝ մեջբերում. «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրական համակարգ, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցման։ 2024 թվականին կունենանք համապատասխան փաթեթով ապահովված քաղաքացիների խումբ, 2025 թվականից պետության կողմից կներառվեն թոշակառուները՝ որպես պաշտպանության կարևոր խումբ և պետության հոգածության շրջանակ, և նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից:»։ Սրանք մեջբերումներ էին ձեր Կառավարության ծրագրից։ 2025 թվականի բյուջեում, ընդհանրապես, հանվել է ապահովագրական համակարգին միտված այդ ծրագիրը, և ասում են՝ դե, մինչև հնգամյակի ավարտը, դեռ 2026 թվականին 5-6 ամիս կա, կանենք, էլի։ Այսինքն՝ 4,5 տարի միայն պետք էր, որ հասկանայիք, որ այդ համակարգի ներդրումը հնարավոր է լավագույն դեպքում 2026 թվականի սկզբին և այն էլ՝ կես տարում, 4,5 տարում չկարողացաք, կես տարում հաջողելու եք, լո՞ւրջ եք ասում։ Դա ապացուցում է նաև մի բան, որի մասին ես անընդհատ բարձրաձայնել եմ, ձեզ համար կարևորը հանրությանը ձեր կողքին պահելն է, թեկուզև հատկապես խաբելով, հազար ու մի խոստում տալով։ Կխոստանաք, հետո, երբ ժամկետները լրանան, այդ հարցերը շրջանցելու նուրբ արվեստին տիրապետելով, հանրության համար կստեղծեք ավելի լուրջ ու ցավոտ խնդիրներ, որ այդ խոստումների մասին հանրությունը չխոսի։

Քիչ առաջ առողջապահության նախարարը նշեց, թե բյուջեն, ըստ էության, նոր ծրագրեր է ներառում, նոր կառուցվածք ունի. առողջապահության նախարարի՝ բյուջեի մասին խոսքը։ Եթե հաշվի առնենք, որ բյուջեի ներկայացումից հանվել են միջոցառումների նկարագրությունները, որը հակասում է ծրագրային բյուջետավորման տրամաբանությանը, ապա, այո, իսկապես, բյուջեն նոր կառուցվածք ունի։ Սուտ, էսքա՞ն էլ սուտ։ Իսկ եթե իրականում փորձենք 2025 թվականի առողջապահության բյուջեն համեմատել 2024 թվականի բյուջեի հետ, կհամոզվենք, որ, ըստ էության, ոչ մի նոր ծրագիր, ոչ մի նոր միջոցառում, նախորդ տարվա բյուջեն copy-paste-ով կրկնվում է, նույնիսկ հատկացվող գումարներ, են հարյուրերորդականի ճշտությամբ կրկնվել, իսկ եթե չեն կրկնվել, ապա, անպայման, նվազել են։

Ավելի կոնկրետ ու մանրամասն, 1099 ծրագիր՝ «Առողջության առաջնային ապահովում»։ Նախատեսված նույն գումարը, ծրագրի իրականացման նույն նկարագիրը, լավ, գոնե աշակերտների թիվը՝ 391,671, գոնե էդ թիվը փոխեիք։ Կամ, ասենք՝ առողջության առաջնային գծով գրանցված բնակիչների 3 միլիոն 119,563 թիվը, գոնե էդ թիվը փոխեիք, գոնե թվերը փոխեիք և նոր էստեղ հայտարարեիք, որ փոխվել է ծրագրում ինչ-որ բան։ Հիմա՝ նաև հարց. արդյո՞ք մեր նպատակն առողջության պահպանումը չէ, ասել է թե՝ ամեն ինչ անել, որ կանխարգելենք բարդ հիվանդությունները, իսկ դրա համար արդյո՞ք պետք չէր մեծացնել առողջության առաջնային պահպանության վրա ներդրվող ծախսերը։

Հաջորդը. «Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում, անհրաժեշտ սարքավորումներով վերազինում» ծրագիրը։ Նախատեսված գումարն անցյալ տարվա հետ համեմատած ավելացել է։ Ինքը, ըստ էության, լավ քայլ է, բայց այս համատեքստում՝ մի քանի հարց Մարտունու բժշկական կենտրոնի վերաբերյալ։ Մի կողմից՝ նախարարությունն ասում է, որ անցյալ տարի Մարտունու բժշկական կենտրոնում նույնատիպ ծրագրի շրջանակներում արդեն ավելացել է մահճակալների թիվը, և ստեղծվել է ռադիոլոգիական բաժանմունք, որի համար ծախսվել ՝ լրացուցիչ 224 միլիարդ 309 միլիոն գումար, մյուս կողմից՝ ի պատասխան հարցմանը, թե որ մասնաճյուղում է ստեղծվել ռադիոլոգիական բաժանմունքը, ինչո՞ւ մինչև Covid19-ը և ռազմական դրությունը նախատեսված չէ եղել նման բաժանմունք, նախարարությունը պատասխանում է, թե այդ բաժանմունքն ի սկզբանե նախատեսված եղել է և գործում է Ա մասնաշենքում։ Մի պատասխանը հակասում է մյուսին։ Այսինքն՝ մի կողմից՝ ասվում է, որ այդ ծրագիրն արդեն իրականացվել էր և, հետևաբար՝ եթե ծրագիրը կար, գումարն էլ կար, մյուս կողմից՝ չի հիմնավորվում, թե ինչի վրա է ծախսվել այդ լրացուցիչ 224 միլիարդ դրամը։ Հիմա՝ հարց. սա կոռուպցիոն դրսևորո՞ւմ է, թե՞ չէ, բյուջեի միջոցների անբացատրելի կոռումպացված ծա՞խս է, թե՞ ոչ։

Հաջորդը. «Մոր և մանկան առողջության պահպանում»։ Նախատեսված գումարը նորից կրկնվել է նույնությամբ։ Նախատեսված են անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ, շատ կարևոր ծրագիր է։ Ես գրավոր հարցում եմ կատարել նախարարությանը՝ պարզելու, թե ինչ հետազոտություններ են կատարվում անպտղության պատճառները վերհանելու, դրանց սեռատարիքային, տարածքային բաշխվածությունը ճշտելու համար, չէ՞ որ անպտուղ զույգերին օգնելուց զատ պետք է աշխատել անպտղությունը հաղթահարելու ուղղությամբ, եթե, իհարկե, կարևորում ենք ժողովրդագրական հիմնախնդիրների լուծումը։ Ես պատասխան եմ ստացել, որ այդ ուղղությամբ որևէ հետազոտություն չի արվում։ Ստացվում է, որ անպտղության պատճառների վերհանման վերաբերյալ հետազոտություն չենք անում, բայց փոխարենն օրենքի մակարդակում 16 տարին լրացած երեխաներին տալիս ենք ինքնուրույն աբորտի իրավունք, ինչը մեծացնում է անպտղության աճի ռիսկերը, և բյուջեում խոսում ենք միայն հետևանքները հաղթահարելու մասին։

Հաջորդ ծրագիրը. «Թմրաբանական կախվածություն ունեցող պացիենտների բուժօգնության ծառայություններ»։ Նախատեսված միջոցները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել, բայց, ցավոք սրտի, Ազգային ժողովում ամեն օր շատ տարբեր քննարկումներում արձանագրում ենք, որ ունենք նման կախվածության մակարդակի անցանկալի, անթույլատրելի աճ և քննարկում ենք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր միջոցները։ Ինչպե՞ս է ստացվում, որ կախվածության նման աճի պարագայում բուժօգնության ծառայությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները մնացել են նույնը, թե՞ չենք կարևորում նման պացիենտների բուժումը։

Հաջորդը. «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բուժօգնություն»։ Նախատեսված գումարը նվազել է։ Հարց է առաջանում. սոցիալապես անապահովների թի՞վն է կրճատվել, նրանց խմբում բուժօգնության կարիք ունեցողների թի՞վն է կրճատվել, բուժծառայությունների գնե՞րն են իջել, թե՞ չենք կարևորում աջակցությունն այդ խմբին։

Եվ վերջում. մեր երկիրը խորհրդարանական երկիր է, Կառավարությունն իր գործունեությունն իրականացնելու համար ծրագիր, բյուջեի նախագիծ է մշակում և բերում Ազգային ժողով՝ հաստատման, գալիս է Ազգային ժողով հաշվետու լինելու համար և, հետևաբար՝ Ազգային ժողովի տարածքում անվտանգության որևէ աշխատակից իրավունք չունի՝ խանգարելու Ազգային ժողովի պատգամավորի տեղաշարժը, պահանջելու նրանից կանգնել, տեղից չշարժվել, մեքենայով փակելու նրա ճանապարհը, ինչ է թե քիչ անց վարչապետն իր զրահամեքենայով պետք է մտնի Ազգային ժողովի տարածք, ինչպես դա փորձեցին անել երեկ անվտանգության աշխատակիցներն իմ նկատմամբ։ Ես նման վերաբերմունք իմ նկատմամբ թույլ չեմ տվել և թույլ չեմ տալու, և, ընդհանրապես, որևէ պատգամավորի նկատմամբ, ընդդիմադիր, թե իշխանական, նման վերաբերմունքն անթույլատրելի է։ Բավական է ձեր վախերն այսքան մեծ դրսևորեք։ Երկու վախը մեկ մահ է, հիշեք: Դա ձեզ եմ ասում։ Լսեք։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Խնդրեմ, Թագուհի Ղազարյան։ Համեցեք։

 Թ.ՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ։ Տիկին Գալստյան, քանի որ մեր ոլորտային թեմաներից էիք խոսում, հարկ եմ համարում արձագանքել ձեր հնչեցրած մի քանի մտքերի, բայց, քանի որ գրեթե ամեն ինչ արձագանքելու կարիք ունի, դժվար եմ պատկերացնում, որ այս 10 րոպեում կտեղավորվեմ, ուստի՝ նաև ձեզ եմ հրավիրում և լրատվամիջոցների մեր գործընկերներին էլ, եթե ձեր բարձրացրած ոլորտային հարցերից որևէ մեկի թեմայով բանավեճ կազմակերպեն, սիրով կմասնակցեմ, որովհետև, ասացի՝ չեմ հասցնի այստեղ արձագանքել ամեն ինչին։

Սկզբից գանք. դասագրքերի թեման։ Ասում եք, որ մենք էս տարի դպրոց ենք մտել 13 դասագրքի պակասով, ճիշտ եք ասում, բայց էդ դասագրքերի մեծ մասը գերմաներենի ու ֆրանսերենի դասագրքեր են եղել, հիմա հին դասագրքերով անցնում են, որովհետև էական տարբերություն չկար այս երկու առարկաների դեպքում չափորոշիչների միջև և սակավաթիվ դպրոցներ են էս օտար լեզուներով սովորում։ Մյուս դասագիրքը թվային գրագիտության դասագիրքն է, երեխաներն անցնում են համակարգչով, բնականաբար, որովհետև համակարգչից օգտվել են սովորում և, երևի թե, գլխավոր խնդիրը 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքն է, որի վերաբերյալ ուսուցիչները դպրոցներում նախարարության կողմից կազմակերպված ամենշաբաթյա վերապատրաստում են ստանում և ուսումնական նյութեր։ Հա, մենք գիտենք, որ էստեղ կարողությունների հարց կա և մասնագիտական հմտությունների պակաս ունենք։ Մյուս կողմից՝ դուք ասում եք, որ մասնակցային դպրոցն է բոլոր դասագրքերը գրում, չգիտեմ, տենց քաղաքական տեքստեր եք ասում, որ իբրև թե քաղաքական պատվերով են գրվում դասագրքերը, բայց տեսնում եք, որ էստեղ դասագրքեր կան, որոնց մրցույթին մեկ հայտ անգամ չի եղել, ոչ ոք չի խանգարում մնացած մարդկանց՝ ինքնակազմակերպվել, ստեղծել մասնագիտական խմբեր, կազմել դասագրքեր և մասնակցել մրցույթներին։ Էդ ո՞նց է տեղի ունենում դա, եթե լինում են դասագրքեր, որոնց վերաբերյալ մրցույթին ոչ ոք չի մասնակցում։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է հետ կանգնենք նոր չափորոշիչների մեր ծրագրից, որովհետև ես կարծում եմ, որ հանրակրթության ոլորտում սա մեր Կառավարության լավագույն, ամենաարդյունավետ բարեփոխումներից մեկն է, որովհետև Տավուշի մարզում նոր չափորոշիչի ներդրումը ցույց տվեց, որ մենք երկու տարում կրթության արդյունավետությունը բարձրացրինք 6 ամսում, իսկ սա աշխարհի մակարդակով շատ դրական արդյունք է՝ էսքան կարճ ժամանակում էսքան մեծ արդյունավետություն բարձրացնել։

Ի դեպ՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզից էիք խոսում ասում էիք, որ 35 դպրոց է պատրաստ։ Դե, բնական է, որովհետև ընթացքի մեջ են մյուս դպրոցները։ Էս պահին Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ է 188 դպրոց և քարտեզագրվել ու ծրագրով հաստատվել է 294 դպրոց, այսինքն՝ միայն 6 դպրոցի մասին է, որ չգիտենք, թե որոնք են լինելու, կգա Կառավարության ծրագրի կատարման ժամանակը, էն ժամանակ կասեք՝ 300-ը հասցրի՞նք, թե՞ ոչ։

Գույքային համալրման մասին եք խոսում, որ տոկոսային ցածր ցուցանիշ է։ Բնականաբար, ցածր ցուցանիշ է՝ կապված նրա հետ, որ դպրոցը պատրաստ է արդեն մեր չափորոշիչներով, միայն այդ դպրոցներն են գույքով համալրվում, բայց Հայաստանի Հանրապետության 461 դպրոցներում արդեն կան բնագիտական լաբորատորիաներ, և մեր խոստման համաձայն՝ մենք 1400 դպրոցներում հասցնելու ենք դա անել, կստուգենք 2026 թվականին։

Խոսում եք կրթության ոլորտի գրավչության մասին, ասում եք, որ ուսուցիչներն ու տնօրենները չեն ցանկանում աշխատել դպրոցներում։ Տիկին Գալստյան, ես ձեզ համար թվային նորություններ ունեմ, էս վերջին մեկ տարվա ընթացքում դպրոցում աշխատանքի են անցել շուրջ 3,000 նոր մասնագետներ, էս տարվա կամավոր ատեստավորմանը դիմել են 527 չաշխատող ուսուցիչներ՝ մանկավարժի որակավորում ունեցող, այսինքն՝ մարդիկ ուզում են գնալ դպրոցներում աշխատելու։

Ինչ վերաբերում է տնօրեններին, մենք ունեցել ենք 853 տնօրենների դիմումներ, ծրագրեր, բայց նրանցից ընդամենը 41 են անցել վերջին փուլը և նշանակվել տնօրեն։ Մենք հասկանում ենք, որ էստեղ կարողությունների խնդիրներ ունեք այն բանի բերումով, որ տնօրեններն ավելի շատ կենտրոնացած են եղել իրենց տնտեսական գործառույթների վրա, քան բովանդակայինի և հիմա, երբ էդ երկու բաղադրիչները բաժանվել են, էդ բովանդակայինը նրանց դժվար է տրվում, դրա համար Կառավարությունն իրականացնում է ծրագիր՝ օգնելու տնօրեններին՝ զարգանալ, ավելացնել իրենց կարողությունները և կարողանալ գրել զարգացման ծրագրեր։

Վերադառնալով հանրակրթության և քաղաքականության ձեր ակնարկած թեմային՝ մասնակցային դպրոցի հետ կապված, ասեմ, որ այս տարի երաշխավորված 53 դասագրքերից միայն 8 են մասնակցային դպրոցինը, էդ մարդիկ կարողացել են ինքնակազմակերպվել, մասնագետներ հավաքել և մասնակցել այդ մրցույթներին։ Հորդորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր մասնագետներին, հանրակրթության ոլորտով հետաքրքրված բոլոր մարդկանց՝ անել նույնը, մենք դասագրքերի կարիք ունենք, եկեք, մասնակցեք, շահեք։

Ինչ վերաբերում է դպրոցների քաղաքականացվածությանը, տիկին Գալստյան, մենք ենք օրենքով արգելել դպրոցներում տնօրեններին քարոզչությամբ զբաղվել կամ օգտագործել քաղաքական լծակները և արգելել ենք կուսակցության ղեկավար մարմինների անդամ լինել տնօրեններին և մենք ավելի կտրուկ որոշումներ ունեինք, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը թույլ չի տալիս էլ ավելի սահմանափակել միավորումներին միանալու մարդկանց ազատ կամքը, բայց իրականում մենք ունենք քաղաքական կամք՝ դպրոցներից դուրս բերել քաղաքականությունը և տեղափոխել, օրինակ՝ Ազգային ժողով։

Դատավճիռների մասին էիք խոսում, տիկին Գալստյան։ Երկու դատավճռի վերաբերյալ, առնվազն, Հովհաննես Թումանյանի թանգարանի և դասագրքի դատավճռի վերաբերյալ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ դրանք բողոքարկման փուլում են, և դրանց մասին հիմա խոսելը դեռ վաղ է։

Բարձրագույն կրթության ոլորտում քաղաքականացվածության, քաղաքական հետապնդումների, հալածանքների մասին եք խոսում՝ հղում անելով ընդդիմադիր ակտիվ հայացքներ ունեցող մի երկու մարդկանց, որոնք մի կիսամյակ, չգիտեմ, խումբը չի համալրվել, դաս չեն տվել, և դուք կարծում եք կամ ենթադրում եք, եզրակացնում եք, որ էստեղ քաղաքական հետապնդման տարր կա։ Շատ տարօրինակ է, որովհետև ընդդիմադիր հայացքներով բազմաթիվ մարդիկ աշխատում են բուհերում, ասեմ ավելին, ես, չլինելով ընդդիմադիր հայացքների տեր, էս կիսամյակում դասընթաց չունեմ, որովհետև խումբը չի համալրվել, հիմա, ի՞նչ, ելնեմ քաղաքական հալածանքների՞ց խոսեմ, տիկին Կյուրեղյանն էլ դաս է տալիս, նորմալ է, էլի, որ մի կիսամյակ ես դաս չեմ ունենա, տիկին Կյուրեղյանը կունենա և, հակառակը, հաջորդ կիսամյակում… Ինձ թվում է՝ ամեն անգամ խումբ չհամալրվելիս չարժե մեծ պատմություն սարքել։

Խոսեցիք կոչումների մեխանիզմն արվեստագետների խրախուսմամբ փոխարինելու մեր նպատակադրման մասին և ասացիք, որ ոչ մի արվեստագետ չի ֆինանսավորվում։ Էլի լուր ունեմ ձեզ համար, մենք արդեն 8 արվեստագետներ և արվեստային խմբեր ունենք կինոյի, թատրոնի, պարարվեստի ոլորտներում, որոնք ամենամսյա 300,000-600,000-ական դրամ խրախուսում են ստանում։

Խոսեցիք գրադարանների և թանգարանների կապիտալ ներդրումների մասին։ Տիկին Գալստյան, շատ կուզենամ, որ ասեք, թե էդ 0 տոկոսը որտեղի՞ց է, որովհետև էս քանի ժամ է՝ փնտրում եմ էդ 0 տոկոսն ու չեմ գտնում, որովհետև այս տարի 20 միլիոն դրամ հատկացվել է թանգարաններին և 100 տոկոսով իրացվել, գրադարաններին, ներողություն, և 200 միլիոնից ավելի գումար տրամադրվել է թանգարաններին և իրացման ճանապարհին է։ Եվ եթե թանգարան այցելեք, անզեն աչքով կտեսնեք Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի մուտքային հարկի նորոգումը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգումը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման համակարգը, Ցեղասպանության թանգարանի տեսանկարահանման համակարգը, և, ասեմ ավելին՝ վաղը ժամը վեցին Ալեքսանդր Սպենդիարյանի նորոգված տուն-թանգարանի վերաբացումն է, եկեք տեսեք, թե էդ զրո տոկոսի արդյունքներն ինչպիսին են։ Հրավիրում եմ, վստահ եմ՝ նախարարությունից էլ կհրավիրեն և սիրով կընդունեն ձեզ։

Աշխատավարձերի մասին խոսեցիք. տիկին Գալստյան, մենք էս տարի ընդունել ենք, իհարկե, ոչ ձեր աջակցությամբ «Թանգարանների մասին» օրենքը և նաև փոխել ենք «Գրադարանների մասին» օրենքը, երկուսում էլ՝ թե՛ թանգարանների, թե՛ գրադարանների աշխատողների համար նախատեսել ենք ատեստավորման կարգ, որը նրանց հնարավորություն կտա՝ արդեն եկող տարվանից մասնակցել ատեստավորմանը և բարձրացնել իրենց աշխատավարձերը, և մենք էս ճանապարհով հետևողականորեն գնում ենք, առնվազն, տեսանելի են մյուս ոլորտներում մեր արած ներդրումները։

Եվ, պարոն Նազարյան, վերջում մի բան կուզեի ձեզ ասել, դուք ասում եք, որ մենք հանձնաժողովներ ստեղծենք քաղաքական գործիչներից, որոնք կընթերցեն դասագրքերը և ինչ-որ եզրակացություններ կտան։ Սա շատ վտանգավոր ու, իմ կարծիքով, խնդրահարույց բան է։ Դասագրքերը պետք է կարդան մասնագետները, դասագրքերին գնահատականներ պետք է տան մասնագետները, և քաղաքական գործիչները պետք է հնարավորինս զերծ մնան։ Եթե ինչ-որ խնդիր կտեսնեք, եկեք էստեղ քաղաքական ելույթ ունեցեք, մենք էլ քաղաքական արձագանք տանք, բայց ինձ թվում է, որ մասնագիտական գնահատական տալու էդ մղումը շատ վնասարար կարող է լինել հանրակրթության համակարգի համար։ Այսքանը, շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն նաև ձեզ։ Աննա Գրիգորյան, համեցեք։ Տիկին Գալստյան, տեղից չենք խոսում։

 Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Երբ ֆինանսների նախարարը, ներկայացնում էր բյուջեն, իր խոսքերից մեկում մի քանի դրվագներով ասում էր, որ հերոս հարկատուները պետք է վստահ լինեն, որ յուրաքանչյուր դրամ, որը մուծվում է պետական բյուջե, արդարացիորեն իրացվելու է, այսինքն՝ չի մսխվելու։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ առնվազն մինչև 2024 թվականը խոշոր մսխումներին, որոնք տեղի են ունեցել պետական բյուջեից և ձեր իսկ Կառավարության օրոք։ Ես մի քանի անգամ, իհարկե, անդրադարձել եմ այս թեմային, բայց այդ չարչրկված «Անիվ»-ի թեմային չանդրադառնալ ուղղակի չեմ կարող։ Բոլորս գիտենք, որ «Անիվ» հիմնադրամը, որը ներդրումներ խթանելու համար էր ստեղծվել, 2019-ին էր ստեղծվել։ Այն փակվում է 2024 թվականին փակ դռների հետևում և որևէ բացատրություն չի տրվում, և էդ տարիների ընթացքում 10 միլիարդ դրամ է մսխվում։ Հիմա, պարոն Հովհաննիսյան, երբ գալիս ասում եք՝ ամեն դրամը, այ հերոս հարկատու, մենք էֆեկտիվ ենք օգտագործելու, առնվազն, մի դրվագով ապացուցվում է, որ դուք չեք կարողանում էֆեկտիվ օգտագործել մեր հարկատուների վճարած գումարները։ Ես հնարավորություն եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին էլ հարցնելու. նույն «Անիվ» հիմնադրամում տասնյակ քաղաքացիներ աշխատել են և ամսական ստացել են միջինը 10,000 դոլար։ 10,000 դոլար աշխատավարձ են ստացել, պարգևավճար են ստացել, դա էլ հերիք չէ. իրենց հիմնական գործառույթները գումարով արտապատվիրակել են մի այլ կազմակերպության, որ իրենց փոխարեն էդ գործն իրականացնի։ Էդքանով հանդերձ իրենք խնդիր ունեին՝ «Անիվ» հիմնադրամը նորմալ աշխատեցնելու. 5 տարի հետո փակվում է այդ հիմնադրամը։ Սրանից ավելի մսխում ո՞նց կարող ենք պատկերացնել։ Տարրական բան. ուսուցիչն ստանում է 120,000 դրամ աշխատավարձ, «Անիվ»-ում ինչ-որ մեկը ծվարած՝ ստանում է ամսական 10,000 դոլար, ինչի՞ համար. ուղղակի, մսխում է իրականացնում, իսկ մինչև հիմա ինչո՞ւ չկան բացահայտումներ։ Իմիջիայլոց, դուք դրա մասին լավ գիտեք, չէ՞, էդ ամեն մանրամասնությունները գիտեք, թե ինչու չկան բացահայտումներ, ինչու չկան մեղավորներ, որովհետև գիտեք ամեն ինչ ու ծածկադմփոց եք իրականացնում։ Հակառակ պարագայում, ուղղակի, հնարավոր չէր, որ էս ամեն ինչը չբացահայտվեր։

Հաջորդը. Էդ նույն «Անիվ» հիմնադրամով «Fly Arna» կազմակերպությունն է ստեղծվում ու Նիկոլ Փաշինյանն էս ամբիոնում կանգնած՝ ինձ պատասխանում է,ր ասում էր՝ գիտեք, պրոտեկցիոնիզմով պետք է զբաղվեինք, նախընտրեցինք չանել։ Ուրեմն, այդ ժամանակահատվածում բոլոր ավիակամպանիանները, բոլոր ավիաընկերությունները միայն պլյուսով էին դուրս գալիս, չէ՞, պարոն Սուքիասյան, բոլորը պլյուսով էին դուրս գալիս, միակ կազմակերպությունը, որի արդյունքում փակվում է, «Fly Arna»-ն է, և դա էլ հերիք չէ, քանի որ ինքը համագործակցում էր «Air Arabia»-ի հետ, մեզ դատի են տվել հիմա դրա համար։ Եվ, փաստացի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ «Անիվ»-ով երկու հիմնական պրոյեկտ ունեինք՝ «Fly Arna»-ն և «Մասդար»-ը, երկուսն էլ տապալվել են ու սա ոչ միայն գումարների վատման մասին է խոսքը, այլ նաև մեր ներդրումային գրավչության զրոյացման։ Հետո բողոքում ենք, ասում ենք՝ արտաքին ներդրում չկա, բա, արտաքին ներդրումներ որտեղի՞ց լինեն, եթե էսպես համագործակցում ենք՝ տապալում ենք, համագործակցում ենք՝ տապալում ենք։ Դրա փոխարեն կարելի էր, իհարկե, օրինակ՝ տասնյակ startup-եր հովանավորել, երիտասարդներ ներգրավել այլ աշխատանքների մեջ, ինչը, իհարկե, չեք արել։

Հաջորդը. մենք էսօր շատ խոսեցինք պադավատների մասին, բայց չենք կարող չխոսել։ «Պադավատապետություն» տերմինը, հավանաբար, ձեզ կարելի է վերագրել, որովհետև դուք դա շրջանառության մեջ դրել, և Նիկոլ Փաշինյանը պադավատապետության դեմ պայքարելու փոխարեն 21-րդ դարի ամենասիրուն պադավատապետությունն է ստեղծել։ (Խոսում են դահլիճում:) Այո, էկոլոգիապես մաքուր։ Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հեծանիվ էին քշում, հիմա, մինչև էլեկտրական մեքենա չնստեն, մարդիկ գործի, ուղղակի, չեն գնա։ Կառավարությունից 2024 թվականին միայն 1 միլիարդ 200 միլիոն նոր մեքենա է ձեռք բերվել, հավանաբար, Արգիշտի Քյարամյանի մեքենան էր, որովհետև Քննչական կոմիտեինը, 49 միլիոն դրամանոց մեքենա է։ Այսինքն՝ եթե 20 միլիոնանոց մեքենայով Արգիշտի Քյարամյանը գործի գնար, ոչ մի գործ չէր կարվի, բացարձակապես հնարավոր չէր լինի։

Հաջորդը. փաստացի 1 միլիարդ 200 միլիոն նոր մեքենաների համար, սա խնդրում եմ ֆիքսենք, էլի, որ միայն 2024 թվականի մասին է խոսքը, գրեթե մեկ միլիարդ դրամ դիվանագիտական կորպուսներում օտարերկրյա պետություններում մեքենաներ ձեռք բերելու համար, ևս 645 հազար դոլար քաղաքապետարանն է պադավատներ ձեռք բերում։ Այսինքն՝ ընդհանուր 2024 թվականին Կառավարությունը 2,5 միլիարդ դոլար ծախսում է միայն սեփական հարմարավետությունն ապահովելու համար... (Խոսում են դահլիճում:)… Սեփական հարմարավետությունն ապահովելու համար։ Եվ ես հիշում եմ, որ ժամանակին որպես ձեռքբերում ինչպես էր ասվում՝ կարմիր լույսերի տակ ենք կանգնում, հիմա վերջին անգամ ե՞րբ եք տեսել կարմիր լույսի տակ կանգնող Նիկոլ Փաշինյանի մեքենան։ Չէ, նույնիսկ հղի կնոջն են գցում տակն անցնում ու չեն կանգում ու մինչև էսօր սրա համար որևէ մեկը պատասխան չի տվել։

Սիրելի հայրենակիցներ, իհարկե, դուք պետք է կոչվեք հերոս, որովհետև ձեր գույքահարկը բարձրանում է, դուք կարմիր գծերի համար ավելի շատ գումար եք վճարում, բայց այդպես էլ կարմիր գծերով նախատեսված հատված չեք գտնում կանգնելու համար։ Տրանսպորտի գինն է ձեզ համար ավելի բարձրանալու հունվարի 1-ից հատկապես, տեղական տուրքն է բարձրանում, մտեք խանութ ամեն ինչ թանկացել է, ամեն ինչ, բայց ձեզ ասում են, որ 2025 թվականին, սիրելի թոշակառուներ, ձեր թոշակը չի բարձրանալու։ Այ, մեր պարգևավճարները, հավելավճարները, պադավատներն ամեն ինչ իր տեղում կլինի, բայց ձեր թոշակը չի բարձրանալու, ձեր աշխատավարձը չի բարձրանալու։ Բա, բնականաբար, էդ մարդիկ հերոս են, որ էդքան գումարներ տալիս են, որ դուք էդպես ճոխ ու շռայլ ապրեք։ Բա, իհարկե, հերոս էլ կկոչեք, Ազգային հերոս էլ կկոչեք, ֆելդմարշալ էլ կկոչեք։

Իրական Հայաստանում արտաքին պարտքը, գրեթե, ձգտում է 13 միլիարդի։ Իրական Հայաստանում է հնարավոր Սնուփ Դոգի համերգ կազմակերպելու համար 6 միլիոն դոլար տալ, մսխել և Սնուփ Դոգն էլ գոնե Հայաստան չգա։ Միայն իրական Հայաստանում է հնարավոր, որ երկրի վարչապետը Սևանում հեծանվավազք իրականացնի և նույն հերոս հարկատուները դրա համար 40,000 դոլար տան, միայն իրական Հայաստանում։

Եվ էստեղ, իհարկե, առաջնահերթությունների խնդիր կա, փիլիսոփայության խնդիր կա, մոտեցումների խնդիր կա։ Օրինակ՝ պարեկն իր բազային աշխատավարձով ստանում է շատ ավելին, քան սահմանին կանգնած զինվորը և պարեկին չեն ասում՝ էդքան աշխատավարձ դու ստանում ես, որովհետև պետք է ատեստավորես, չէ, էն գլխից իր աշխատավարձը շատ բարձր է, իսկ սահմանին կանգնած զինվորին ասում են՝ դու հլը էդ ատեստավորման համակարգով անցիր, նոր քո աշխատավարձը կբարձրանա։

Նույնը՝ ուսուցիչների մասով։ Ուսուցիչներին ինչքան անհավանական վատ ատեստացիոն մեխանիզմներ կան, ասում եք՝ գնացեք էդ ատեստացիաներով անցեք, բայց, օրինակ՝ քննիչինը, դատավորինը, դատախազինն օրենքով, տարբեր հրամաններով միանգամից բարձրացվում է։ Այո, սա գաղափարական հարց է, փիլիսոփայության հարց է՝ ի՞նչն է ավելի շատ խրախուսվում և ինչը՝ ոչ այնքան։

Իմիջիայլոց, էստեղ Պապիկյանն ասում է՝ մենք ռազմական միջոցով 200 կմ² տարածքի վերադարձի խնդիր չենք լուծում... (Խոսում են դահլիճում։) Հանգիստ, մի հուզվեք։ Ասում է՝ ռազմական միջոցով տարածքի վերականգնման խնդիր չենք լուծում։ Երբ դա ասում է Արարատ Միրզոյանը, հասկանում ես, երբ Նիկոլ Փաշինյանն է ասում, էլի փորձում ես հասկանալ, լավ, ի՞նչ պարտադիր էր, որ պաշտպանության նախարարն Ազգային ժողովի ամբիոնից ասի, որ մենք էդ խնդիրը մեր առջև չենք դնում։ Լավ, պաշտպանության նախարարի հայտարարությո՞ւն էր դա, որ արվում է։ Նույն ձևով, ոնց Սասուն Միքայելյանն ասում է՝ մենք թույլ ենք, մենք չենք կարող, Երկրապահ կամավորական միության ղեկավարը նման հայտարարություն է անում։ Ո՞նց կարելի է առաջնագիծ ուղարկել երիտասարդ զինվորին ու հետևից նման հայտարարություններ հնչեցել։ Սա, ուղղակի, անթույլատրելի է։ Եվ երբ պարոն Պապիկյանը բողոքում է, ասում է՝ գիտե՞ք, կան պաշտոնյաներ, որոնց երեխաները գնում են, քաղաքացիությունը փոխում են և այլն, բա, դուք օրենք ընդունեցիք, որ նորմալ է, որ մարդը 27 տարեկանից հետո կարող է գալ, գումարը վճարել ու ազատվել բանակից։ Բա 15-16 տարեկանում քաղաքացիությունից հանում են, հետո 27-ում կգան, կվճարեն ու խնդիր չեն ունենա, բա, էդ ամբողջ շղթան ոչ մի ձևով չե՞ք պատկերացնում։

Բայց, առհասարակ, նաև էստեղ խոսք շատ գնաց, որ պետությունը հիմնականում հաց ստեղծելու մասին է։ Այո, պետության հիմնական գործառույթներից պետք է լինի հաց ստեղծելը, սա աներկբա է, ուղղակի, քննարկման ենթակա չէ։ Բայց պետությունն ավելին է, քան հացը, պետության կոնցեպտն ավելին է, քան հացը, ինքը գաղափար է, և դուք սպանում եք, իսկապես, էդ գաղափարը։ Անկախության հռչակագրից, մեծ հաշվով, հրաժարվում եք, ազգային նպատակները, իղձերը, ընդհանրապես, կատեգորիաներ չեն, որոնց մասին մտածում եք։ Հարկը տվեք, մենք՝ պադավատներ, վոյաժներ և այլն, ձեզ համար էլ ինչ ստացվի, թող ստացվի, բայց պետությունը, նախ և առաջ՝ գաղափար է և, ցավոք, դուք սպանում եք էդ գաղափարը։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Արտահերթ ելույթով հանդես կգամ ես։

Տենց անընդհատ ինքս ինձ հետ պայքարում եմ, ասում եմ՝ խոսե՞մ, թե՞ չխոսեմ, ասե՞մ, թե՞ չասեմ, հետո տենց հավաքվում, հավաքվում է ու, տենց, ստիպված՝ մտածում եմ, որ, այնուամենայնիվ, կան բաներ, որոնք պետք է ասվեն ու դրանց մասին պետք է խոսվի, որովհետև տենց ինչ-որ շղարշ ստեղծելով տեսախցիկի առաջ, որ սենց է, նենց չէ, սուտ խոսելով, էդ սուտը որպես ճիշտ, հրամցնելով, հետո սեփական կայքերով էդ նորից պտտելով, մի բառ էս կողմ, էն կողմ դնելով՝ հանրությունը, ուղղակի, ես կարծում եմ՝ պետք է, այնուամենայնիվ, իմանա, էլի, որ տենց միանշանակ չէ։ Հասկացանք, մենք էդքան կայք չունենք, էդքան փող չունենք, որ ծախսենք։

Իմիջիայլոց, փողերի մասին էդ խոսակցությունը, ընդհանրապես... Լավ, էդ որ, ինչ-որ հասարակական կազմակերպություն կամ լրագրող է ասում, ես դա ինչ-որ հասկանում եմ, բայց որ երկիրը, ասենք՝ տարիներ, տասնամյակներ թալանած խմբակցությունների ներկայացուցիչները, խմբակցությունների անդամներն են դրա մասին խոսում, տներից են խոսում, ասենք՝ մարզերից մեկում մի թաղամասում, որտեղ ջուր չկա, պարզվում է, որ ինչ-որ պատգամավոր կամ որևիցե մեկի բարեկամը կամ ընտանիքի անդամը 100 մ² տուն ունի, Երևանի կենտրոնում մարմարե դղյակում նստած մարդկանց ջեբից հանում են, փողը տալիս են, ասում են՝ գնացեք, դրա մասին գրեք, խոսեք, եկեք նրանց մեղադրեք կոռուպցիայի մեջ։

Հարգելիներս, տասնամյակներ շարունակ թաղապետերի վարորդները Երևանի կենտրոններում նենց տարածքներ են ձևավորել, որ, ասենք՝ ուզում եմ հասկանալ՝ մենք 6 տարի է, 7 տարի է՝ արդեն հեսա, իշխանություն ենք դառնում, ուզում եմ ասել՝ մարդիկ դե գիտեն, էլի։ Այսինքն՝ որ գալիս եք էստեղ, սենց խոսում եք, ձեզ թվում է՝ մարդիկ էդ ամեն ինչը չգիտե՞ն: Բոլորը շատ լավ գիտեն։ Ինձ էլ ինչ ասես, զավոդներ են վերագրում, բայց ո՞ւր է էդ ամեն ինչը։ Եվ ուզում եմ ասել, որ, ասենք՝ ծիծաղելի է մեր խմբակցությանը, մեր իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մեջ, համակարգված կոռուպցիայի մեջ, ուղղակի, չեն հավատալու մարդիկ, չկա տենց բան, դրա համար չեն հավատալու, չի ծախվում, էդ ապրանքը չեք կարողանալու ծախել։

Ու, հա, էսօր հետաքրքիր մի տենդենց է նկատվել։ Դե, առաջ մեզ դավաճան էին փորձում, գոռում էին դավաճան, դավաճան, հիմա հերոս բառն է ներվայնացնում, էդ «հերոս» բառը պրոբլեմ է, ո՞նց, հերիք չէ՝ դավաճան ասացինք, չանցավ, հիմա հերոս են ասում, կարո՞ղ է՝ մարդիկ, իրոք, դառնան հերոս, կարո՞ղ է՝ մարդիկ հասկանան, որ իրենք քաղաքացիներ են, իրավունքներ ունեն և վաղը, մյուս օրը, ընտրությունների հետ կապված, էլի գնան իրենց ընտրությունը կատարեն, փորձենք փող բաժանել, չվերցնեն, որովհետև իրենք արդեն գիտակցում են, որ իրենք հերոս են։ Իհարկե, մարդիկ հերոս են, հերոս են, որովհետև աշխատատեղ են ստեղծում, որովհետև սնում, զենք են տալիս էդ աշխատանքով էն զինվորին, որի մասին դուք խոսում եք։ Ու հերոսների մասին խոսելիս, տիկին Խամոյանը տենց հերոսների անուններ էր տալիս, ես անընդհատ սպասում էի, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա՝ որպես հիմնական «վոյին», իր հիմնական հերոս, բայց տենց էլ Քոչարյանի անունը չտվեց։ Մոնթեի անունն էր տալիս, հիշեցի, որ երբ քաղաքապետարանում ավագանու անդամ էինք, մինչև մեր խմբակցությունով կռվով, իրար սպանելով կարողացանք համոզել Մոնթեի անունով մի փողոց, անցկացրեցինք՝ ասելով, որ էդ մարդը հերոս է, հոգիներս դուրս եկավ։ Նենց որ, էդ դավաճան ու հերոս խոսակցության մեջ... Էսօր խոսակցությունը ոչ թե բյուջեի մասին է, այլ էդ «հերոս» բառը ցավեցրել է։

Փողոցում մեկը կար, ինձ գոռում էր դավաճան։ Հետո ճշտեցի, իմացա, որ էդ դաշնակցականը 4 տղա ունի, արդեն 10 տարվա չափ ապրում են Երևանում, Հայաստանի քաղաքացիություն չեն վերցնում, որ 4 տղաները հանկարծ բանակ չգնան, բայց դավաճանը ես էի էդ իրավիճակում, էլի։

Տնտեսական աճի մասին է խոսում Պարոն Խաչատրյանը, ասում է՝ դե, ռելոկանտներն եկան՝ էս եղավ, էն եղավ, բայց երբ իրենց քարոզարշավի ժամանակ ռոլիկներ էին պտտում հեռուստացույցով առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նենց տնտեսական աճ է եղել, որ դուք չեք պատկերացնում։ Ճիշտ է, էդ ռոլիկների մեջ չէին պտտում էն բանը, որ տարածաշրջանում ամենափոքր տնտեսական աճն է եղել Հայաստանի Հանրապետությունում էդ ժամանակահատվածում և դա վերագրում էին Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Խաչատրյանը, չգիտես ինչու, դրա մասին չէր բղավում: Վաղը կբղավեք դրա մասին, ես որևիցե խնդիր չունեմ։

Շիրակ Թորոսյանի մասին է ասում Ագնեսա Խամոյանը։ Տիկին Խամոյանը պետք է լավ իմանա, որ հեղափոխությունը եղել է բոլորի համար և պարոն Թորոսյանը հայրենասեր մարդ է և ինքը հայտարարել է, որ մարդկանց կամքի բերումով ինքն իր ընտրությունը կատարել է, ինչպես ես, օրինակ՝ գալիս էի ձեզ մոտ՝ հանրային հեռուստատեսություն, դուք էլ ինձանից հարցազրույց էիք վերցնում հեղափոխությունից հետո։ Ու իմ ամենալավ հարցազրույցները, երևի, իրար հետ ենք արել, տիկին Խամոյան, դուք էլ էդ շանսն ունեիք, էլի շատ մարդիկ էդ շանսն ունեին, բայց մարդիկ իրենց ընտրությունն անում են։ Հետո, չի կարելի անընդհատ էդ սակարկել, մեկ էլ էդ որ տիկին Գրիգորյանն ասում է՝ հղի կնոջ են գցել ավտոյի տակ։ Այ, էդ երկու սակարկումները հա՛մ հին են, հա՛մ, կներեք էդ բառի համար, շատ էժան են, իրոք, էժան են, որովհետև բոլորը գիտեն, որ որևիցե մեկը որևիցե մեկին չի գցել մեքենայի տակ ու բոլորը գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենք, գործում է արդարադատություն, որից հաճախ նաև ես և մեր գործընկերները, մեր քաղաքացիները դժգոհ ենք, և դա քննարկման առարկա է։

Ստերին անդրադառնամ։ Էդ ավտոները, էդ պադավատապետությունը… Հարգելիներս, ուրեմն, միայն Ազգային ժողովի պարկը 2018 թվականից, ես խնդրեցի, որ ճշտեն, ասեն, 46 տոկոսով կրճատվել է, 46, գրեթե, կրճատվել է։ Ունեցել ենք 81 մեքենա, հիմա ունենք 42 մեքենա։ Հիմա, նույնը, ճիշտ է թվերը ես չգիտեմ, թույլ կտամ՝ Կառավարության ղեկավարը դրա մասին կխոսի, Կառավարության մեքենաները նույնպես կրճատվել են։ Ասենք՝ էդ բառը տենց սիրուն շպրտելով, սենց բան անելով չէ, մարդիկ շատ լավ գիտեն։

Հետո էդ հարստությունից որ խոսում եք, ուզում եմ հասկանալ, թե էստեղ մեզանից, մեր պատգամավորներից ո՞վ ապահովագրական ընկերություն ունի, մենաշնորհ ունի՝ բջջային հեռախոսներ ներմուծելու։ Իմիջիայլոց, այո, Խաչատուր Սուքիասյանն ունի, բայց Խաչատուր Սուքիասյանն ամենահին, ասենք՝ բիզնեսմեններից մեկն է Հայաստանի Հանրապետությունում, բայց Խաչատուր Սուքիասյանի... (Խոսում են դահլիճում:) Հանգիստ թողեք Խաչատուր Սուքիասյանին, բայց, այնուամենայնիվ, ես մենաշնորհներից եմ խոսում։ Երբ, ասենք՝ բջջային հեռախոս բերելու համար մենակ մի ընտանիք կարող էր բջջային հեռախոս բերել, երբ Երևանի կենտրոնում բիզնես կենտրոններ միայն մի մարդու կամ երկու մարդու տղա կարող էր ունենալ։ Եվ ես զարմանում եմ, որ ասում եք՝ պաշտպանության նախարարը պիտի չասի, որ մենք ռազմական բանով ... Իհարկե, պետք է չասի, որովհետև ես չգիտեմ՝ ձեր նպատակը որն է, բայց մեր նպատակը պատերազմ թույլ չտալն է և պատերազմի համար առիթներ չստեղծելն է։ Ես, անկեղծ, մտածում եմ, որ դուք չեք հասկանում՝ դա ասելով, ու դա լավ բան է, որովհետև ես կարող եմ մտածել, որ դուք դա հատուկ եք անում ինչ-ինչ ծառայությունների դրդմամբ։ Ես ուրախ եմ, որ չեք հասկացել, դա ձեր մասին միայն լավն է խոսում, որովհետև եթե դուք հիմա տեղից հայտարարեք, որ, օրինակ՝ հարձակվելու եք ինչ-որ պատգամավորի վրա, ես ամեն ինչ կանեմ, որ դուք էդ բանը չկարողանաք անել։ Եվ, կարծում եմ՝ ավելի պրիմիտիվ բացատրելու բան չկա, կա՛մ դուք չգիտեք, կա՛մ դուք հատուկ եք անում, ընտրեք, դա արդեն ձեր ընտրության հարցն է։

Եվ վերջում ես էլ երկու նորություն ունեմ, երկուսն էլ՝ լավ։ Առաջինն էն է, որ, ամենայն հավանականությամբ, դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու։ Դա՝ մեկ լավ նորություն։

Երկրորդ լավ նորությունն էն է, որ այսօրվա իշխանությունն ավելի բարձր ձայներով Հայաստանի Հանրապետությունում արդար, մաքուր, առանց փող բաժանելու ընտրություններով, որը ճանաչվելու է աշխարհի բոլոր երկրներում, չի լինելու մի քայլ առաջ, մի քայլ հետ, այլ ժողովրդավար ընտրություններում նորից դառնալու է իշխանություն։ Ձեզ բոլորիդ լավ օր եմ ցանկանում, հարգելիներս։

  Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան։ Համեցեք։

 Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի նախագահություն, պատգամավորներ, պարոն Ռուբեն Ռուբինյան, ողջունում եմ բոլորիդ։ Ես օբյեկտիվ պատճառներով բաց եմ թողել նախորդ խոսակցությունը, բայց, որքան հասկանում եմ, պնդումներ են հնչել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող, աշխատող, բարիք ստեղծող, հավելյալ արժեք ստեղծող, հարկեր վճարող և, ըստ այդմ՝ իր իսկ ձևավորած իշխանություններից արդյունք պահանջող քաղաքացին հերոս է։ Չգիտեմ՝ էսպե՞ս է սա հնչել ,թե՞ չէ, ես կիսում եմ էդ ձևակերպումը։ Եվ վերջին ելույթին, ուղղակի, ականատես և մասամբ ականջալուր եղա։ Ուզում եմ ասել, որ, այո, այդ նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր՝ 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից հետո, հստակ գիտի, հնարավորինս հստակ և թափանցիկ գիտի, թե որտեղ են ծախսվում իր վճարած հարկերը։ Նա դա տեսնում է դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեջ, նա դա տեսնում է ճանապարհների շինարարության մեջ, նա դա տեսնում է իրենց հնարավորություններն իրացնող և ատեստավորվող ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մեջ, թոշակառուների թոշակների բարձրացման մեջ և բազմաթիվ այլ ոլորտներում։ Եվ նույնիսկ ձեր նշած պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց հավելավճարների, պարգևավճարների խրախուսման դեպքերում այդ հերոս քաղաքացին քաջատեղյակ է գործընթացներից և մեզանից հաշիվ կպահանջի կամ կգնահատի մեր գործունեությունը գալիք հերթական՝ 2026 թվականի ամռանն սպասվող ընտրություններում։

Բայց ես չեմ կարող, երևի, ճիշտ չէ շատ խոսել այս մասին։ Ես պարտավոր եմ ինձ սահմանափակել ինձ վերապահված ոլորտի վերաբերյալ դատողություններով։

Եվ այսպես, 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ենք քննարկում: Ինչպես, հավանաբար, տեղյակ եք կամ արդեն, եթե հետևում եք մեր գործունեությանը, կարող եք ենթադրել մեր բյուջետային ծրագրերից հիմնականը, օրինակ՝ արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն է, և էստեղ դուք կարող եք այս հոդվածի ներքո հասկանալ, պատկերացնել այն ամենը, ինչ, ըստ էության, ամեն օր անում ենք մեր արտաքին քաղաքականությունում: Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը, ես ուզում եմ, որ վերջին խոսակցությունները մեկ անգամ էլ ինչ-որ ձևով աղերսվեն, թիվ մեկ առաջնահերթությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ, համերաշխ միջավայրի ստեղծումն է մեր շուրջը, մեր տնտեսական կապերի աշխուժացումն է, և կարող եք ենթադրել, որ առաջին հերթին տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորմանը և լավացմանը, խորացմանն է ուղղված մեր արտաքին քաղաքականությունը:

Հենց սրա մասին է վկայում նախ և առաջ՝ մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանում Հայաստանի շուրջ, նաև ավելի լայն տարածաշրջանային տարանցիկ, տրանսպորտային ուղիների, հանգույցների, միջոցների ապաշրջափակումը, վերաշահագործումը, վերակառուցումը, եթե հարկ կա, նորերի կառուցումը և այլն: Այստեղ հասկանում ենք և՛ ճանապարհներ, և՛ երկաթուղիներ, և՛ զանազան մալուխներ, ինտերնետ, էլեկտրական հոսանքների գծեր, գազ, էներգակիրներ. որևէ բան, որը կարող է երկրներն իրար կապել: Եվ էս համատեքստում, իհարկե, առաջին հերթին նկատի ունենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կապուղիների և առաջին հերթին երկաթուղու ապաշրջափակումը և վերագործարկումը, որի ուղղությամբ բանակցություններն ընթանում են և ընթանում են բավական ինտենսիվ: Կուզենայի մաղթել մեր երկու երկրներին և մնացած շահագրգիռ երկրներին, որ այս հարցում շուտ ունենանք առաջընթաց:

Իհարկե, խոսելով կապուղիների մասին, չենք կարող չխոսել նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանի և էդ սահմանի հնարավոր բացման մասին, նաև գոյություն ունեցող մեր ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ ինչպես նախկինում ճանապարհային, սովորական ավտոմեքենաների ճանապարհների շուրջ էդ անցակետի և այդ անցակետի շուրջ գոյություն ունեցող ենթակառուցվածքների գնահատման գործողություն է տեղի ունեցել մեր և Թուրքիայի կողմից միասնաբար և համատեղ, այժմ այդ նույն գործողությունը տեղի է ունենում Կարս-Գյումրի երկաթգծի շուրջ և այդ երկաթգծով սահմանային անցակետի հետ կապված ենթակառուցվածքների համատեքստում:

Ընդհանրապես, սա, իհարկե, առաջնային առաջնահերթություն է, եթե կուզեք, որ շատ մասնավորեցնենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Էստեղ հնարավոր կապուղիների մասով հնարավոր զարգացմանն արդեն անդրադարձա։

Ընթացիկ տարում մենք ունեցել ենք էական ձեռքբերում: Մենք ստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, պայմանագիրը. դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեությունը կանոնակարգող կանոնակարգն է, որն ուժի մեջ է մտել, վավերացվել է ձեր կողմից, համապատասխան ներպետական ընթացակարգերն անցել է Ադրբեջանում և մտել է ուժի մեջ։ Եվ մենք հույս ունենք, որ ի հավելում նրան, որ մենք արդեն 12 կիլոմետրից ավելի, 12,7 կիլոմետր, եթե չեմ սխալվում, մեր սահմանից սահմանազատել ենք և էնտեղ արդեն սահմանի երկու կողմերում խաղաղ կյանքի և գործունեության հնարավորություններ են ստեղծված։ Մենք հույս ունենք, որ նաև հետագա մասը մեր համատեղ սահմանի ևս հնարավորինս արագ կսահմանազատվի և այս հարցը ևս կհամարենք լուծված։ Իհարկե, խաղաղության պայմանագիրը կա մեր և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում։ Էստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում, ես կասեի՝ նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում։ Եվ կրկին, ինչպես անցած անգամ պատգամավորներից մեկը նկատեց, ես կուզենայի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք, իսկապես, շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ։

Թուրքիայի մասով մեր երկխոսությունը դինամիկ է: Այս երկխոսության նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը և արդեն կապուղիների վերագործարկումը:

Մեր առաջնային, այսպես ասած, գործընկերներն են, իհարկե, մեր մյուս երկու հարևանները՝ Վրաստանը և Իրանը, որոնց հետ հարաբերությունները մենք շարունակելու ենք խորացնել: Օրինակ՝ Վրաստանի դեպքում մենք ունենք շոշափելի առաջընթաց, նաև ռազմավարական գործընկեր ենք միմյանց ճանաչել, նաև աշխատում ենք տեղաշարժի դյուրացման ուղղությամբ: Արդեն ID քարտերով անցումը փաստ է, իրականություն է:

Իրանի հետ ունենք սերտ գործընկերային հարաբերություններ և կրկին երկխոսություն ենք վարում բազմաթիվ ոլորտներով:

Ես տեսնում եմ՝ ժամանակը խիստ անբավարար է նրա համար, ինչ ես ուզում էի ասել: Երկրորդը բանը, որ պետք է ասել, տարածաշրջանային, այսպես ասած, ֆոկուսից բացի, դիվերսիֆիկացիան է: Մեր երկրորդ ձեռագիրը, եթե կուզեք, կամ մոտեցումը մեր արտաքին քաղաքականության մեջ մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան է: Նաև այս պատճառով է, որ մենք էապես խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, էապես խորացնում ենք մեր հարաբերություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որի հետ մենք մտադիր ենք մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Եվրոպական միության հետ ևս մենք ունենք շոշափելի ձեռքբերումներ՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկ, Հայաստանի Հանրապետությունն աջակցություն ստացավ Խաղաղության Եվրոպական գործիքակազմի ներքո: Մենք միասին այժմ քննարկում ենք նոր գործընկերության օրակարգը՝ բավականին բովանդակալից և ընդգրկուն մի փաստաթուղթ, որը շուտով, հուսով ենք, կվերջնականացնենք:

Չեմ կարող կենտրոնանալ մնացած ուղղությունների վրա, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր են Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են: Կենտրոնական Ասիայում ես կուզեի առանձնացնել, չնեղացնելով, իհարկե, մյուս գործընկեր երկրներին, օրինակ՝ Ղազախստանը, որի հետ մենք էական էլի դինամիկայի ավելացում ունենք:

Աֆրիկան է մեզ համար նոր և հետաքրքիր ուղղություն, բայց նաև բազմակողմ հարթակները: Գիտեք, որ վերջերս Հայաստանն անցկացրեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, և, ես հուսով եմ՝ ձեր աջակցությամբ սա շարունակական երևույթ կլինի: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կկարողանա միջազգային դիվանագիտական այս կոնֆերանսն անցկացնել ամեն տարի, եթե դուք համաձայնեք: Սա շատ լավ հնարավորություն է՝ նոր գործընկերներ ձեռք բերելու և ավելի մտերմանալու եղած գործընկերների հետ և, ընդհանրապես, Հայաստանը դնել միջազգային աշխույժ իրադարձությունների քարտեզում կամ օրացույցում:

Մենք վերջերս շահեցինք մեր հայտը՝ Երևանում անցկացնել ՄԱԿ-ի Կենսական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը՝ COP17 անունով հայտնի միջոցառումը, դա տեղի կունենա 2026 թվականին:

Եվ, ի վերջո, նաև որոշակի վարչատնտեսական հարցերի անդրադառնամ, այնուամենայնիվ: Իհարկե, ինչպես կարող եք տեսնել, և՛ դիվանագիտական համակարգի առջև ծառացած խնդիրներն են էականորեն աճել և՛ ժամանակը, և՛ եռանդը, որը պահանջվում է այդ խնդիրներն սպասարկելու համար, և, ըստ այդմ՝ մենք նաև ավելացնում ենք մեր կարողությունները: Մենք այժմ ներկայությունն ունենք, դեսպանություն ենք բացել Ուրուգվայում, առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում և Կիպրոսում, գրասենյակ ունենք Սերբիայում արդեն: Լյուքսեմբուրգի մասին մի փոքր ավելի վաղ տեղյակ էիք: Կան այլ պլաններ, որոնց մասին այս պահին մի փոքր վաղ եմ համարում խոսել, այն տեղերում, որտեղ արդեն ունեինք ներկայություն, բայց մեր հարաբերությունները նոր որակի են բարձրացել: Ահա այդ տեսակի հարաբերություններն սպասարկելու համար նաև շենքային պայմաններ ենք ավելացրել, չգիտեմ, որոշ ֆիզիկական ենթակառուցվածքներ։ Շատ լավ տեղյակ եք Լոնդոնում և Փարիզում մեր ձեռք բերած նոր, շատ ներկայանալի շենքերի մասին: Կրկին, այս մասով ունենք պլաններ:

Ձեր թույլտվությամբ ես կամփոփեմ արդեն, պարոն Արշակյան։ Իհարկե, խնդիրներ ևս կան, և չեմ կարող բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում սրա մասին ձեզ հետ չկիսվել: Մի շարք երկրներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գնաճի պայմաններում, մենք երբեմն հետ ենք մնում, օրինակ՝ մեր դիվանագետների բնակարանների վարձելու փոխհատուցմանն ուղղված սահմանաչափերի համապատասխանության առումով: Ջանքեր կգործադրենք՝ սրանք համապատասխանեցնելու:

Նաև դիվանագիտական ծառայության որակի բարձրացմանը զուգահեռ՝ որոշակի բարելավում պետք է անենք, թերևս, և արժե, որ անենք դիվանագետների խրախուսման համակարգի կատարելագործման մեջ: Հիմա, կարծեմ, հարգելի պատգամավորներ, ձեր դատին է հանձնված օրենքի նախագիծ ճիշտ այս մասին: Ես առիթից կօգտվեմ և իմ ակնկալիքը և խնդրանքը կհայտնեմ ձեզ՝ հնարավորինս աջակցել այս օրենքի նախագծին: Այստեղ, թերևս, ես կանգ կառնեմ: Շնորհակալ եմ:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն ձեզ նույնպես, պարոն նախարար։ Հաջորդ ելույթի համար Վահագն Ալեքսանյան։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Պարոն վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սիրելի պատգամավորներ, ես ուզում եմ շնորհավորել ձեզ: Այսօր բյուջեի նախագծի այս քննարկման ժամանակ մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, այսօր խորհրդարանի այս դահլիճում արձանագրվեց, պարոն վարչապետ, ձեր կողմից առաջ քաշված և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընդունված՝ իրական Հայաստան գաղափարախոսության բացարձակ հաղթանակը, տոտալ, անտարակույս հաղթանակ։ Ընդդիմադիր խմբակցությունների մոտ 3-4 ժամ հանրագումարային խոսույթի ժամանակ, ընդհանուր գումարային հաշվարկով Լեռնային Ղարաբաղի, արտաքին նվաճումների, նկրտումների և մնացածի մասին գումարային հաշվարկով, խոսվեց 0 րոպե, ուղղակի։ Մեր ընդդիմությունը խոսեց ներքին խնդիրների մասին, սոցիալական խնդիրների մասին, ենթադրյալ կոռուպցիայի մասին, բյուջեի վատ կազմակերպման մասին, ֆինանսական խնդիրների մասին, լավ արեց, ես ողջունում եմ դա, ես ողջունում եմ, որ դուք ընդունեցիք իրական Հայաստանի գաղափարախոսության հաղթանակը, ամբողջությամբ ընդունեցիք դա ու մտաք էդ գաղափարախոսության դաշտում աշխատանքի ծիր։ Էն, որ էդ աշխատանքը որոշակիորեն թերացումներով և փոքր-ինչ անորակ եք անում, հարցի երկրորդ կողմն է, բայց ես ողջունում եմ էն սահմաններն ու աշխատանքի էն շրջանակը, որ դուք ինքներդ ձեզ համար ընդունում եք, որովհետև վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի քաղաքացին հենց դա է ուզում։ Հայաստանի քաղաքացին ուզում է, որ իր խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները բարձրացնեն սոցիալական բնույթի հարցեր, բարձրացնեն ենթադրյալ կոռուպցիայի մասին հարցեր, աշխատեն հանուն իրական Հայաստանի։

Մի արձանագրում էլ եղավ, Կիրանցի սահմանազատումը, փաստորեն, շատ լավ, շատ ընդունելի գործընթաց էր, որը Հայաստանի Հանրապետությունը ոչ թե կործանել է, այլ հնարավորություն է տվել, որ մեր ընդդիմադիր գործընկերները կենտրոնանան ներքին խնդիրների վրա, որ Ագնեսա Խամոյանը՝ մեր սիրելի գործընկերը, կենտրոնանա պադավատների և պադավատների շատության կամ քչության վրա։ Տիկին Խամոյան, սակայն մի կարևոր բան պիտի ասեմ ձեզ. պադավատ կոչվածը, որպես էդպիսին, անձի սեփականությունը չէ, դա դրա համար էլ կոչվում է ծառայողական մեքենա։ 2026 թվականին, օրինակ՝ եթե քաղաքացիները կգնան, կընտրեն ուրիշ իշխանություն, կընտրվի ուրիշ իշխանություն, էդ մեքենաները կտնօրինի էդ իշխանությունը, բայց կա մի ուրիշ բան՝ անձնական ունեցվածք։ Անձնական ունեցվածքն ուրիշ բան է, տիկին Խամոյան։ Օրինակ՝ էսքան խոսեցիք պադավատապետության մասին, ես հիմա առաջարկում եմ, որ մեր լրագրողներին էլ հրավիրենք, իրար հետ գնանք Ազգային ժողովի գարաժ, որտեղ և՛ մեր մեքենաներն են, և՛ ձեր մեքենաներն են։ Օրինակ՝ և՛ իմ մեքենան է, տիկին Խամոյան, և՛ ձեր մեքենան է, տիկին Խամոյան։ Ես էդ բանն առաջարկում եմ, որ անենք, եկեք գնանք, որովհետև դա մեր անձնական միջոցներով է, առնվազն, արվում, ու դրա համար մեր քաղաքացիները որոշակիորեն կարող են տեսնել, թե ով ինչ ունի, որն է ում սեփականությունը, դրա մասին է խոսքը։ (Խոսում են դահլիճում:) Չէ, չէ, ժողովուրդ ջան, պարոն Խաչատրյան, ես հասկանում եմ, որ... (Խոսում են դահլիճում:)

  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Լռություն դահլիճում, լռություն... (Խոսում են դահլիճում։)

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Սիրելի գործընկերներ, խնդրում եմ, խնդրում եմ, ես, իհարկե... (Խոսում են դահլիճում:) Պարոն Խաչատրյան, դե լավ, դե… Ես նորից... (Խոսում են դահլիճում:)

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարոն Ալեքսանյան, մի վայրկյան, ես ձեզ տեղափոխելու եմ, իրար կողքի նստեցնեմ, լուրջ եմ ասում, որ դուք զրուցեք... (Խոսում են դահլիճում:) Տիկին Նազարյանին խնդրենք, որ տեղափոխվի, պարոն Խաչատրյանին խնդրենք, որ պարոն Օհանյանի տեղը տեղափոխվի։ Շնորհակալ եմ։ Մի խանգարեք, խնդրում եմ։ Պարոն Ալեքսանյանին մեկ-երկու րոպե ավելի ժամանակ կտանք։ Խնդրեմ, ներողություն, պարոն Ալեքսանյան, շարունակեք։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Հարգելի գործընկերներ, խոսքը սրա մասին է հասկանո՞ւմ եք, անձնական ունեցվածքն անձնական ունեցվածք է, պետական ծառայողական գույքին և, առհասարակ, պետական գույքին մեր մոտեցումն ու ձեր մոտեցումն իրարից ակնհայտորեն խիստ տարբեր է ու էստեղից է ծագել, հասկանո՞ւմ եք, նաև մեր որոշակի անհամաձայնությունը, տարաձայնություն ու էն անջրպետը մեր մեջ, որը կա։ Մենք մանկապարտեզին նայում ենք որպես մի տեղ, որը պետք է սարքել, որ երեխաները գնան էնտեղ, որպես նախակրթարան սովորեն, ուսանեն և այլն, ձեր իշխանության տարիներին դրան նայել են որպես ինչ վատ օբյեկտ կլինի, որ եթե հիմա էժանով սեփականացնեմ։ Էս է խնդիրը։ Ծառայողական մեքենային մենք նայում ենք որպես ծառայողական մեքենա, որը կա, տեղից տեղ է տեղափոխում, կա, գոյություն ունի իրականության մեջ։ Ձեր իշխանության տարիներին դրան նայել են՝ կարող է, լավ է սա, լավ է, ինչքան բենզին սրանով կքերենք, սրա զապչաստի վրա ինչքան փող կքերենք, տո, վերջում էլ կդնենք աճուրդի, մենք էլ տենդերը, էդ աճուրդի մեջ մի բան կանենք, մեր ախպոր քրոջ ընկերուհու չգիտեմ ինչը կգա, էժանով կկպցնի, կառնի։ Տարբերությունն էս է։ Պետական գույքը պետական գույք է։ Էն, որ ձեր էս բազմաթիվ, միքանիժամյա ընդհանուր խոսելաժամանակի մեջ իրապես կային խնդրահարույց հարցեր, որոնք մեզ ևս որոշակիորեն հետաքրքրում են, դա չարձանագրելը նույնպես շատ վատ ու շատ սխալ բան կլինի, հարգելի գործընկերներ, բայց, սրա հետ մեկտեղ ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ, որ դուք այսուհետ դարձել եք իրական Հայաստանի պատգամավորներ։ Էս առիթով, կարծում եմ՝ մի լավ բան կարող ենք կազմակերպել։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Այս երրորդ լավ նորությամբ ավարտենք այսօրվա նիստը։ Կես ժամ ընդմիջում, որից հետո կլինի հարց ու պատասխան։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am