National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 5

30 հունիսի 2020

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ: Նախ` առաջարկում եմ շնորհավորել Վահագն Հովակիմյանին, նրա ծննդյան տարեդարձն է այսօր:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի պատգամավորներ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգը բաժանված է, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ գրանցվել: Գրանցում: 68 պատգամավոր է գրանցվել, քվորում կա, կարող ենք սկսել նիստը: Մի քանի պատգամավորներ նշան են անում, որ իրենք էլ պետք է գրանցվեն, չի ստացվել:

Եվ այսպես, քանի որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթը պետք է քննարկենք եւ քվեարկենք երկու ընթերցմամբ, արտահերթ նստաշրջանը նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում ենք նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Գրավոր առաջարկների եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար սահմանել առնվազն 3-ական ժամ: Այս որոշման նախագիծը պետք է քննարկենք, ապա քվեարկենք:

Որոշման նախագիծը ներկայացնելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանին:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, ինչպես հայտի է հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, որոնք ԱԺ-ը հունիսի 22-ին ընդունել էր: Այդ փաստով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները, ըստ էության, անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը եւ դա, ըստ էության, հրատապ խնդիր է, որովհետեւ օրենքը, փաստացի, հակասում է Սահմանադրությանը: Եվ այդ խնդիրը մենք հրատապության կարգով պիտի լուծենք: Ըստ այդմ` ձեր քննարկմանն եմ ներկայացնում ԱԺ որոշումը 2020 թվականի հունիսի 30-ին, 11:00-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին: Որոշման առաջին կետով նախատեսվում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» նախագծի փաթեթի 2-րդ ընթերցման քվեարկությունը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Եվ կետ երկրորդ. առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել 3-ական ժամ:

Սա է նախագիծը, խնդրում եմ կողմ քվեարկել:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հատուկ ընթացակարգի վերաբերյալ կարող եք հարցեր ուղղել զեկուցողին: Հարցերի համար հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան: Պրն Հովակիմյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Մտքերի փոխանակություն. հերթագրում: Սերգեյ Ատոմյան: Հանո՞ւմ եք հարցը: Ալեն Սիմոնյան: Հանո՞ւմ եք հարցը: Հա՜, ելույթները:

Եվ այսպես, պրն Հովակիմյան, եզրափակիչ ելույթի իրավունք ունեք. ասելիք չունե՞ք, շատ լավ, այդ դեպքում քվեարկում ենք այս որոշման նախագիծը:

Քվեարկության է դրվում «2020 թվականի հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 77

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է: Կարող ենք քննարկել օրակարգային հարցը:

Քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող` Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահություն, հարգելի գործընկերներ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող սույն փաթեթով նախատեսվում են հետեւյալ փոփոխությունները. փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, եւ առաջադրումները կատարվելու են հետեւյալ հերթականությամբ. առաջին առաջադրումը կատարվելու է Կառավարության կողմից, երկրորդը` Հանրապետության նախագահի կողմից, երրորդը` դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

ՍԴ-ում այս պահին առկա 3 թափուր պաշտոնների համար այդ առաջադրումները կատարվելու են հետեւյալ հերթականությամբ: Այդ փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեն գործող խմբագրությամբ, ինչպես սահմանված է, այն է` Հանրապետության նախագահ, դատավորների ընդհանուր ժողով եւ Կառավարություն, կխախտվի, ըստ էության, Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյեկտները 3-ական թեկնածու են առաջադրում: Միեւնույն ժամանակ նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ, չնայած սահմանված հաջորդականությանը, առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե իր կողմից` կոնկրետ մարմնի կողմից առաջադրված եւ կոնկրետ պահին պաշտոնավարող դատավորների թիվը հավասար է 3-ի:

Ուժը կորցրած է ճանաչում նաեւ 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որում նախատեսվում է` միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է` 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ կողմից ընդունված եւ նույն թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության 213-րդ հոդվածով կատարված փոփոխություններով:

Նախ` այս հոդվածում ուժը կորցրած են ճանաչվում այն բոլոր դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին եւ նաեւ...

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Չեք լսում, հարգելի գործընկերներ:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-... Եվ նաեւ սույն խորհրդարանի կողմից ընդունված օրենքի նախագծով այս կամ այն կերպ հնարավորություն էին նախատեսում դատավորներին գնալ, այսպես կոչված, վաղ կենսաթոշակի: Հոդվածում կատարվում են նաեւ հետեւյալ լրացումները. ամրագրվում է, որ ՍԴ-ի անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետն ավարտելու հիմքով վերջին փոփոխություններով, վերջիններիս նշանակվում է կենսաթոշակ օրենքով սահմանված կարգով: Ամրագրվում է, որ այն դատավորներին, ումը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամկետը կրճատվում է եւ սահմանվում է 12 տարի՝ հաշվարկելով արդեն իսկ պաշտոնավարած տարիները նույնպես՝ թե՛ որպես ՍԴ անդամ, թե՛ որպես դատավոր:

Ամրագրվում է, որ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Կառավարության կողմից, նախագահի կողմից եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետ երկամսյա ժամկետում: Այսինքն` ըստ էության, սա անցումային դրույթներով նախատեսվող առաջադրման հատուկ կանոն է՝ ի տարբերություն ընդհանուր կանոնի:

ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից մեկ ամիս շուտ, եթե դեռեւս առաջադրող մարմիններն առաջադրում չեն կատարել, տեղեկացման կարգավորումն է նախատեսվում:

Ամրագրվում է նաեւ, որ ՍԴ նախագահն ընտրվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով, այդ 3 թափուր պաշտոնների համալրումից հետո 10-օրյա ժամկետում:

Նաեւ հաշվի առնելով, որ երեք ՍԴ-ի անդամներ, դատավորներ, ում լիազորությունները դադարել են վերջին սահմանադրական փոփոխություններով, հնարավոր է, որ նրանց մակագրված լինեն ընթացիկ վարույթ ընդունված գործեր, նախատեսվում է նաեւ, որ սահմանված ժամկետում հրավիրվում է աշխատակարգային նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը, այսպես ասած, վերամակագրվեն եւ նոր զեկուցողներ նշանակվեն: Սա ՍԴ դիմած սուբյեկտների իրավունքների ապահովածության տեսանկյունից կարեւոր նորմ է:

Ինչ վերաբերում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքին, ապա այս օրենքում փոփոխությունները, ըստ էության, բխում են հիմնական օրենքից, որպեսզի առավել ճշգրիտ կարգավորվեն նշանակվող կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները: Եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ: Այսքանը, շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարցերի համար հերթագրում: Հովիկ Աղազարյան:

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Գրիգորյան, ես ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է ՍԴ-ի 9 անդամներ լինեն, որպեսզի ընտրվի նախագահ: Եթե ճիշտ եմ հասկանում, ապա հնարավոր է էնպիսի տարբերակ, որ տեսականորեն մենք բավականին երկար ժամանակ նախագահ չունենանք:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Աղազարյան: Տեսեք, այս պահին ՍԴ-ում շարունակում է պաշտոնավարել ՍԴ-ի 6 դատավոր եւ կարգավորումներով նախատեսված է, որ այս 3 թափուր պաշտոնների համալրումից հետո նոր պետք է ընտրվի ՍԴ նախագահ: Եթե շատ ճշգրիտ լինենք, սա չի նույնանում ձեր ասածի հետ, որ, անպայման, 9 դատավոր պետք է լինի, որովհետեւ տեսականորեն հնարավոր է, որ էս ընթացքում 6 դատավորներից մեկի լիազորություններն ինչ-ինչ պատճառներով տեսականորեն կարող են դադարել: Ամրագրենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ 3 դատավորների ընտրությունից հետո նոր պետք է ընտրվի ՍԴ նախագահ:

Եթե դուք արձագանքի անհրաժեշտություն տեսնեք, ես նաեւ էս կարգավորման փիլիսոփայություն կարող եմ ներկայացնել, չնայած սահմանադրական փոփոխությունների ժամանակ անդրադարձ եղել է:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք:

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Ասեք: Մի բան ավելի իմանալը մեզ չի խանգարի:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Ըստ էության, ՍԴ նախագահի՝ ՍԴ դատավորների կողմից ընտրվելու գաղափարը, որը ներմուծվել է 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով, էն խորհուրդն է իր մեջ ունեցել, որ, ըստ էության, դա առավել կապահովի ՍԴ-ի անկախությունը, եւ ենթադրվում է, որ էն անձը, ով պետք է ընթացիկ բնականոն գործունեությունն ապահովի, այդ թվում` դատավորների, լեգիտիմության տեսանկյունից ճիշտ կլինի, որ ընտրվի հենց իրենց կողմից: Եվ նաեւ հաշվի առնելով, որ մենք ունենք էս պահին 3 թափուր պաշտոն, որպեսզի առավել շատ էդ լեգիտիմությունն ապահովի, եւ որ հետագայում խնդիրներ չառաջանան՝ էս հանգամանքի հետ կապված, այդ թվում նաեւ` հնարավոր քվորումի հետ, նախատեսվել է էս կարգավորումը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հովհաննես Իգիթյան:

Հ.ԻԳԻԹՅԱՆ

-Պրն Գրիգորյան, թե՛ դուք, թե՛ պրն Հովակիմյանը, թե՛ մեր կոլեգաները, թե՛ անաչառ իրավաբանները բազմիցս հայտարարել են բաց մամուլում, որ այս օրենքը մենք կարող էինք ներկայացնել միայն սահմանադրական փոփոխությունից հետո: Ես ուզում եմ, որ այս բարձր ամբիոնից դուք եւս մեկ անգամ հայտարարեք, որ այս օրենքը հնարավոր էր անել միայն հիմա, համապատասխան գործընթաց անցնելուց հետո: Ինչո՞ւ եմ դա ասում. որովհետեւ հարցը շատ էր շահարկվում եւ այնպիսի տպավորություն էին ուզում ստեղծել մարդիկ, որ իբր մենք թերացել ենք՝ այս օրենքի փոփոխությունը չմտցնելով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության ժամանակ: Շնորհակալություն:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Իգիթյան: Ըստ էության, էդ հարցը դեռեւս Սահմանադրության փոփոխությունների մշակման փուլում է քննարկվել, եւ, այո, հաստատում եմ, եւ դա, ուղղակի, տրամաբանությունից է բխում, որովհետեւ եթե այս պահին, այսինքն` ոչ թե եթե, այլ քանի որ այս պահին առաջարկվող փոփոխություններն ածանցվում են, այսպես ասեմ, Սահմանադրական փոփոխություններից, որոնք ուժի մեջ են մտել արդեն, տրամաբանական չէր լինի դրանք բերել միաժամանակ կամ առավել եւս դրանից առաջ, որովհետեւ պետք էր ունենալ փաստ, որ Սահմանադրությունը փոփոխվել է, ուստի, այդ կանոնակարգումների անհրաժեշտությունն առաջացել է:

Բայց, քանի որ դուք անդրադարձաք նաեւ մամուլում առկա շահարկումներին, ժամանակ ունեմ, անդրադառնամ նաեւ մեկ այլ շահարկման, որը կատարվում է, այն,  որ այս օրենքի փոփոխությունը պարտադիր էր, որ Սահմանադրության փոփոխությունները, ըստ էության, մտնեն ուժ-ի մեջ եւ նոր 3 դատավորների կամ անդամների լիազորությունները դադարեն: Իրականում այս կարծիքի հետ ոչ մի կերպ չի կարելի համաձայնել, որովհետեւ, ըստ էության, մենք հիմա կանոնակարգումներ ենք կատարում, որպեսզի չունենանք հակասություն եւ որպեսզի որոշ հարցերին տրվեն կարգավորումներ, բայց դրանից չի բխում, որ էս օրենքը, եթե տեսականորեն էսօր, օրինակ` չարժանանա խորհրդարանի դրական քվեին, դա կնշանակի, որ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ չեն մտնել: Այդպես չէ, Սահմանադրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, եւ այդ փաստով 3 դատավորների լիազորությունները դադարել են, իսկ այդ պահին գործող նախագահի լիազորությունները` որպես նախագահ, նույնպես դադարել են:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք:

Հ.ԻԳԻԹՅԱՆ

-Շնորհակալություն: Անհասկանալի բան իմ կարծիքով չմնաց, եթե ավելացնելու բան ունեք, ես այլեւս չունեմ: Շնորհակալություն:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Ես էլ կարծում, որ բավականին սպառիչ էր: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վահագն Հովակիմյանը հանում է հարցը: Հաջորդը` Հերիքնազ Տիգրանյան:

Հ. ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Շնորհակալություն նախագծի համար եւ ներկայացման համար: Պրն Գրիգորյան, եւս մեկ անգամ, ուղղակի, հարցը հնչեցնում եմ, որպեսզի եւս մեկ անգամ հնչեցնեք պատասխանը, որ ընկալելի լինի: Խոսքը վերաբերում է նախագծի 3-րդ հոդվածով 17-րդ հոդվածում կատարվող փոփոխությանը, այսինքն` նշանակումների հաջորդականությունը փոփոխելը միայն թելադրված է սահմանադրական փոփոխություններով: Ճի՞շտ է:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Միգուցե, ես ճիշտ չըմբռնեցի հարցի էությունը: Փոփոխությունը, որի կատարվում է, խոսքը հաջորդականությանն է, չէ՞, վերաբերում, տիկին Տիգրանյան: Տեսեք, էս պահին Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է, որ 9 դատավորների պաշտոնները համալրվում են 3 սուբյեկտների կողմից առաջադրման եւ ԱԺ կողմից ընտրության արդյունքում: 3 սուբյեկտներն են Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ ՀՀ Կառավարությունը:

Քանի որ էս պահի դրությամբ էդ կարգով ընտրվել է 2 դատավոր` պրն Արման Դիլանյանը, ով առաջադրվել է դատավորների ընդհանուր ժողովի կողմից եւ պրն Վահե Գրիգորյանը, ով առաջադրվել է Հանրապետության նախագահի կողմից, ուղղակի, որպեսզի հաջորդականությունը պահպանվի, որպեսզի էդ 166-ի առաջին մասով նախատեսված` արդյունքում 3-ական թեկնածու առաջադրված լինեն, էս հերթականությունը մենք փոխում ենք եւ Կառավարությանն առաջ ենք բերում:

Էս է տրամաբանությունը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք:

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Ամեն ինչ պարզ է եւ հստակ: Եվ մեկ հստակեցում. նորից` կենսաթոշակային իրավունքի պահպանումն այն 3 դատավորների համար, ում լիազորությունների ժամկետը հունիսի 22-ի փոփոխություններով դադարեցվեց: Նախագծով տրված է դրա կարգավորումը, ուղղակի կուզեի, որ դուք բառացի հնչեցնեիք` ինչպես է կարգավորվում:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Այո, միանշանակորեն տրված է եւ կարծում եմ` չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս նախագծի առանցքային կետերից մեկն է: Կարգավորվում է, որ այդ դատավորներին նշանակվում է այն կենսաթոշակը, որն օրենքով նախատեսվում է այն դատավորների համար, ում լիազորությունը դադարել է «Սահմանադրական Դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, եթե չեմ սխալվում, առաջին կետով` լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով: Կարգավորման բնույթը հետեւյալն է:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Թագուհի Թովմասյան:

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն Գրիգորյան, ես ուզում եմ հետաքրքրվել, 2019 թվականից մինչեւ հիմա փաստորեն սա հինգերորդ նախաձեռնությունն է, ըստ էության, որով մենք փորձում ենք ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորել: Արդյո՞ք սա կարող ենք համարել վերջին նախաձեռնություն եւ այս մեկով հնարավոր կլինի վերջնականապես խնդրի կարգավորմանը հասնել, թե՞ առաջիկայում հնարավոր են էլի փոփոխություններ, որոնք հնարավորություն կընձեռեն վերջնականապես հարցը կարգավորել: Շնորհակալություն:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, տիկին Թովմասյան: Թույլ տվեք ձեր հարցում կատարված պնդումի հետ մի փոքր չհամաձայնել: Ես կարծում եմ, որ, ըստ էության, ՍԴ-ի ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված՝ սա 3-րդ գործողությունն է:

Առաջին գործողությունն եղել է վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներմուծումը:

Երկրորդը` հանրաքվեի է դրվել հարցը եւ մեզ հասկանալի պատճառներով, ըստ էության, անգամ կարելի է ասել, որ երկրորդն է, եթե պատկերացնենք, որ սա, ըստ էության, հանրաքվեին փոխարինող նախագիծն է:

Ինչ վերաբերում է ՍԴ ճգնաժամի լուծմանը. ես իմ անձնական կարծիքն ասեմ. ես կարծում եմ, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը մեծապես կլուծվի, միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ ՍԴ-ի ամբողջական լեգիտիմության ապահովման համար եւ ընդհանուր սահմանադրական մեծ փոփոխությունների համատեքստում կարող է լինել կրկին անդրադարձ ՍԴ-ին:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արձագանք:

Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Չէ, ես առանձնացրել էի եւ կարող եմ ասել, թե որոնք նկատի ունեի` սկսած Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումից, հանրաքվեից եւ այլն, որոնք որ գումարում ենք, ստացվում է սա հինգերորդը:

Եվ երկրորդ կարճ հարցս. այս պահի դրությամբ ՍԴ դատավորներ կան, որոնք գնացել են արձակուրդ: Սա իրավաբանորեն որքանո՞վ է խոչընդոտում գործընթացի լիարժեք իրականացմանը:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Տիկին Թովմասյան, ես նախկինում առիթ ունեցել եմ ասել, որ պրն Թովմասյանի լիազորությունների դադարեցմանն ուղղված՝ էական կարգապահական հիմքով դիմումի ներկայացումը չի կարող դիտարկվել որպես քայլ` ուղղված ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծմանը: Ընթացիկ գործերից մեկով մենք տեսել ենք խնդիր, որ դատավորը պետք է բարձրաձայներ իր շահերի բախման հետ կապված հարց, չի բարձրաձայնել, ուստի, մեր կարծիքով՝ էական կարգապահական խախտման հիմք է: Աստված տա` նման իրավիճակներ էլ չլինեն, բայց ընթացիկ կարող են լինել, անգամ ամենալեգիտիմ ՍԴ-ի դեպքում:

Ինչ վերաբերում է, կհիշեցնեք երկրորդ հարցը... (Խոսում են դահլիճում): Արձակուրդի մասով՝ չէ, իրականում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ամրագրվում են թե՛ վճարվող, թե՛ չվճարվող արձակուրդի կարգավորումներ, որոնցից ՍԴ դատավորներն իրավունք ունեն օգտվել, եւ դա որեւիցե կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտվեցին հարցերը, պրն Գրիգորյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արդարադատության նախարարին` Ռուստամ Բադասյան: Համեցեք, պրն նախարար:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ պրն Գրիգորյանի կողմից մանրամասն ներկայացվեց նախագիծը, կարծես, ավելացնելու ոչինչ չկա, միայն նշեմ, որ Կառավարությունը կարող է խմբագրական եւ որոշ առաջարկներ անել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն: Պրն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, որովհետեւ հարցերին հատկացված ժամանակն էլ սպառվել է:

Մտքերի փոխանակություն: Հերթագրում: Վահագն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ես ելույթի իրավունքից օգտվեցի, որովհետեւ, ճիշտն ասած, իմ գործընկերը նախագիծն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց, բայց ես մեկ այլ խնդրի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել, որովհետեւ, կարծում եմ` հանրությունը պետք է տեղեկացված լինի:

Երբ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախագահ է եղել, իր մոտ որպես խորհրդական է նշանակել Գրիգոր Մուրադյան անուն-ազգանունով մի անձի: Պարզվում է` սույն անձը հունիսի 25-ին հարցազրույց է տվել հեռուստաընկերություններից մեկին, հայտնի շրջանակների հետ փոխկապակցված հեռուստաընկերության, այդ հարցազրույցի ընթացքում Հայաստանի իշխանությունների, այդ թվում` հանրապետության նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ, լուտանքներ հնչեցնելու տեսանկյունից, կարելի է ասել, մոլագարության աստիճանի է հասնում սույն անձի լեքսիկոնը, չի թաքցնում, որ, օրինակ` 2018 թվականի թավշյա հեղափոխության նկատմամբ ատելություն է տածում, այսինքն` ըստ էության, մեր ժողովրդի նկատմամբ է այդ ատելությունը տածում եւ այլն, այսինքն` էս ամենը, նույնիսկ ես կասեմ, որ էս դեպքում զուտ էդ լուտանքների վրա ուշադրություն պետք չէ դարձնել, նույնիսկ դրանից վիրավորվելը մեր կողմից մեղք կլինի, բայց էստեղ այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի էսպիսի արտահայտություն է անում, որը ես պիտի մեջբերեմ բառացի: Մեջբերման սկիզբը. «Մեկ փակագիծ բացեմ. ՍԴ ռազմավարությունն էր` ոչ մի դեպքում չընկրկել եւ ամենակարեւորը՝ հարկադրել, որպեսզի այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական եւ պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»: Հասկանո՞ւմ եք՝ խոսքը գնում է հանրային ծառայողի մասին, ՀՀ հանրային ծառայողի մասին, ով պետական բյուջեի միջոցներից աշխատավարձ է ստանում, ով ՀՀ ժողովրդի վճարած հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում: Մարդն ասում է, որ իրենք, չգիտեմ՝ իր հետ ովքեր են, Հայաստանի իշխանությանը, այսինքն` ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձեւակերպված իշխանությանն ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Հիմա, ինձ ուղղակի հետաքրքիր է տվյալ անձի՝ Հայաստանի իշխանություններին ամեն կերպ վնասելու էդ մոլուցքը մինչեւ ո՞ւր է գնացել: Ի վերջո, գործ ունենք հանրային ծառայողի հետ, որը, եթե չեմ սխալվում, նաեւ պետական գաղտնիքների ծանոթանալու որոշակի թույլտվություն ունի: Էս անձը Հայաստանի իշխանություններին վնասելու իր ձգտումը մինչեւ ո՞ւր է իրականացրել, մինչեւ ո՞ւր է պատրաստ իրականացրել: Այսքանը, ուղղակի, սա անթույլատրելի է: Սա էի ցանկանում տեղեկացնել: Այսքանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հովհաննես Իգիթյան:

Հ.ԻԳԻԹՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հարգելի մեր ժողովուրդ, հարցը բավականին պարզ է, ես ելույթ չէի ունենա, եթե չտեսնեի, որ վերջերս մամուլում եւ հիմնականում նախկինների կողմից, շահարկվում է, օգտագործվում է «հակասահմանադրական» բառը, ընդ որում՝ դա ասում են այն մարդիկ, որոնք հասել են բավականին մեծ տարիքի եւ իրենց կյանքում առաջին անգամ են օգտագործում «հակասահմանադրական» բառը: Մենք արդեն 25 տարի ունենք Սահմանադրություն, Սահմանադրությունը ոտնահարվել է թե՛ ընտրությունների, թե՛ այլ՝ մարդու իրավունքների հետ կապված, բայց էդ մարդիկ լուռ ընդունում էին ամեն ինչ, եւ հիմա, ես, իհարկե, ուրախ եմ, որ մենք ունենք այդպիսի համակարգ, որ այս մարդիկ կարող են հանգիստ «հակասահմանադրական» բառն օգտագործել: Բայց ես ուզում եմ՝ մենք պարզաբանենք` ինչ է կատարվում, որ մեր հասարակությունը չմոլորվի ու չընկնի այդ քարոզչական մեքենայի տերմինաբանության տակ:

Նայեք՝ ինչ է կատարվում. այս Սահմանադրությունը մենք չենք գրել, այստեղ որեւէ մարդ չկա, որ այս կամ այն ձեւով, ես նկատի ունեմ` «Իմ քայլը» դաշինքը, մասնակցել է այդ Սահմանադրության պրոցեսին: Եվ այդ հեղինակներն այստեղ մտցրեցին մի նոր դրույթ, այն է, որ ԱԺ-ը 2/3-ով կարող է փոխել որոշ դրույթներ: Ընդ որում՝ 202-րդ հոդվածում կոնկրետ նշված է, որ դրույթները հնարավոր չէ փոխել, որոնք՝ հանրաքվեով եւ կային դրույթներ, որոնք հնարավոր է 2/3-ով փոխել: Մենք, չգիտեմ, երեւի, պետք է ներողություն խնդրենք, որ այդպես ստացվեց, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70 տոկոս, այսինքն` ժողովուրդը 2/3-ով որոշ հոդվածներ փոխելու իրավունքը տվեց մեզ: Այն, ինչ մենք հիմա անում եք, ընդ որում՝ մենք ոչ թե հորինում ենք փոփոխություն, այլ անում ենք այն, ինչ նախորդ իշխանությունը պետք է աներ ու չարեց: Այսինքն` եթե նորմալ գնար պրոցեսը, 213-րդ հոդվածը, որը նշանակում է, որ 7-րդ գլուխը, որտեղ ենթադրվում է, որ նոր տեսակի, նոր մոդելի Սահմանադրությունն ուժի մեջ կմտներ նախագահի պաշտոնը ստանձնման օրը, այսինքն` 2018 թվականի ապրիլի 9-ին: Մենք, փաստորեն, շտկում ենք այս հոդվածը: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Արման Բաբաջանյան:

Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

-ԱԺ հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որի ընդունմամբ պետք է ապահովենք նախորդ շաբաթ մեր կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների կենսագործումը: Անցած շաբաթը բավականին հարուստ էր իրադարձություններով, որոնք հերթական անգամ ցույց տվեցին, թե իրականում ինչ դավադիր հակապետական մարմնի հետ մենք գործ ունեինք ի դեմս ՍԴ-ի արդեն նախորդ կազմի: Այդ իրադարձություններից ամենաուշագրավը հենց սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողից Սահմանադրական դատարանից հայտնի դիմումը հետ վերցնելու քայլն էր, որը բացահայտեց, թե իրականում ինչ ստվերային ու հանցավոր համաձայնությունների մեջ են եղել ՍԴ նախկին անդամները եւ նախկին նախագահը սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այսօր իբրեւ թե վարկային բեռից բողոքող մարդիկ, ովքեր դեռ նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին հրաժարվեցին «Վաղ կենսաթոշակի մասին» օրենքի ընձեռած հնարավորությունից, իրականում ստվերային գործարքի էին գնացել ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ, ումից ակնկալում էին գուցեեւ ստանալ ավելին, քան օրենքով սահմանված այն արտոնություններն էին, նյութական միջոցներն էին, որոնք նրանք կարող էին ստանալ:

Այդ դրվագը լավագույնս ցույց է տալիս Սահմանադրական դատարանի նախկին կազմի բնույթն ու էությունը, իսկ դա հանցավոր բնույթ է, բանդայի վերածված խմբակ, որը սահմանադրականության անվան տակ տարիներ, տասնամյակներ շարունակ զբաղված է եղել մեր երկրում Սահմանադրությունն ու սահմանադրականությունը բռնաբարելով: Այն մասին, որ մենք ունեցել ենք ոչ թե ՍԴ, այլ դրա անվան տակ գործող հանցավոր խումբ, վերջին օրերին հրապարակավ խոստովանել են նաեւ ՍԴ արդեն նախկին նախագահն ու նրա օգնականը՝ հայտարարելով, թե ՍԴ-ում կա մեծամասնություն: Ասել է թե` մենք ունեցել ենք ոչ թե ՍԴ, այլ մեծամասնություն կազմող մարդկանց խմբակ, որոնք զբաղված են եղել պահի իշխանության հանցավոր հրահանգների կատարմամբ, կեղծված ընտրությունների օրինականացմամբ, մարդկանց հետապնդումների, կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումների, բռնաճնշումների, ակտերի լեգալացմամբ: Իսկ այսօր այդ նույն խմբակը, այդ մեծամասնությունն իր իսկ խոսքերով Երեւանի կենտրոնում փորել է խրամատ, Սահմանադրական դատարանը վերածել է բաստիոնի ու պատերազմ է մղում իշխանության ու ժողովրդի դեմ:

Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ ունեցել ենք ՍԴ, որը բոլոր հնարավոր միջոցներով արժեզրկել է ժողովրդավարությունն ու երկրի ինքնիշխանությունը, այն փոխանակել է նախկին հանցավոր իշխանավորներից ստացած 30 արծաթի հետ, եւ երկրի սահմանադրական անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված է եղել Սահմանադրության բռնաբարությամբ ու դրա համար աշխատավարձ է ստացել հարկատուներիս հաշվին:

Ես չգիտեմ` ինչպես եմ քվեարկելու, դեռեւս որոշում չունեմ, բայց շատ մեծ դժկամությամբ եւ դժվարությամբ կհամաձայնվեմ կողմ քվեարկել, որոշումս կունենամ մի քանի րոպեից, հավանաբար, բայց կուզեի, որ անարձագանք չմնային այն քաղաքական հայտարարությունները, որոնք շարունակում են անել Սահմանադրական դատարանի նախկին նախագահը եւ նախկին անդամները: Կուզեի, որ պատկան մարմինները, էստեղ պրն Հովակիմյանը խոսում էր այդ քաղաքական հայտարարությունների անթույլատրելիության մասին, ես էլ ձեզ եմ հարց ուղղում, այդ հայտարարությունները պետք է անպատասխան չմնան, դրանք պետք է համարժեք եւ հատու պատասխանի արժանանան: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մտքերի փոխանակությունն ավարտվեց:

Եզրափակիչ ելույթներ: Պրն Բադասյան, ավելացնելու բան ունե՞ք: Ոչ: Հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանը եւս: Հարցի քննարկումն ավարտվեց:

Այժմ քննարկում ենք` ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող` Վահագն Հովակիմյան: Այս հարցից հետո, հարգելի գործընկերներ, տեղի կունենան քվեարկություններ:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ԱԺ որոշման նախագիծ «2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»: Ես, ուղղակի, մի պարզաբանում ներկայացնեմ նաեւ հանրությանը. փաստացի, նման որոշում կայացնելու իրավական հիմքը ստեղծող՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել հունիսի 25-ից, որովհետեւ երբ մենք «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այդ փոփոխությունների փաթեթը քննարկում էինք, մի քիչ, էսպես ասենք, մամուլի ձեռամբ էնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հենց էդ ժամանակ հանրաքվեն չեղարկվել է, բայց գործնականում մենք այն ժամանակ, ընդամենը, այդ իրավական գործիքակազմն էինք ստեղծում, որով հնարավոր կլիներ հանրաքվեն չեղարկել: Եվ այսօր, քանի որ արդեն համապատասխան օրենքներն ուժի մեջ են մտել հունիսի 25-ից, ձեր քննարկման է ներկայացվում այս որոշման նախագիծը, որով ԱԺ-ը, ըստ էության, որոշում է ուժ կորցրած ճանաչել փետրվարի 6-ին կայացրած իր որոշումը: Այսքանը, հանրահայտ փաստ է:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտեցի՞ք, պրն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Այո, ես ավարտեցի:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարցերի համար հերթագրում: Հարցեր չկան, պրն Հովակիմյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Մտքերի փոխանակություն. հերթագրում: Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Ես, ճիշտն ասած, մենակ մի երեւույթի եմ ուզում անդրադառնալ, որը քննարկվում է: Հաճախ հիմա հարց է հնչում, թե, ըստ էության, ինչո՞ւ հանրաքվեի տարբերակից մենք հրաժարվեցինք, եւ փոփոխություններ կատարվեցին ԱԺ կողմից` Սահմանադրություն փոփոխություններ մտցնելու միջոցով: Եվ մեզ մեր խոսքն են հիշեցնում, թե՝ բա, դուք չէի՞ք ասում, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: Ես, ուղղակի, ուզում եմ արձանագրել, կարծում եմ` կարող եմ մեր ամբողջ ֆրակցիայի անունից արձանագրել, բայց, առնվազն, իմ կարծիքը, որ մենք շարունակում ենք պնդել, որ, իրոք, հանրաքվեն լավագույն ճանապարհն է: Եվ երբ ի պատասխան տիկին Թովմասյանի հարցին ես՝ ասացի` սահմանադրական մեծ փոփոխություններով այս հարցին նույնպես կարող է լինել անդրադարձ, ես կարծում եմ, որ ՍԴ-ի հետ կապված բոլոր հարցերը դրա լեգիտիմության եւ, իրապես, ժողովրդից ստացած լեգիտիմության առումով՝ մենք դեռ հնարավորություն ունենալու ենք՝ արձանագրել մեծ սահմանադրական փոփոխություններով: Ուստի, ուղղակի, արձանագրեմ, որ մենք չենք հրաժարվել էն մտքից, որ հանրաքվեն, իրոք, լավագույն ճանապարհն է, բայց էն մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչո՞ւ էս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երեւի, ուղղակի, տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում կամ ձեւացնում են, որ տեղյակ չեն: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մտքերի փոխանակությունն ավարտվեց:

Եզրափակիչ ելույթ: Պրն Հովակիմյան ավելացնելու բան չունե՞ք:

Հարցի քննարկումն ավարտվեց, հարգելի գործընկերներ:

Եվ այժմ պետք է քննարկված երկու նախագծերը քվեարկենք: Ի գիտություն՝ հիշեցնեմ, որ քվեարկության դրվող նախագծերի փաթեթում սահմանադրական օրենք կա, ուստի, օրենքների նախագծերի փաթեթը պետք է ընդունեք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Եվ այսպես, քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը: Քվեարկություն:

Կողմ` 80

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Պրն Բաբաջանյանը չէր քվեարկել, դեմ է: Որոշումն ընդունվել է:

Հարգելի պատգամավորներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը: Քվեարկություն:

Կողմ` 81

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Հարգելի գործընկերներ, այժմ, ինչպես հիշում եք, նիստը կընդմիջենք, որպեսզի պատգամավորները 3 ժամ ունենան գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, այնուհետեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւս 3 ժամ ունենա, բայց պարտադրաբար օգտագործելու ենթակա չէ այդ 3 ժամը, հիշում եք, եզրակացության համար: Էնպես որ, սպասեք կոչնակին, կունենանք այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում:


Ժամը 15:20

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք քննարկել ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահություն, հարգելի գործընկերներ, նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Երկու նախագծերի վերաբերյալ էլ իմ կողմից կատարվել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 4-րդ հոդվածի 5.1 կետում հանվել է 2-րդ նախադասությունը, այն է. «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողն այս մասին կազմում է արձանագրություն» նախադասությունը հանվել է, եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի առաջին հոդվածում «պարբերությունները» բառը փոխարինվել է «ենթակետերը» բառով: Այլ փոփոխություններ չեն կատարվել, հորդորում եմ կողմ քվեարկել: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Գրավոր առաջարկներ չեն եղել, պրն Գրիգորյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Գլխադասային` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացնելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանին:

Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ըստ էության, հիմնական զեկուցողն արդեն ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք արվել են նախագծում: Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել է միաձայն դրական եզրակացություն: Ձեզ առաջարկում եմ եւ հորդորում եմ կողմ քվեարկել նախագծին:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Շնորհակալություն, տիկին Ջուլհակյան: Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ռ.ԲԱԴԱՍՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ինչպես գործընկերները ներկայացրեցին, խմբագրական փոփոխություն ենք արել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Հիշեցնեմ, որ նախագծերի կարգավորման առարկայի հիմնական նպատակը ՍԴ այն դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովումն է, ում լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Հիշեցնեմ, որ երեք դատավորի լիազորությունների դադարեցման մասին է խոսքը գնում, եւ, բնականաբար, Սահմանադրության փոփոխություններից հետո, քանի որ միաժամանակ հնարավոր չէր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էլ փոփոխել, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են Սահմանադրությանը, մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» անցումային դրույթները: Այսքանը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան: Եզրափակիչ ելույթներ. պրն Բադասյան, ավելացնելու բան ունե՞ք, ո՞չ, շնորհակալություն, տիկին Ջուլհակյան, դուք` ոչ, եւ պրն Գրիգորյան, դուք եւս: Ըստ այդմ` քվեարկություն:

Վարման կարգի վերաբերյալ` Լիլիթ Մակունց:

Լ.ՄԱԿՈՒՆՑ

-20 րոպե ընդմիջում ենք խնդրում, պրն Միրզոյան:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հայտարարվում է 20 րոպե ընդմիջում:

ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք աշխատել: Հիշեցնեմ, որ պետք է արդեն քվեարկենք, եւ քվեարկության դրվող նախագծերի փաթեթում կա սահմանադրական օրենք, ուստի, օրենքներին նախագծերի փաթեթը պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդով:

Այսպես, քվեարկության է դրվում ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ` 80

Դեմ` 1

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Օրակարգը սպառված է: Նստաշրջանն ավարտված է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am