Հարգարժան պարոն նախագահ, պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,
հանձին Ձեզ, պարոն նախագահ, եւ Ձեր գլխավորած պատվիրակության՝ ջերմորեն ողջունում եմ բարեկամ Ֆրանսիային Հայաստանում:
Շնորհակալություն եմ հայտնում Սենատի նախագահ պարոն Լարշեին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու իմ հրավերն ընդունելու եւ լայն քաղաքական ներկայացվածություն ունեցող պատվիրակությամբ Հայաստան այցելելու համար:
Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001 թվականի օրենքի 20-ամյակը, որն ընդունվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ եւ իր առաջին ընթերցումն անցել է Ֆրանսիայի Սենատում: Ընդգծեմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կարեւոր ներդրում ունենալով ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում եւ հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության վերականգնման հարցում: Այս համատեքստում այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր երախտագիտության խոսքն ենք հղում ֆրանսիացի ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ գաղթի ճանապարհը բռնած հազարավոր հայորդիներին հյուրընկալելու եւ ապագայի հանդեպ լույսը վառ պահելու համար:
Խիստ խորհրդանշական է, որ նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո, որը հանգեցրել է հսկայական մարդկային կորուստների եւ հումանիտար ծանր հետեւանքներ առաջ բերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Ուստի, այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից:
Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային եւ անկողմնակալ դիրքորոշումն ու համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այդ համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թ. նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը: Ընդգծեմ, որ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որն ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձեւ՝ ներառելով կարեւոր ու ազդեցիկ ուղերձներ` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուստի, օգտվելով ընձեռնված առիթից՝ կցանկանայի անվանական շնորհակալություն հայտնել այս բացառիկ եւ Հայաստանի համար կարեւոր բանաձեւի ընդունման հարցում առանցքային ներդրում ունեցած գործիչներին, որոնք այսօր այս պատվիրակության կազմում հյուրընկալվել են Հայաստանի Ազգային ժողովում: Նախեւառաջ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահ Լարշեին՝ բանաձեւը Սենատի օրակարգում ներառելու, դրան ցուցաբերած աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն իր անմնացորդ հավատարմության համար:
Բանաձեւի մշակման եւ դրա կայացման համար ցուցաբերած սկզբունքայնության եւ համընդհանուր մարդկային արժեքներին իրենց հավատարմության համար երախտագիտության խոսքեր եմ հղում
- Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին,
- Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին,
- Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաներին,
- Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելին,
- Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասիին,
- Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:
Այս բանաձեւի ընդունումն անկասկած ունի կարեւոր նշանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաեւ Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարեւոր երաշխիք: Այն կարեւոր սթափեցնող ուղերձ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ագրեսոր Ադրբեջանին եւ նրան ամեն կերպ աջակցող Թուրքիային:
Նախագահ Լարշեի եւ պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար: Այս հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է, որն ուղեկցվում է միջազգայնորեն փաստագրված հայատյացության ակնհայտ դրսեւորումներով:
Իմ ֆրանսիացի գործընկերոջ եւ պատվիրակության անդամների հետ կարեւորեցինք նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հրատապ կարեւորությունը: Առանձին անդրադարձ կատարեցինք նաեւ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցությանը, որը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների հիմնասյուներից մեկն է:
Ավարտելով խոսքս՝ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆրանսիացի գործընկերներին: Ձեր ներկայությունն այսօր Ազգային ժողովում վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի հանրապետությունների եւ ժողովուրդների բարեկամության: Ոչ միայն ուրախությունը, այլեւ ցավն ու դառնությունը կիսելու, միասին ճանապարհ անցնելու վկայությունն է:
Շնորհակալություն: