«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նոյեմբերի 17-ին ԱԺ հերթական նիստում ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Թվեր չհնչեցնելով՝ նա հայտնել է, որ գալիք տարվա բյուջեում ավելացել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտների համար նախատեսված ծախսերը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք համահունչ են Կառավարության ծրագրի այն փիլիսոփայությանը, ըստ որի՝ պետք է դնել այն հիմքերը, որոնք հնարավորություն են տալու հատկապես պաշտպանական գերատեսչությանը՝ մոտենալ պրոֆեսիոնալ բանակ ունենալու գաղափարին: Այդ նպատակին հասնելու համար նախատեսված է որոշակի հատկացումներ կատարել սպառազինության, կրթության, կառուցվածքային փոփոխությունների ծախսերի համար: Կարեւորելով Կառավարության ծրագրի իրականացումը՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է. «Պետք է անխափան եւ սրբորեն իրականացնել այն՝ առանց ծախսերը փոշիացնելու»:
Հանձնաժողովի նախագահը նաեւ նկատել է, որ ընթացիկ տարում ավելացել են ոլորտային ծախսերը՝ պայմանավորված սահմանային դիրքերի ավելացմամբ:
«Այս պահի դրությամբ հանրապետության սահմանների արեւելյան հատվածում իրավիճակը հանգիստ է»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել բյուջեի նախագծին: