Օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում հիդրոօթերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի ստեղծման եւ վարման հարցերը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում, այդ մասին նշել է ՀՀ շրջական միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ապրիլի 12-ի ԱԺ հերթական նիստում:
Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնին վերապահել օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեեստրի վարման իրավասություն: «Օրենքում առաջարկվող լրացումը պայմանավորված է օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում անձանց հաշվառման անհրաժեշտությամբ, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմամբ, շուկայի մասնակիցների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ»,- ասել է փոխնախարարը:
Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա օրենքը ներդաշնակեցնել ԵԱՏՄ իրավակարգավորումներին, ինչպես նաեւ կապահովի օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացումը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Գայանե Գաբրիելյանին հարցրել է, թե մինչ այս պահը ոլորտում որեւէ կարգավորում եղել է՞, թե՞՝ ոչ:
«Սույն ռեեստրի վարումը ԵԱՏՄ մեր բոլոր գործընկերներն ընդունել են եւ իրականացնում են: Միակ երկիրը, որը դեռ այդ պարտավորությունը չի կատարել, Հայաստանի Հանրապետությունն է: Ցավոք, մինչ այդ մենք չենք ունեցել նման որեւէ նախադեպ, որպեսզի կարողանանք որոշ կերպ համակարգել եւ ունենալ համապարփակ տեղեկատվություն»,- ասել է նախարարի տեղակալը:
Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախկինում որեւէ կարգավորում չի եղել, այդ պատճառով օրենքի նախագծում ներառվել է, թե ինչ բան է հիդրոօդերեւութաբանական ծառայությունը:
Զեկուցողը նշել է, որ նախաձեռնության ընդունմամբ՝ Կառավարության որոշումով կհաստատվի համապատասխան ռեեստրի վարման կարգը, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ համապարփակ տեղեկատվություն, եւ կբարելավվի մատուցվող ծառայություների որակը: