Խորհրդարանի ապրիլի 7-ի նիստն սկսվեց տոնական տրամադրությամբ. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց եւ բարեմաղթանքներ հղեց բոլոր կանանց ու աղջիկներին: Շարունակելով տոնական թեման եւ կարեւորելով ընտանիքի դերը` խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց հանրապետության տոնական օրերը եւս մեկով` «Ընտանիքի օր»-ով համալրելու իր մտադրության մասին: Նա պատգամավորներն առաջարկեց միանալ իր օրենսդրական նախաձեռնությանը:
Հովիկ Աբրահամյանը օրենսդիրների անունից ողջունեց նաեւ «Բաց դաս» նախաձեռնության շրջանակներում խորհրդարան այցելած` Արարատի մարզի բարձր դասարանցիներին եւ ուսուցիչներին:
Անցնելով օրակարգային հարցերին` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր նախաձեռնությունները` բացառությամբ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած` «Միջազգային պայմանագրերի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի:
Շարունակելով «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումները` պատգամավորները տեսակետներ ներկայացրին Հայրենական Մեծ պատերազմի վետերանների` ԽՍՀՄ խնայբանկում ավանդադրված գումարներն արտահերթ փոխհատուցելու նախաձեռնության մասին: Բոլոր պատգամավորները կողմ էին գաղափարին. եղան ընթացակարգերի վերաբերյալ որոշ մտահոգություններ: «Օրինաց երկիր» խմբակցության անունից Արծրունի Աղաջանյանը խորհրդարանականներին կոչ արեց ընդունել կառավարության նախաձեռնությունը` հիշեցնելով, որ այն հանդիսանում է նաեւ քաղաքական կոալիցիայի առաջարկը: Լրացուցիչ ֆինանսավորման բացակայության պայմաններում` պատգամավորն ընդունելի համարեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին սոցիալական մյուս խմբերից առանձնացնելու եւ առաջնահերթ նրանց գումարները փոխհատուցելու մոտեցումը: Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւս նկատեց, որ իրենց նախաձեռնությունը համահունչ է կոալիցիայի առաջարկին:
Խորհրդարանը քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանի շրջանառած` «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի նախագիծը` ՀՀ քրեական օրենսգրքում լրացման առաջարկով: Պատգամավորը ստեղծագործողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկում է նրանց ստեղծագործությունների ձայնագրումը տեսաձայնային մագնիսական կրիչների` սկավառակների վրա դարձնել պարտադիր դրոշմավորման ենթակա գործունեություն` նախագծի մեջ ներկայացնելով դրոշմապիտակների տրամադրման, հաշվառման օգտագործման եւ պահպանման կարգերը: Օրինագծի ընդունման պարագայում կդրոշմավորվեն մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառներում ստեղծագործողների, կատարողների, ինչպես նաեւ հնչյունագրեր եւ ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաստողների ստեղծագործությունները եւ կատարումները կրող սկավառակները: Կարեն Վարդանյանի խոսքերով` անկախությունից ի վեր հարցին լուծում չի տրվել, եւ շուկան այսօր ողողված է կեղծ, ապօրինաբար շրջանառվող տեսաձայնային սկավառակներով: Պատգամավորի դիտարկմամբ` մշակութային գործչի մտավոր սեփականությունն այսօր խիստ պաշտպանության կարիք ունի, միաժամանակ սկավառակների կեղծումը ոտնահարում է սպառողի շահերը: Այդ իսկ պատճառով սկավառակների դրոշմապիտակները նախագծում համարվել են խիստ հաշվառման փաստաթղթեր` հաշվառման ենթակա ինչպես հարկային եւ մաքսային մարմինների, այնպես էլ դրանք ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտների կողմից` ակցիզային դրոշմանիշերի օրինակով: Հեղինակը համոզմունք հայտնեց, որ դաշտը կարգավորելով` հարկային եկամուտները հավաքագրելու համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, իսկ տնտեսավարողների համար` հավասար մրցակցային դաշտ: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դրոշմապիտակների պարտադիր պայմանը չի ազդելու սկավառակների գների վրա, քանի որ այդ ոլորտն այսօր աշխատում է գերշահույթով: Դրոշմավորումը պարտադիր կլինի թե այստեղ արտադրվող եւ թե ներմուծվող սկավառակների համար:
Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս կիսեց հեղինակի մտահոգությունը եւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ մոտեցումները բովանդակային առումով ընդունելի են, սակայն հսկողություն եւ պատասխանատվություն սահմանող մեխանիզմներն անկատար են եւ փաթեթում հստակեցնելու կարիք ունեն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն, եւ Վարդան Այվազյանն առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ` հետագայում կառավարության հետ համագործակցելու եւ նախագիծը բարելավելու պայմանով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւս համաձայնեց, որ խնդիրն առկա է եւ որ հատկապես սրվել է վերջին տարիներին` համարելով դա բնորոշ անցումային բոլոր պետությունների համար: Կառավարության եզրակացության համաձայն` դրոշմապիտակավորման է ենթակա ավելի մեծ դաշտ` ոչ միայն տեսաձայնային կրիչները: Արմեն Ալավերդյանը հեղինակին մասնավորապես առաջարկեց դրոշմավորվող ապրանք դիտարկել նաեւ համերգի եւ թատրոնի տոմսերը: Կառավարության տեսակետը ներկայացնելով` բանախոսը հեղինակին առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ 15 օրով` մեխանիզմները հստակ պատկերացնելու եւ հետո օրենսդրորեն ամրագրելու նպատակով:
Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 8-ի նիստում:
«ԱԺ կանոնակարգի» նախատեսած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին: